Եվրատեսիլյան խայտառակություն.- 4.- Երկու եզրից… Միջազգային է, բայց ազգային է… Թուրք ու թաթար՝ հազար աթար… Առաջարկում է երգ՝ Ասադի մասին… ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին… Յուրատեսակ կարծիք՝ Ադրբեջանի համար…

Երկու եզրից

Եթե անկեղծ լինեմ, ապա, որպես խմբագիր, ես դեմ եմ «Եվրատեսիլին» այսքան ուշադրություն դարձնելուն, նույնիսկ այս պարագայում, երբ այն վաղուց արդեն երգի հարթակ չէ: Բայց իմոնք ու թերթին թղթակցողներն այնքան էին ոգեւորվել հերթական մրցույթով, որ խնդրեցին ինձ չափսոսալ եւ հրապարակման տեղ տալ: Ես էլ, որպեսզի փոխհատուցեմ թերթային տարածքիս կորուստը, որոշեցի թեմայի շուրջ սեղանիս դրված տարբեր նյութերից ընտրել սկզբունքորեն միմյանց հակառակ երկու տեսակետներ եւ տպագրել: Ընթերցողն էլ թող ինքը որոշի՝ Ռուսաստանի վրա զայրանա՞, թե՞ ընդունի «հայրաբար ապտակը», Ֆրանսիայից նեղանա՞, թե՞ ըմբռնումով մոտենա, Ջամալային շնորհավորի՞, թե նրան համարի խառնարյունության քարոզ ու գրողի ծոցն ուղարկի: Մի խոսքով, սիրելիներս, հաջորդ «Եվրատեսիլին» ձեզ այսքան տարածք չեմ տալու:

Արմենուհի Մելքոնյան

Միջազգային է, բայց ազգային է

Լրագրողները ասուլիսի ժամանակ Իվետային հարցրին. «Լեռնային Ղարաբաղի դրոշը, ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշը կանաչ սենյակում»: Իվետան պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ սպասում էի այս հարցին: Գիտեք, պետք չէ մոռանալ, որ ես իմ Հայրենքին եմ ներկայացնում: Այդպես էր զգում իմ սիրտը, միտքը, ամբողջ գցացմունքը, չնայած 150 միլիոն մարդ է նայում, մտքով ես Մայրենի երկրում էի: Միայն ասեմ, որ խնդրում եմ, ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները: Ես գրեցի երգը, որովհետեւ ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Գերմանիայում եմ ապրում ու ազգությամբ հայ եմ, բայց ես միջազգային եմ, այսպես եմ մեծացել: Միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տարածվեն սիրո ալիքները, դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետեւ ուզում եմ մարդիկ կենտրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում»:

ԼՂՀ դրոշի ծածանման պատճառով բողոքել էր Ադրբեջանի ԱԳՆ  ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւնը, սակայն հենց միջազգային նորմերին համապատասխան արձագանքել էին ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:  

Թուրք ու թաթար՝ հազար աթար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Եվրատեսիլ-2016թ. երգի միջազգային մրցույթի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալային։ Հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է թաթարական արմատներ ունեցող Ուկրաինայի ներկայացուցիչին՝ հաղթելու կապակցությամբ։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել հեռախոսազանգի համար եւ նշել, որ խիստ շոյվել է նախագահ Էրդողանի ցուցաբերած ուշադրությունից։

Առաջարկում է երգ՝ Ասադի մասին

«Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի երգչուհի Ջամալայի՝ «1944» երգը հաղթող ճանաչվելուց հետո, բուռն քննարկման նյութ է դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ «Եվրատեսիլ-2017»-ը արդեն տեղի կունենա Ուկրաինայում եւ բուռն քննարկումներ են ընթանում, թե որ քաղաքում։

Կարծիք է հայտնել նաեւ Յուլիա Տիմոշենկոն. «Ճիշտ կլինի հաջորդ տարի կայանալիք երգի միջազգային այդ մրցույթն անցկացնել ուկրաինական Ղրիմում»։

Անցկացման վայրի վերաբերյալ հարց են ուղղել նաեւ Մոսկվային։ Ռուսական «ՌԻԱ»-ի հարցին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Դա մեր խնդիրը չէ»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ խոսել է մրցույթում հաղթած՝ Ղրիմի թաթարների տեղահանման մասին երգին: «Կարծում եմ, հաջորդ մրցույթում պետք է երգել Ասադի մասին: Կրկներգն էլ նվիրում եմ. Assad bloody, Assad Worst. Give me prize, that we can host»,– նշել է նա:

ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին

«Եվրատեսիլ-2016» մրցույթի առաջին կիսաեզրափակիչում ելույթից հետո, «կանաչ սենյակում» Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը արդյունքներին սպասելիս ծածանել էր ԼՂՀ դրոշը, ինչը դժգոհության ալիք էր առաջացրել Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն կատարվածը որակել էր որպես սադրանք: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն ասել էր, որ Բաքուն դժգոհություն կհայտնի «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեին՝ կապված նրա հետ, որ մրցույթի ուղիղ եթերում ծածանվել էր Արցախի դրոշը: «Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս եւ հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչեւ այս տարվա հունիսը»:

«Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից, նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշ պատճառով, կամ վախենում են նրա հաղթանակից կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմնակիցներն են»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:

…Հետո հանկարծ «Եվրատեսիլ»-ը ներողություն է խնդրում «դրոշային քաղաքականության համար», բոլոր նրանցից, ովքեր վիրավորվել են իրենց համար հարազատ դրոշի՝ այդ ցուցակում հայտնվելու պատճառով։ Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել էր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթին վերաբերվող կանոնակարգային որոշ մանրամասներ։ Ըստ այդմ՝ նոր օրենքներով, Եվրոպայում մեծ տարածում ունեցող երգի մրցույթի ժամանակ արգելվել էր մրցույթի անցկացման դահլիճ բերել եւ ծածանել դրոշներ, որոնք խորհրդանշում են կրոնական, քաղաքական, առեւտրային վիճելի հարցեր։ Որոշումը հրապարակելիս, կազմակերպիչները ներկայացրել էին նաեւ դրոշների այն ցանկը, որոնք կարգելվի մտցնել մրցույթի անցկացման տաղավար եւ ծածանել դրանք համերգի ընթացքում։ Արգելված դրոշների շարքում, ի թիվս Պաղեստինի, Բասկոնիայի, Կոսովոյի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշների, հայտնվել է նաեւ Արցախի պետական դրոշը։

ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին, որտեղ մասնավորապես նշել է, որ արդեն որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ, որոնք կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որեւէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե ու ապագա մրցույթներից: «Ես եվրոպացի եմ, ում երկրին մերժել են մուտքը եվրոպական համայնք եւ ում դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, շփոթվածության, ամոթի ու ամենակարևորն անտարբերության մթնոլորտում»,- գրել է Ռուբեն Մելիքյանը, ով Ղարաբաղի ժողովրդի անունից իր խիստ անհամաձայնությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների հայտարարության լեզվի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրվում է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեր նկարագրությունը ճշգրիտ չէ եւ վիրավորում է իմ ժողովրդին»,- գրել է օմբուդսմենը, ապա նշել, որ «մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, խոսելիս պիտի հասկանալ, որ այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է եւ քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարեւորություն ունի, ուստիեւ խոսքի ազատությունը որեւէ սահմանափակում չպետք է ունենա… «Իսլամական պետության» ոճով իրականացվող գլխատումները եւ մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, եւ Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք»,- նշել է օմբուդսմենը…

Կցանկանամ, որ «Եվրատեսիլ-2016»-ում հաղթի Ադրբեջանը…

«Եվրատեսիլ-2016»-ը եվրատեսիլյան պատմության մեջ հայերի համար նշանավորվեց որպես ամենաքննարկվողն ու սկանդալայինը: Իվետան զարմացրեց իր ձայնով, տեսքով ու համարձակ քայլով՝ կիսաեզրափակչում ծածանելով ԼՂՀ դրոշը: Այս թեման դեռեւս շարունակվում է թեժ քննարկումների կիզակետում մնալ, որի մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի եւ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ. «Իվետան առաջին կիսաեզրափակչում ուղղակի հրաշալի ելույթ ունեցավ եւ վաղը եզրափակչում մեր երգչուհուն կրկին լավ ելույթից բացի ոչ մի բանի մասին պետք է չմտածի, քանի որ երգչուհուն ելույթից առաջ սթրես ապրել պետք չէ: Այդ հարցում իրենց դերակատարությունը կարող են ունենալ շվեդական հայ համայնքը, ովքեր կարող են Իվետայի փոխարեն բարձրաձայնել մեր խնդիրների մասին: Ի վերջո, եթե արգելում են ցուցադրել Արցախի դրոշը, մենք ունենք շատ այլ աղմկարար միջոցներ ադրբեջանցու վանդալիզմը ցուցադրելու համար: Նույն շվեդական համայնքը կարող է այս հարցն իր վրա վերցնել եւ վաղը բարձրացնել մեր Գուրգեն Մարգարյանի նկարները, վստաահ եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ով է այդ հրաշք արծիվը, էլ չեմ ասում, որ հայ համայնքը կարող է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի լուսանկարներով ներկայանալ այդ մրցույթին: Իսկ Իվետա Մուկուչյանը ինչ պետք էր, արդեն արել է, նա իր ուժեղ կամային տեսակով հրաշալի ելույթ ունեցավ ու բարձրացրեց Արցախի դրոշը եւ այսօր իր մեջքին կանգնած է ողջ հայությունը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստն ու հավելեց. «Խնդիրը նրանում է, որ եթե Ուկրաինայի ներկայացուցիչը կարող է երգի միջոցով բարձրացնել իր երկրի խնդիրն այն դեպքում, երբ անցյալ տարի այս մրցույթում արգելեցին ու ստիպեցին մեր «Genealogy» խմբին փոխել երգի բառերը, ուրեմն անպատկառությանը պետք է պատասխանել անպատկառությամբ»:

Ի դեպ՝ Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ. «Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են: Թող նրանք զբաղված լինեն «Եվրատեսիլ»-ով…

Հ.Գ.- Հնարավոր է հաջորդ մրցույթը չկայանա Ուկրաինայում, քանի որ այդ երկում շատերն են անհանգստացած, որ «Եվրատեսիլ 2017»-ը նոր ծախսերի կհանգեցնի, ուստի կողմ են, որ այլ ռրկրում կազմակերպվի այդ մրցույթը…Կիեւը պատրաստվում է միջոցներ խնդրել Եվրոպայից…

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։