Չկա 800 հա-ի կորուստ – Մեկնաբանում է հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը… Սերժ Սարգսյանի՝ 800 հա տարածքի հանելուկը եւ Նախիջեւանին հետեւող օտար աչքերը…

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, ով մշտապես հանդես է գալիս պատերազմական անցյալի եւ առօրյայի մեկնաբանություններով, անդրադարձել է նաեւ կորցրած տարածքների վերաբերյալ երկրի նախագահի խոսքին: Ներկայացրած կորցրած ծավալներին նա չի հավատում. «Նախագահը նկատի ունի Մարտակերտի շրջանի այն հատվածը, որ 1994թ. զինադադարով մնացել է թուրքերի ձեռքում, նկատի ունի Մարտունու շրջանի այն հողերը, որ էլի մնացել են թուրքերի ձեռքում եւ Շահումյանն ենք թողել: Դա նկատի ունի երեւի, թե չէ 800 հեկտարը հսկայական ծավալ է: Այն հողերը, որ ապրիլյան պատերազմում ենք հանձնել թուրքերին, այդքան չեն կազմում»:

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարը չի համաձայնել նաեւ նախագահի այն պնդմանը, թե կորցրած տարածքները չունեն մարտավարական նշանակություն. «Մարտավարական նշանակություն, իհարկե, ունեն, չունեն ռազմավարական նշանակություն: Բայց կրկնում եմ՝ չկա 800 հեկտարի կորուստ: Թալիշի հատվածում ադրբեջանցիներն ունեցել են մոտ 20 հեկտար եւ Լելեթեպեում մոտ 30 հեկտար, որ գումարում ես, ոչ մի ձեւով 800 հեկտար չի դառնում»:  

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որեւէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում ու մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլեւս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:

Վովա Վարդանովը ոչ միայն համոզված է, որ չնչին կորուստ ենք ունեցել տարածքային, այլեւ վստահ է, որ պետք է պահպանվեն բոլոր բնակավայրերը: Նա նշել է, որ դեռ 22 տարի առաջ է ասել, որ չի կարելի Ղարաբաղի մի հատվածում գոնե մեկ բնակավայր ունենալ, որի վրա ադրբեջանցին կարողանա կրակել, այդ մտքին է մինչ օրս», բայց դա չպետք է փոխի մեր համոզմունքը, պետք է այլ մտածողությամբ առաջնորդվել: Դիցուկ Թալիշի մասին խոսելիս նա նշել է, որ «ցավոք, այդտեղ պետք է մարդ սպանվեր, որ մարդիկ գային այն մտքին, որին եղել եմ 22 տարի առաջ, չի կարելի այս օրով Թալիշում մարդ բնակեցնել»:

Այո, պատերազմական վիճակում սահմանային հատվածները վտանգավոր գոտի են համարվում, սակայն ՀՀ կամ ԼՂՀ սահմանամերձ գյուղերի դատարկումը եւս վտանգավոր է: Չնայած թիրախի վերածված բնակավայրերը գուցե թե բնակեցնելու ենթակա չեն գոնե այսօր…

Ըստ հետախույզի, ինչ մնում է ԶՈՒ-ին, իսկապես, իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են, ու ինչպես Սերժ Սարգսյանն էր պնդում, կարող էին ստատուս քվոն վերականգնել, պաշտպանության բանակը բարձունքում է, ու ոչ մեկը չէր կարող անել իրենց գործն այնպես, ինչպես արեց մեր բանակը, որովհետեւ դիրքապահ տղաները կանգնեցրել են հարձակվողական գրոհային խմբերը: Այն դեպքում, որ դրա համար նախատեսված չեն, նրանք ավելի շուտ դիտակետեր են, որ լայնածավալ հարձակման դեպքում հետ քաշվեն ու հնարավորություն տան ոչնչացնեն հարձակվողներին, իսկ իրենք կարողացել են կանգնեցնել»:

Սերժ Սարգսյանի այս դիտարկումը. «Միշտ էլ կարելի է ժողովրդահաճո կամ այս պարագայում ամբոխահաճո հայտարարություններ անել, թե այ, եթե ինձ թողնեին, ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք կանեինք սա։ Դա ասում են մարդիկ, որոնք կյանքում վառոդի հոտ չեն զգացել», Վովա Վարդանովը մեկնաբանել է այսպես. «Թերություններ որտե՞ղ չկան, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Ուղղակի պետք է այնքան խելացի լինենք, որ այդ թերությունները ուղղենք, իսկ եթե հիմար լինենք, այդ դասերը մեզ օգուտ չեն տա: Իսկ այն դիտարկումը, թե վառոդի հոտ չառած մարդիկ են ասում առաջ գնալ, դա ասելու բան չէր: Հիմա ունեմ խրամատներից ձայնագրություն, որ ասում էին՝ առաջ գնալ է պետք, հերիք եղավ, բոլ եղավ: Զինվորները դրան պատրաստ են հոգեպես, պարզապես երեւի քաղաքական տեսակետից իմաստ չկա, ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»:…

Սերժ Սարգսյանի՝ 800 հա տարածքի հանելուկը

Երեկ լրատվություն տարածվեց, որ մեր բանակը Նախիջեւանի կողմից 800 հա տարածք առաջ է գնացել ու տեղավորվել ավելի նպաստավոր դիրքերում, որտեղից ամբողջ Նախիջեւանը մեր բանակի բռի մեջ է այժմ…

Բայց այս գործողության մասին չի խոսվելու, ինչպես որոշ այլ նման գործողությունների մասին…

Բաքուն բողոքել է է՛լ Արեւմուտքին, է՛լ Ռուսաստանին, է՛լ Թուրքիային, անգա՛մ՝ Իրանին, բայց…

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։