Երեւանը՝ վստահելի գործընկեր միջազգային ասպարեզում… Լավ է, որ տարբեր ենք – Երեխաների տոնը քաղաքապետի հետ՝ կենդանաբանական այգում…

Երեւանը՝ վստահելի գործընկեր

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բանկի Հարավային եւ արեւելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Կարեւորելով բանկի հետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես արդյունավետ է. «Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, իսկապես արդյունավետ են ու կարեւոր Երեւանի համար: Վստահ եմ, որ արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանա, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ:

Բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի ծրագիրը: Առաջիկայում կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը: Ու ես համոզված եմ, որ մեր համագործակցության շրջանակներում իրականացվող եւ նախատեսված բոլոր ծրագրերը կիրականացվեն ժամանակին ու պատշաճ որակով»:  

Հայնց Օլբերսն էլ կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է Երեւանի հետ փոխգործակցությունից, որը ոչ միայն արդյունավետ, նաեւ սահուն ընթացք է ունեցել. «Երեւանը վստահելի գործընկեր է, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք շարունակել այս համագործակցությունն այլ ուղղություններով եւս, ինչն իր հերթին ամենախոսուն ապացույցն է, որ բանկի համար Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի եւ կարեւոր գործընկեր է: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ եւս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում են»:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ աղբի վերամշակման մրցույթի փաթեթի պատրաստման, էլեկտրատրանսպորտի արդիականացման, բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման, ջրամատակարարման ծրագրերին առնչվող հարցեր:

Անի Մարության

Լավ է, որ տարբեր ենք

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կենդանաբանական այգում լրագրողների հետ անկեղծացել էր. «Անկեղծ ասած, երեխաների տոնը ես համարում եմ անխտիր բոլորիս տոնը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա:

Ու հատկապես հայերիս դեպքում այս զգացողությունն առավել ընդգծված է, քանի որ մենք՝ որպես ծնող, երբեք չենք դադարում հոգ տանել մեր երեխաների մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեր երեխան ինքն է ծնող ու իր զավակներն ունի: Իմ խորին համոզմամբ, սա մեր ազգային այն լավագույն առանձնահատկություններից մեկն է, որը, հուսամ, երբեք չենք կորցնի…»:

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։