Հաղթական անցյալ, որ պարտադրում է հարատեւման ընթացք – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները փառաբանում են մայիսի 28-ի խորհուրդը

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները մայիսի 28-ի վաղ առավոտյան այցելեցին Սարդարապատ, ապա Եռաբլուր: Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմի ծես կատարեց՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված նվիրյալ բոլոր հայորդիներին:

Շուտով կբոլորի 1 դարը պատմական այն օրվա, երբ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ  Հանրապետության ստեղծման մասին:

Շուրջ 6 դար անկախ պետականությունից, կազմակերպվածությունից զուրկ հայությունը 1918-ի մայսիսի 28-ին ստեղծեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը՝ հիմք դնելով հայոց պետականության վերականգնման գործին եւ հայոց պատմության շարունակականության պահպանությանը:

Արդեն հանրահայտ է, թե ինչպես ծնվեց ու կյանքի մեջ մտավ մեր պետականությունը հայ նվիրյալների կամքով ու հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: Դժվար էր հարյուրամյակներ անց, թշնամիներով շրջապատված իրականացնել պետականության պաշտպանությունը, այն էլ Հայոց ցեղասպանությունից հետո, անտուն ու անպաշտպան հայության մի մասնիկով, որ ծվարել էր հայրենի բնօրրանի մի անկյունում…  

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը կործանվեց արտաքին ու ներքին թշնամիների ջանքերով, սակայն այլեւս վերականգնված էր հայոց անկախության եւ պետականության վերահաստատման ընթացքը… Հայաստանի Հանրապետությունը վերածվեց Խորհրդային Հանրապետության (2-րդ Հանրապետություն), ապա՝ նորից Հայաստանի Հանրապետության (3-րդ Հանրապետության)՝ Արցախի եւ այլ ազատագրված տարածքների հետ միասին:

1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի նպատակն ու ուժը, ինչը չկոտրվեց անգամ թուրք-մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղաշրջման ժամանակԵվ որպես հարատեւման ուժ փոխանցվեց խորհրդայնացվող Հայաստանին

Ներքին արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, որը որպես Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքի գործընկեր՝ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցն էլ լուծեց վրաց-ադրբեջանական եղբայրության օգտին…

Բայց Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե չլիներ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարը, ով իր Սյունյաց զորքով միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ… Եվ Զանգեզուրը մնաց հայկական ու Հայաստանի կազմում:

Այս օրերին խորհրդանշական դարձավ Գարեգին Նժդեհի արձանի բացումը Երեւանում: Ինչը ոչ միայն այդ փառահեղ ժամանակաշրջանն է հիշեցնում, այլեւ նոր սերնդին պարտադրում է մշտական ու վերջնական հաղթանակի:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների, այդ թվում Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա առթիվ, որն այսօրվա մեր պետականության նախահիմքը դարձավ:

Փա՛ռք հանուն պետականաշինության, հայրենատիրության ու ազգային նպատակների համար նահատակված ու մարտնչած բոլոր քաջերին: Հավերժ փա՛ռք նաեւ ազգի մերօրյա նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող մարտիկներին:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

28.05.2016թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։