Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում… Հայաստանի Հանրապետության հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում… Արեւմտյան Հայաստանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում

«Օլիմպավան»-ում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հ/կ գործադիր կոմիտեի նիստ՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Օրակարգի հաստատումից հետո քվեարկությամբ գործկոմի նոր անդամ է նշանակվել Էդվարդ Բաբախանյանը, ով փոխարինելու է այս պաշտոնում Ալֆրեդ Հավանին: Նիստի մեկնարկին քննարկվել է ՀԽՀԿ-ի կանոնադրության փոփոխությունների եւ լրացումների նոր խմբագրությամբ տարբերակը ու դրա հետ կապված նիստի մասնակիցների որոշ բանավոր առաջարկները:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում՝ 2017թ. սեպտեմբերի 3-ին: Առաջարկը ընդունվել է բոլոր ներկաների կողմից, քվեարկությամբ անցել է միաձայն: «Սա պատմական որոշում կլինի՝ մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է ՀԽՀԿ նախագահը:

Որոշում է կայացվել նաեւ, որ Համահայկական 2-րդ  ձմեռային խաղերը կանցկացվեն 2018թ. փետրվարին՝ Ծաղկաձորում:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարեւորության մասին ելույթ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Երեւան), գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երեւան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):

Քննարկվել են նաեւ Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքներին առնչվող խնդիրները, լուծման տարբերակները: Ակնկալիք կա, որ այս խաղերը Արցախի տնտեսության զարգացման նոր հնարավորություն կստեղծեն:

Հայաստանի հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում

Ֆուտբոլի մեր ազգային թիմը նախապատրաստվում է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցելու է եվրոպական երկրների հետ, բայց որոշում եղավ՝ ընտրական խաղերից առաջ ուժերի վերջին փորձարկումները անցկացնել ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2 ներկայացուցիչների՝ Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի հետ: Խաղերը կայացան ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, եւ հայ ֆուտբոլիստներին աջակցել են հազարավոր հայեր: Աջակցությունն էլ ավելի մեծ կարող էր լինել, եթե Հայաստանի հավաքական հրավիրվեր նաեւ Յուրա Մովսիսյանը, ով իր ֆուտբոլը սկսել էր խաղալ հենց Կալիֆորնիայում եւ տեղի հայկական համայնքում մեծ հեղինակություն է վայելում: Այժմ էլ նա ամերիկյան թիմում է խաղում, որտեղ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»-ից: Սոցկայքերից կարելի էր ենթադրել, որ նա լավ մարզավիճակում է եւ հավաքական չհրավիրվելը մեծ դժգոհություն է առաջացրել տեղի հայերի շրջանում:

Հայաստանի հավաքականը 24 ֆուտբոլիստներով է մեկնել ԱՄՆ: Վարուժան Սուքիասյանն ազգային թիմ է հրավիրել ներքին առաջնությունում հանդես եկող միանգամից 15 ֆուտբոլիստների՝ կրճատելով լեգիոներների թիվը: Կրկին հավաքական չեն հրավիրվել Գեւորգ Ղազարյանը եւ Յուրա Մովսիսյանը, Հրայր Մկոյանը եւ Կառլեն Մկրտչյանը ակումբային ելույթների պատճառով չեն մեկնել ԱՄՆ: Առաջնության վերջին 9 հանդիպումներում միայն 1 հաղթանակ տոնած «Փյունիկ»-ից հավաքական է հրավիրվել ոչ ավել, ոչ պակաս 8 ֆուտբոլիստ: Իսկ ահա չեմպիոն «Ալաշկերտ»-ը եւ փոխչեմպիոն «Շիրակ»-ն ընդամենը 1-ական ներկայացուցիչ ունեն հավաքականում: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Փյունիկ»-ի դարպասապահ Անատոլի Այվազովը, ով երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահն է:: Նա փոխարինել է «Արարատ»-ը ներկայացնող Գեւորգ Պրազյանին:

Հայաստանի հավաքականը Գվատեմալային հաղթեց 7:1 խոշոր հաշվով, ինչը մեր հավաքականի ամենախոշոր հաշվով հաղթանակը դարձավ: Երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլեւ 5 եւ 6 գնդակ։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 1 խաղում 3 գոլ խփել ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս էլ, Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Հիշեցնենք, որ Գվատեմալայի հավաքականը վերջին 16 տարիներին ՈւԵՖԱ-ի անդամ որեւէ երկրի հետ չի հանդիպել, իսկ 16 տարի առաջ գվատեմալացիների մրցակիցը ընկերական խաղում եղել է դարձյալ Հայաստանի հավաքականը (1:1): Ռեկորդներից զատ եղան նաեւ այլ իրադարձություններ։ Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը եւ Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։

Հաջորդ խաղում Հայաստանի ընտրանին վստահ՝ 4:0 հաշվով հաղթեց արդեն Սալվադորի ազգային թիմին, որը խաղային փորձով եւ մակարդակով գերազանցում է Գվատեմալային: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո մրցակցի պաշտպանը ակամայից գրավեց սեփական դարպասը: Քիչ անց մեր եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սուր անկյունից կրկնապատկեց հաշիվը: Ընդմիջումից հետո սալվադորցիները սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել եւ փորձեցին վերականգնել հավասարակշռությունը, սակայն մեր հավաքականը սուր հակագրոհների օգնությամբ եւս 2 գոլ խփեց (աչքի ընկան Տիգրան Բարսեղյանն ու փոխարինման մտած Գեղամ Կադիմյանը):

Արեւմտյան Հայաստանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 12 այլ  երկրների շարքում մասնակցում է միջազգային ֆուտբոլի կառավարող մարմնի՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված՝ չճանաչված երկրների աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությանը: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը եղավ մայիսի 28-ին՝ Վրաստանից անջատված Աբխազիայի Հանրապետությունում: Այս մրցաշարը Անկախ ֆուտբոլային ընկերակցությունների համադաշնության (ConIFA) հովանու ներքո է, որի կազմում միջազգայնորեն չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններ են, ինչպիսիք են՝ Աբխազիան, Հյուսիսային Կիպրոսը, Քրդստանը, Փենջաբը, ինչպես նաեւ քիչ հայտնի ժողովուրդներ, տարածքներ ու կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Չագոս կղզեխումբը, Պադանիան, Ռաեթիան, Սապմին, Սոմալիլենդը, Ռոմանի ժողովուրդը (գնչուները), Ճապոնիայում կորեացիների միացյալ կազմակերպությունը:

4 խմբերում ընդգրկված 3-ական թիմերի առաջնությունը մեկնարկեց մայիսի 29-ին՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում եւ կավարտվի հունիսի 5-ին: Արեւմտյան Հայաստանը ընդգրկված է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են տանտերերը՝ Աբխազիան եւ Չագոս կղզեխումբը (Հնդկական օվկիանոսում Մալդիվներից հարավ գտնվող 7 ատոլներից կազմված կղզեխումբ):

2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում  մասնակցել էր ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված՝ չճանաչված երկրների աշխարհի գավաթի 1-ին խաղարկությանը՝ 12 մասնակիցների շարքում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 1-ին եւ 2-րդ խմբային փուլերում՝ հաղթելով Դարֆուրի (12:0) եւ Սապմիի հավաքականներին (5:1):

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը անդրանիկ պատմական ու աննախադեպ հաղթանակը տոնեց աշխարհի 2-րդ առաջնությունում՝ 12:0 հաշվով հաղթելով Չագոսին (նախորդ առաջնությունում Արցախը եւս նորամուտը սկսել էր 12:0 հաշվով՝ Դարֆուրի նկատմամբ):

Ինչպես տեղեկանում ենք ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի ֆեդերացիայի ֆ/բ էջից եւ մրցաշարի ընթացքը լուսաբանող sputnik-abkhazia.ru կայքից, հայկական հավաքականը աշխարհի առաջնությունում ելույթ է ունենում Երեւանի Արարատի նախկին խաղացող Վահե Յաղմուրյանի ղեկավարությամբ: Մարզիչը հայտնում է, որ իր ղեկավարած ընտրանու կազմում մրցավայր՝ Աբխազիայի մայրաքաղաք են եկել աշխարհի տարբեր ծայրերեից հրավիրված սփյուռքահայ 17 ֆուտբոլիստներ, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Լիբանանից, անգամ՝ Աբխազիյաից: Վերջինիս թվում է «Աֆոն» ՖԱ-ի պատվիրակ Արմեն Կապիկյանը: Մեծ թվով ֆուտբլիստներ են հրավիրված, հատկապես Երեւանի «Արարատ»-ից, իսկ թիմի դարպասը պաշտպանում է ՀՀ նորընծա չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ի դարպասապահ Լեւոն Մինասյանը:

1-ին խաղում հայ ֆուտբոլիստները 12:0 (4:0) հաշվով ջախջախեցին Չագոսի հավաքականին: Հանդիպման հերոս դարձավ խաղադաշտում եղած 55 րոպեներին 6 գոլ հեղինակած (4-րդ , 20, 30, 35, 46, 54) րոպեներին) Երեւանի «Արարատ»-ի 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Ղանդիլյանը, ով սկսեց գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Բացի այդ՝ դուբլի հեղինակ դարձավ Արմեն Կապիկյանը (60ր., 82ր), 1-ական գոլ էլ գրանցեցին Թամազ Ավդալյանը (56ր.), Ռուսլան Տրապիզոնյանը (65ր.), Վահե Մարտիրոսյանը (70ր) եւ Հրաչ Յագանը (74ր՝ 11մետր.):

Աբխազիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավելությամբ՝ 1:0, բայց Չագոսի կղզիների հավաքականին 12:0 հաշվով հաղթելու արդյունքում Արեւմտյան Հայաստանի հավաքականը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլի ուղեգիր են նվաճում լավագույն արդյունք ցուցաբերած 2 հավաքական:

Հ.Գ. – Արեւմտյան Հայաստանի հավաքականը` սկանդալի կենտրոնումՀայաստանցի եւ սփյուռքի հայ ֆուտբոլիստներից ձեւավորված Արեւմտյան Հայաստանի հավաքականը Աբխազիայում ընթացող չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է հայ ֆուտբոլասերների ֆեյսբուքյան էջը, Փենջաբի հավաքականի հետ քառորդ եզրափակիչ հանդիպման վերջում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Հավելենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 2:3 հաշվով եւ դուրս մնացել մեդալների համար պայքարից:

- Հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դասակարգման աղյուսակը՝ Արգենտինա – 1503 միավոր, 2. Բելգիա – 1384, 3. Կոլումբիա – 1328, 4. Գերմանիա -1310, 5. Չիլի– 1293, 6. Իսպանիա – 1267, 7. Բրազիլիա -1257, 8. Պորտուգալիա – 1181, 9. Ուրուգվայ – 1150, 10. Ավստրիա – 1077, 19. Ուկրաինա – 894, 22. Ռումինիա – 878, 27. Լեհաստան – 842, 29. Ռուսաստան – 828, 38. Դանիա – 697, 66. Ուզբեկստան – 544, 78. Բելառուս– 442, 90. Մոնտենեգրո – 382, 94. Էստոնիա – 360, 104. Լատվիա – 330, 110. ՀԱՅԱՍՏԱՆ – 315, 111. Ղրղզստան– 313, 112. Ղազախստան– 312, 127. Լիտվա – 282, 134. Թուրքմենստան – 264, 137. Վրաստան – 260, 159. Մոլդովա – 165, 164. Տաջիկստան – 150…

Հայ մարմնամարզիկները գերազան մասնակցություն ունեցան

Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացավ մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը: Նժույգթափերում աշխարհի 2015թ. բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը հավաքեց 15,366 միավոր:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Հենացատկերի վարժությունում նա հավաքելով 15,316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ այս տարի մարտին Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հաղթել էր բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարում: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15,633 միավոր եւ նույնպես հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաջող հանդես եկավ նաեւ Արթուր Ավետիսյանը, ով օղակներով վարժությունում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ հռչակվեց փոխչեմպիոն: Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճեցին 4 մեդալ՝ 1 ոսկե, 3՝ արծաթե:

Եվս 2 օլիմպիական ուղեգիր՝ աթլետիկայից

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լեւոն Աղասյանը, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է: Աղջիկների 200 մ վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23,16 արդյունքով:

Մինչ այս Հայաստանն արդեն ուներ Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը եւ վազորդ Դիանա Խուբեսերյանը:

– Հայաստանի 2-րդ քաղաքի՝ Գյումրու թեթեւ ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները փայլուն մրցելույթներ են ունեցել Հայաստանի առաջնությունում: Գյումրեցի ատլետները նվաճել են 10 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ խաղարկվել է մեդալների 35 հավաքածու: Մարզիչները գոհ են իրենց սաների արդյունքներից: Վստահեցնում են ցույց տված արդյունքներն ավելի բարձր կլինեն, եթե մարզումային ավելի հարմար պայմաններ ունենան:

Գասպարյան-Կուզնեցովա զույգը կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը իր զույգի` Սվետլանա Կուզնեցովայի հետ միասին դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլ: Նրանք կարողացել են 6:2, 6:4 հաշվով պարտության մատնել Չինաստանը ներկայացնող Սյու Իֆան-Չժեն Սանսայ զույգին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

«Ռոլան Գարոսի» զուգախաղերի եզրափակիչ դուրս գալու համար Գասպարյան-Կուզնեցովա զույգը ռակետը կխաչաձևի կամ Ֆրանսիայի ներկայացուցիչներ Կարոլին Գարսիայի և Քրիստիանա Մլադենովիչի, կամ հոլանդուհի Կիկի Բերտենս և շվեդուհի Յոհաննա Լարսոն զույգերի հետ:

Հաղթողները պարգեւները ստացել են անձամբ նախարարից

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ներկա է գտնվել Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում անցկացված գեղասահքի Հայաստանի բաց առաջնության վերջին օրվան եւ դիտել մասնակիցների ցուցադրական ելույթները: Նախարարն անձամբ է պարգեւատրել առաջնության հաղթողներ Անաստասիա Գալուստյանին եւ Սլավիկ Հայրապետյանին: Պարային զույգերի պայքարում հաղթած Թինա Կարապետյան – Սայմոն Պրու Սենեկալ զույգին մեդալները հանձնել է քաղաքապետը։

ՀՀ գեղասահքի ֆեդերացիան «Ֆեդերացիային ցուցաբերած պատրաստակամության եւ աջակցության համար» հատուկ շնորհակալագրեր է հանձնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նշեք, որ Հայաստանի բաց առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայազգի 45 գեղասահորդներ: Առաջնությունը տեւել է 2 օր՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը:

1 ոսկի եւ 1 արծաթ՝ Վլադիվոստոկից

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում մայիսի 28-29-ին անցկացվեց «Յուրի Պոտապովի հուշամրցաշար»-ը, որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից: Թվով 16-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելոռուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից:

Ուրախալի է, որ մեր մարզիկներից 2-ը հասան հաջողության. ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում լավագույնն էր, ում պատվին էլ հնչեց մեր երկրի օրհներգը, ծածանվեց հայոց եռագույնը:

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը խաղալով ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Գյունայ Մամազադայի հետ՝ պարտության մատնեց: Հաղթանակ տոնեցին նաեւ Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանը կես միավոր վաստակեց:

Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով բաժանում է 2-13-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով 10-րդն է: Մարիա Կուրսովան 4 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը վաստակել են 2,5 միավոր եւ բաժանում են 83-86-րդ տեղերը: Այս շախմատիստուհիները արդեն բավականին ետ են մնացել առաջատարներից, ուստի պետք է աշխատեն գոնե բարձրացնել իրենց վարկանիշը:

Հ.Գ. – Մեր շախմատիստուհիները հաջող հանդես եկան 7-րդ փուլումՌումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան հերթական խաղերը: Հայաստանի շախմատիստուհիները հաջող հանդես եկան այս փուլում: Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար շոտլանդացի Կեթեւան Արախամիա-Գրանտի եւ լիտվացի Դեյմանտե Դաուլիտեի հետ: Իսկ ահա միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթեցին իրենց մրցակիցներին՝ մասնավորապես ռումինացի Միխաելա Սանդուին եւ վրացուհի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Մկրտչյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը: Վաղը կայանալիք 8-րդ թուլում մեր հավաքականի 2-րդ համարը սպիտակներով կմրցի ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ: Մարիա Կորսովան կես միավոր քիչ ունի եւ առայժմ ընթանում է 19-րդ հորիզոնականում: Նրա հաջորդ մրցակիցը վրացուհի Մերի Արաբիձեն է: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը 3,5-ական միավորով բաժանում են 70-71-րդ տեղերը: Առաջինին բավականին լուրջ մրցակից է բաժին հասել՝ հանձինս ռուսաստանցի գրոսմայստեր Օլգա Գիրյայի, իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոնը ուժերը կչափի ռումինուհի Ելենա-Լումինիցա Կոսմայի հետ:

Երեւանի շախմատի առաջնությունը մտնում է հունի մեջ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած Երեւանի 87-րդ առաջնությունում կայացել են առաջին երեք տուրերի հանդիպումները: 3 հնարավորից վաստակելով 3 միավոր` աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ Քալաշյանը: Շանթ Սարգսյանը և Սարգիս Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք կնվաճեն մասնակցելու Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարին:

Աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին կխաղա Երեւանում

«Կազմակերպչական բոլոր խնդիրներն արդեն լուծված են, քանի որ երկար ժամանակ է, որ պատրաստվում ենք մրցաշարին: Եթե մասնակիցներից որեւէ մեկը մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ ունենա, ապա այդ հարցին էլ արագ լուծում կտրվի: Մենք լիովին պատրաստ ենք առաջին անգամ Հայաստանում կազմակերպելու շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը»,- ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Նաեւ հայտնեց, որ հունիսի 4-14-ը Երեւանում կայանալիք շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությանը կմասնակցեն 18 երկրների 93 շախմատիստ, որոնցից 75-ը արտասահմանից են, իսկ մնացածը՝ Հայաստանից:

«Մրցաշարը բավականին բարձր վարկանիշ ունի, քանի որ 13 հոգի գրոսմայստեր են, 10-ը՝ միջազգային վարպետ: Մասնավորապես՝ մրցաշարին հայտավորվել է կանանց շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին, ինչպես նաեւ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, ով վարկանիշով 1-ին տեղում է»,- նշել է ՀՇՖ գլխավոր քարտուղարը:

Նման մրցաշարի կազմակերպումը ծախսատար չէ, բոլոր մասնակիցներն իրենք են կատարելու իրենց ծախսերը, բացի այդ, նրանք որոշակի կազմակերպչական վճարներ են անում: Իսկ Շախմատի տան վարձակալման համար էլ կազմակերպիչները մեծ գումարներ չեն ծախսելու:

Որակազրկման մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա

Օրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ծանրամարտի աշխարհի 2010թ., Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը եւ Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են եւ չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ի պատասխան վերը նշված հրապարակումներին՝ ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը ներկայացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը: «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետեւում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա: Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»,- ասել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցի հետ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ), մամուլի ասուլիսի ձեւաչափով հանդիպել է մրցակցի` նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի (15-1, 8 նոկաուտ) հետ: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Ավելի վաղ Արթուր Աբրահամը տեղեկացրել էր, որ իր նպատակը կրկին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է եւ որ դրանով ինքը կարող է ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից: Հիշեցնենք, որ Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

Մահացել է հանրահայտ Մուհամմեդ Ալին

75 տարեկանում մահացել է բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մուհամմեդ Ալին: Լեգենդար մարզիկի մահվան լուրը հաստատել է ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գաննելլը: «32 տարի պայքարել է Պարկինսոնի հիվանդության դեմ: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացել է երեկ երեկոյան»,- ասել է նա: Ալին գտնվում էր հիվանդանոցում (Արիզոնա նահանգ): Նշվում է, որ նա չորեքշաբթի տեղափովել էր հիվանդանոց շնչառական օրգանների հետ կապված խնդրով: Ալիի վիճակը գնալով վատացել է:

Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթeu ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ): 1974թ. մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) եւ Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990):
Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ: Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերիմիջեւ տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաեւ նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները: Նա իր կարիերայի ընթացքում 61  մարտ է անցկացրել, որից 56-ն ավարտվել է հաղթանակող (37-ը` նոկաուտ): Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008): 1999թ. «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»:

Մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից

8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերներ հավաքվելու են Տաթեւում: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթեւում մասնակցելու BASE Fest միջոցառմանը:

Այն  առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից: 6-օրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին:

Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։