Լեռնային Ղարաբաղի ճանաչումը՝ միջազգային հանրության բարոյական պարտք – Հոգու պարտք – Երեւանում 3 զինծառայողների ընտանիքներ բնակարաններ ունեցան… Սարդարապատի ճակատամարտի մասնակից, եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց…

Իտալական «Gariwo» (Garden of Righteous people – Ազգի առաքյալների այգի) հ/կ կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անկախ պետականություն կերտելու իրավունքին:

Հոդվածագիրը նախապես նշել է, որ Հայաստան է ժամանել ապրիլյան պատերազմի վերջին օրերին ու տեղ հասնելով՝ շփումների մեջ է եղել բնակչության գրեթե բոլոր շերտերի հետ: Նա ներկայացրել է զրուցակիցների հույզերն ու մտքերը՝ դիտարկում անելով, որ «ցնցված էր՝ տեսնելով մարդկանց մտահոգությունների ու հին ցավի խառնուրդ հիշեցնող վիճակը»՝ ընդհուպ մինչեւ Հայոց ցեղասպանության  հիշողությունները. «Տեսանելի էր արյունոտ անցյալի ցավի ուրվականը. 1988-90-ի Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից մինչեւ 1915թ. ու դրա մարդկային, բարոյական, քաղաքական կործանարար հետեւանքները: Եվ այս ամենն ընդամենը ապրիլ 24-ից մի քանի օր առաջ էր»,- գրել է հեղինակը:

Շարունակելով Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականության հանգամանքը՝ իտալական լրատվամիջոցը հարցադրում է անում, թե արդյո՞ք կարող ենք մեր համոզվածությունը արտահայտել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնությունը ճանաչելը փոխհատուցում կլինի այն ողբերգական հետեւանքներին, որ հայերը կրել են տարիներ առաջ ոչնչացման ենթարկվելով:

Այս առումով, մարդկությանը մեկ անգամ եւս հիշեցնում են Իսրայելի ստեղծման պատմությունը՝ շեշտելով, որ հրեաների առաջ ունեցած բարոյական պարտավորությունները կատարելու համար մարդկությունը նրանց թույլ տվեց Իսրայել պետություն ստեղծել, ուստի, ըստ վերոնշյալ հոդվածի, այս մեխանիզմը կարող է գործել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Լրատվամիջոցը 2 պատճառ է նշել, թե ինչու պետք է հայերի պահանջները տեղ ունենան.  

  1. Ղարաբաղի հայության կամքը՝ չլինել Ադրբեջանի կազմում, պայմանավորված է Ադրբեջանում հայերի նկատմամբ հաստատված ազգայնամոլական ատելությամբ լի քաղաքականությունից բխող վտանգներով: Սա վերաբերում է ազատ ինքնորոշման սկզբունքին, որն ի դեպ երբեք Ղարաբաղի հարցում չի մերժվել միջազգային հանրության կողմից: Հիմնական նպատակը այստեղ թույլ չտալն է, որ Ղարաբաղի հայերը արժանանան այն նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Նախիջեւանի հայերի հետ, երբ բռնությամբ ամբողջությամբ թողեցին իրենց հողերը: Եվ հետո՝ այս աշխարհը երկու անգամ՝ Կոսովոյի եւ Հարավային Սուդանի օրինակներով ընդունել է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման անհրաժեշտությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ ժողովուրդները չէին կարող ապրել մարդասպան ու անհանդուրժող պետության կազմում: Ճիշտ այնպես, ինչպես արդբեջանցիները ժամանակին կազմակերպեցին հայերի ջարդերը: Հիմա էլ, դժբախտաբար շատ քչերն են կասկածում, որ եթե Ադրբեջանը հսկի Ղարաբաղը, այդ ատելությունը նոր հանցագործությունների տեղիք կտա:
  2. Լեռնային Ղարաբաղը միակ տարածքային եւ մարդկային կորուստի փոխհատուցումը կլինի, որ միջազգային հանրությունը կարող է տալ հայերին՝ 1915թ. ու դրան հաջորդած դեպքերի հետ կապված: Միջազգային հանրությունը՝ սկսած Եվրոպական երկրներից պետք է հասկանա, որ հիմա ճիշտ ժամանակն է՝ միջամտելու թեժ կետում՝ այս կերպ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջոցով Թուրքիային հստակ ազդակ հղելով»,- գրել է հեղինակը:

Ամփոփելով, վերջինս շեշտում է, որ միայն այսպես ուղղորդվելով եւ բանակցային գործընթացին աջակցելով միջազգային հանրությունը կարող է հասնել խնդրի լուծմանը:

Կարեն Բալյան

Հոգու պարտք – Երեք զինծառայողների ընտանիքներ բնակարաններ ունեցան

Երեւանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տրվել մի նախագծի, որով Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 3 բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով կօտարվեն ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երեւանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 5-ին դարձյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել էր, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացրած ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:

«Խիստ կարեւոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի եւ կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երեւանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երեւանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,- նշել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել էր նաեւ Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին: «Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ, արդեն իսկ ամփոփվում են զոհված երեւանաբնակ զինծառայողների վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը եւ կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք եւ տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել էր Տարոն Մարգարյանը:

Եվ ահա արդեն մայիսի 25-ի նիստի որոշմամբ առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի՝ 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում Երեւանի ավագանու որոշմամբ հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:

Ավագանու մեկ այլ որոշումով առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:

Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի‘ 3 անձից բաղկացած ընտանիքին էլ Երեւանի ավագանու որոշմամբ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում հատկացվել է 60.63 քմ մակերեսով բնակարան:

Ի դեպ, սա գործընթացի վերջը չէ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված եւ զոհված երեւանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Անի Մարության

* * *

Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ, նույն նիստում, հավանություն է տրվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին:

Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության՝ նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ եւ եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արեւելյան Հայաստան։ Իսկ 1918թ. նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերին:

Հարկ է նշել, որ փողոցի անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հ/կ-ների եւ միավորումների կողմից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։