Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- Քունկ-ֆուն փողոցային խուլիգանությունից չտարբերեցին… Մշտական մեղանչում՝ կեղծ տղամարդկությունից հետո … Ադրբեջանցուն ջախջախած հայը իր հասույթը փոխանցեց Արցախի բանակին… Հաղթանակները վերցրել ու գնում ենք… Ֆուտբոլային, շախմատային եւ այլ լուրեր…

Քունկ-ֆուն փողոցային խուլիգանությունից չտարբերեցին

Եվրոպայի քունկ-ֆուի առաջնությունը եւս ապացուցեց, որ ադրբեջանական խավարամիտների համար մարզադաշտը եւ փողոցը նույն հարթության մեջ են: Ուկրաինայի Լվով քաղաքում այս մարզաձեւի Եվրոպայի առաջնությանը հերթական անգամ իրենց անվայել են պահել ադրբեջանցի մարզիկները, ինչի մասին տեղեկացրել է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանն էլ հայտնել է, որ Լվովում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին մենամարտում Աշոտ Հարությունյանը  հաղթել է ադրբեջանցի մրցակցին: Ադրբեջանական կողմը բողոքել է, բայց մրցավարական կազմը հաստատել է մեր մարզիկի հաղթանակը: Մյուս մենամարտում արցախցի Դավիթ Պետրոսյանը եւս մրցել է ադրբեջանցու հետ: Մենամարտի վերջին պահին, երբ Դավիթի հաղթանակն ակնհայտ էր, Ադրբեջանի պատվիրակությունը գնում է սադրանքների՝ հայհոյանքներ են տեղում մեր մարզիկների հասցեին եւ ապա մտնում են ռինգ, հարձակվում մեր մարզիկի վրա, որից հետո Դավիթի մարզիչն է փորձում  հանգստացնել նրանց, սակայն կրքերն ավելի են թեժանում: Հայտնվում են մահակներով զինված ադրբեջանցիներ ու հարձակվում մեր հավաքականի անդամների վրա: Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի պատվիրակությունն ավելի մեծ էր, մեր տղաները կարողացել են արժանի պատասխան տալ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Միջադեպից հետո ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Իսկ Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է մեդալների մեծ պաշարով՝ 6 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:

Ոսկե մեդալներ են նվաճել Աշոտ Հարությունյանը, Տիգրան Շաբոյանը, Հայկ Օհանյանը, Արսեն Բաղիրյանը, Հայկ Խաչյանը եւ Դավիթ Կասումյանը: Արծաթե մեդալակիր են դարձել Դավիթ Պետրոսյանը եւ Ալբերտ Թորոսյանը: Արտակ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:

Հեռացվեց Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայից

Լվովում տեղի ունեցած ծեծկռտուքի նախաձեռնողները մարզաձեւի Ադրբեջանի հավաքականի անդամներ են եղել, եւ այդ աղմկահարույց միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է ու այլեւս չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը տեղեկացրել է, որ բողոք են ներկայացնել Չինաստանում գտնվող Քունգ Ֆուի միջազգային ֆեդերացիա՝ ընդդեմ Ադրբեջանի:

Նա նշել է, որ Եվրոպական ֆեդերացիայից ադրբեջանցիներին արդեն հեռացրել են ու նրանք վերականգնվելու հնարավորություն չունեն. «Առավելագույնը կարող են ուրիշ ֆեդերացիա բացել ու այլ անվան տակ հանդես գալ, բայց այս կազմով չեն կարող վերականգվել, բոլորին ճանաչում են»:

Առաջնության դատավորները ստիպված էին այդ օրը դադարեցնել մրցումները: Սկզբում ուզել են 2 թիմերին էլ որակազրկել, սակայն հարցը քննարկվել է, ուսումնասիրվել է տեսանյութը, եւ դատավորների կոլեգիան ու միջազգային ֆեդերացիան որոշել են, որ ադրբեջանցիներն են խախտել սպորտային էթիկան, ու նրանց են որակազրկել: Ընդ որում՝ կռվի ժամանակ ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել, թե ով է սադրիչ կողմը, որ բոլոր ներկաները, անգամ՝ թուրքերը, պաշտպանել են հայերին:

Հայաստանի թիմում 9 մարզիկներ էին, որոնցից 5-ը՝ արցախցի, հագուստներին գրված է եղել Արցախ, կամ ԼՂՀ, ինչն էլ ավելի է կատաղացրել ադրբեջանցիներին:  

Աշխատանքային այցով Լվովում գտնվող միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը հետեւել է մրցումներին եւ միջադեպի ժամանակ դահլիճում է եղել: Նա մամուլին հայտնել է, որ, հավանաբար, ադրբեջանցիները չեն դիմացել հերթական պարտությանը, իսկ մեր մարզիկների հագուստների գրություններն էլ նրանց վերջնականապես հունից հանել են:

Նաեւ կազմակեպիչներն են որոշ առումով թերացել, անվտանգությունն ապահովված չէր, ադրբեջանցիների ներկայությունը ռինգի մոտ շատ ավելի էր, իսկ հայերի կողմից միայն մարզիչն ու բժիշկն են եղել: Չի բացառվում, որ հայերին չսիրող (իբր ռուսների դաշնակից) ուկրաինական վերնախավը իմանալով է թույլատրել սադրիչների մահակներով մուտքը դահլիճ:

Ընդ որում, ռինգի մոտ սպորտի հետ կապ չունեցող մարդիկ են եղել, որոնք տեղի շուկայում են աշխատում, կանաչի ծախողներ են: Նրանք անընդհատ ինչ-որ բան էին փնտրում մեր տղաներին վախեցնելու համար, որովհետեւ ռինգում չէին կարողանում հաղթել: Նրանց նաեւ կատաղեցնում էր, որ Ստեփանակերտից տղաներ կան մեր թիմում:

Նշենք, որ հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին: Ստեղծված իրարանցումն ու ծեծկռտուքը հանդարտվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Հիշեցնենք, որ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի կրտսեր եղբայրն է:

Այսպես՝ Ադրբեջանի Քունգ-ֆուի ֆեդերացիան ոչ մարզական պահվածքի համար Եվրոպայի առաջնությունում որակազրկվելուց հետո հեռացվել է նաեւ Եվրոպայի Քունգ-ֆուի ֆեդերացիայից:

Մեր պատասխանատուները մտադրվել են բողոքարկել այնքան, մինչեւ Ադրբեջանի թիմը հեռացվի նաեւ աշխարհի Քունգ-ֆուի ֆեդերացիայից: «Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ աշխարհի առաջնությունից էլ նրանց հանեն, եւ արդեն նամակ ենք գրել Չինաստան»,- տեղեկացրել է Սարգիս Հարությունյանը:

Մշտական մեղանչում՝ կեղծ տղամարդկությունից հետո

Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել հայ մարզիկներից: «Բորիսպոլի օդանավակայանում մեր կիեւցի եղբայրները հայ չեմպիոններին ճանապարհում էին Երեւան, երբ պատահաբար հանդիպեցին ադրբեջանցի «հերոս մարզիկներին»՝ իրենց ողջ թիմով, որոնք եւս տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ դաժան, բայց առանց քաշքշուկի, պրոֆիլակտիկ զրույց անցկացրին, որից հետո ադրբեջանցիները իրենց թիմով հրապարակավ ներողություն խնդրեցին մեր տղաներից՝ սկսած փոքրիկ Արսենից»,- ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը:

Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում Լվովի հայերը հայտնաբերել էին ադրբեջանցի բազարչիներին, որոնք մասնակցել էին ծեծկռտուքին եւ բառիս բուն իմաստով անխնա շանսատակ էին անում, ինչը հստակ երեւում էր տեսանյութում:

Վտանգավոր բախում.-. Լվովում հայկական համայնքի ղեկավարը հանդիպել է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ – Լվովում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը: «Ոչ մի լարվածություն չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, տեղի հայ համայնքի ղեկավարությունն ակտիվ աշխատում են, բարդություններ չկան»,- ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:

Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել: «Ասացինք` եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,- հավելեց Նիկոլայ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնությանժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ եւ փորձելհաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելովՀայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ եւ ադրբեջանցի մարզիկների միջև ընթացողմենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանիհաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին:Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահՆիկոլայ Մատուլյովս կուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծվածիրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստելանկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացելու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմիժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայողՄարատ Պետրոսյանի եղբայրն է:

Հայ մարզիկն իր հասույթը փոխանցեց Արցախի բանակին

Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին րոպեների ընթացքում հաղթած Ալբերտ Ղազարյանը հաղթանակի համար ստացած գումարը փոխանցելու է Պաշտպանության բանակին: Այդ նպատակով մոտ օրերս նա իր մարզչի հետ մեկնել է ԼՂՀ: Մարզիկն անդրադարձել է նաեւ իր հասցեին հնչող քննադատությանը՝ նշելով, որ մրցակցին միջնամատ ցույց չի տվել, չնայած մարտի տեսագրությունը դիտելուց հետո շատերը համարում էին, որ հայ մարզիկը միջնամատն է ցույց տալիս, եւ քննադատում էին նրան: Հայ մարզիկը, սակայն, ընդգծում է, որ դա ոչ մարզական պահվածք է, եւ երբեք իրեն նման բան թույլ չէր տա: «Բոլորը մտածում էին, որ ես միջնամատ եմ ցույց տվել, բայց եթե ուշադիր նայեք, կտեսնենք, որ այդպիսի բան չի եղել: Ես մարզական շատ լավ դաստիարակություն եմ ստացել, ինքս մարզում եմ եւ նման բան չէի անի»,- ասել է Ալբերտ Ղազարյանը:

Էշ վիճակներին՝ իշական մխիթարանք

Ալբերտ Ղազարյանը նշել է նաեւ, որ շատ լավ էր նախապատրաստվել մարտին: Գիտակցում էր իր վրա դրված պատասխանատվությունը եւ հաղթանակի կարեւորությունը: Հաղթանակի կապակցությամբ Ալբերտ Ղազարյանը որպես նվեր մեքենա է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից:

Այս պարտությունը ադրբեջանցիները շատ ցավալի են ընդունել եւ իրենց մարզիկից հրաժարվել են: Ադրբեջանական զլմ-ները պնդում են, որ Ալբերտ Ղազարյանին պարտված Ռուսլան Մուրաթազովն ադրբեջանցի չէ, ղազախ է, պարզապես պատանի տարիքում ադրբեջանական անձնագիր է ստացել: Այս տեսակետը հերքել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը. «Եթե նա լիներ ղազախ, ապա ինչու՞ պետք է անհանգստանային: Եթե քաղաքացի է, ուրեմն ադրբեջանցի է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները շատ վրդովված են պարտության պատճառով, եւ այն երկրներում, որտեղ «Արմֆայթինգ» ֆեդերացիան մասնաճյուղեր ունի, փորձում են կապ հաստատել ու ինչ-որ հարցեր պարզել տեղի հայերի հետ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները նաեւ սահմանափակել են Ռուսլան Մուրաթազովի մուտքն Ադրբեջան:

Haqqin.az-ում հրապարակված «Բռնցքամարտը վերածել են թատրոնի. հայը «հոշոտեց» ադրբեջանցուն» հոդվածում սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրում է, թե Մոսկվայի «Լուժնիկի»-ում հայերի բեմադրած ներկայացումն է եղել, «քանի որ առանց կանոնների մարտեր կազմակերպող Octagon Fighting Sensation-ի ղեկավարության մեջ հայեր կան»:

Ըստ այս մեկնաբանի, «Ռուսլանը դաղստանցի է, 19-ամյա այդ անփորձ մարզիկին վարձել են հայերը, ուսերին գցել Ադրբեջանի դրոշը, իրենց մարզիկին մարտահրավեր նետելու տեսանյութը պատրաստել են ու տվել հային՝ հոշոտման»… Հետո էլ թե «եթե այնտեղ իսկապես ադրբեջանական պատվիրակություն լիներ, հաստատ չէր թույլատրի, որ Ալբերտ Ղազարյանը եւ նրա թիմը հայտնվեին դահլիճում ԼՂՀ-ի դրոշով»:

Հաղթանակները վերցրել ու գնում ենք

- Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած մրցաշարում կարատեիստ Էրիկ Գեւորգյանը 8:0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մրցակցին, ով գլխիկոր է հեռացել մարտից հետո:…

- Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում պետք է կայանար մարտեր առանց կանոնների մրցամարտը՝ հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանի եւ նրա թուրք հակառակորդի միջեւ:

Սակայն մարտին նախորդած մամլո ասուլիսից հետո թուրքական կողմը հրաժարվել է մարտից:

Պատճառը 1915թ. Հայոց ցեղասպանության թեմայով պաստառն է եղել: Այդ մենամարտը ուղիղ հեռարձակմամբ պետք է ցուցադրվեր Թուրքիայում: Հակառակորդի մարզիչ Հասան Գանջբեյը պայման է դրել՝ կամ այդ պաստառը կհանվի, կամ մենք կհրաժարվենք մենամարտից: «Դուք զբաղված եք միջազգային քաղաքական մի իրադարձության քարոզով, որն իրականում տեղի չի ունեցել»,- ասել է թուրքը:

Վերջինիս այդ հայտարարությանը Դավիթ Խաչատրյանը պատասխանել է. «Դուք էլ կարող եք պաստառ կախել այն մասին, որ 1915թ. Ցեղասպանություն չի եղել: Կտեսնենք, թե մեզնից ում կհավատան ժողովուրդները»:

- Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Ավանեսովը (68 կգ, անձնական մարզիչ՝ Զորայր Մեքինյան) Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացված G1 կարգի «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ:

Մրցաշարին մասնակցել է 10 երկրի 14 թիմ:

Թիմային հաշվարկով մեր թիմը գրավել է 4-րդ տեղը՝ արժանանալով գավաթի: Հավաքականը նաեւ արժանացել է հատուկ մրցանակի «Էթիկայի գավաթին»՝ ազնիվ պայքար մղելու համար:

Մեր թաեքվոնդոյիստները հավաքական թիմի ավագ մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա մայիսի 17-23-ը Շվեյցարիայում: Հ.Գ. - Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մեր 68 կգ քաշային մարզիկը հաղթել է իտալացի, թուրք, ադրբեջանցի մրցակիցներին եւ գրավել մրցանակային 3-րդ տեղը: Մրցագորգ կմտնի մեր 74 կգ քաշային մարզիկ Դավիթ Վարդումյանը, ով պայքարը կսկսի սերբ Դամիր Ֆեյզիչի հետ մրցամարտով:

Սեւ գոտին ստացավ հետմահու

Որդու հետ վերջին հեռախոսազրույցը լավ է հիշում Իգոր Ալոյանը. «Ասեց, եթե այսօր չզոհվեմ, ինձ բան չլինի, էլ ոչ մի բան չի լինի»… Նրա որդին՝ Սիդար Ալոյանը, զոհվել է դեկտեմբերի 18-ին, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի  հարձակման հետեւանքով: Հայրը հպարտանում է՝ որդին զոհվել է հերոսի մահով, քանի որ միայնակ է պայքարել թշնամու դեմ:

Սիդարը մարզիկ էր, մանուկ հասակից էր մարզվել: Եվ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիան նրան սեւ գոտի է հանձնել հետմահու: «Մեկ քննություն չէր հանձնել: Պատրաստվում էր ծառայությունից հետո հանձնել: Տա Աստված, որ մեր երեխաները հեռու մնան փորձանքներից: Նա զոհվեց, որպեսզի մենք հանգիստ ապրենք»,- ասել է Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը:

«Մանուկ հասակից մեզ մոտ է եղել, մարզվել է՝ որպես տղա եւ որպես ընկեր, իրոք լավն էր եւ իր ընկերներին նեղության մեջ հասնող: Ճիշտ է, համեստ էր, շատ բաներ չէր ցուցադրում, բայց եթե գալիս էր պահը, որ պետք է գործի դներ իր ընկերասիրությունը նեղին հասնելու պահին, հասնում էր»,- նշել է է Սիդարի մարզիչ Արայիկ Հովհաննիսյանը:

7 տարեկան Ռամզեսը մեծ հպարտությամբ է բռնել մահացած եղբոր նոր ստացած վկայականը եւ սեւ գոտին. «Եղբորս ճանապարհը ես կշարունակեմ»։

Դուքենդոյի ֆեդերացիան հերթական միջոցառումն էր կազմակերպել, որը նվիրված էր հաղթանակի օրվան:

Մեր սամբիստներիհարուստ ավարը Կազանից

Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց եւ մարտական սամբոյի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացավ իր ուժեղագույն մարզիկներով: Հայ սամբիստները հաջողությամբ հանդես եկան եւ նվաճեցին 8 մեդալ՝ 3 արծաթե ու 5 բրոնզե:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով օլիմպիական խաղերին, ներկայումս Վենեսուելայի եւ Բուլղարիայի ընտրանիների հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այդ հավաքում մեր ընտրանին հիմնական շեշտը դրել է ընդհանուր ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստականության վրա:

Մայիսի 25-ին օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մեր ըմբիշները կմեկնեն Իտալիա, որտեղ մայիսի 28-ին կմասնակցեն Սասարիի ավանդական միջազգային մրցաշարին: Վերադառնալուց 10 օր հետո մեր ըմբիշները կմեկնեն Ալուշտա (Ղրիմ) ՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո մեկշաբաթյա ընդմիջում կտրվի, ապա հավաքականը կմեկնի Բելառուս՝ Ստայկիի օլիմպիական մարզաբազա, որտեղ հավաք կկազմակերպի մի քանի այլ երկրների ընտրանիների հետ: Այդտեղ արդեն հիմնական շեշտը դրվելու է մրցագորգային մարզումների վրա: Եզրափակիչ ուսումնամարզական հավաքը կլինի Երեւանում, հուլիսի 25-ից մինչեւ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե ժանեյրո մեկնելու օրը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Ռիոյում հավաք չեն նախատեսել, քանի որ օլիմպիական խաղերի ժամանակ դժվար է տեղում մարզումներ կազմակերպել:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ուղեգիր նվաճած յուրաքանչյուր քաշային կարգում (բացի 98 կգ-ից) երկուական ըմբիշ կնախապատրաստվեն օլիմպիական խաղերին, որպեսզի հնարավոր վնասվածքների դեպքում Ռիո մեկնեն 2-րդ համարները: Դա նշանակում է, որ բացի Միհրան Հարությունյանից (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանից (75 կգ), Մաքսիմ Մանուկյանից (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանից (98 կգ), օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն նաեւ Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ)՝ որպես պահեստայիններ:

Հայաստանը  կին բռնցքամարտիկներ է հայտավորել

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային է: Մեր ընտրանին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Դրան մասնակցում են 8 մարզուհիներ, սակայն աշխարհի առաջնությանը կմասնակցեն միայն 2-ը՝ Անուշ Գրիգորյանը եւ Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ):

Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու են օլիմպիական խաղերի 4 ուղեգրեր:

- Հիշեցենք, որ ապրիլին Թուրքիայում կայացած բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել մեր տղամարդկանց հավաքականի անդամները՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Հիշեցնենք նաեւ, որ հայ բռնցքամարտիկները մասնակցեցին այդ մրցաշարին այն բանից հետո, երբ ապրիլի սկզբներին Ադրբեջանը զինված հարձակում էր գործել Լեռնային Ղարաբաղի վրա:

- Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել: Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են մեկ մեդալ: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը մտել է եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից, բայց կրկին պատրաստվում է…

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից: Մենամարտը Լաս Վեգասում էր: WBO վարկանիշային աղյուսակի 1-ին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին 5 ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ 3 ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր: Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը եւ վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում եւս եւ խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108: Երկու բռնցքամարտիկների քաշն էլ 76.2 կգ էր:

Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր 8 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 2-ական անգամ Շտիգլիցի եւ անգլիացի Փոլ Սմիթի նկատմամբ: 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը դեռ պարտություն չի ունեցել պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): 36-ամյա Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել էր 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

- Արթուր Աբրահամ. Բոլորին ցույց կտամ՝ կարող եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն – Առաջիկա մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին, Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում, իսկ մրցակցի անունը հրապարակվելու է ավելի ուշ: «Պատրաստ չեմ հրաժեշտ տալ մարզաձեւին, որն այնքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ նախատեսածիս պես, բայց խոստանում եմ՝ նման բան չի կրկնվի: Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Սա է իմ ամենամեծ ցանկությունը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն հույս է հայտնել, որ բռնցքամարտիկը կօգտագործի այս հնարավորությունը. «Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու համար, իսկ հիմա պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ում կրած պարտությունը պատահականություն էր»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ մարզիչը առաջին օրերին հիսթափված էր եւ կարծում էր Արթուրին նոր մարզիչ է պետք, բայց այժմ կպատրաստի իր սանին նոր մարտի համար...

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը: Ինչպես տեղեկացնում է Fightnews-ը, այդ մենամարտը տեղի կունենա հուլիսի 16-ին,  Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, եւ ես թույլ չեմ տա որեւէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Լիհաուգը՝ երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկ է, բայց նա ուսանելի դաս կստանա այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել միշտ բարձունքում: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս եւ միշտ պատրաստվում եմ, որ գերազանց մարզավիճակում ներկայանամ ռինգ«»,- մեկնաբանել է Արթուր Աբրահամը:

«Ալաշկերտ»-ը վերջին պահին պարտվեց «Շիրակ»-ին

Եթե կայացած 27-րդ փուլում մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը իր հարկի տակ նվազագույնը ոչ-ոքի խաղար 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրաիկ»-ի հետ, ապա ժամանակից շուտ կդառնար հանրապետության չեմպիոն: Սակայն ալաշկերտցիները 2:3 հաշվով պարտություն կրեցին, ընդ որում երրորդ գնդակը բաց թողեցին մրցավարի կողմից ավելացված ժամանակիում:

Երեւանի «Փյունիկ»-ը իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Միկա»-ին» եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Իսկ ահա «Գանձասար-Կապան»-ը չնայած հյուրընկալվելիս վստահ հաղթեց «Արարատ»-ին՝ 2:0, սակայն մնաց 4-րդ հորիզոնականում:

Այդպիսով, հայտնի դարձան եվրոպական գավաթներին մասնակցող բոլոր մեր թիմերը: Դրանք են «Ալաշկերտ»-ը, «Շիրակ»-ը (կմասնակցեն կամ չեմպիոնների, կամ էլ Եվրոպայի լիգային), «Փյունիկ»-ը եւ «Բանանց»-ը (հանդես կգան Եվրոպայի լիգայում):

ՀՀ գավաթակիր «Բանանց»-ը ցանկանում է փոխել անվանումը

Ֆուտբոլի Հայաստանի 2016թ. գավաթակիր Երեւանի «Բանանց»-ի ղեկավարությունը ցանկանում է փոխել թիմի անվանումը: Այդ մասին է վկայում ակումբի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցումը: Ո՞ր անվանումն եք նախընտրում մեր ակումբի համար հարցին՝ թիմի երկրպագուներին առաջարկել են 3 տարբերակ՝ «Բանանց», «Մալաթիա», «Արցախ»:

Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնություններին «Մալաթիա» անվանումով թիմ արդեն մասնակցել է՝ 1992-ին: Ինչ վերաբերում է «Արցախ»-ին, ապա նախկինում այդ անվանումն օգտագործվել է մեր ակումբների կողմից, սակայն Լեռնային նախաբանով: Այն, թե ինչպես կավարտվի հարցումը, ցույց կտա ժամանակը, սակայն մի բան պարզ է, որ եթե ֆուտբոլասերները չընտրեն ներկայիս անվանումը, ապա դրանով մոռացության կտրվի անկախ Հայաստանի նորաստեղծ ֆուտբոլային ակումբներից մեկի պատմությունը:

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղերը տեղափոխվել են

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղացանկում վերջին փոփոխությունն է տեղի ունեցել: Մրցաշարի 27-րդ փուլի «Միկա»-«Ալաշկերտ» եւ «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպումները մայիսի 21-ի փոխարեն կկայանան մայիսի 22-ին:

ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել այն պատճառով, որ այս տուրով ավարտվում է առաջնությունը, իսկ վերջինիս կանոնակարգով ավարտական տուրի խաղերը պետք է անցկացվեն նույն օրը, նույն ժամին, որպեսզի բոլոր թիմերը հավասար պայմաններում գտնվեն մրցաշարային տեղերի համար պայքարում:

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաներ ֆուտբոլ են խաղացել

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշարի հաղթողների ու մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին` մարզիչներին եւ կրթադաստիարակչական հաստատությունների տնօրեններին, Արամ Սուքիասյանը նշել է, որ մարզամշակութային այդպիսի միջոցառումներն  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մեր հասարակությանը լիարժեք մերվելու լավ նախադրյալներ են ստեղծում, ինչի շնորհիվ  ի հայտ են գալիս նաև տաղանդաշատ երեխաներ:

Քաղաքապետի տեղակալը 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերին հանձնել է Երեւանի քաղաքապետի դիպլոմներ, գավաթներ և մեդալներ: Հաստատությունների տնօրեններին ու մարզիչներին հանձնվել են շնորհակալագրեր: Խրախուսական մրցանակներ են հանձնվել լավագույն դարպասապահին եւ մի շարք այլ ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ մրցաշարը նախաձեռնել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության  բաժինը՝ աշխատակազմի սպորտի ու երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ: Կրթօջախները ներկայացնող թիմերը գործում են Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: Առաջին տեղը կիսել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Սոս» մանկական գյուղի մանկատան թիմն ու ՀՀ ԿԳՆ  հ. 15 հատուկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրի «Արարատ» թիմը: Երկրորրդ տեղում են  Երևանի քաղաքապետարանի ենթակայության խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների հ. 8 դպրոցի «Զեյթուն» թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 1 կրթահամալիրի «Էրեբունի» թիմը: 3-րդ տեղն զբաղեցրել են քաղաքապետարանի ենթակայության հ. 6 հատուկ դպրոցի «Բարսելոն» թիմը և ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հ. 2 խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող առաջնությունը սպասարկել է ՀՖՖ մրցավարական անձնակազմը:

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Կիկեր» պարբերականի կողմից  ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-16 թթ լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ պարբերականի, Դորտմունդի «Բորուսիայի» հայազգի խաղացողը ողջ մրցաշրջանի ընթացքում միջինը վաստակել է 2,57 բալ։ Նրան հաջորդում է «Աուգսբուրգի» դարպասապահ Մարվին Հիտցը, որը ստացել է 2,64 բալ։

Հավելենք, որ «Կիկերը» յուրաքանչյուր տուրից հետո գնահատականներ է նշանակում խաղացողներին, ընդ որում 1-ն ամենաբարձրն է, իսկ 5-ը՝ ամենացածրը։ Հենց դրանց միջին հաշվարկով որոշվում է մրցաշրջանի լավագույն խաղացողը։

Աղբյուր. Մխիթարյանի համար պայքարում «Չելսի»-ն առաջ է անցնում

«Չելսի»-ն սկսել է մեծ ակտիվություն դրսեւորել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը թիմի հետ չի երկարացվելու, հայտնում է Mirror-ը: Ավելի վաղ BamS-ը հայտնել էր, որ անգլիական ակումբն արդեն առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 միլիոն` մտադիր լինելով շարունակել պայքարը: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայ»-ի հետ ավարտվում է 2017-ին: Այս խաղաշրջանում 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձած կիսապաշտպանը չի ցանկանում երկարացնել պայմանագիրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուս»-ը հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալ»-ից Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն ) վճարել: Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ $32 մլն է առաջարկել: Այսինքն՝ շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի: Այս պահի դրությամբ զլմ-ները հայտնում են, որ գերմանական ակումբը ճնշման տակ է: Կամ Հենրիխ Մխիթարյանին հիմա «կգնեն», կամ «Բորուսիա»-ն կզրկվի ֆուտբոլիստից 2017-ին առանց հատուցման: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Նա նաեւ 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով նա փոխանցումների ցուցանիշով  2-րդն է «Արսենալ»-ի հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):

Հայ աթլետը հաղթել է Աթենքի մրցաշարում

Հայաստանի աթլետ Լեւոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Աթենքում ընթացող աթլետիկայի միջազգային մրցաշարում:

Մեր մարզիկը հեռացատկի մրցումներում ցույց է տվել 16,16մ արդյունք եւ 7 մասնակիցների մեջ գրավել 1-ին տեղը: Սակայն Լեւոն Աղասյանին չի հաջողվել նվաճել 2016թ օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ վարկանիշային նորմատիվը 16,85մ-ն է:

Հեռացատկի կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը ցատկել է 6,33մ եւ 37սմ ետ է մնացել օլիմպիական նորմատիվից:

Աթլետիկայի մեր հավաքականի անդամներն այժմ կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ մայիսի 21-ին կմասնակցեն օլիմպիական վարկանիշային հաջորդ մրցաշարին:

Մայիսի 13-15-ը Երեւանում տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:- Մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններին: Առաջնությանը մասնակցել են 80 հրաձիգ, որոնցից 20-ը որպես անհատներ: Օդամղիչ հրացան վարժությունում ՀՀ ռեկորդներ են սահմանել Հրաչիկ Բաբայանը՝ 630,1 միավոր, եւ Մարիամ Միքայելյանը՝ 415,8 միավոր: Եզրափակիչում ռեկորդակիր է դարձել նաեւ Հրաչիկի կրտսեր եղբայրը՝ Հայկ Բաբայանը: Վազող թիրախ խառը վազք վարժությունում Գոհար Հարությունյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի կոչման ցուցանիշ:

Տարբեր վարժություններում Հայաստանի չեմպիոն են դարձել հետեւյալ մարզիկ-մարզուհիները.

Վազող թիրախ, 10մ 30 + 30 կրակոց վարժություն՝ Հովհաննես Խաչատրյան

Վազող թիրախ, 10մ 20 +20 կրակոց վարժություն՝ Գոհար Հարությունյան

Օդամղիչ հրացան, 10մ 60 կրակոց վարժություն՝ Հայկ Բաբայան

Օդամղիչ հրացան, 10մ 40 կրակոց վարժություն՝ Մարիամ Միքայելյան

Վազող թիրախ` խառը վազք, 10մ 2X20 կրակոց վարժություն. Հովհաննես Խաչատրյան եւ Գոհար Հարությունյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ 60 կրակոց վարժություն՝ Սեւակ Արշակյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ 40 կրակոց վարժություն՝ Էլմիրա Կարապետյան

- Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հունգարիայի Գիոր քաղաքում ակայացած հրաձգության Եվրոպայի առաջնությոանը մեր հրաձիգները նվաճեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ:

- Վանա Հաբեշյանը` Կիպրոսի չեմպիոն - Հայազգի հրաձիգ Վանա Հաբեշյանը հաղթող է ճանաչվել Կիպրոսի հրաձգության կանանց առաջնությունում: Հրաձգության համակիպրական խաղերը անցկացվել է Նիկոսիայի հրաձգության ակումբում: Մեր հայրենակիցը առաջին տեղն է գրավել 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում:

Երեւանում մեկնարկեց խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել է խուլերի շախմատի աշխարհի 16-րդ առաջնությունը: Մրցումների հանդիսավոր բացմանը մասնակցել են շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության  նախարար Գաբրիել Ղազարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ, խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ  Գարդները ։

Առաջնության առաջին խորհրդանշական քայլերը կատարել են Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը: Շախմատի խուլերի աշխարհի առաջնությունն անցկացվում է 7 ենթախմբերով, որին մասնակցում է 24 երկրների 120 շախմատիստ։

Մինչ արարողության մեկնարկը, ՀՀ նախագահը եւ ՖԻԴԵ-ի Նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Խուլերի շախմատի անհատական առաջնության բացման շրջանակում ՀՀ Նախագահին շախմատի տանը ներկայացրել են նաև սուրդո (խուլուհամրերի) թարգմանության ավտոմատացված ծրագիրը:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Երեւանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երեւանում: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ, մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչեւ 450 սան:

* * *

Կոսովոյում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մասնակցում են նաեւ Հայաստանի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյան, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Հ.Գ. – Արման Փաշիկյանը հաղթեց եւ հավասարվեց Ռոբերտ ՀովհաննիսյանինԿոսովոյում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Տեղի ունեցան 9-րդ փուլի խաղերը: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Արման Փաշիկյանը, ով սեւերով հաղթեց Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Իպատովին: Նա վաստակեց 6,5 միավոր եւ հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, ով ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ մրցամարտում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:

Մեր շախմատիստներից հենց նրանք կպայքարեն մեդալների համար, քանի որ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 փուլ, իսկ մեր մնացած շախմատիստներն արդեն 2 եւ ավելի միավորով ետ են մնում առաջատարից՝ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւից:

Մրցանակային տեղ գրավելու համար Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին 2ւ խաղերում պետք է ռիսկի դիմեն եւ խաղան միմիայն հաղթանակի համար, քանի որ դրանց հավակնում են եւս 11 շախմատիստներ, որոնք, միանշանակ, կօգտվեն իրենց մրցակիցների յուրաքանչյուր սայթաքումից:

Արագ շախմատի հուշամրցաշար` Դավթաշենում

Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի հիշատակին: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետարանի սպորտի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ եւ այլոք:

Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում, 5 փուլերի  արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել առաջին3 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաեւ դպրոցի տնօրենին եւ ուսուցիչներին: Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է  Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը:

Ավարտվեց կանանց վոլեյբոլի ՀՀ առաջնության 1-ին փուլը

Կայացան Հայաստանի 2016թ. կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլի 3-րդ խաղային օրվա հանդիպումները։ Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. ՀՊԼՀ-Սյունիք` 0։3, Նժդեհ-ԽՄՕՄՄ` 2։3: Ընդհանուր հաշվարկով առաջին փուլից հետո խաղային աղյուսակում թիմերի դասավորվածությունը հետեւյալն է.

  1. ԽՄՕՄՄ – 8 միավոր
  2. Նժդեհ – 7
  3. Սյունիք – 3
  4. ՀՊԼՀ – 0

Հավելենք, որ առաջնության երկրորդ փուլը կկայանա հոկտեմբեր ամսին։

Հայազգի թենիսիստուհին կմասնակցի Ֆրանսիայի բաց առաջնությանը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը կսկսի ամերիկուհի Սլոան Ստիվենսի հետ խաղով: Հաղթանակի դեպքում նրա հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Սաբինա Լիսիցկին, որը ազատ է առաջին փուլում: Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյասմն առաջին փուլում ուժերը կչափի սլովակցի Մագդալենա Ռիբարիկովայի հետ: Իսկ ահա կանանց թենիսի նախկին առաջատար, ռուսաստանցի Մարիա Շարապովան, առաջին անգամ չի հայտավորվել մրցաշարում, քանի որ այս տարվա սկզբին ձախողել է դոպինգ-թեսթը եւ մարտի 12-ից զրկվել է մրցումներին մասնակցելու իրավունքից:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը կմեկնարկի մայիսի 21-ին, իսկ կավարտվի հունիսի 5-ին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։