Արցախի խնդիրը՝ մեր հետագա ծավալման բանալին – Առանց Ադրբեջանին պատժելու՝ սադրանքները չեն դադարի եւ ամեն բան կպտտվի հին առանցքի շուրջը… Բանակցություններն անիմաստ են կամ պետք է լինեն եռակողմ… 

Ըստ միջազգային լրատվամիջոցների, Հայաստանի նախագահը Ավստրիայում խնդրողի դերում չի եղել, այնպիսի դերում, երբ միշտ դիմում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Սերժ Սարգսյանն անգամ իր առաջարկներն է ներկայացրել բանակցությունների ժամանակ, որպեսզի նախագահների հետագա հանդիպումները անարդյունք եւ անիմաստ չլլինեն: Իլհամ Ալիեւը, իհարկե, ընդդիմացող քայլերի դիմել է, բայց հիմնականում չի առարկել: Հասկացել է, որ այդ պահին մի այնպիսի կարգավիճակում է հայտնվել՝ հիմնավորված սադրիչի, ում հակառակվող խաղալը վտանգավոր կլիներ տվյալ պահին:

«Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջարկ է արել հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո. «Խոսակցություն գնաց այն մասին, որ մի որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկ արեցինք. քանի որ խոսքը հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին էր: Մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»:

Կարծում ենք՝ այսպիսով մեր երկրի նախագահը ցանկացել է նաեւ մոնիտորինգից հետո բարձրացնել պատասխան տալու խնդիրը, որ մեղավորը պատասխան տա կամ ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառվեն խախտող կողմի նկատմամբ: Երբ միջազգային մոնիտորինգ լինի, հաստատ ամեն բան կպարզվի: Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահն ամեն անգամ ընդդիմանում էր մոնիտորինգի առաջարկներին:

Խոսելով առաջարկի մասին՝ նախագահը նշել է, որ «մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք… ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկը՝ մոնիտորինգի համակարգ ձեւավորելու համար»: Փաստորեն, այս անգամ Բաքվին ստիպել են համաձայնել, այլապես առարկություն կգրանցվեր: «Մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ՝ ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, ով այդպիսի բան չհայտարարեց այնտեղ» (հիշեցնենք, որ ադրբեջանցիների ղարաբաղյան վետերանների կազմակերպություն կոչվածը երբեմն Ալիեւի պատվերով նման հայտարարություններ է անում):

Իսկ համանախագահներն ասում են՝ օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը, ապա կարող է քննարկվել ցանկացած հարց: Հայկական կողմը պաշտպանում է այս տարբերակը, որը նաեւ պատասխան կտա փոխադարձ մեղադրանքների հարցին:  

ԼՂՀ ԱԳՆ-ն Վիեննայի հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշվել է, որ բանակցություններում այլեւս պետք է լինի 3 կողմ:  

«Դրական ենք գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ ու աջակցություն ենք հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաեւ ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում։ Պաշտոնական Ստեփանակերտը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն եւ պնդում 1994 թ. եւ 1995թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ նշված համաձայնագրերը վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին ու այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր 3 կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հանրապետությունների լիարժեք մասնակցության շնորհիվ։ Եվ կարգավորման գործընթացի տրամաբանությունը այսօր էլ պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձեւաչափով։

Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպեսեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, համանախագահող երկրների տարածած համատեղ հայտարարությունը վկայեց այն մասին, որ պաշտոնական Երեւանի առաջ քաշած նախապայմաններին միջնորդները ընթացք են տվել: Միջնորդները պնդեցին հենց 1994թ. եւ 1995թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանումը:

Հիշեցնենք, որ Բաքուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ՝ թվագրված ապրիլի 14-ին, որով փորձ է արել պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Սա Բաքվի կողմից բանակցային գործընթացը տապալելու, հրադադարի ռեժիմի պահպանումից խուսափելու ակնհայտ փորձ էր: Հաջորդը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախարարները վերահաստատեցին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային, այսպիսով, առանց հասցեական քննադատության, տրվեց որոշակի արձանագրում, որ ռազմական գործողություններն անթույլատրելի են: Ավելին, համանախագահները փաստեցին, որ նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Չնայած, ամենակարեւոր արձանագրումը համարվել է սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումը:

Կողմերը համաձայնության են եկել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ եւ պայմանավորվել են շարունակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:

Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ անհրաժեշտ է առկա հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ շփման գծում լարվածությունը նվազի, բռնությունները դադարեն: «Մենք տեսել ենք՝ ինչպես են ավելացել բռնությունները, ինչպես են ավելացել լարումները, եւ մեր նպատակն այս հարցում օգնելն է ուղիներ գտնելու գործում, որոնց միջոցով այդ լարումները կարող են նվազել: Հենց այդ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարը երկու երկրների հետ հանդիպում անցկացնում»,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերին:

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հետ: Քննարկվել են տարածաշրջանային, նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Պետքարտուղար Ջոն Քերին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կփորձեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ անցկացվող բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում եւ վերահաստատել հրադադարը»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձել է նաեւ այն հարցին, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ բանակցությունների կարելի է վերադառնալ հրադադարի ռեժիմը ամրապնդելուց եւ հստակ երաշխիքներ ներկայացնելուց հետո: «Մենք շատ կարեւոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը եւ ամենակարեւորը՝ մենք ակնկալում ենք, որ նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաեւ ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաեւ անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաեւ հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

Փաստորեն, համանախագահները մնում են այն կարծիքին, որ վստահությունը կարելի է վերականգնել բանակցություններով ու նույնատիպ խոստումներով: Հայկական կողմի համար սա անցած փուլ է եւ իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը համառում է մոնիտորինգի անցկացման հարցում: Բայց այստեղ էլ հիշեցնենք համանախագահների այն խոսքը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն իրավասություններ չունի պատժելու եւ միայն միջնորդական առաքելությամբ է օժանդակում: Այս դեպքում ամեն բան կպտտվի հին առանցքի շուրջը: Բայց կա մի բան էլ, որ հայկական կողմը պիտի պնդի. եթե համանախագահները իրավասու չեն պատիժներ կիրառել մեղավորի նկատմամբ, ապա թող հենց իրենք դիմեն ԵՄ եւ ԵԽ այն կառույցներին, որոնք ունեն այդ իրավասությունները… Եվ ապահովեն արդարադատության հաղթանակը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ 2 երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչը թույլ կտա մինչ նախագահների նոր հանդիպումը՝ պահպանել երկխոսությունը: Չնայած թե՛ Վիեննայում բանակցությունների օրը, թե՛ հաջորդ օրը ադրբեջանական զլմ-ների լրահոսին հետեւելիս նկատելի էր, որ ե՛ւ հանդիպումը ե՛ւ դրան հաջորդած հայտարարությունները Բաքվի սրտով չէին: Այս առումով աշխատում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ «հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն ու Երեւանը փոխզիջումների են տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Խնդրի կարգավորման միջնորդները կնպաստեն դրան»։

Մանրամասնելով փոխզիջումների մասին թեման՝ նա հավելել է. «Փոխզիջում հնարավոր է միշտ։ Համենայնդեպս, եթե չլիներ այդպիսի հնարավորություն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել այս ամենով։ Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնել, որպեսզի սկսենք շարժվել հակամարտության ամբողջական կարգավորման ուղղությամբ»։ Հաշվի առնելով կողմերի միջեւ առկա լարվածությունը, ըստ ռուս նախարարի, դա պետք է կատարվի փուլերով, եւ հնարավոր է՝ առաջին փուլի չափորոշիչների համաձայնեցման հնարավորությունն առկա է։

Ռուս միջնորդը նույնպես անդրադարձել է շփման գծում միջադեպերի հետաքննությանը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ

տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 1994-95թթ. համաձայնագրերով: Պայմանավորվել ենք նաեւ, որ ԵԱՀԿ-ն կձեւակերպի հստակ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաեւ կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը»:

Այստեղ հետաքրքրական է պաշտոնական Բաքվի պահվածքը՝ հանդիպումը գնահատելիս Ադրբեջանի ԱԳ նախարարը հղում է արել հենց Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարություններին:

Ըստ Էլմար Մամեդյարովի, նա համաձայն է «Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ այս բանակցությունները լավ հնարավորություն են ստեղծում հակամարտության կարգավորման վերաբերյալ քաջ հայտնի փուլային մոտեցման հիման վրա բովանդակային բանակցություններ սկսելու համար: Բանակցությունները պիտի անցկացվեն հնարավորինս արագ եւ արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց ու միջազգային հանրության ակնկալիքները՝ կապված էական արդյունքների հետ»:

Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն շարունակում է կառչած մնալ իր իսկ կողմից ամիսներ շարունակ շրջանառության մեջ դրած «Լավրովի առաջարկներ՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա» հայտարարություններին:

Սա, թերեւս, ադրբեջանական կողմի համար լավագույն միջոցն է՝ խեղաթյուրելու Վիեննայի հանդիպման արդյունքները եւ խափանելու առաջարկների (այդ թվում՝ հայկական կողմի) կիրառման հնարավորությունը, որոնք մինչ այժմ էլ հետեւողականորեն Բաքուն է խոչընդոտել:

Այս ուղղությամբ ռուսական ակտիվությունը երեւաց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից: Ռուսաստանի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը եւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Սա նշանակում է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը շոշափել է Մոսկվայի շահը, այնքան, որ հարցն արժանացել է Անվտանգության խորհրդի նիստում քննարկելու «պատվին»: Սա եւս հասկանալի է, որովհետեւ խոսքը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին է, ինչն ուղղակիորեն նշանակում է հակամարտության վրա Ռուսաստանի տասնամյակների ժանդարմության ավարտ կամ վերջին գնալու սկիզբ: Իսկ հեռանկարում եւ, ընդհանրապես, Կովկասում ռուսաստանյան ազդեցության ավարտի սկիզբը կդրվի նաեւ:

Ինչն էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ Կրեմլը կդիմադրի հրադադարի ուղղությամբ արվող քալերին: Իհարկե բացահայտորեն դիմադրել չի փորձի, որովհետեւ անտրամաբանական կլինի, եթե որեւէ մեկը՝ Ադրբեջանից բացի, բացահայտորեն հանդես գա նման մեխանիզմի դեմ: Ադրբեջանի դեպքում սա տրամաբանական է, որովհետեւ այս երկիրը հայտարարել է «օկուպացված տարածքների» մասին, այսինքն՝ հռչակել է, որ իր տարածքները պետք է ազատել հայկական ուժերից, եւ այդ իսկ պատճառով հրադադարի մեխանիզմը ստորադասում է իր հռչակած այդ խնդրին: Եվ այս առումով միայն ադրբեջանական պարագայում նման մերժումը ունի որոշակի տրամաբանություն (ինչն, իհարկե, իրականության հետ ոչ մի աղերս չունի):

Վերջին հաշվով, Բաքուն չի էլ թաքցնում իր ռազմատենչությունը, չնայած համանախագահների հետ հանդիպումներում, ինչպես ասում են, թյուրքական երեսպաշտությամբ փորձում է ներկայանալ որպես խաղաղ կարգավորման ջատագով: Բայց այս իրավիճակում բացահայտորեն մերժել կամ չհամաձայնել հրադադարի պահպանման մեխանիզմներին, հատկապես քառօրյա պատերազմից հետո, անհնար է, չի ընկալվի: Դա նվազագույնն է, որ պետք է խաղաղության կամ կայունության համար:

Եվ Ռուսաստանը, որ մինչ պատերազմը լռության էր մատնում այդ հարցը, ստիպված է իր համաձայնությունը տալ դրան: Սակայն այն, որ Պուտինը Վիեննայից հետո Արցախի հարցը քննարկում է Անվտանգության խորհրդի հետ, վկայում է, որ Ավստրիայում շոշափվել են Ռուսաստանի անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ:

Եվ այստեղ է, որ հատկանշական է Բաքվից հնչած հայտարարությունը, որի հեղինակը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն է: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը որեւէ պարտավորություն չի ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման հնարավորություններն ավելացնելու կապակցությամբ, դա ընդամենը Մինսկի խմբի համանախագահների կարծիքն է:

Այսինքն՝ Բաքուն հրաժարվում է վերջին հայտարարված պայմանավորվածություններից առնվազն մեկից, արդեն հետ է կանգնում մեկ օր անց: Կասկած չկա, որ մոտ ապագայում սկսվելու է նաեւ հրադադարի մեխանիզմի հակընդդիմությունը:

Դառնալով ռուս ԱԳ նախարարի կարծեցյալ փաստաթղթին՝ նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, թե համանախագահ երկրները հատուկ կարեւորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը: Եվ ադրբեջանական կողմից շրջանառվող «Լավրովի փաստաթուղթ» ասվածը չկա՛ իրականում. «Իմ ռուս գործընկերը անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Պարզապես կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձեւավորման, լուծումների որոնման նպատակով»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնց մասին նշվում է բոլոր միջնորդ կողմերի՝ ՌԴ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարի հայտարարության մեջ, ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:

Իրատեսակա՞ն է, որ Վիեննայի նշված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Քիչ հավանական է:

Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարեւորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Եվ Հայաստանը ո՛չ միայն խոսքով, այլեւ գործո՛վ է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը: Ինչը տրամագծորեն հակառակն է Ադրբեջանի դեպքում:

Համանախագահ երկրները բազմիցս կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին՝ անշեղորեն կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում է այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ է հանդես գալիս: Համանախագահներն անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը բազմից ընդգծվել է, այդ թվում՝ 2011 եւ 2012թթ. Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, եւ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է դրա ստեղծումը:

Նախագահները հաջորդ բանակցությունների շուրջ նույնպես համաձայնություն ձեռք բերեցին հունիսին՝ համատեղ համաձայնեցվելիք վայրում՝ համապարփակ կարգավորման հասնելու մտադրությամբ:

Թերեւս կրկնվենք, բայց պիտի նշենք, որ առանց պատժի գործիքը ունենալու, առանց այդ իրավունքի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն նման է մի միջնորդ կառույցի, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում հարաբերական անդորրը պահպանելու եւ երբեք խաղաղություն չբերելու համար:

Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լինեն հնազանդ երկրներ եւ ենթարկվեն աշխարհի գերտերությունների քմահաճույքներին: Այլապես, այս կամ այն համաշխարհային բեւեռը հակամարտ մի կողմի հետ կսանձազերծի զինված ընդհարում կամ տեղային պատերազմ, ինչը կստիպի հակամարտող բոլոր կողմերին մնալ արդեն նախագծված շրջանակներում:

Սա վտանգավոր քաղաքականություն է, քանի որ նախ՝ պարբերաբար զոհերի ու այլ կորուստների է հանգեցնում, եւ ապա՝ մի օր դուրս է գալիս համընդհանուր վերահսկողության շրջանակներից եւ դառնում լայնածավալ չարիք:

Գերտերությունները լավ գիտեն, որ ամեն բան վերահսկելի չէ, բայց ընդհանուր առմամբ տիրապետում են աշխարհի նոր վերաձեւումների ընթացքին, ինչի ժամանակ նրանց համար էական չէ, թե որ երկիրը կվերանա, որը արհեստականորեն կառաջանա, որը կմասնատվի եւ որն էլ կստանա նոր տարածքներ ու պարտավորություններ… Էական չէ, քանի որ ամեն բան կգնա նախատեսված ծրագրով:

Ընդդիմանալը դժվար կլինի (բայց միշտ հնարավոր է), ուստի՝ Հայաստանն ամեն ջանք պիտի գործադրի, որ այլեւս չլինի պետություն-գործիք այս կամ այն գերուժի ձեռքին, այլ՝ լինի գործողություններին տեղյակ կողմ՝ գործ անողների շրջանակում: Պետությունն, այսպես թե այնպես, գործիք է ազգերի հարատեւելու ճանապարհին, բայց «Հայաստանի Հանրապետություն» գործիքը այս անգամ պիտի ծառայի հայի շահերին:

Հայտնի չէ, թե ո՛ր համաշխարհային բեւեռը «պատահաբար» ինչ որոշում կկայացնի մի օր, ուստի թուրք-ռուսական կամ թուրք-արեւմտյան հարաբերություններում Հայաստանի փոխարեն այլեւս չպիտի հանդես գան կա՛մ Ռուսաստանը կա՛մ ԱՄՆ-ն ու Եվրոպան: Հայաստանն ի՛ր ձայնը պիտի ունենա, ի՛ր ասելիքն ու անելիքը եւ ի՛նքը պիտի ներկայացնի հայության շահերը:

Մենք՝ հայերս, լա՜վ գիտենք, թե այդ հանկարծակի որոշումները կամ գաղտնի պայմանավորվածությունները ինչպիսի ավարտ են ունենում այն երկրների համար, որոնք հավատալով «միջազգային հանրություն» կոչվածին կամ բարեկամ համարվող գերուժին՝ հեռու են մնում համաշխարհային (կամ տարածաշրջանային) անցուդարձերից եւ իրենց ճակատագիրը հանձնում են այլոց:

Մեզ համար վերջին նման իրողություններն են Գյուլիստանի պայմանագիրը՝ Ռուսաստանի եւ Պարսկաստան-Իրանի միջեւ, Մոսկվայի՝ ռուս-թուրքական մեծ պայմանագիրը, նաեւ՝ Սեւրի չհաստատված պայմանագիրը՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից անտեսված, ինչը նոր կյանք տվեց թուրքական արդեն գրեթե չգոյ պետությանը, որի շուրջ համաձայնության եկան մեզ ցավակցող Արեւմուտքն ու բարեկամ Ռուսաստանը՝ 1919թ. Մուդրոսում:

Այս ամենը պիտի թողնել անցյալում եւ հաղթահարել:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։