Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- Վիկ Դարչինյանը Արցախում էր… Արթուր Աբրահամը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը… Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ… Ֆուտբոլի Հայաստանի առաջնություններում… Մարզական այլ լուրեր…

Հայ անվանի բռնցքամարտիկն Արցախում էր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այս օրերին գտնվում է Արցախում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ շուրջ 2 տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել եւ շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու:

«Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաեւ դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասել է Վիկ Դարչինյանը եւ հավելել, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ. «Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաեւ թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»:

Վիկ Դարչինյանը հուլիսին աշխարհի չեմպիոնի համար մենամարտ ունի: «Արցախի այցից հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական պարապմունքները»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Աշխարհի չեմպիոնը զրկվեց տիտղոսից, բայց պատրաստվում է…

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից: Մենամարտը Լաս Վեգասում էր: WBO վարկանիշային աղյուսակի 1-ին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին 5 ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ 3 ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր: Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը եւ վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում եւս եւ խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108: Երկու բռնցքամարտիկների քաշն էլ 76,2 կգ էր:

- Արթուր Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր 8 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 2-ական անգամ Շտիգլիցի եւ անգլիացի Փոլ Սմիթի նկատմամբ: 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը դեռ պարտություն չի ունեցել պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): 36-ամյա Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել էր 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

- Բայց Արթուր Աբրահամը վճռական է՝ «Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն»: Նրա հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը եւ հայ բռնցքամարտիկն ասել է, որ իր նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, «ես թույլ չեմ տա որեւէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Լիհաուգը՝ երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկ է, բայց նա ուսանելի դաս կստանա այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել միշտ բարձունքում: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս եւ միշտ պատրաստվում եմ, որ գերազանց մարզավիճակում ներկայանամ ռինգ»:

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն հույս է հայտնել, որ բռնցքամարտիկը կօգտագործի այս հնարավորությունը. «Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու համար, իսկ հիմա պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ում կրած պարտությունը պատահականություն էր»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ մարզիչը առաջին օրերին հիսթափված էր եւ կարծում էր իր սանին նոր մարզիչ է պետք, բայց այժմ կպատրաստի նրան նոր մարտի համար…  

- Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել: Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են մեկ մեդալ: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը մտել է եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հայ ըմբիշները դարձել են Սասսարի մրցաշարի հաղթողներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 անդամներ դարձան Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ,- տեղեկացնում է ՀԱԻԿ-ի պաշտոնական կայքը: Աշխարհի ռւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) հասավ մինչև եզրափակիչ եւ գերազանցեց մրցակցին նաեւ այստեղ: Նա հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի: Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 71 կգ քաշային կարգում եւ նույնպես հասել էր եզրափակիչ: Նա հաղթել էր նաև եզրափակչում եւ դարձել ոսկե մեդալակիր: 98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

Հայ շախմատիստները չկարողացան նվաճել հաղթողի կոչումը

Հայաստանի շախմատիստները համեստ արդյունքներ ցույց տվեցին Կոսովոյում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում: Վերջին փուլից առաջ բարձր տեղերի համար կարող էին պայքարել մեր 3 շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արման Փաշիկյանը, ովքեր 10 հնարավորից վաստակել էին 7-ական միավոր: Ավաղ, Արման Փաշիկյանը պարտվեց չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարային եւ զիջեց դիրքերը: Ռոբերտ Հովհաննիսյանը 18-ամյա նորվեգացի Արյան Տարիի հետ խաղյում արդեն 14-րդ քայլին կրկնեց քայլերը եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեց: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես հետեւեց իր հայրենակցին, սակայն ավելի փորձառու գրոսմայստեր, գերմանացի Լիվիու Դիտեր Նիսիպիանուի հետ մրցամարտում:

Արդյունքում, Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 24-րդը: Նրանց հաջորդեց Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը, որը 7 միավորով առաջնությունն ավարտեց 30-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունքով Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը բաժանեցին 34-43-րդ տեղերը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը վաստակեց 9 միավոր, նրանից կես բալով հետ մնաց լատվիացի Իգոր Կովալենկոն, մեկով՝ վրացի Բաադուր Ջոբավան:

- Հայաստանի շախմատիստուհիներն անվստահ հանդես եկան Ռումինիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 1-ին փուլում: Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Մեր մյուս գրոսմայստերը՝ Մարիա Կուրսովան, նույն խաղաքարերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասյա Սազոնովային: Իսկ ահա Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը տանուլ տվեցին իրենց խաղերը: Իր թույլ խաղով հատկապես զարմարեց Հայաստանի այս տարվա չեմպիոնը, որը ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Նեչաեւային հետ խաղում իրար հետեւից կոպիտ վրիպումներ թույլ տվեց եւ արդեն 19-րդ քայլում անձնատուր եղավ:

Մրցաշարի 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: Մեր շախմատիստուհիների մրցակիցները հայտնի կդառնան առավոտյան:

«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարների թվում

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը: Մեր Արամ Հակոբյանը 6-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Դմիտրի Կոլարսի հետ: Այժմ երկուսն էլ վաստակել են 4,5-ական միավոր եւ կիսում են 1-2-րդ հորիզոնականները:

Մրցաշարին մասնակցում են 6 երկրների 12 պատանի շախմատիստ, որոնք մեկ խաղաշրջանով պետք է որոշեն հաղթողին:

Մեկնարկել է Երեւանի 87-րդ առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երեւանի 87-րդ առաջնությունը: Մայրաքաղաքի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կնվաճեն մասնակցելու Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարին:

Հ.Գ. - Աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ ՔալաշյանըՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած Երևանի 87-րդ առաջնությունում կայացել են առաջին 3 փուլերի հանդիպումները: 3 հնարավորից վաստակելով 3 միավոր` աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ Քալաշյանը: Շանթ Սարգսյանը եւ Սարգիս Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Արագ շախմատի հուշամրցաշար` Դավթաշենում

Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի հիշատակին: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետարանի սպորտի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ եւ այլոք:

Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում, 5 փուլերի  արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաեւ դպրոցի տնօրենին եւ ուսուցիչներին: Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է  Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը:

Շախմատի տանն ավարտվեց աշխարհի առաջնությունը

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց խուլ-համրերի շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարը տեղի ունեցավ 7 ենթախմբերում՝ 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ:

Տղամարդկանց անհատական մրցաշարում մասնակցեցին 21 երկրների 24 շախմատիստ: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց միջազգային վարպետ, իտալացի Դուլիո Կոլուտիսը՝ վաստակեց 6,5 միավոր: Նա հաղթեց նաեւ կայծակնային շախմատի մրցաշարում:

Կանանց առաջնությունում առաջին տեղը միանձնյա գրավեց ուկրաինացի Տատյանա Բակլանովան՝ 8 միավոր:

Վետերանների մրցաշարում հաղթանակ տարավ լեհ Երժի Ստրելեցկին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց մեր շախմատիստ Հակոբ Հակոբյանը:

Պատանի շախմատիստների առաջնությունում արծաթե մեդալը բաժին հասավ մեր հայրենակից Սարո Մելքոնյանին: Նա միայն կես միավորով հետ մնաց չեմպիոնից՝ ռուսաստանցի Միխայիլ Պետրենկոյից:

Խուլ-համր եւ կույր շախմատիստների մրցաշարում խաղարկվեց 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Բոլատ Կաբիժանովը:

Առաջնության արդյունքներով ստեղծվեցին խուլ-համր կանանց եւ տղամարդկանց հավաքականներ, որոնք այս տարի առաջին անգամ կմասնակցեն շախմատի օլիմպիադային, որը կայանալու է Բաքվում: «Այս առաջնությունն անչափ կարեւոր իրադարձություն է շախմատային կյանքում, քանի որ անցկացվում է 4 տարին մեկ անգամ: Այն ցույց տվեց, որ շախմատը հասանելի է բոլոր մարդկանց համար: Օրինակ, մասնակիցներից մեկը ոչ լսում է, ոչ տեսնում, ոչ էլ խոսում, սակայն շատ լավ շախմատ է խաղում: Պետք է նշեմ, որ Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան եւ 2 մեդալ նվաճեցին, ինչին չէինք հավատում մրցումներից առաջ»,- ասել է առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ առաջնության բացմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ եւ ՖԻԴԵ-ի նախագահները խաղատախտակի առջեւ կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:

Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության նախագահը եւ ՖԻԴԵ-ի նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Խուլերի շախմատի անհատական առաջնության բացման շրջանակում Սերժ Սարգսյանին շախմատի տանը ներկայացրել են նաեւ սուրդո (խուլուհամրերի) թարգմանության ավտոմատացված ծրագիրը:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Երեւանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երեւանում: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ, մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչեւ 450 սան:

«Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն

Մայիսի 22-ին ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

Մրցաշարային աղյուսակ՝                                                      

N   Թիմեր                                  Խ    Հ     Ո   Պ    ԽԳ    ԲԳ    Մ

  1. Ալաշկերտ                            28  16    7     5      50      24    55
  2. Շիրակ                                  28  15    7     6     41      27     52
  3. Փյունիկ                                 28  13    9    6     44      21     48
  4. Գանձասար-Կապան             28  11   12    5      35      27    45
  5. Արարատ                              28   9    10    9      28      31    37
  6. Բանանց                               28   7    12    9      36      34    33
  7. Միկա                                   28   9    5     14     30      32     32
  8. Ուլիս                                    28   0     2    26      8       76      2

Ռմբարկուները՝ Հեբեր Արաուխո Դոս Սանթոս (Ալաշկերտ)՝ 16, Միհրան Մանասյան (Ալաշկերտ)՝ 16,  Լայերսիո Գոմես Կոստա (Բանանց)՝ 10, Վարդան Պողոսյան (Փյունիկ)՝ 9, Վարդգես Սաթումյան (Փյունիկ) ՝ 7:

«Ալաշկերտ»-2-ը՝ 1-ին խմբի հաղթող

Մրցաշարային աղյուսակ՝

N   Թիմեր                                Խ      Հ      Ո      Պ     ԽԳ    ԲԳ    Մ

  1. Ալաշկերտ-2                       28     19      6      3      83      27      63
  2. Բանանց-2                          28    19      3       6      73      30      60
  3. Փյունիկ-2                           28     16     4       8       55      39     52
  4. Արարատ-2                        28     11      4      13      56      62     37
  5. Գանձասար-2                    28       7       6     15      35      77     27
  6. Ուլիս-2                              28       8      2     18      49      86      26
  7. Շիրակ-2                            28       6       8     14      36      49     26
  8. Միկա-2                             28       6       7     15      43      60     25

Ռմբարկուները՝ Կարապետ Մանուկյան (Ալաշկերտ-2)՝ 26, Վարդան Պետրոսյան (Ալաշկերտ-2)՝ 18, Պետրոս Ավետիսյան (Բանանց-2)՝ 17, Ռոման Հովհաննիսյան (Արարատ-2)՝ 14, Բենիկ Հովհաննիսյան (Ալաշկերտ-2)՝ 13, Հովհաննես Փափազյան (Փյունիկ)՝ 12, Մհեր Հարությունյան (Գանձասար)՝ 11:

Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում է

Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երեւանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան՝ «Միկա», Անատոլի Այվազով՝ «Փյունիկ», Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ»:

Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան՝«Փյունիկ», Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան՝ «Փյունիկ», Լեւոն Հայրապետյան՝ «Փյունիկ», Սերգեյ Ավագիմյան՝ «Արարատ», Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ»:

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան՝«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի՝ «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիս՝ «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա), Դավիթ Մանոյան՝ «Փյունիկ», Դավիթ Հակոբյան՝ «Շիրակ», Տիգրան Բարսեղյան՝ «Գանձասար-Կապան», Բենիկ Հովհաննիսյան՝ «Արարատ», Զավեն Բադոյան՝ «Բանանց»:

Հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան՝ «Կարպատի» (Ուկրաինա), Վարդան Պողոսյան՝ «Փյունիկ»:

Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը: Առաջինի թիմը՝ «Անժի»-ն մայիսի 24-ին եւ 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ երկրորդի թիմը՝ «Էսթեղլալ»-ը, մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (դարպասապահների հարցումն անցկացվել է առանձին անվանակարգով): Դորտմունդի «Բորուսիա»-ի հայազգի խաղացողը ամբողջ մրցաշրջանի ընթացքում միջինը վաստակել է 2,57 բալ։ Նրան հաջորդում է «Աուգսբուրգ»-ի դարպասապահ Մարվին Հիտցը, որը ստացել է 2,64 բալ։

Նշվում է, որ մրցաշարի ընթացքում Հենրիխ Մխիթարյանն իր թիմի համար ապահովել է 15 գոլ, որից 11-ն անձամբ է  խփել: Kicker գերմանական պարբերականի հարցման արդյունքում հայ ֆուտբոլիստը հավաքել է ձայների 31,1%: Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի ակումբները ներկայացնող 235 ֆուտբոլիստ: Հավելենք, որ «Կիկերը» յուրաքանչյուր խաղից հետո գնահատականներ է նշանակում խաղացողներին, ընդ որում 1-ն ամենաբարձրն է, իսկ 5-ը՝ ամենացածրը։ Հենց դրանց միջին հաշվարկով որոշվում է մրցաշրջանի լավագույն խաղացողը։

Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Չելսի»-ն առաջ է անցնում

«Չելսի»-ն սկսել է մեծ ակտիվություն դրսեւորել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը թիմի հետ չի երկարացվելու, հայտնում է Mirror-ը: Ավելի վաղ BamS-ը հայտնել էր, որ անգլիական ակումբն արդեն առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 միլիոն` մտադիր լինելով շարունակել պայքարը: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայ»-ի հետ ավարտվում է 2017-ին: Այս խաղաշրջանում 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձած կիսապաշտպանը չի ցանկանում երկարացնել պայմանագիրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուս»-ը հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալ»-ից Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն) վճարել: Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ $32 մլն է առաջարկել: Այսինքն՝ շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի: Այս պահի դրությամբ զլմ-ները հայտնում են, որ գերմանական ակումբը ճնշման տակ է: Կամ Հենրիխ Մխիթարյանին հիմա «կգնեն», կամ «Բորուսիա»-ն կզրկվի ֆուտբոլիստից 2017-ին առանց հատուցման: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Նա նաեւ 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով նա փոխանցումների ցուցանիշով  2-րդն է «Արսենալ»-ի հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):

Ֆուտբոլի ակադեմիայի թիմն ավարտեց պայքարը 1/4 եզրափակչում

Մայիսի 26-ից Միլանում մեկնարկեց «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային չորրորդ ֆորումը: Հայաստանն այս ֆորումում ներկայացնում է Ֆուտբոլի ակադեմիան: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում:

Կայացել են ֆուտբոլային մրցաշարի խմբային եւ փլեյ-օֆֆ փուլերի հանդիպումները: Ֆուտբոլի ակադեմիայի թիմը ընդգրկվել էր F խմբում, որտեղ մրցել է Բուլղարիայի, Հոլանդիայի եւ Ղրղզստանի ներկայացուցիչների հետ: Մեր թիմը 1:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի «Բերոե» թիմին, 2:0 հաշվով` Ղրղզստանի «Դորդո»-ին եւ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Հոլանդիայի «Դաբլ Դատչիս» թիմի հետ: Խմբում գրավելով 1-ին տեղը` նվաճել է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
1/8 եզրափակիչում Ֆուտբոլի ակադեմիայի թիմի մրցակիցն էր բրազիլական «Պալմեյրաս»-ը: Մեր տղաներին հաջողվել է 2:1 հաշվով հաղթանակ տոնել լրացուցիչ ժամանակում եւ դուրս գալ 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել է Ռուսաստանի «Զենիթ»-ին: Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին:

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը մտել է եզրափակիչ

Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ մտան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը հանդես եկավ բազմամարտում, վաստակեց 77,765 միավոր եւ զբաղեցրեց 28-րդ տեղը: Նա դուրս մնաց հետագա պայքարից: Սակայն Արթուր Ավետիսյանը օղաների վրա վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը եւ մտել է եզրափակիչ: Մեդալների համար պայքարում նա հիմնականում կմրցի գերմանացի եւ ռուսաստանցի մարմնամարզիկների հետ:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս լրիվ կազմով եւ առաջին անգամ մասնակցում է թիմային մրցաշարին: Այսօր մեր մարմնամարզիկները՝  Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը եւ Արմեն Պետրոսյանը, պայքարը կսկսեն ազատ վարժությունով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։