Ինչ ընթացքում է մենաշնորհների դեմ պայքարի հարցի ուսումնասիրությունը: Լրագրողները երեկ այս հարցով կառավարության նիստից հետո դիմեցին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին: «Հաջորդ շաբաթ զեկույցը մանրամասն կներկայացնեմ, կտեսնեք»,- ի պատասխան համառոտեց նախարարը:
«Անուններ կհնչե՞ն»,-հետաքրքրվեցին լրագրողները: «Կլինեն, ինչպես խոստացել եմ, այն բոլոր տվյալները, որոնք կան մենաշնորհային ոլորտներում: Թեեւ դրանք օրենքով մենաշնորհ չեն համարվում, բայց փաստացի ընկալումն այդպիսին է, նաեւ այդ ոլորտներում մեզ հասանելի տեղեկատվության շրջանակներում կհրապարակենք նաեւ կազմակերպություններին, ովքեր ունեն գերիշխող դիրք կամ կենտրոնացվածության բարձր աստիճան, կամ խաթարում են մրցակցությունը»:
Ըստ նախարարի, իրենք առանձնացրել են այն տասը հիմնական ապրանքատեսակները, որոնք, ըստ էության, մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության ու մասնագիտական շրջանակների կողմից՝ օրինակ՝ կարագը, շաքարավազը, դիզվառելիքը, բենզինը, բանանը…
Արծվիկ Մինասյանը ի՜նչ է չգիտի, որ, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, բենզինի, բանանի ու շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ չկա… Տեղեկացնենք, որ զուր չչարչարվի:
Նախարարը միաժամանակ հավելեց, թե ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այսուհետ կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական, լիարժեք տեղեկատվություն ստանալ: Այդ փաստաթղթերով ապրանքներ ներկրել կկարողանա ցանկացած ձեռներեց: Եթե միայն հավատայինք…
Ինչեւէ, նախարարը վստահեցնում է, որ եթե փաստաթղթերի հուշաթերթից դուրս որեւիցե մարմին, ներառյալ պետեկամուտների կոմիտեն, կպահանջի այլ փաստաթուղթ, դա հիմք կլինի, որպեսզի առարկություն ներկայացվի:
Հետաքրքիր է, իսկ կվերացվի՞ արդյոք մենաշնորհը գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում: Էկոնոմիկայի նախարարը նախ նկատեց, որ այդ ոլորտներում բնական մենաշնորհ է, այնուհետեւ կրկնեց. «Լուծումների մասին ես առաջարկում եմ հաջորդ շաբաթ, երբ որ զեկույցը ներկայացվի, մանրամասն խոսենք, որովհետեւ կան թե կարճաժամկետ լուծումներ, թե երկարաժամկետ»:
Սրան հետեւեց մեկ այլ հարց, իսկ ինչու՞ նախկինում մենաշնորհների դեմ պայքար չէր տարվում: Արծվիկ Մինասյանը զայրացավ. «Դժգոհություն միշտ էլ եղել է, հիմա հանձնարարական կա, որպեսզի իրականացվեն կոնկրետ քայլեր, դուք դժգո՞հ եք դրանից: Եթե նախկինում լիներ, էդ հարցն էսօր չէր առաջանա, չէ՞: Եթե 20 տարի առաջ նորմալ ընտրություն էլ լիներ, էսօր դուք շատ բաներից էլ չէիք բողոքի, չէ՞: Հիմա ի՞նչ անենք, եթե ուզում են լավ ընտրություն անել, բողոքենք, թե ինչո՞ւ 25 տարի առաջ չե՞ք արել: Հիմա փոխանակ մենք բոլորս կարողանանք միավորվել եւ այդ քաղաքականությունը կյանք դարձնել, հենց մի լավ բան է փորձ արվում անել, սկսում եք քննադատել, թե նախկինում ինչո՞ւ չէր արվում»:
Զայրանալ պետք չէ, պարոն նախարար: Ինչու-ի հարցադրումը ճիշտ է, որովհետեւ այդ սխալները տարիներ շարունակ ակնհայտ են եղել, կրկնվել են, եւ մտածված լուծում չեն ստացել:
Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք նախարար Մինասյանը հավատում է, որ այս իշխանության օրոք հնարավոր է կյանքի կոչել տեսանելի բարեփոխում: «Իհարկե, որովհետեւ ես էլ եմ իշխանություն»,-եզրափակեց նա: Երկաթյա տրամաբանություն…
Իսկ ինչու՞ գործը միանգամից՝ բոլոր ապրանքատեսակների գծով չի արվում: Բանն այն է, որ մեր երկրի արտաքին առեւտուրը բաժանվում է երեք ռեժիմի՝ երրորդ երկրներ առանց կանոնակարգման առանձնահատկությունների, երրորդ երկրներ՝ ազատ առեւտրի մասին պայմանագրերով ու կանոնակարգման առանձնահատկություններով ու վերջապես՝ Եվրասիական միության երկրներ: Դեռ երկու ցանկ էլ կա ԵՏՄ շրջանակում. «Առաջինը՝ ապրանքներն են ոչ զարգացած երկրներից, արտոնյալ ռեժիմով, երկրորդը՝ ապրանքներ են զարգացող երկրներից, որտեղ գործում են արտոնյալ մաքսատուրքեր»:
Այնպես որ, սա բավականին աշխատատար գործընթաց է, եւ դեռ պետք է ծրագրային ապահովում էլ մշակվի, որով նախարարության կայքում հնարավոր կլինի որոնել ապրանքի տասանիշ կոդը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի: Բայց որ շարունակական կլինի գործընթացը այլ ապրանքատեսակների մասով էլ, կրկին վստահեցրեց նախարարը:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: