Գազախաղ.- 9,3 դրամով էժանացում՝ ինքնասիրության հաշվին – Ինչու՞ հենց ա՛յս պահին, երբ Հայաստանում կտրուկ ավելացան հակառուսական տրամադրությունները…

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը։

Դեռ  2016թ. ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորների ծառայության մատուցման, բաշխման եւ փոխադրման սակագների վերանայման հայտերով։

Սակագների վերանայման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» եւ «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին 2016թ. ապրիլի 7-ի արձանագրություններով, համաձայն որոնց՝ ՀՀ ներկվող բնական գազի գինը 2016թ. ապրիլի 1-ից կազմում է 150 ԱՄՆ դոլար հազար խմ-ի դիմաց՝ գործող սակագների հաշվարկներով նախատեսված՝ հազար խմ-ի դիմաց 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:

ՀԾԿՀ-ն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 146.700 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2016թ. հուլիսի 1-ից, եւ շարքային սպառողները 1 խմ գազի համար նախկին 156 դրամի փոխարեն կվճարեն 146.7 դրամ։ Իսկ ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվեց 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն։  

Ընթերցողներն, անշուշտ, կհիշեն, որ վերջին տարիներին գոնե մի երեք անգամ քննարկվել է այն հարցը, որ գազը հնարավոր է էժանացնել: Տարբեր բանախոսներ տարբեր պատճառաբանություններ էին բերում, ընդ որում՝ հիմնավորված: Բայց գազը չէր էժանանում այն պատճառաբանությամբ, որ գազի տերը՝ ռուսական կողմը սակագինը չի նվազեցնում: Հասկանալի է՝ «ապրանքն իմն է, ինչ գնով կուզեմ, կծախեմ» տարբերակով:

Հայկական կողմը չփորձեց անգամ իրանական կողմի հետ բանակցություններ վարել (կամ գոնե այդպես ասվեց) այլընտրանքային գազ եւ սակագին ունենալու համար: Հասկանալի է՝ ռազմավարական համարվող դաշնակցին չնեղացնելու քաղաքականություն էր վարվում: Իսկ եթե իրանական կողմի հետ բանակցություններ վարել ենք ու այդ մասին չի հանրայնացվել, նշանակում է՝ կամ իրանական կողմը ամենեւին էլ այլընտրանքային սակագին չի առաջարկել կամ էլ ինքն է համաձայնության եկել ռուսական կողմի հետ էժան սակագին չառաջարկելու: Համենայնդեպս, թե այս տարիներին ինչ կատարվեց գազի գնի շուրջ վարագույրների հետեւում, թերեւս միայն բանակցողները գիտեն:

Բայց հանկարծ որոշվեց գազի գինն էժանացնել ու երբ՝ 2016թ. ապրիլի 7-ի արձանագրություններով, ասել կուզի՝ թյուրքի նախաձեռնած քառօրյա ապրիլյան պատերազմից հետո: Կամ որ ավելի պարզ՝ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում կտրուկ ավելացան հակառուսական տրամադրությունները:

Ես իմ էությամբ հակառուս չեմ, հակաեվրոպացի էլ չեմ, ընդհանրապես հակա չեմ (բացառությամբ՝ հակաթյուրքը), ոչ էլ ռուսամետ եմ կամ եվրոպամետ: Հավանում եմ այն որոշումները, որոնք հանուն իմ երկրի եւ պետության են եւ ճիշտ հակառակը՝ ընդդիմանում այն որոշումներին, որոնք իմ երկրի ու իմ պետության դեմ են:

Բայց ապրիլյոթյան արձանագրությունները աչքս մտած կրկին փաստում են, որ գազի գինը չի կարգավորվում տնտեսական մեխանիզմներով եւ այն բացառապես քաղաքական գործընթացների հետեւանք է:

Իսկ որոշ տնտեսագետների հիմնավորումներին թույլ տվեք լրջորեն չվերաբերել. նրանք երբ ուզում աճ, երբ ուզում՝ հետաճ են ցույց տալիս, երբ ուզում են՝ Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների անհրաժեշտություն, երբ չեն ուզում՝ անպիտանիություն են ցույց տալիս: Սա է վկայում տարիների իմ մասնագիտական փորձը: Բայց եթե ավելի մեղմ լինեմ ու փորձեմ տնտեսագետներին չվիրավորել, ապա աշխարհում վաղուց տնտեսությունները տնտեսական գործիքներով չէ որ կառավարվում են: Տնտեսաքաղաքականությունն ինքն է պայմանավորում քաղաքական ու աշխարհաքաղաքական ծավալումներ:

Այնպես որ, երբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ,- գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշում է, որ սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումը առավելագույնն է, որ կարող էր անել ընկերությունը, թույլ տվեք ականջիս կողքով անցկացնել։

Որովհետեւ ապրիլյոթյան արձանագրություններից հետո գազի 9.3 դրամ էժանացումը մի տեսակ իմ՝ ՀՀ քաղաքացուս, իմ՝ հայի տեսակիս ազգային ինքնասիրության հաշվին եղավ:…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։