Հերթական հանդիպում՝ մեր նոր տոնայնությամբ.- ՀՀ նախագահը 3 պայման էր առաջ քաշել – ԼՂՀ-ն կարող է միանալ համաձայնագրին՝ իր պայմանով…Այդ ի՞նչ պիտի զիջեինք, որ Բաքուն չի համաձայնել ստորագրել…

Հերթական հանդիպում՝ մեր նոր տոնայնությամբ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Մեր կարծիքով՝ սա հապշտապ հանդիպում էր եւ գոնե իր շտապողականությամբ չէր բխում մեր շահերից: Առանց լուրջ գնահատականների, ապրիլի քառօրյա պատերազմի մեղավորի նկատմամբ պատիժների՝ Հայաստանի ղեկավարը պիտի բաց թողեր այս հանդիպումը:

Բայց, ըստ ամենայնի, ճնշումները մեծ են եղել երկու կողմերի վրա էլ, ինչը նպաստեց Վիեննայի հանդիպման կայացմանը:

Մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հենց սկզբից քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը եւ համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:  

Հասկանալի է, որ քառօրյա պատերազմից հետո իրավիճակը սրված է, եւ միջնորդ կողմերը իրենց տեսակետներով չեն ցանկացել ավելի սրել այն, բայց մի բան հստակ է՝ այս ոճով բանակցությունները հենց սկզբից կարելի է տապալված համարել: Առանց պատժամիջոցների կիրառման՝ Բաքուն չի դադարեցնելու սադրիչ քայլերը:

Այս մասին հայկական կողմը հստակ արտահայտվել է եւ, անգամ դիվանագիտական բառապաշարից դուրս, Սերժ Սարգսյանը ասել է, որ չի կարող հավատալ Իլհամ Ալիեւի ոչ մի խոստմանը եւ հայկական կողմը ներկայացել է բանակցություններին միմիայն միջնորդ գործընկերներին հարգելով:

Տարօրինակ էր, բայց խոսում էին, թե նախագահները ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու: Բայց պաշտանական Երեւանի կողմից նման բան նախատեսված չէր: Հետո պարզվեց, որ միակ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվեր, 1994 եւ 1995թթ. Զինադադարի եռակողմ պայմանագրերի վերահաստատումը հավաստող համաձայնագիրը կարող էր լինել, այս անգամ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս երկու համանախագահների մասնակցությամբ: Բայց այս դեպքում, անհասկանալի է 1994 եւ 1995թթ. երրորդ ստորագրող կողմի՝ Արցախի բացակայությունը, ինչը փաստորեն իրավունք է տալիս Արցախին իր սեփական դիրքորոշումը հայտնել հնարավոր նման համաձայնագրի հանդեպ: Իսկ Արցախը կարող է ողջունել ու միանալ նման համաձայնագրին մի բնական պայմանով՝ պահանջի, որ Ադրբեջանը վերադառնա ապրիլի 1-ի դրությամբ սահմանագծին:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը բանակցությունները վերսկսելու 3 պայման էր առաջ քաշել՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ ու երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի ու ահաբեկչության Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Մեր նախագահը անդրադարձել է վերոնշյալ համաձայնագրերի անվերապահ կատարմանը՝ այն քննարկելով նաեւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին ու անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով առաջացած լարվածության աճին ու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին: Ներկայացնվել է հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարեւորել է 1994թ. հրադադարի եւ 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

Նեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին ու պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում: Այդ առումով մեր կողմից կարեւորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ: Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում ընթացող հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը:

Մեր կողմից անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը հասնելու հարցում: Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է, որ բանակցությունները հաջողություն չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, եւ չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցային գործընթացի: «Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։