Ապրիլը կստիպի՞ նորովի ապրել – Կուղղվե՞ն կրճատման հետեւանքով խնայված գումարները այն նպատակին, որի համար արվելու են այս փոփոխությունները –  Կփոխվի՞ այս վիճակը, կապրե՞նք նորովի…

«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը եւ մեկ անգամ եւս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը՝ այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ՝ ոչ:

Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»:

Կառավարության նախորդ նիստը սկսվելուց առաջ ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մասնավորապես նշելով հենց այս տողերը:

Գործադիր իշխանության ղեկավարը նաեւ արտաբերեց այս տողերը. «Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը եւ կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ՝ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ եւ նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական եւ էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած եւ համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: 

Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:

Վարչապետի այս խոսքերն ինձ գուցե չմտահոգեին, եթե որոշ հարցեր չառաջանային: 1. Եթե քառօրյա պատերազմը չլիներ, մենք չէի՞նք պայքարելու կոռուպցիայի դեմ: 2. Եթե քառօրյա պատերազմը չլիներ, մենք չէինք մտածի՞ առավել արդյունավետ պետություն դառնալու մասին: 3. Եթե քառօրյա պատերազմը չլիներ, մենք չէինք մտածելու՞ բյուջետային ծախսերն արդյունավետ դարձնելու, խնայողությունների, անիմաստ  ճոխություններ թույլ չտալու մասին: Շարքը շարունակել կարող եմ, թեեւ հարցադրումները նույն կարգի են: Ինչեւէ, ապրիլյան առաջին չորս օրերը ստիպել են վերաիմաստավորել շատ բան, եթե միայն հետեւանքն արդար լինի: Ասել կուզի՝ այդ ինչպես է պետական կառավարման համակարգն առավել կոմպակտ դառնալու, ու՞մ կրճատելու, ի՞նչ պաշտոններ վերացնելու հաշվին: Ովքե՞ր են լինելու կրճատվողները, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում է առաջանալիք որոշակի սոցիալական լարվածության մասին:

Համենայնդեպս, այդ կրճատվողները հաստատ չեն լինելու ասենք խորհրդականները: Չէ, այնպես չէ, որ խորհրդականի աշխատանքը չենք կարեւորում: Հակառակը. այն չափազանց կարեւոր է, քանզի ոլորտային լուրջ, մասնագիտացված աշխատանք է ենթադրում: Բայց՝ ոչ Հայաստանում: Խորհրդականները մեզ մոտ առավելապես «ախպոր», «ախպեր-ընգերոջ ազիզ տղեքն» են, որ զբաղվում են բիզնեսով, բայց ձեռքի հետ էլ պետական գործ են «բզբզում»:

Մի խոսքով, պաշտոնյաների խորհրդականներին կրճատելու մասին պահանջները կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը պոպուլիստական, ամբոխահաճ է անվանել։ Դե, եթե խորհրդականները չեն կրճատվի, ուրեմն չեն կրճատվի նաեւ նրանց ծախսերը, ավտոմեքենաները, գործուղումները: Եթե պաշտոնյան գնում է գործուղման, հետը պետք է տանի խորհրդականին: Պաշտոնյան զբաղված կլինի, իսկ խորհրդականը կզբաղվի ղեկավարի գնումներով, գործուղումային օրվա ավարտից հետո հաց ուտելու  տեղ անելով, հուշանվերներ առնելով եւ այլն: Սրանք շա՜տ լուրջ գործեր են…

Կառավարության երեկվա նիստում պարզ դարձավ, թե ինչ հաստիքներ են կրճատվելու:

Դեռ նախօրեին ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ասել էր, թե կան ծախսերի կրճատման որոշակի մոտեցումներ:

Արդյո՞ք այդ մոտեցումների մեջ մտնելու է պաշտոնյաների ծառայողական մեքենաների համար հատկացվող գումարը: Ի պատասխան փոխնախարարը նշել էր. «Այդ բոլոր մեքենաները կրճատելն ամենահեշտ գործը կլիներ, մեկ վայրկյանում կասեինք՝ բոլորը կրճատում ենք: Փուլերով են կատարվելու կրճատումները, սկզբնական փուլում հիմնական շեշտադրումը կատարվելու է այն ավտոմեքենաների վրա, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ պահպանման ծախսերը եւ այլն»: Միով բանիվ, դեռ պաշտոնյաներին ուղեկցող ավտոշարասյունը կրճատելու մասին վերջնական որոշում չկա:

Հետեւություն. կրճատվելու են շարքային, միջին օղակներում աշխատողները, ում ուսերին պետական ապարատի գործերի մեծ մասն է «նստում»: Կկրճատեն 5-6-ին՝ գործը թողնելով մեղվի պես աշխատող մեկի հույսին՝  ընդ որում առանց աշխատավարձի բարձրացման: Կուղղվե՞ն կրճատման հետեւանքով խնայված գումարները այն նպատակին, որի համար արվելու են այս փոփոխությունները, ժամանակը ցույց կտա: Բայց, ցավոք, վստահ լինել չեմ կարող: Որովհետեւ մենք տարիներ շարունակ գրեթե նույն տողերով, նույն տեքստերով, ռազմավարություններով, հայեցակարգերով, զարգացման ծրագրերով դոփում ենք նույն տեղում: Ու ոչ թե այն բանի համար, որ ծրագրերն են վատը, այլ՝ որ այդ ծրագրերը տեսական են՝ քաղված այս ու այն երկրների փորձից ու մեզ համար ոչ կիրառական: Իսկ կիրառականը գրելու համար երկիրը ճանաչել է պետք, սիրել է պետք, նպատակային ուղղությունները սահմանել է պետք: Մենք ոչ ճանաչում ենք, ոչ էլ սիրում: Կփոխվի՞ այս վիճակը՝ նորովի կապրենք: Հակառակ պարագայում… մնամ կարոտով նոր միջազգային տեսական ծրագրերին սպասող…

Աստղինե Քարամյան

* * *

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի երեկվա նիստում տեղեկացրեց, որ ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով, մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797  մեքենա: «Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության եւ քննչական, ինչպես նաեւ փրկարար ծառայության»: Պետբյուջեից  ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվել է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենա:

Նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձին: Պետական մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։