Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական «մեսիջներ» Սերժ Սարգսյանից՝ ԵՏՄ-ին – Եվրասիականները ձեւ էին բռնել, թե իրենց կազմում Հայաստանի ձայնը լսելի չէ, բայց ստացան բռնած ձեւի հակառակ պատասխանը…

…Մի բան հստակ է – մեզ հարգում են, երբ մեզ հարգում ենք…

Միանգամից ասեմ՝ չէի ուզում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկներ Աստանա՝ ԵՏՄ նիստին մասնակցելու, որպեսզի դա պատասխանը լիներ Ղազախստանի նախագահին՝ Երեւան չգալու համար: Հետո Երեւանում անցկացված նիստը նիստ չեմ համարում, այլ՝ ձեւական մի բան, որ սրտի մխիթարանք էլ չեղավ: Բայց երբ ծանոթացա Սերժ Սարգսյանի ելույթին՝ Աստանայում արված, հասկացա, որ ճիշտ է արել՝ գնալով: Որովհետեւ այդ նիստին մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները, եւ մեր նախագահի ելույթը գուցե նաեւ մի տեսակ գցել է նրանց տրամադրությունը:

Ասեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ է ունեցել՝ ռազմաքաղաքական եւ տնտեսաքաղաքական  «մեսիջ» հղելով: Չնայած, այն բնավ էլ «մեսիջ» չէր՝ դիվանագիտական լեզվամտածողությամբ ասելիքի տեսանկյունից: Հստակ խոսք էր՝ առանց ավելորդ արարողակարգային շրջապտույտների:  

Նախ՝ սկսենք տնտեսաքաղաքականից: «Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների եւ գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի եւ ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարեւոր գործոն է արտադրության շղթայում եւ դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,-ասել է ՀՀ ղեկավաարը:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասել է, որ ԵՏՄ-ի մաս ՀՀ-ում նավթն ու գազը մի քանի անգամ թանկ են, քան ԵՏՄ-ի մեկ այլ մասեր ՌԴ-ում եւ ՂՀ-ում: Եթե սրան էլ հավելենք այն, որ ԵՏՄ-ի մաս դառնալով՝ ՀՀ-ն այլ երկրների հետ առեւտրի սահմանակփակումներ ունեցավ, ապա ստացվում է՝ ՀՀ-ն կրկնակի տուժեց. ոչ կարողանում է ռուսական շուկա դուրս գալ, որովհետեւ, ասենք, թանկ գազի պատճառով արտադրանքն անմրցունակ է, ոչ էլ կարողանում է այլ երկրների հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, քանզի ձեռքերը մի տեսակ կապված են: Ասել կուզի՝ ինտեգրացիայի առավելությունները դեռ չենք զգում:

Շարունակենք հաջորդ մեսիջից՝ ռազմաքաղաքականից: «Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում եւ զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության եւ անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին եւ կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության եւ երկպառակության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ եւ շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաեւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, եւ տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»,-սա ՀՀ նախագահի ելույթի վերջն էր:

Կրկին ըստ էության: Նա առավել քան բաց տեքստով շեշտել էր, որ Արցախում խաղաղությունն է այն գրավականը, որով ԵՏՄ-ն կդիտվի տնտեսական կայունության գոտի միջազգային գործընկերների կողմից: Բաց տեսքտով մեկ այլ բան էլ ասաց, որ Բաքուն է խնդրել Մոսկվային զինադադարի խնդրանքով: Ճիշտ է, Արցախը ԵՏՄ անդամ չէ, բայց եթե Արցախը վտանգված է, Հայաստանն անմասն մնալ չի կարող: Ուրեմն՝ կամ Արցախին հանգիստ եք թողնում, կամ միջազգային հարթակների համար ԵՏՄ-ն մնում է անկայուն տարածք: Այնպես որ…

Այնպես որ եթե ԵՏՄ-ն ձեւ էր բռնել, թե իր կազմում Հայաստանի ձայնը լսելի չէ, ստացավ իր բռնած ձեւի պատասխանը: Պատասխան, որ լսեց աշխարհը: Ի՞նչ հետեւանքներ կունենա սա, կարող եմ եւ դրական եւ բացասական ենթադրություններ անել: Բայց մի բան հստակ է: Մեզ հարգում են, երբ մեզ հարգում ենք:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Մի բան էլ ավելացնեմ: Սերժ Սարգսյանի Աստանայի ելույթն ինձ դուր եկավ, եւ ես դա չթաքցրեցի: Գործընկերներիցս շատերը խորհուրդ տվեցին լռել, քանզի կարժանանամ «սերժատյացների գրոհին»: Պատկերացնում եք, այսպես էլ ասացին: Գործընկերներիս խորհուրդ տվեցի հանգիստ մնալ, որովհետեւ իմ՝ լրագրողիս սկզբունքն է՝ լավ քայլին՝ լավ գնահատական, վատին՝ վատ, սիրում եմ քննարկել, խոսել, հակառակ տեսակետը լսել, բանավիճել, բայց ընդհանրապես տարատեսակ «ատյացների գրոհներին» վաղուց չեմ պատասխանում, որովհետեւ եթե ազատ ժամանակ եմ ունենում, գիրք եմ կարդում՝ ոչ վիրտուալ տիրույթում:

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։