Եվրատեսիլյան խայտառակություն.- 2.- Մերժվեց ազգային ինքնության եւ հպարտության դրսեւորումը եւ հաղթեց խառնարյունության քարոզը – Հաղթողի մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար…

Այս երգի մրցույթը գրեթե կապ չունի երգարվեստի գնահատանքի հետ, դրա համար մեր վերլուծությունը կսկսենք հենց այնտեղից, ինչ նպատակներ որ հետապնդում է «Եվրատեսիլ»-ը:

«Լուսանցք»-ը համասեռական Կոնչիտայի՝ «Եվրատեսիլ»-ում հաղթանակի ու բացահայտ քարոզչության հնարավորությունից հետո, միանշանակ կողմնակից էր, որ Հայաստանն առհասրակ հրաժարվի այդ մրցույթին մասնակցել: Քանի որ, այն բացի ընդգծված քաղաքական միջոցառում լինելուց, նաեւ հստակ անբարոյական ուղեգիծ էր որդեգրել: Այսինքն՝ «Եվրատեսիլ»-ն իրականում արվեստի միջոցառում չէ, եւ դա հասկացել են բոլորը ու վաղուց:

Պարզապես յուրաքանչյուր մասնակից երկիր փորձում էր իր ճանաչողության ու քարոզչության տեղը պահպանել համաեվրոպական (այսօր՝ համաշխարհային) այս հարթակում եւս…

Թերեւա Հայաստանն էլ իր նպատակներն ունի եւ այն ի ցույց դրվեց Արցախի խնդրի ճիշտ եւ նուրբ քարոզչությամբ, ինչը հրաշալի իրականացրեց մեր մասնակիցը: Եթե Կոնչիտան այլասերվածության քարոզիչը դարձավ, ապա Ջամալան եղավ խառնարյունության քարոզիչը՝ հայ-թաթարականի (ասել է թե՝ հայ-թուրքականի, որն ամենաանտանելին է այսօրինակ դեպքերում) ցուցադրականությամբ:

Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, թե կրկին փոփոխվել է «Եվրատեսիլ»-ի քվեարկման համակարգը, շատերը կարծեցին, թե ավելի վերահսկելի կդառնա այն, բայց լրիվ հակառակը եղավ, բացարձակ անվերահսկելի է դարձել անգամ մարդկանց քվեարկության արդյունքներին հետեւելը այս կամ այն երկրում:

Քվեարկության արդյունքներն ասվում են ընդհանրական ու ոչ մի հիմք չկա այլեւս կասկածելու, որ եվրոպական քաղաքականությամբ պարուրված այս միջոցառումը իր հաղթողին ունեցել է մինչեւ մրցույթի ավարտը: Գուցեեւ՝ հենց սկզբում: Ըստ իրավիճակի վերլուծության, հենց սկզբում հաղթող թեկնածու երկիրը եղել է Ավստրալիան, սակայն ընթացքում, Հայաստանի ներկայացուցչի շռնդալից մուտքն ու Արցախի դրոշի ծածանումը, այնուհետեւ հակամարտության ամենաբարձր մակարդակով ներկայացումը ասուլիսում, փոխեցին եվրաորոշումը: Ավստրալիան տեղը զիջեց Ուկրաինային, որը քաղաքական պակաս կարեւր դրսեւորում չէ՝ Ռուսաստանին պատժելու տեսակետից:  

Խոսելով քվեարկության մասին՝ նշենք, որ Դանիան բողոքարկել էր, որ շփոթմունք է եղել եւ 12 միավորը ոչ թե Ուկրաինային, այլ Ավստրալիային պետք է տրվեր, սակայն  Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է չվերանայել «Եվրատեսիլ» երգի մրցույթի արդյունքները. «Ուկրաինան եղել ու մնում է մրցույթի հաղթող: Համաձայն եք, թե ոչ, կոչ ենք անում ստորագրահավաքի մասնակցածներին ընդունել արդյունքները եւ շարունակել կառուցողական երկխոսություն՝ «Եվրատեսիլ»-ի հետագա ամրապնդման ու կատարելագործման ուղղությամբ»:

Հայտնենք, որ մրցույթի երկրպագուները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ մրցույթի արդյունքները վերանայելու խնդրանքով: Ստորագրահավաքին մասնակցել էր 300 հազար մարդ:

Հանգիստ թողնելով վերոնշյալ՝ այլեւս անիմաստ թեման, նշենք, որ Արցախի հայերի պաշտպանությունն արգելվեց եւ հաղթողի հիմնական թեկնածու Իվետան պատժվեց, սակայն Ղրիմի թաթարների արտաքսման մասին երգի կատարող Ջամալան դարձավ հաղթող:

Բայց այն, ինչ արեց Իվետա Մուկուչյանը Հայաստանի ու Արցախի համար, Ջամալան (Սուսանա Ջամալադինովա) չկարողացավ անել Եվրոպայի համար՝ ռուս-ուկրաինական համակարտության գործածումով («1944» երգը պարունակում է հստակ մեսիջներ՝ ուղղված Ռուսաստանին):

Հաճելի էր իմանալ, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակչից առաջ «Karabakh loves Iveta» («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով ինքնաթիռ է անցել:

Սա արդեն հաղթանակ էր, եւ եվրատեսիլյան երգի քաղաքական թատերաբեմում Հայաստանը հաղթեց մինչեւ մրցույթի ավարտը… life.ru կայքը գրեց, որ Ստոկհոլմի բնակիչները եւ հյուրերը երկնքում տեսել են «Karabakh loves Iveta» գրությամբ պաստառով ինքնաթիռ, որը պտտվել է «Գլոբեն-արենա»-ի՝ «Եվրատեսիլ»-ի անցկացման սրահի մոտակայքում: Եվ սա ոչ միայն շարունակություն էր Իվետա Մուկուչյանի՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ կանաչ սրահում ծածանած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի, այլ նկատելի ու անգնահատելի փառահեղ հաղթանակ, որը եվրոդուռը շրխկացրեց եվրոպացիների դեմքին, դիցուկ՝ Եվրոպական հեռարձակողների միության, որ հայտարարել էր, թե Արցախի դրոշի ծածանումը խախտում է ճանաչել, իսկ Հայաստանի հանրային հեռարձակողը նախազգուշացվել է, որ կրկնվելու դեպքում Հայաստանին կարգելեն շարունակել մասնակցել մրցույթին, անգամ առհասարակ կարող են հեռացնել «Եվրատեսիլ»-ից: Կրկնենք՝ այս մրցույթը վաղուց երգի մրցույթ չէ, եւ եվրակողմնորոշումներից զատ այլ բնույթի քաղաքական հարցեր չեն ընդունվում: Հիշեցնենք, որ 2015-ի մեր ելույթը ուղղակիորեն առնչվում էր Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին: Աշխարհի բոլոր մայրցամաքներից հավաքված հայ երգիչների խումբը պարզապես ստիպված էր հանդես գալ՝ «Առերեսվիր ստվերին» անհասկանալի կարգախոսով՝ հանելով նախապես որոշված «Մի՛ ժխտիր»-ը:

Քաղաքական երանգներ ուներ նաեւ այս տարվա հաղթողի երգը: Բայց դա հակառուսական էր, Եվրոպայի նպատակներին համահունչ:

«Եվրատեսիլի»-ի քաղխեղկատակները պարզապես չեն իմացել՝ հաղթող Ջամալան արմատներով հայ է, այն էլ՝ արցախցի:

Ուկրաինան ներկայացրած ու համաեվրոպական մրցույթը հաղթած Ջամալան՝ Սուսանա Ջամալադինովան ծնվել է Ղազախստանում, բայց այլ աղբյուրներով՝ Ղարաբաղում: Նրա հայրը թաթար է, մայրը՝ հայուհի: Ըստ որոշ աղբյուրների՝ ծնունդով արցախցի երգչուհին սկզբնական շրջանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Բաքու, ապա՝ Միջին Ասիա: Ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Ղրիմ, ծնողները երաժիշտ են՝ մայրը երգում է ու դասավանդում երաժշտական դպրոցում, հայրը դիրիժոր է: Նշենք, որ Ջամիլային հայտնաբերել եւ նրա երգերը գործիքավորել է Գենադի Ասծատրյանը, ով էլ երգչուհուն դասեր է տվել ջազային կատարումները կատարելագործելու համար: Եվ Ջամիլան այսօր համարվում է ջազային եւ օպերային երգչուհի:

Իմիջիայլոց, Իվետան եւ Ջամիլան միակ հայերը չէին եվրատեսիլյան բեմում: Վրաստանի մասնակից խմբի ներկայացուցիչներից հայ է Նիկա Քոչարովը, ով Վրաստանում ռոք-երաժշտության հիմնադիրներից մեկի՝ Վալերի Քոչարովի որդին է: Հայեր են նաեւ խմբի մյուս անդամներ Գեորգի եւ Դիմա Հովհաննիսյանները:

Այստեղ հավելենք, որ «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի ներկայացուցիչը երգել է նաեւ հայկական երգ:

Դա եղել է ասուլիսի ժամանակ, երբ ադրբեջանցի երգչուհուն՝ Սամրանին հարցրել են՝ արդյո՞ք ինքը կատարում է նաեւ երգեր ադրբեջաներենով, որին դրական պատասխան է տրվել ու նա երգել է «Սարի աղջիկ» հայկական երգը՝ ներկայացնելով այն իբր ադրբեջանական «ազգային» երգ (թուրքերն էլ ներկայացնում են որպես թուրքական երգ):

Նարե Մշեցյան

Հ.Գ. - «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի Ուկրաինան ներկայացնում է ջազային եւ օպերային երգչուհի Ջամալան՝ «1944» երգով: Երգ, որը համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել, քանի որ պարունակում է հստակ մեսիջներ՝ ուղղված Ռուսաստանին: Մեծ բեմում Ջամալան առաջին անգամ ելույթ է ունեցել 15 տարեկանում: Այնուհետև մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների ու փառատոների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Ջամալային մեծ ճանաչում բերեց նրա ելույթը «Նոր ալիք 2009» միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում, որտեղ նա ստացավ Գրան-պրի՝ կիսելով առաջին հորիզոնականն Ինդոնեզիայի ներկայացուցչի հետ:

Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին: Երգչուհու մոր հայ լինելու փաստը, նրա՝ «1944» երգի խորությունն ու կատարման յուրօրինակությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ,

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։