Երբ անիվն այլեւս թարս է պտտվում – թուրք-ադրբեջանական տեղապտույտ… Նորից է կարեւորվում ազգ-բանակ ստեղծելու գաղափարը, որն իր ձեւով կլինի համահայկական բանակ՝ հատկապես ընդդեմ համաթուրքական դաշինքի…

Արցախյան քառօրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցայսօր խելքի չի գալիս: Փաստորեն, նա ոչ միայն չկարողացավ պետության ամբողջ հզորությունը ներդնելով հաղթել «թույլ Հայաստանին», անգամ չկարողացավ, իր գեներալների խոսքերով ասած, «մի լավ պատժել զավթիչ հայերին եւ որոշ տարածքներ ազատագրել այս փուլում»:

Ավելին՝ Ադրբեջանի նախագահը կորուստներով լի պարտությունից բացի՝ խաբված վիճակում հայտնվեց: Նրան խաբեցին ինչպես Թուրքիայի նախագահը, այնպես էլ՝ Ռուսաստանի:

Առաջինը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վստահեցրել էր, որ հայկական զինուժը չի դիմանա նման լայնածավալ ու ժամանակակից զինատեսակների կիրառմամբ հարձակմանը եւ մինչեւ ԱՄՆ-ից Բաքու վերադառնալը՝ Իլհամ Ալիեւին կդիմավորեն Ստեփանակերտում (իրենց ասած՝ «ադրբեջանական Խանքենդիում»)… Իսկ Անկարան արագ կզբաղվի միջազգային հանրությանը հանգստացնելով եւ հաջորդ քայլերին նախապատրաստելով: Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ծրագրված կայծակնային պատերազմում Արցախի մայրաքաղաքը գրավելուց հետո ադրբեջանական զինուժը պիտի շարժվեր Հայաստանի վրա՝ դեպի Երեւան…

Իսկ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական կողմին վստահեցրել է սեփական զենքների հզորության ու անկասելիության մասով, ու, երեւի թե, խոստացել (ինչպես նախկինում էր լինում Բաքվի կամ Անկարայի հետ համատեղ ծրագրերում), որ Հայաստանին կլռեցնի ու չի թողնի միջազգային քայլերի դիմել: Ավելին՝ Ադրբեջանի ու Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը կդառնա հաշտարար-միջնորդ եւ անգամ կքննարկվի ռուսական խաղարարար զորքերի՝ Արցախում տեղակայման հարցը: Իսկ թե սովետական, հետո նաեւ ռուսական զորքերն ինչ են անում հայերի գլխին՝ աջակցելով ադրբեջանցիներին, վաղուց հայտնի է ու՝ ոչ միայն հայերին:

Այսքանը քիչ էր, նաեւ մինչ Բաքու վերադառնալը Իլհամ Ալիեւն արժանացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը: Իսկ պատերազմի հրահրման լուրը շատ վատ է ընդունվել Վաշինգտոնի կողմից, ինչը ցուցադրաբար հասկացնել են տվել Ադրբեջանի նախագահին: Նա շատ վատ տրամադրությամբ է լքել Միացյալ Նահանգները, քանի որ միտումնավոր տապալել էր նաեւ Նյու-Յորքում նախատեսված Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ ԱՄՆ-ի նախագահի միջնորդությամբ նախատեսված:

Եթե հավելենք, որ համաշխարհային քարոզչամեքենան այս ամենն իրապես ներկայացնելուց բացի, նաեւ ակամա գովազդեց հայկական զինուժի հզորությունն ու նվիրվածությունը, ապա տեղեկատվական ոլորտում եւս Ադրբեջանը պարտվեց բոլոր առումներով, ինչը ոչ պակաս կարեւոր հաղթանակ էր հայկական կողմի համար:  

Այս ամենից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով անընդհատ իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին, այդ օրերին, մեկնեց Բաքու: Իհարկե, այլ պետական արարողակարգ էր նախատեսված, որ ապրիլյան հաղթանակից հետո, ապրիլի 24-ին Բաքվում կհանդիպեն թուրքական պետությունների ղեկավարները եւ, նշելով իրենց հաղթանակը, հայերին կհասկացնեն, որ կարող է նոր ապրիլքսանչորսյան ժամանակներ լինեն… Այնուամենայնիվ, ապրիլի 25-26-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ միասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակել է ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» 7-րդ  գլոբալ ֆորումին:

Այստեղ էլ մի նոր հարց է ծագում, ՄԱԿ-ը կարո՞ղ է ներկայացնել՝ «թուրքական քաղաքակրթություն» ասվածն ինչ է: Միայն թե՝ հայերի, հույների եւ այլ ազգերի գողացված մշակույթները հանգիստ թողնելով… Նույնը՝ Ադրբեջանի մասին հարցնենք՝ նույն պայմանը դնելով, առանց այլ ազգերի գողացված մշակույթի… Չնայած հասկանալի է, թե Բաքվի բանանային կամ խավիարային քաղաքականությունը ինչերի է ընդունակ: Դա տեսել ենք եվրակառույցներում՝ ծախու պաշտոնյաների շնորհիվ:

Փաստորեն, Անկարան ու Բաքուն այնքան համոզված են եղել, որ հաղթելու են հայերին, որ նաեւ այս գլոբալ ֆորումն են նախաձեռնել, որպեսզի ՄԱԿ-ի մակարդակով կրկին խոսեն իրենց դարավոր քաղաքակրթության ու մշակույթի մասին՝ ցուցադրելով հենց նոր հայերից «ազատագրած քաղաքակրթական արժեքները»… Վատ չի նախատեսվել, թուրք-ադրբեջանական միտքը նաեւ այս ուղղությամբ է սկսել աշխատել, իսկ որ ավելի հավանական է՝ նրանց սա էլ են հուշել ինչ-որ տեղից:

Բայց վհատված ու նեղսրտած թուրք առաջնորդները քննարկել են հայ-ադրբեջանական վերջին բախումները եւ միմյանց հույս տվել, որ դեռ կգան հայերի հախից: Իհարկե, քննարկել են նաեւ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական ծրագրերը, որոնցում համաթուրքական շահերն են ներառված: Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի հետ կապված հարցերը եւ մի շարք էներգետիկ խնդիրներ դարձել են օրակարգային: Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստերի շարունակականության մասին եւս պայմանավորվել են, ինչը Անկարայում կազմակերպված ահաբեկչական հարձակումից հետո ավելի է կարեւորվել:

Այս համապատկերին, եւ թուրք-ադրբեջանական եղբայրությանը զուգահեռ գործում է համաթուրքական դաշինքը՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան կազմով, վերստին անհրաժեշտություն է առաջանում համահայկական կառույցների կազմման ու գործադրման հարցը: Հայաստան-Սփյուռք կապը միայն վտանգների ժամանակ պիտի չաշխուժանա, այլ պիտի ամենօրյա աշխատանք արվի համատեղ, ոլորտային բոլոր ուղղություններով: Օր առաջ նորից է կարեւորվում ազգ-բանակ ստեղծելու գաղափարը, որը իր ձեւով կլինի համահայկական բանակ:

Միայն համահայկական կազմակերպվածությամբ կկարողանանք դիմակայել ու հաղթել մեր թշնամիներին, ինչպեսեւ՝ կկարողանանք վստահեցնել գերտերություններին Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատման ու Մեծ Հայաստանի վերակերտման հարցերում, առանց քրդական կամ այլ խնդիրների:

Համաշխարհային փոփոխությունների շեմին ենք եւ այս անգամ իրավունք չունենք սկսված խաղերից դուրս մնալու:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։