Ինչի՞ մասին է լռում մեր երկրի նախագահը Վիեննայի հանդիպումից հետո – Միաժամանակ հասկացրել է ներկաներին, որ եթե Բաքուն միակ ելքը տեսնի պատերազմի վերսկսման մեջ, ապա Հայաստանը պատրաստ է դրան…

Չնայած ՀՀ նախագահը ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի եւ միջնորդների հետ հանդիպման արդյունքները բավարար է գնահատել, սակայն, կարծում ենք, դա բավարար չէ: Ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե հետաձգեր այսքան արագ կազմակերպված հանդիպումը: Դա թերեւս բավարար կլիներ, մինչեւ նոր տարբերակներ լինեին հանդիպումը հերթական անգամ հետաձգելու համար…

Իհարկե, սա խաղ չէ, սա մեր կարծիքով կեցվածք է, երբ բանակցությունները ավելորդ են դիտվում, եթե անգամ այդ ընթացքում են խախտվում տրված խոստումները եւ զոհեր ու վիրավորներ ենք ունենում: Ի վերջո Հայաստանը սկսել է անկախ քաղաքականությանը մոտ դրսեւորումներ ցուցադրել, ինչը պիտի պահպանել ու առաջ գնալ, ոչ թե՝ հետընթաց արձանագրել:

ՀՀ նախագահը Երեւան վերադառնալիս, հենց  ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հետ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Հարցազրույցը կմեկնաբանենք հիմնարար խնդիրների արծարծմամբ:

Սերժ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն ունի. «Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը։ Մերն այս էր. պարզել՝ արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի, եւ այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով։ Ընդհանուր առմամբ ես եւ իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, եւ սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը»:

Իհարկե, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը դեռ չի կարող մանրամասնել պայմանավորվածությունները, սակայն նա հավաստեց, որ Ադրբեջանի նախագահը խոստացել է, որ իր երկիրը եւ ինքը անձամբ նպատակ չունեն պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման։ Իհարկե, այս ստաբանությանը մեր նախագահը չի հավատացել եւ այն ցուցադրել է այդ հանդիպմանը, ինչը նախկինում չի եղել: Դիմելով ներկաներին՝ նախագահը ասել է. «Դուք շատ լավ հասկանում եք եւ, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետեւյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում։ Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ։ Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»:  

Այսպես ՀՀ նախագահը միաժամանակ հասկացրել է ներկաներին, որ եթե Իլհամ Ալիեւը հանկարծ միակ ելքը տեսնի պատերազմի վերսկսման մեջ, ապա Հայաստանը պատրաստ է դրան եւ հավելել է, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման հարցը քննարկելու համար, չնայած «մենք առաջարկեցինք, որ այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը, ինչը կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»։

Սերժ Սարգսյանը վստահ է, որ այս հանդիպումից հետո խախտումները ամբողջությամբ չեն դադարելու, բայց հույս ունի, որ դրանք քիչ կլինեն գոնե առժամանակ։ Իսկ նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ըստ նախագահի, մեծ ուշադրություն չպետք է դարձնել, հաշվի առնելով անցյալ տարիների փորձը. «Որովհետեւ մենք 20 հանդիպում ենք ունեցել, այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել։ Կյանքը ցույց կտա, թե այս անգամ իրադարձություններն ինչպես կզարգանան։ Մեզ համար կարեւորը հետեւյալն է՝ որպեսզի համանախագահները մեկ անգամ եւս համոզվեն, որ մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ, եւ մեր նպատակը չէ հավերժ պատերազմել, մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք, որ ավելորդ կորուստներ չունենանք, որեւէ պարագայում ես չեմ համարում արդարացված մեր լավագույն տղաների հանուն հայրենիքի զոհվելը։ Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն։ Հանուն հայրենիքի՝ ապրեն։ Բայց, եթե, նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետեւ չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների»։

Պատերազմի մասին մեր երկրի ղեկավարը չի ցանկացել խոսել, որովհետեւ, ինչպես ասել է, տեսել է եւ գիտի ինչ բան է պատերազմը ու չի ցանկանա, որ անընդհատ բոլորն էլ տեսնեն դա, «միակ դեպքը, երբ պատերազմելը արդարացված է, այն է, երբ դու պարտադրված ես, այլ ելք չունես, պետք է քո հողը պաշտպանես, քո հայրենիքը պաշտպանես… Եվ դա ցույց տվեց ապրիլի ադրբեջանական սադրանքը, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվեն այդ իրադարձությունները»։

Ադրբեջանական հարձակողական լայնածավալ գործողությունների մասին խոսք չի եղել մեր կողմից, ինչի մասին բազմիցս հայտարարություններ ու մեկնաբանություններ եղել են: Խոսվել է հրադադարի ռեժիմի պահպանման մասին եւ այստեղ է Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիտորինգի հաստատումից հետո։ Իսկ ահա, Ադրբեջանի նախագահը նայելով համանախագահների աչքերին եւ ապա մեր նախագահին՝ ասել է, որ հայկական կողմն է նախաձեռնել «ապրիլյան գործընթացը»։ «Վստահ եմ՝ պատկերացնում եք իմ պատասխանը,- ասել է Հայաստանի ղեկավարը եւ հավելել,- բայց սա է նրանց մոտեցումը։ Ադրբեջանի նախագահը տասնյակ անգամ կրկնեց, որ իր երկիրը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը։ Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը սա է»։

Ըստ մեր նախագահի, մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցը այս իրավիճակը շտկելու համար է առաջ քաշվել, մենք խնդրողի վիճակում չենք եղել, ուղղակի հայկական կողմը զարգացրել է համանախագահների առաջարկը՝ մոնիտորինգի համակարգ ձեւավորելու համար։ Ադրբեջանը թերեւս համաձայն է եղել, այլապես կառարկեր։ Զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին որեւէ խոսք չի ասել Ադրբեջանի նախագահը եւ հետագայում էլ պիտի հետեւել այս տրամաբանությանը: «Իհարկե,  կոնտեքստում եղել է զորքերի դուրսբերման մասին խոսակցություն, բայց դա այս հանդիպմանը քիչ էր վերաբերում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Սերժ Սարգսյանը մշտապես մտածում է ոչ միայն պատերազմի կանխման, այլ սահմանապահ զինվորների, շարքայինի, թե սպայի ծառայությունը ապահով կազմակերպելու մասին, քաղաքացիական առումով էլ մշտապես ասել է իր խոսքը: Նրա կարծիքով՝ ժողովուրդն իր խոսքի պակասը չի զգացել, չնայած ուղիղ ժողովրդին չի դիմել, բայց համոզված է, որ այդ պահը դեռեւս չի եկել։ «Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք իրադարձություններն արհեստականորեն առաջ մղելու։ Իմ ասածը չի նշանակում, որ չորսօրյա պատերազմը շարքային բան էր։ Ո՛չ։ Իրականության մեջ վերջին 22 տարիների ամենալուրջ իրադարձությունն էր՝ եթե խոսքը վերաբերում է հրադադարի պայմանների խախտմանը, ռազմական գործողություններին, բայց դեռեւս որեւէ մեկն ինձ հարյուր տոկոսով չի ասել, որ սա վատթարագույնն էր։ Ես գիտեմ մեր ժողովրդի, մեր համբերության չափը, ես շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին, եւ երբ որ նա կարիք ունենա, որպեսզի ես անմիջականորեն դիմեմ, խոսեմ, խնդրեմ կամ համոզեմ, անպայման դա անելու եմ։ Եվ այսօրվա մեր հանդիպումն էլ մաս է կազմում մեր ժողովրդի հետ երկխոսության։ Ես գիտեմ, թե ումով ենք պաշտպանելու մեր երկիրը, գիտեմ, թե ումով ենք հասնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Եվ կարծում եմ, որ այս տարիներն ինձ սովորեցրել են, թե որ պահին ինչպես պետք է դիմել»։

Ինչ վերաբերում է խաղաղության պահպանման նպատակով նախաձեռնված մոնիտրինգի ժամկետներին, ապա հայկական կողմը համանախագահներին ասել է, որ օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը։ Այլապես, փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում։ Անհրաժեշտ է հստակ ապացույց։ Այս պարագայում, Հայաստանի ղեկավարը վստահ է, որ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետեւ «ակնհայտ է՝ երբեք մենք առաջինը չենք խախտում, որովհետեւ դա մեզ ուղղակի պետք չէ»։

Անդրադառնալով Ադրբեջանում թմկահարվող հաղթանակի մասին զրույցներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե հաղթանակը կամ պարտությունը հետեւյալն է. դու ինչ նպատակ ես դրել եւ արդյո՞ք կարողացել ես կատարել քո նպատակը. «Եվ այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություններ անենք, կուրծք ծեծենք եւ ասենք՝ մենք հաղթել ենք։ Բայց ակնհայտ է, որ մեր հակառակորդները իրենց բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Այսինքն, մենք կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրը, իրենք՝ ոչ»:

Մեր ներքին կյանքում սակայն, ոմանք այլ կերպ են մտածում եւ փորձում են խառնել թացն ու չորը՝ կամա, թե ակամա թշնամու ջրաղացին ջուր լցնելով: Այս մասով նախագահը նշեց. «Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պետք է ասեմ ամբոխահաճո հայտարարություններ անել եւ ասել՝ եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք։ Դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, դա ասում են մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից, կամ ասում եմ մարդիկ, ովքեր, միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո երբեք հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երեւալ շատ մեծ հայրենասերներ եւ հավերժ պատերազմի կոչեր են անում։ Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չեն զինված ուժեր, ովքեր կգնան արկածախնդրության՝ միգուցե կհասնեն հաջողության, միգուցե՝ ոչ, մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, եւ այդ խնդիրները կատարվել են։ Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է։ Սա շատ ակնհայտ է։ Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք՝ կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումը հետեւյալն է. մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, եւ տա Աստված, որ մշտապես կատարեն եւ կատարելու են, որովհետեւ մեր զինված ուժերը մեր ամբողջ 3 միլիոն ժողովուրդն է՝ Հայաստանում, Արցախում, գումարած նաեւ սփյուռքը։ Ինչքան մարդիկ էին ցանկանում գալ ու գնալ ճակատ, միգուցե նրանք ճակատում չկարողանային ռազմական խնդիրներ լուծել, եւ այդպես էլ կա, մարդը, եթե հատուկ պատրաստվածություն չի անցել, նույնիսկ կարող է բեռ հանդիսանալ հատուկ պատրաստվածություն անցած մարդկանց համար, բայց ոգեւորելը, թիկունքում ամրություն զգալը շատ մեծ բան են»։

Հայությանը հուզում է նաեւ անընդհատ արծարծվող՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշ տարածքների զիջման հարցը: Սա կարեւոր է նաեւ հոգեբանական առումով, քանի որ մեր բանակի զինվորների աննախադեպ սխրանքները կասեցրեցին լավ զինված ու լայնածավալ հարձակում նախաձեռնած թշնամու առաջխաղացումը: Եվ մեզ համար կարեւոր է հայրենիքի յուրաքանչյուր ափաչափ հողն անգամ:

Այս մասին եւս խոսեց նախագահը. «Տեսեք, գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, այդ ամենից բացի գոյություն ունի նաեւ գնահատական. եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն նշանակություն ունի, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն։ Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի 800.000 հեկտար ունեին՝ կորցրել են 800-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում։ Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն։ Զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անեք. 800 հեկտար եւ յուրաքանչյուր հեկտարի համար ենթադրենք 1 զոհ, 2 վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ 1 վիրավոր՝ էլի շատ են։ Համեմատեք, տեսեք այդ 800.000 հեկտարը գրավելու համար ինչքան զոհ պետք է տային։ Երբ ես ասում եմ՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնելու, ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել եւս 35-40 կամ եւս 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու։ Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս, ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան վերցնեն, եւ ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը՝ մետրի եւ մարդու։ Ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռեւս իրենց խնդիրը մինչեւ վերջ չեն կատարել, նույնիսկ կատարելուց հետո են իրենք պետք։ Դեռ որեւէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան թե ռազմական»։

Երկրի ղեկավարի այս խոսքերից հետո քննարկում սկսվեց՝ նրան դավաճանի կամ սթափ դատողի բնորոշում տալով: Չկար միջին գնահատական:

Անկեղծորեն ասած՝ երկու տեսակետներն էլ գոյության իրավունք ունեն: Բայց գուցե կա այն միջին տարբերակը, որի մասին նախագահը չի՞ կարողանում խոսել: Փորձեմ առաջ քաշել այդ տարբերակներից մի քանիսը: Կորստի մասին բարձրաձայնելը հնարավոր է այդ կորուստը հետ բերելու գործնական առաջին քայլ է, չէ որ իր խոսքում նաեւ ասում է, թե՝ մեր զինվորներն ու սպաները իրենց խնդիրը դեռ մինչեւ վերջ չեն կատարել: Կամ՝ կորստի մասին բարձրաձայնելը, ավելին՝ հստակ թիվ նշելը հնարավոր է այլ հատվածում նույնքան տարածքի հետբերում է նշանակում, որն այս պահին մեզ համար ավելի ռազմավարական է (թեեւ ես այն տեսակետին եմ, որ  հայի համար չկա ոչ ռազմավարական հող):

Բայց, համենայնդեպս, գուցե հաստա՞տ կա մի բան, որ Սերժ Սարգսյանին վստահություն է տվել՝ կորստի ու դեռ լուծվելիք խնդրի մասին բացեիբաց խոսելու:

Ոչ մի տարբերակն էլ չեմ կարող առանց երերումների հաստատել, քանզի ռազմական գործից բան չեմ հասկանում, ուստի այդ տիրույթում պատճառահետեւանքային կապի ծայրերը դժվարանում եմ զանազանել: Շատ կուզեի, որ գործից գլուխ հանողները հստակ դիրքորոշմամբ հանդես գային:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։