Թուրքական խորամանկության եւ ռուսական եղբայրության առասպելը – Հիմա երբ ցանկանան Թուրքիայի եւ Ադրբեջանի պառակտման կամ ոչնչացման հարցը, ոչ մի թուրքական դիվանագիտություն չի կարող աշխատել (ռուսական եղբայրությունն էլ՝ խանգարել)…

(…Մի խոսքով՝ մեռավ «Արմենիա – ռուսկայա գուբեռնյա» վելիկոռուսական երազանքը: Սա նույն բանն է, ինչ այսօր՝ Արեւմտյան Հայաստանն ունենք Թուրքիայի, իսկ Արեւելյան Հայաստանի որոշ հատվածը՝ Ադրբեջանի տիրապետության տակ…)

Մեզ միշտ համոզում էին, որ թուրքական դիվանագիտությունը հզոր է եւ իր խորամանկությամբ՝ գրեթե անմրցակցելի: Սա ասում էին նաեւ խորհրդային տարիներին: Բայց երբ Հայաստանն ազատ ու անկախ եղավ ու կարողացավ հետզհետե իր դիվանագիտությունը միջազգայնացնել, հասկանալի դարձավ, որ թուրքական դիվանագիտության մասին հերոսապատումները սին են: Պարզապես թուրքերը ժամանակին տիրելով Հայկական լեռնաշխարհի մեծ մասին՝ կարողացան ամրանալ Եվրոպա-Ասիա-Աֆրիկա խաչմերուկը վերահսկող մեր հայրենիքի տարածքներում ու դա դարձրեցին խաղաթուղթ…

Այդ տարածքները շահեկան նշանակություն ունեն նաեւ գերտերությունների համար, ուստի սրանք Թուրքիայի ամբողջականությունը պահպանում են բացառապես իրենց շահերից ելնելով, որ միջազգային խաչմերուկ եւ բնական պաշարների տարածաշրջան հանդիսացող այդ արհեստական երկիրը մնա եւ ծառայի իրենց: Յուրաքանչյուրն իր շահը գտնում ու պարտադրում է Անկարային, որն էլ համաձայնում ու գոյատեւում է: Երբ չի համաձայնել, պատերազմել ու մի լավ դաս են տվել նրանց ու ամեն բան իր տեղն է ընկել: Եվ ոչ Արեւմուտքը, ոչ էլ Ռուսաստանը չի մտորել Թուրքիայի ոչնչացման մասին հարյուրամյակներ շարունակ, քանի որ ստացել են այն, ինչ ցանկացել են: Ռուսաստանն անգամ իր Թուրքիան է ստեղծել՝ Ադրբեջան անվանմամբ, որպեսզի դա էլ ծառայեցնի այլ ուղղությամբ… Եվ սա համարել թուրքական դիվանագիտության հաղթանակ, ծիծաղելի է:

Հիմա երբ ցանկանան, Թուրքիայի պառակտման կամ ոչնչացման հարցը, նաեւ Ադրբեջանի, արագորեն կդառնա իրականություն: Կամ՝ այսպես կոչված երբւեէ չգոյ Մեծ Քրդստանի ստեղծմամբ, կամ՝ իրական Մեծ Հայաստանի վերակերտմամբ: Եվ այս դեպքում ոչ մի թուրքական դիվանագիտություն չի կարող աշխատել:

Այս ամենը գիտակցում են նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Եվ Անկարան Արեւմուտքին սիրաշահելու համար պնդում է, որ հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հետ ինքը կապ չունի, սադրիչ կողմը Ռուսաստանն է: Իհարկե, այստեղ կա ճշմարտության որոշակի նշույլ, բայց որ բոլոր փաստարկները ապացուցում են Թուրքիայի որոշիչ դրդիչ դերը պատերազմական գործողությունների անցնելու հարցում, ակնհայտ է: Անգամ Թուրքիան բերվել էր պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի Ադրբեջանի ենթադրյալ հաղթարշավին շատ արագ նպաստեր:  

1994թ. կնքված զինադադարով պատերազմը երկար ժամանակ ավարտված էր համարվում, չնայած սահմաններին սադրանքները երբեք չեն դադարել Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը հիմնականում պահպանվում էր: Եվ սա այլեւս ձեռնտու չէր Անկարային, այն էլ իր համար դժվարին այս ժամանակներում:

Այսօր Թուրքիան անցել է նոր քաղաքականության, որը նախագահ Գյուլի հանրապետական քաղաքականությանը բացարձակապես չի համապատասխանում: Նախագահ Էրդողանը իրեն համարում է թուրքերի «նոր հայր» եւ անգամ Քեմալ Աթաթուրքի անձեռնմխելիության դեմ է ներքաղաքական ծավալումներ սկսել: Հանրապետական Թուրքիան ներկայիս նախագահի սրտով չէ, եւ նա հայտարարել է նորօսմանական քաղաքականության մասին: Ավելին՝ անթաքույց խոսում է նաեւ համաթուրանական ծրագրերի ծավալման մասին:

Այս ճանապարհին խաղալով գերտերությունների շահերի պաշտպանի ու բարեկամի դերը՝ Անկարան միաժամանակ իր պաշտպանությունն է առաջարկել համաիսլամական բոլոր նկրտումներին, այդ թվում՝ ահաբեկչական Իսլամական պետության հետեւորդներին: Անգամ համաթուրանականությունն ու համաիսլամականությունը փորձում է համադրելի ներկայացնել…

Բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլեւս լուրջ խնդիրներ ունի, որոնք հենց ինքն էլ ստեղծել է իր մեծապետական ծրագրերով:  Եթե Ռուսաստանին եւ Արեւմուտքին ինչ-որ չափով ձեռնտու է եղել Թուրքիայի՝ տարծաշրջանային գերտերության դերը, ապա համաշխարհային գերտերություն դառնալու թուրքական ձգտումները արդեն զինված բախումներ են առաջացրել Ռուսաստանի հետ, իսկ Արեւմուտքն այլեւս զգուշավորություն է ցուցաբերում թուրքական առաջխաղացումների նկատմամբ՝ Իրաքի եւ Սիրիայի ուղղություններով: Եվրաարժեքներից հրաժարվելու մեղադրանքներ եւս հնչեցվում են: «Թուրքիան շարունակել է եվրոպական չափանիշներից հետընթացը: Մենք կայուն եւ ավելի ժողովրդավարական Թուրքիա ունենալու կարիք ունենք»,- ասել է Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին՝ ելույթ ունենալով Թուրիքայի վերաբերյալ տարեկան զեկույցի ընդունումից առաջ: «Մենք խորը անհանգստություններ ունենք ներքին զարգացումների շուրջ մի շարք հարցերում, ինչպես օրինակ մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունը, քրդերի իրավունքները»,- ասել է զեկուցողը փաստաթուղթը քվեարկության դնելուց առաջ, որն ընդունվել է ձայների մեծամասնությամբ (375 կողմ, 133 դեմ, 87 ձեռնպահ):

Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ընդունված փաստաթղթում խորհրդարանականները նաեւ վերահաստատում են Թուրքիայի ու նրա հարեւանների միջեւ լավ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ինչը, գործընթացի կարեւոր տարր է նկատվել։ Բանաձեւով Թուրքիային կոչ է արվում ջանքեր գործադրել հարեւանների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքին համապատասխան։ Կոչ է հղվել՝ հատկապես Հայաստանի հետ կարգավորել իրենց հարաբերությունները։ Նշվում է նաեւ, որ անհրաժեշտ է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, որը կարող է տանել հարաբերությունների բարելավման՝ միջսահմանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման միջոցով։ Բանաձեւում հղում է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ին ընդունած բանաձեւին, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը։

Հատկապես ցեղասպանության դրույթի ներառումը բանաձեւում զայրացրել է Թուրքիային։ Իսկ սա Հայաստանի պահանջատիրական այն հենքն է, որը նույնպես կարող է նպաստել Թուրքիայի մասնատմանը, բայց ոչ թե Քրդստանի, այլեւ՝ Հայաստանի ծավալմանը:

Դառնալով Անկարայի նկրտումներին՝ նշենք, որ դրան դեմ են ոչ միայն համաշխարհային 2 բեւեռները՝ ԱՄՆ-Եվրոպան ու Ռուսաստանը, այլեւ 3-րդ բեւեռի ստեղծմանը ձգտող Չինաստանն ու Իրանը: Դեմ են նաեւ որոշ արաբական երկրներ եւ, իհարկե, Հայաստանը:

Եվ Անկարան այս կտրուկ փոփոխությունների բեռը սկսեց զգալ իր վրա հատկապես Սիրիայում՝ Ռուսաստանի ռազմուժի գործողությունների հետեւանքով: Իհարկե, փորձ եղավ հակակշռել Մոսկվայի քաղաքականությանը տարածաշրջանում, Հայաստանի օդային սահմանների խախտմամբ, սակայն դա ինչպես ՆԱՏՕ-ական, այնպես էլ Մերձավորարեւելյան շրջանակներում չստացավ ցանկալի աջակցություն, եւ Թուրքիան այսօր «սառը պատերազմի» մեջ է Ռուսստանի եւ Հայաստանի հետ: Արեւմուտքի վստահությունը հետզհետե ավելի է կորչում, ինչն էլ վտանգի է ենթարկել ոչ միայն թուրքական մեծապետական ծրագրերի իրականացումը, այլեւ՝ Թուրքիայի ամբողջականության հարցը… Կրկին հայտնվել են աշխարհի վերաձեւման հին ու նոր քարտեզները:

Եվ Անկարային շնչելու հնարավորություն էր պետք, ինչը նա փորձեց անել իր կրտսեր եղբայր Ադրբեջանի միջոցով: Հրահրվեց արցախյան նոր պատերազմը: Թուրքիան զինել, սնել եւ լրացուցիչ ուժեր էր տրամադրել Բաքվին, եւ վստահ էր, որ մի քանի օրում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Կամ էլ՝ որոշ տարածքներ կգրավվեն, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը կնետվեն Կովկաս, իսկ ինքը իր քայլերը կնախաձեռնի Մերձավոր Արեւելքում:

Բայց քառօրյա պատերազմն ավարտվեց հայերի փառահեղ հաղթանակով, եւ Անկարան կրկին ստիպված էր հայտարարել, թե այս պատերազմը ռուսն է նախաձեռնել: Ըստ որոշ մասնագետների, Ադրբեջանը իսկապես լավ զինված եւ պատրաստված է սկսել իր լայնածավալ հարձակումը: Եղել է նաեւ թուրքական որոշակի զորաքանակի ու ԻԼԻՊ-ի ադրբեջանցի ահաբեկիչների աջակցությունը: ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը անգամ նշել է, որ Ադրբեջանը գրագետ մարտ է վարել, ինչը չի կարելի թերագնահատել: Իհարկե, ՆԱՏՕ-ական Թուրքիան օգնել է այդ հարցում, բայց ամեն բան հայերի դեմ հաշվարկված է արվել:

«Բայց մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում Էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ հրթիռ հենց այնպես չենք կրակել, որովհետեւ ժամանակին մեր հրետանավորները ու մնացած մասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն։ Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցրել եւ մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսել են»,- ասել է Արցախի հերոսը։ Վիտալի Բալասանյանը այստեղ է նշել, որ «իրենք շատ գրագետ մարտ են վարել, եւ ռազմավարական, եւ մարտավարական իմաստով։ Գործողությունները ձախողվել է միանշանակ, բայց դա չի նշանակում, թե նրանք անգրագետ էին, համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին։ Թույլ չեն, չի կարելի այսօր թերագնահատել Ադորբեջանին։ Մեր խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում վերահամախմբումն էր, վերադասավորումը, մեր նպատակային տեղաշարժերով մեր դիրքերը զբաղեցնելը»։

Փաստորեն, հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո հայկական կողմը չի կարողանալու իր դիրքերը պահել, որովհետեւ ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ ընդհուպ երրորդ, չորրորդ նշանակության ճանապարհները։ Սա լավ խորհուրդ տվողների նպատակային քայլերից է եղել՝ հայկական զինուժին զրկել շարժունակությունից եւ նախկին դիրքերը վերադառնալու հնարավորությունից:

Բայց մեր երիտասարդ զինվորները ավելի գրագետ ու հայրենանվեր գտնվեցին ու ջախջախեցին ադրբեջանական զինուժին եւ նրանց օժանդակող ուժերին: Այնպես ջախջախեցին, որ ադրբեջանցիները ստիպված իրենք էին կրակում փախչող զինվորների վրա, որ չլքեն դիրքերը: «Մենք տեսնում էինք, որ փախչողների հետեւը փակ է, մենք լսում էինք այդ կրակոցները եւ տեսնում, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասել է Վիտալի Բալասանյանը։

Ինչ մնում է ռուսական կողմին հասցեագրված թուրքական մեղադրանքներին, ապա մեզ համար դա նշանակություն չունի: Այդ մեղադրանքները փոխադարձ են եւ երկու դեպքում էլ ճիշտ: Անկարան օգնել է ադրբեջանցի զինվորների պատրաստվածության հարցում, զենք-զինամթերք եւ զինվորներ է տրամադրել, իսկ Մոսկվան Ադրբեջանին վաճառել է զանգվածային ոչնչացման եւ այլ զենքեր, որոնք գործածվել են հայերիս դեմ:

Անէացավ նաեւ այն սին տեսությունը, թե ինչպես թուրքերն են ադրբեջանցիների մեծ եղբայրը, այդպես էլ ռուսներն են հայերի մեծ եղբայրը: Ոչ հեռու պատմական անցյալի վերլուծություններից ավելի պարզ դարձավ, որ ռուսներն անգամ եղբայր չեն եղել մեզ, ուր մնաց՝ մեծ: Ամենամեծ վկան այսօր առկա ռուս-թուրքական հակահայ պայմանագիրն է, որը ռուսական կողմը հրաժարվում է անգամ այս իրավիճակում չեղյալ հայտարարել ու հայկական հարցը առաջ քաշել… Եվ վերջապես ոմանք Հայաստանում ու Ռուսաստանում կհասկանան, որ ռուսաց լեզուն չի կարող երբեւէ Հայաստանի երկրորդ պետական կամ ազգամիջյան լեզու լինել, ռուսական կրթությունն էլ հայկականին հավասար իրավունքներ ունենալ:

Մի խոսքով՝ մեռավ «Արմենիա – ռուսկայա գուբեռնյա» վելիկոռուսական երազանքը: Սա նույն բանն է, ինչ այսօր՝ Արեւմտյան Հայաստանն ունենք Թուրքիայի, իսկ Արեւելյան Հայաստանի որոշ հատվածը՝ Ադրբեջանի տիրապետության տակ:

Հայկական դիվանագիտությունը լուրջ մտորելու եւ անհրաժեշտության դեպքում՝ ինչու չէ, նաեւ խորամանկելու կարիք ունի այս իրավիճակում, քանզի խաչվել են բոլորի շահերը բոլոր ճակատներում: Եվ ակնհայտ է, որ թուրքն ու ադրբեջանցին չեն կարող մեր հայրենի տարածքներում բնակվելով մեզ հարեւան կոչվել, առավել եւս, երբ գենետիկորեն անհամատեղելի են մեզ հետ: Ռուսն էլ արդեն չի կարող մեր հովանավորը լինել, ավելին՝ դեռ պետք է հասկանալ ռուսական ռազմաբազայի մնալու կարեւորությունն ու նպատակահարմարությունը: Կամ՝ զուգահեռ ամերիկյան ռազմաբազայի համար տարածք տրամադրելու հարցը պիտի քննարկվի… Եվ այսպես շարունակ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։