Եվրատեսիլյան խայտառակություն.- 3.- Եվրատեսիլ 2016-ը՝ քաղաքականության ծուռ հայելանքում… Հաղթեց՝ Արցախը – Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին – Սուսաննա-Ջամալան՝ արմատներով արցախցի…

Մեր մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը հաղթող թեկնածուներից մեկն էր: Առաջին կիսաեզրափակիչում, որով սկսվեց մրցույթը, հմայիչ Իվետան իր հրաշալի ելույթն օծեց հայրենասիրական՝ բոլորին անսպասելի ու աննախադեպ պոռթկման դրսեւորումով՝ ի ցույց աշխարհի (հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում եւ Չինաստանում), Արցախի պետական դրոշով պարուրվելով՝ ինչպես անպարտելության զրահ, ինքն իրենով խորհրդանշող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ զանգվածային երգարվեստով եւս մեկ նշանառություն հակառակորդ հարեւանի ճակատին: Իվետայի այս խրոխտ քայլը թերեւս ավելի զգուշավոր դարձրեց «Եվրոպայի մայրամուտը» բնորոշմամբ Հին աշխարհամասի որոշ երկրների կառավարող շրջանների դիրքորոշումը՝ արցախյան հարցի արդար լուծման շուրջ, երգարվեստի երկրպագուների ազնիվ, արդար քվերակությունը իրենց շահադիտական նպատակներին հարմարեցնելու նկրտումներով: Համոզված եմ՝ Իվետայի՝ մրցույթում ձեռքբերվելիք հաղթանակը կարծես զոհաբերվեց արվեստում անհամատեղելի, եղծելի միջամտության հետեւանքով:

Քաղաքական վերաբերմունքների վերածված պայքարում երգարվեստը բարձրագույն իր արժեքներով կրեց հերթական պարտությունը (հիշենք ընդամենը աշխարհը գենախեղումի եզրին մեկ քայլ առաջ բրդող կին դարձած տխրահռչակ, մորուքավոր Կոնչիտային): Եվ ինչ, եւ այն, որ դիվանագիտական անառողջ բազմամարտում, մեղմ ասած, արժանի չեղանք Իվետայի՝ հարուստ տրամատուրգիայի, բազմաշերտ մեղեդայնության, ինչ-որ տեղ նաեւ աշխարհի հետադիմական ուժերի հանդեպ սարկազմի տարրեր պարունակող սկիզբ-զարգացում-ավարտ դասական կանոնի փայլուն դրսեւորմամբ, կարծես աշխարհի երիտասարդությանը արդարության, խաղաղության շուրջ միաբանության կոչ հնչեցնող երգի կատարմանը:

Արարողակարգի ամբողջ ընթացքում մեր թիմի կողմից տեղի ունեցան մարտավարական որոշ սխալներ, որոնց պատճառով չվայելեցինք այս անգամ երգի տեսքով հաղթանակի բերկրանքը, որը, բարեբախտաբար, փոխհատուցվեց Իվետայի հայրենասիրական պոռթկումով: Մեր թիմի մարտավարական անճշտությունները հանգեցրին ռազմավարականի, որի հետեւանքով կորսվեց ակնառու հաղթանակ:  

Շարադրեմ դրանք՝ սկսեմ Ադրբեջանից: Սրանք երգի առումով ոչնչով աչքի չընկան՝ հայտնվելով խորը անհայտության ստվերում, բայց ահա նրանք դիվանագիտական քայլ կատարեցին հայ-ադրբեջանական հիմնախնդրի՝ իրենց համար բարենպաստ լուծման ճանապարհին՝ շահեկանորեն եւ սիրաշահելով 12 միավոր տալով Ռուսաստանին՝ ՄԽ հանգուցային նշանակության մանդատ ունեցող մեր ռազմավարական դաշնակցին: Մի՞թե չարչրկվող պարիտետը մենք եւ հենց այդ օրը պետք է չեղարկեինք, 12 միավորը խնայելով, դեռ չասած՝ Արցախի հարցի մասին մտածելով, հյուսիային այդ երկրում բնակվող եւ աշխատող մոտ 3 մլն. հայերի իրողության փաստը, երբ մեր հայրենակիցների տրանսֆերների հաշվին ենք ծերը-ծերին հասցնում մեր ապրուստը եւ շտկում երկրի տնտեսական վիճակը:

Ռուսաստանն անուղղակիորեն մեծահոգաբար եւ, կարծես՝ «հայրաբար» ապտակ հասցրեց մեզ՝ մեր երգչուհուն գնահատելով ամենաբարձր 12 միավորով: Շախմատի լեզվով՝ մատ հայտարարեց, որի համար այս դեպքով արձանագրենք դիվանագիտական առաջին պարտությունը (խմբ. տեսակետը՝ հաջորդ էջում):

Սույն տողերը ընթերցողը կմտածի, թե խոսքը վերաբերում է քաղաքական խնդրի շուրջ բանակցությունների մասին եւ ճիշտ էլ կանի, քանի որ ամեն ինչում իր ներկայությունն է ապահովում աշխարհում բոլոր ժողովուրդների գոյատեւման համար թիվ 1 նախապայմանը՝ քաղաքականությունը՝ դիվանագիտական քայլերի ճշգրիտ քայլերով: Բայց եւ, չտարվելով եւ չգերագնահատելով վերջինիս դերը, գոնե արվեստում վերն ասվածը շարունակեմ՝ ասելով, որ, բարեբախտաբար, համընկնում եւ մեկտեղվում է ռուսական էստրադայի աստղ, բարի ու ժպտերես Սերգեյ Լազարեւի բոլոր առումներով հաղթանակի հավակնոտ (երգի մատուցման եւ համակարգչային գրաֆիկայի վերջին խոսքով բեմականացումով) արժանիքների փնջով կատարման որակին:

Այժմ՝ բացահայտ, «Եվրատեսիլ»-ում քողարկված, մարտավարական պայքարում մի բացթողման մասին, որը, եթե տեղի չունենար, ապա ռուս Լազարեւի ելույթի հանդեպ տեղի չէր ունենա նաեւ մեր ոչ հեռատես ընտրությունը:

Համերգի եզրափակիչ օրը Ֆրանսիայի ներկայացուցիչների քայլը, որքան էլ, որ ցավալի էր, նույնքան էլ՝ անսպասելի, իմանալով հանդերձ Իվետայի ֆավորիտ լինելու հանգամանքը, 12 միավորով չնպաստելով մեր երգչուհու հաղթանակին: Ուրիշ բան, որ նրանց նախապատվությանը արժանացած իտալացի կատարողը փոքր-ինչ (եւ դարձյալ արվեստում, ինչ արած՝ դիվանագիտական հարթության տեսակետից դատելով) որեւէ շանս ունենար՝ գոնե առաջին եռյակում տեղ զբաղեցնելու համար:

(Համացանցում այս առումով լրատվություն տրվեց, որ Շառլ Ազնավուրը եւս վիրավորվել է ֆրանսիական այս կեցվածքից: Շառլ Ազնավուրի ու Ֆրանսիայի «Եվրատեսիլ»-ի ժյուրիի միջեւ ծայրաստիճան լարված խոսակցություն է եղել, նրանց հետ, ովքեր իրենց ձայնը տվել են Իտալիային, այն դեպքում, երբ Հայաստանի ժյուրին նույնիսկ անտեսելով Ռուսաստանին՝ 12 միավոր է ուղարկել Ֆրանսիային: Ի դեպ, հանրահայտ շանսոնեն հիշեցրել է նաեւ, որ դա արվել է այն պարագայում, երբ Ադրբեջանի ժյուրին քվեարկել է Ռուսաստանի օգտին, իսկ Ռուսաստանն իր ձայնը տվել է Հայաստանին: Ըստ աղբյուրի, Շառլ Ազնավուրը երբեք այսքան նյարդայնացած չի եղել եւ ինչպես ինքն է ասել այդտեղից դուրս գալուց հետո. «Ես նախատելու մեջ անցել եմ բոլոր թույլատրելի սահմանները»»,- «Լուսանցք»):

Այսպես ասած՝ ֆրանսիացիների «դավաճանությունը» իրենց բարեկամ հայաստանցիների հանդեպ, արդեն իսկ իմանալուց հետո մերոնք պետք է, որ գոնե ցուցադրաբար նեղացածության մոտիվով թանկագին մեր 12 միավորները նվիրեինք Ֆիլիպ Կիրկորովի կազմակերպչական տաղանդի փայլով աչքի ընկած Ռուսաստանի ներկայացուցչին (ի դեպ, Ֆիլիպը, կարծես հասկանալի պատճառով՝ չկրկնենք, ապաշխարանքի հոգեվիճակում իր մեծ հիացմունքն է արտահայտել Իվետայի կատարման կապակցությամբ):

Սկզբում ասվեց, որ Իվետայի «դրոշակային» ակցիայից հետո Եվրոպան, խիստ զգուշավոր լինելով, ոչ լիարժեք միավորների գնահատանքով է վերաբերվել մեր հմայիչ երգչուհուն, փոխարենը՝ իրենց վախով արտահայտված ողջ զրպարտությունը թոթափել են արդեն իսկ բացահայտ քաղաքական դեմարշով՝ «զոհաբերելով» ռուս երգչին եւ նպաստելով Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ուկրաինայի ներկայացուցչուհու առաջընթացին, ինչը եւ հիմնական պատճառն էր քվեների առատության՝ հօգուտ Ջամալա-Սուսաննայի:

Մի խոսքով, զառամյալ Եվրոպան ընտրեց Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի հանդեպ ի նշան բողոքի, եւ իմ կողմից ասեմ՝ ցավալիորեն եւ դա, եթե պետք է արվեր, միայն ոչ երգարվեստի տեսքով:

Օ՜, դու՝ անկանխատեսելի կյանք՝ լի պարադոքսալ զարգացումներով: Այստեղ են ասել՝ Աստված մի դուռ փակում է, մեկ ուրիշը բացում:

Այս վերերկրային խորհրդի օրինաչափությամբ, ի վերջո, թեպետ փոխաբերաբար եւ անուղղակիորեն, այնուհանդերձ, հաղթեց Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին պարզած, իսկ Սուսաննա-Ջամալայի մայրը նախախնամությամբ հայուհի է եւ այն էլ՝ արցախցի:

Այսպիսով, ամերիկյան Գրեմմի մրցանակաբաշխությանը չզիջող Եվրատեսիլ-2016 երգի մրցույթում  Իվետա Մուկուչյանի՝ հաղթողի կոչումը չնվաճելու համար մեզ բոլորիս մխիթարանքի զգացողություններ պարգեւող, միաժամանակ՝ հաղթողի կոչմանն արժանացած Սուսաննա-Ջամալային շնորհավորում ենք՝ ցանկանալով, որ նրա հաղթանակն ունենա շարունակություն:

Սամվել  Սմբատյան 

Հ.Գ.- Հնարավոր է հաջորդ մրցույթը չկայանա Ուկրաինայում, քանի որ այդ երկում շատերն են անհանգստացած, որ «Եվրատեսիլ 2017»-ը նոր ծախսերի կհանգեցնի, ուստի կողմ են, որ այլ ռրկրում կազմակերպվի այդ մրցույթը…Կիեւը պատրաստվում է միջոցներ խնդրել Եվրոպայից…

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։