Եվրատեսիլյան խայտառակություն.-1.-Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը… «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ժյուրիի քվեարկությունից – դեռ մշակույթը քաղաքականություն չէ ասող ունե՜նք՝ Ադրբեջանի օգտին…

Երգի միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, 2-րդ տեղում է  Ավստրալիայի, 3-րդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:

Մասնակից երկրների ազգային ժյուրիներից մեր երգչուհին ստացավ հետեւյալ միավորները. Հունգարիա՝ 1 միավոր, Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել՝ 2-ական, Բելառուս, Սերբիա՝ 3-ական, Խորվաթիա, Լիտվա, Սլովենիա, Շվեդիա՝ 4-ական, Մոլդովա՝ 5, Լատվիա՝ 6. Մալթա՝ 7.  Կիպրոս՝ 8. Հունաստան, Մոնտենեգրո՝ 1-ական, Իսպանիա, Բուլղարիա, Ռուսաստան՝ 12-ական միավոր: Ընդհանուր առմամբ, Հայաստանը  մասնակից երկրների ազգային ժյուրիներից ստացավ 115 միավոր:

Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր տվեց Ֆրանսիային: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 134 միավոր: Հեռուստադիտողի եւ ազգային ժյուրիների քվեարկությունների արդյունքում Հայաստանը ստացավ 249 միավոր: Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «Love wave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլում հանդես եկավ 26 երկիր՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: Մրցույթին մասնակցել է 42 երկիր:

Հետաքրքիր է, որ հայերիս մոտ բոլորովին այլ տեսակետ է իշխում՝ Իվետան հաղթել է, ինչպես փառահեղ կատարմամբ, այպես էլ մեր երկրի պատիվը բարձր պահելով: Այս տարի Հայաստանի մասնակցությունը երգի մրցույթին՝ ծախսված գումարներով հանդերձ, համարվում է արդարացված: «Եվրատեսիլ»-ի համերգասրահի կանաչ սրահում Իվետա Մուկուչյանը ծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի երկնքում սավառնող փոքրիկ ինքնաթիռն էլ պատասխանեց երգչուհուն «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով: «Love wave» երգն իր խոսքն ասաց աշխարհին: Շատերի համոզմամբ՝ հաղթանակ էր նաեւ Իվետայի համարձակ հագուստն ու գեղեցիկ մարմնի ցուցադրումը:  

Եվ եթե 1-ին տեղը խլվեց մեզանից քաղաքական պատճառներով, ապա դա չի նշանակում, որ 10 տարի շարունակ եվրատեսիլյան բեմում ներկայացող Հայաստանը այս տարի էլ չհաղթեց: Հաղթեց հենց այս տարի, հենց քաղաքական ու արդի մշակութային շռնդալից մասնակցությամբ: Իվետան այս անգամ մի այլ ձեւով ներկայացրեց Հայաստանը:

Ինչպես կարող էր չհաղթել մի մասնակից, որ մինչեւ եզրափակիչը հաղթել էր բոլոր չափորոշիչների մրցույթներում:

- Իսպանական Rtve լրատվամիջոցը մի շարք այլ եվրազլմ-ների հետ Իվետային ճանաչեց կիսաեզրափակչի պրիմադոննան եւ թագուհին: Հայաստանը ներկայացնող մասնակցին որակել էին որպես կիսաեզրափակիչ փուլի մեծագույն սենսացիա:

Ըստ եվրոպական զմն-ների, Իվետա Մուկուչյանը հաղթողի հիմնական թեկնածուն էր, ում արդեն շատերը շնորհել էին (ըստ զլմ-ների՝ մակնշել են) «winner alert» հավանական հաղթողի տիտղոսը: Իր ներշնչող տեսքով, Բեյոնսեին հիշեցնող գեղեցկուհին բեմում ապահովեց աննախադեպ էմոցիոնալ պոռթկում, եւ ապացուցեց, որ այս եթերաշրջանի լավագույն ձայնն է:

- Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա մրցույթի թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision՛s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն ու երգչին: Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12-ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների՝ Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 31,45% կամ 16.266 ձայն: Հայաստանյան պատվիրակին հաջորդել են Ադրբեջանը (22,71%) եւ Բուլղարիան (6,95%) ներկայացնող երգչուհիները:

- Մեր երգչուհու «Love wave» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Ըստ wiwibloggs.com կայքի օգտատերերի քվեարկության արդյունքների՝ «Lovewave» երգի տեսահոլովակը հավաքել է 12,53% կամ 1.548 ձայն: Հաջորդում են Իսպանիայի (8,96%) եւ Ռուսաստանի (8,93%) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 12.357 օգտատեր:

Իվետային սեր էին խոստովանում երգի մրցույթի մասնակից բազմաթիվ տղամարդիկ: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւը փառավորվել էր, որ ինքը հաղթելու է, քանի որ «հրաշալի Իվետան է իրեն համբուրել»: Անգամ նախկին հակահայ եւ ցայսօր էլ հայերի կողմից մերժված Ֆիլիպ Կիրկորովն է Իվետայի մասին խոսել որպես բացահայտ հաղթողի. «Իվետան ինձ համար 1-ին տեղում է»,- ասել է նա, չնայած ներկայացնում էր Ռուսաստանը: «Ես սիրահարված եմ Իվետային, բայց նա ինձ՝ ոչ»,- բողոքում էր Նիդեռլանդների ներկայացուցիչը, ով միակ բողոքողը չէր:

Անի Մարության

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ժյուրիի քվեարկությունից

Ամեն տարի «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները շոուի հաջորդ օրը մրցույթն ավելի թափանցիկ դարձնելու համար հրապարակում են թե հեռուստադիտողների, թե ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները։ Դրանից հետո պարզ է դառնում, թե ով ինչքան եւ ում օգտին է քվեարկել մրցույթի ընթացքում։ Բայց այդ ցուցակները երբեմն հետաքրքիր բացահայտումներ են անում, ինչպես եղավ Հայաստանի ազգային ժյուրիի քվեարկության դեպքում։

Պարզվել է հայաստանյան ժյուրիի բոլոր 5 անդամները (Հայկո Հակոբյան, Էրիկ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյան, DJ Dale եւ Արեւիկ Սիմոնյան, որին հետո փոխարինեց Միքայել Ոսկանյանը) ամենաբարձր միավորները տվել են նույն երկրների ներկայացուցիչներին։ Բոլոր 5 անդամների կարծիքով՝ ամենաբարձր միավորին արժանի էր Ֆրանսիայի երգը, հաջորդիվ՝ Վրաստանի։ Ավելին, մեր ազգային ժյուրիի ներկայացուցիչների ցուցակներում Ֆրանսիայի, Վրաստանի, Մալթայի, Բուլղարիայի եւ Կիպրոսի երգերը գրեթե նույն միավորներն են ստացել,- գրել է Wiwibloggs-ը։

Իսկ ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանի հարցում մեր ժյուրիի անդամները այդքան միասնական չեն եղել։ Նրանցից 4-ը Ադրբեջանին տվել են նվազագույն միավորը՝ թողնելով վերջին՝ 25-րդ տեղում (ինչն անգամ աղբյուրն է նշում, որ հասկանալի է, քանզի նույն պատկերն էլ Ադրբեջանի քվեարկությունում է), իսկ մեկը՝ Էրիկ Կարապետյանը, ադրբեջանական հայտը այնքան էլ վատը չի համարել՝ տալով 19-րդ տեղը (Էրիկը նվազագույն միավորը Իտալիային է նշել։

Ի դեպ, նույն պատկերն է նաեւ առաջին կիսաեզրափակիչում։

Ավելացնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն հայտարարել է, որ քվեարկությունը լեգիտիմ է եւ արդար։

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։