Նժդեհի հրապարակը մի տեղ, արձանը՝ մեկ այլ… Սրբազան վերաթաղում… Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր… Շուտով կբոլորի 1 դարը, երբ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին…

Վերջապես Երեւանն ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Մի հայի, ով ամբողջ կյանքում ծառայեց ազգին ու հայրենիքին: Ում մահն անգամ ցայսօր ծառայում է հայոց նպատակների՝ հաղթական առաջընթացին…

Կարելի է հավանել կամ չհավանել մեծն հայի հուշարձանը. ամեն բան հասկանալի է, ճաշակին ընկեր չկա, նաեւ Նժդեհի կերպարի պատկերացումներն են բազում: Քանզի ցեղակրոն հայորդին եւ զենքի եւ գրչի մարտիկ էր հավասարապես:

Ինչեւէ, Նժդեհի արձանը արդեն կանգնած է, այլեւս կդառնա այցելության վայր: Այն գտնվում է կառավարության 3-րդ շենքի դիմաց եւ գուցե իր ազդեցությունն ունենա նաեւ ներիշխանական ոլորաններում…

Բայց դեռ մնում է այն տարօրինակ խնդիրը, որ ցայսօր զարմացնում է: Նժդեհի հրապարակում շարունակում է կանգնած մնալ համայնավար Սուրեն Սպանդարյանի արձանը, ինչը ոչ մի կերպ հասկանալի չէ, բայց շարունակում է մնալ այդ վիճակում:  

Մեծն հայորդու բաղձանքը հայրենիք վերադարձն էր:

Ահա եւ իմ վերջին խօսքը.-

- Կþուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

…Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, Սոֆիա, 1937թ.

Սրբազան վերաթաղում…

Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր

Գարեգին Նժդեհի մասունքները (ոսկորները) Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվեց հայրենիք, եւ 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից մի մաս վերաթաղվեց Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին: Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է Սպիտակավոր վանքի բակում 1987թ.) (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր), որտեղից էլ հետագայում՝ մասունքից տարվել է Կապանի (Սյունիքի մարզ) նժդեհյան հուշահամալիր (2005թ.)՝ արձանագրելով վերաթաղման երրորդություն:

Համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով Գարեգին Նժդեհի աճյունը հայրենիք տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյանի, Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են հանձնաժողով՝ հիմնական մասունքից մի մաս նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը հուշահամալիրին նա՛եւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:

Վահագն Նանյան

* * *

Հիմք դրվեց Հայոց պետականության վերականգնման գործին

Շուտով կբոլորի 1 դարը պատմական այն օրվա, երբ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին:

Շուրջ 6 դար անկախ պետականությունից, կազմակերպվածությունից զուրկ հայությունը 1918-ի մայսիսի 28-ին ստեղծեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը՝ հիմք դնելով հայոց պետականության վերականգնման գործին եւ հայոց պատմության շարունակականության պահպանությանը:

Արդեն հանրահայտ է, թե ինչպես ծնվեց ու կյանքի մեջ մտավ մեր պետականությունը հայ նվիրյալների կամքով ու հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: Դժվար է հարյուրամյակներ անց, թշնամիներով շրջապատված իրականացնել պետականության պաշտպանությունը, այն էլ Հայոց ցեղասպանությունից հետո, անտուն ու անպաշտպան հայության մի մասնիկով, որ ծվարել էր հայրենի բնօրրանի մի անկյունում…

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը կործանվեց արտաքին ու ներքին թշնամիների ջանքերով, սակայն այլեւս վերականգնված էր հայոց անկախության եւ պետականության վերահաստատման ընթացքը… Հայաստանի Հանրապետությունը վերածվեց Խորհրդային Հանրապետության (2-րդ Հանրապետություն), ապա՝ նորից Հայաստանի Հանրապետության (3-րդ Հանրապետության)՝ Արցախի եւ այլ ազատագրված տարածքների հետ միասին:

1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի նպատակն ու ուժը, ինչը չկոտրվեց անգամ թուրք-մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղաշրջման ժամանակ… Եվ որպես հարատեւման ուժ փոխանցվեց խորհրդայնացվող Հայաստանին…

Ներքին արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, որը որպես Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքի գործընկեր՝ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցն էլ լուծեց վրաց-ադրբեջանական եղբայրության օգտին…

Բայց Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե չլիներ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարը, ով իր Սյունյաց զորքով միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ… Եվ Զանգեզուրը մնաց հայկական ու Հայաստանի կազմում:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների, այդ թվում Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա առթիվ, որն այսօրվա մեր պետականության նախահիմքը դարձավ:

Փա՛ռք հանուն պետականաշինության, հայրենատիրության ու ազգային նպատակների համար նահատակված ու մարտնչած բոլոր քաջերին: Հավերժ փա՛ռք նաեւ ազգի մերօրյա նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող մարտիկներին:

Հայ Արիական Միաբանության անդամները մայիսի 28-ի վաղ առավոտյան կայցելեն Սարդարապատ, ապա Եռաբլուր: Կկատարվի քրմական ծես՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված նվիրյալ բոլոր հայորդիներին:

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։