Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Արթուր Աբրահամի խոսքը՝ Գերմանիայի Բունդեսթագին… Աբխազ ոստիկաններն ընդդեմ Արեւմտյան Հայաստանի հավաքականի… Թավրիզի ադրբեջանցի ֆաներն ընդդեմ հայ ֆուտբոլիստի… Հայուհին ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով՝ Էվերեստի գագաթին… Այլ լուրեր…

Արթուր Աբրահամի խոսքը՝ Գերմանիայի Բունդեսթագին

Գերմանիայում մի քանի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել՝ իր հպարտությունը հայտնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար։ «Արմենպրես»-ին Արթուր Աբրահամի մամուլի խոսնակի փոխանցած հայտարարության մեջ նշված է. «Ես՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպատ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Մենք՝ Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար:

Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաեւ ռինգը: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ եւ պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար: Միշտ եւ ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ՝ Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»:

Աբխազ ոստիկանները չարաշահեցին իրավունքները

Աբխազիայի  «Դինամո» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը, Արեւմտյան Հայաստանի եւ Փենջաբի հավաքականների խաղի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ. հնդիկ ֆոտբոլիստը հարվածեց հայ ֆուտբոլիստ Րաֆֆի Կայային, որից հետո հավաքականի ֆուտբոլիստները անցան ձեռնամարտի։ Դաշտ մտած ոստիկանները իրավիճակը կարգի հրավիրելու փոխարեն սկսել են մասնակցել կռվին՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա՝ հարվածելով ֆուտբոլիստներին եւ ոլորել նրանց թեւերը։ Լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են Աբխազիայի ոստիկանության տեղակալ գնդապետ Վյաչիսլավ Ջուգելիային, ով գտնվելով դեպքի վայրում, ոչ միայն միջոցներ չի կիրառել կանխելու համար, այլեւ ինքն է մասնակցել կռվին։ Աբխազական զլմ-ները հուսով են որ ղեկավարությունը արժանի գնահատական կտա տեղի ունեցածին եւ աշխատանքից կհեռացնեն փոխոստիկանապետին, ու վերջինս ներողություն կխնդրի ֆուտբոլիսներից եւ երկրպագուներից։ Մենք հակված ենք կարծելու, որ սա հիշյալ ոստիկանի կողմից պատվերի կատարում էր… կամ թուրքական կամ ռուսական, որպեսզի Արեւմտյան Հայաստանի թիմը չկարողանա հաղթել մրցաշարում, ինչպեսեւ՝ խուսափի հետագա մրցելույթներից:

Արեւմտյան Հայաստանի թիմին հովանավորում է Երեւանի «Արարատ»-ի բաժնետեր Վարդան Սրմաքեշը: Թիմը մարզում են «Արարատ»-ի մարզիչները, հրավիրված ֆուտբոլիստներից 6-ը արարատցիներ են: Արեւմտյան Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին հավաքվել է Ադլերում, հաջորդ օրը մեկնել է Աբխազիայի մայրաքաղաք Սուխում, իսկ արդեն 30-ից սկսած ամեն օր մեկական խաղ է անցկացրել: «Շատ ծանր գրաֆիկ էր ֆուտբոլիստների համար, առավել եւս, որ նրանք հատուկ պատրաստվածություն չէին անցել մրցաշարից առաջ: Մենք ընդամենը 16 ֆուտբոլիստ էինք հրավիրել, ընթացքում վնասվածքներ եղան: Չնայած խնդիրներին, թիմը գրավեց 6-րդ տեղը, որը վատ արդյունք չէ առաջին անգամի համար»,- ասել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Աճեմյանը: Իսկ ահա Արեւմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Մհերյանը պարզ նշել է թիմի ստեղծման բուն նպատակը. «Արեւմտյան Հայաստանի հավաքականի օգնությամբ աշխարհին ներկայացնել Արեւմտյան Հայաստանը»: Հավելենք, որ հավաքականը ոչ մի նոր ծրագրեր չունի առաջիկայում եւ խաղեր չի նախատեսել, սակայն հավանաբար կմասնակցի նաեւ նմանատիպ հաջորդ մրցաշարին:

Թավրիզի ադրբեջանցի ֆաներն ընդդեմ հայ ֆուտբոլիստի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերը չի կայացել ադրբեջանցի ֆանատների պատճառով: Իրանի «Տրակտոր Սազի» ակումբի պաշտոնական կայքէջը հայտնել է, որ ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել հայաստանցի ֆուտբոլիստի հետ: Սակայն, իրանական զլմ-ներն արդեն տեղեկացրել են, որ թավրիզյան ակումբի ղեկավարությունը թիմի ադրբեջանցի երկրպագուների ճնշման տակ չեղյալ է համարել պայմանագիրը եւ հրաժարվել Վարազդատ Հարոյանի ծառայությունից:

Այս փաստը խոսում է այն մասին, որ Իրանում ֆուտբոլը բավականին քաղաքականացված է: Հայտնի է, որ Թավրիզում մեծ թիվ են կազմում տեղի ադրբեջանցիները:  

Էվերեստը նվաճած հայուհին Հայաստան գալու հատուկ առիթի է սպասում

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին բարձրացրել է նաեւ Հայաստանի եի Արցախի դրոշները: Հայկական հանրապետությունների դրոշները ծածանվել են 8848 մետր բարձրության վրա, ամենաբարձր գագաթին: Սա հայուհու երազանքն է եղել, որ իրագործեց այս տարվա մայիսին:

Մեդիամաքսի հետ զրույցում աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած առաջին հայուհին ասել է, որ «իրականացած երազանքի էյֆորիան ապրել է միայն ներքեւ իջնելուց հետո«: Մինչեւ հիմա էլ դժվարանում է բառերով նկարագրել իր ապրումներն ու զգացմունքները: Ավելի քան 200 կյանք խլած Էվերեստ Իրենան բարձրացել է 27 հոգանոց խմբով: 42 օրերից 20-ը անցկացրել են 5000-7000 մետր բարձրության վրա: Իրենա Խարազովան լեռը բարձրանալու 42 օրերի ընթացքում միայն մտածել է ողջ մնալու եւ անվնաս ներքեւ իջնելու մասին. «Ես ֆիզիկական ցավ էի զգում, մրսում էի: Բարձրանալիս զգացմունքներ չկային: Դու մտածում ես, որ հավանաբար մահվան ես գնում: Մեզանից եւ ոչ մեկը բարձունքին ուրախություն չէր զգում, մենք միայն մտածում էինք անվնաս եւ ողջ իջնելու մասին: Երջանկությունն արդեն ներքեւում էր, երբ գիտակցեցինք, որ արել ենք դա, որ բոլորս ողջ ենք, ոտքերն ու ձեռքերը` տեղում: Հետո արդեն սկսվեց երջանկությունը, երազանքի իրականացման գիտակցումը»:

34-ամյա Իրենան Մեդիամաքսին նաեւ պատմել է, որ ծնվել եւ ապրում է Մոսկվայում: Աշխատում է նավթային ոլորտում: Ծնողները Վրաստանի հայեր են: Նրա նախապապը 1915թ.. Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է, ում կյանքը մայրը կարողացել է փրկել` նրան փաթաթելով եւ թաքցնելով գորգի մեջ: Հայրենիքում Իրենա Խարազովան դեռ չի եղել: Ասում է` Հայաստանը տեսնելու չի ուզել գալ հենց այնպես, Հայաստանն ու Արցախը ճանաչելու համար սպասել է առանձնահատուկ առիթի:

Հիմա, երբ դարձել է Էվերեստը նվաճած առաջին հայուհին, հույս ունի, որ կստեղծվի նաեւ այդ հատուկ առիթը. «Էվերեստը նվաճած առաջին հայ տղամարդուն Հայաստանում պատվավոր շքանշան են տվել: Ես հպարտ կլինեմ, եթե ինձ նույնպես այդպիսի պատվի արժանացնեն: Դա կլինի ամենալավ, ամենահատուկ առիթը, որի համար ես կայցելեմ Հայաստան»:

Իրենա Խարազովան Էվերեստի հիմնական ճամբարում եղել է նաեւ ապրիլի 24-ին: Նա Էվերեստը բարձրանալու օրերին օրագիր է վարել, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել: Մեդիամաքսը կրճատումներով ներկայացրել է է հատվածներ վերջին օրերի գրառումներից:

***

7000 մետրի վրա բոլորը խորը քնած էին թթվածնով: Արթնացա 01:00-ին: Անմոռանալի տեսարան էր՝ լուսնի ու աստղերի լույսերը ընկնում էին Էվերեստի գագաթին: Առավոտը ջերմ եւ անհողմ էր: Մեզ արքայական նախաճաշ տվեցին, եւ բոլորը, առաջին անգամ նման բարձրության վրա, կուշտ կերան:

Որոշեցինք կեսօրին դուրս գալ: Ով խմբից դանդաղ էր քայլում, 1 ժամ շուտ դուրս եկավ: Թթվածնի բալոնը հագնելով, ոչ թե նոր ուժ ստացա, այլ պարզապես քայլում էի ու չէի խեղդվում, կարծես բազային ճամբարում քայլելիս լինեի, ոչ արագ, բայց հարմարավետ:

Վաղը 11-ին շարժվելու ենք մինչեւ 8300 մետր, իսկ գիշերը կանցնենք գրոհի:

Արդեն անհանգստություն չի մնացել, ոչ էլ վախ կա: Միայն ցանկություն, որ այս ամենը հնարավորինս արագ ավարտվի:

***

Այս գիշեր մեզ հետ զուգահեռ դեպի գագաթ 37 չինացի է գալու: Մենք նրանցից 2,5 ժամ հետո ենք շարժվելու, որպեսզի խցանում չառաջանա: Տեսնենք, այս ամենից ինչ կստացվի:

Այժմ էլ լեռան հանդեպ վախ չկա: Ընդհանրապես, այս ամբողջ ընթացքում Էվերեստը մեր հանդեպ շատ մեծահոգի է եղել, ոչ մի անգամ մեզ վատ եղանակ չի ուղարկել, չի վախեցրել իր խառնվածքով: Հուսով եմ, վերջին օրով էլ մենք նրան չենք ջղայնացնի, եւ նա մեզ խաղաղությամբ կընդունի ու կճանապարհի:

***

Այսօր կգա այն օրը, որին ես այսքան տարի սպասել եմ:

Տե՜ր, ինձ օգնիր հասնել տեղ եւ իջնել: Երես չթեքես ինձնից այսօր, ինչպես որ երբեք չես արել, եւ ինձ ներիր իմ քաջությունն ու հանդգնությունը, որ ես ցանկացա Քո ամենաբարձր ստեղծագործությունը մագլցել:

***

Արդեն տեսնում եմ գագաթը եւ հասկանում եմ, որ այն շատ մոտ է: Սակայն հենց գագաթի մոտ քարե արահետ է սկիզբ առնում, որը զառիթափի վրայով տանում է աջ:

Մտածեցի` գուցե՞ այդպես ավելի հեշտ է մոտենալ դրան, քան ձնե «կառնիզին» բարձրանալով: Մինչ այս պահը մենք արդեն հինգ ու կես ժամ քայլում էինք:

Եթե լուսանկարներ եք ուզում, որոնց վրա ձեզ չեք գտնի, խնդրեք շերպային ձեզ նկարել: Գագաթի լուսանկարում հայտնվել էին իմ բոլոր պաստառները, բայց առանց ինձ: Կարծես իրենց ոտքով են գագաթ բարձրացել:

Երբ դու, վերջապես, շունչ ես քաշում, թուլանում ես եւ ներքեւ նայում, հանկարծ գիտակցում ես, որ աշխարհում եղած բոլոր մարդկանցից բարձր ես: Այդ պահին նոր հասկանում ես, թե ինչ աշխատանք ես կատարել: Որքա՜ն հզորություն կա լեռներում: Անսասան հսկաներ են, ինչ ուզեն կանեն քեզ հետ, եթե չալարեն կյանքիդ հետ խաղալ:

Այստեղ էի գալիս առանց հետագա ծրագրերի, պարզապես այն պատճառով, որ արշավորդներից եւ ոչ ոք չգիտեր` արդյո՞ք ողջ կմնա: Եվ հիմա, երբ առանց կորուստների հասել եմ իմ նպատակին, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ դրան: Ի՜նչ հիասքանչ է կյանքը: Արշավի յուրաքանչյուր դժվար պահին ես մտքիս մեջ վերապրում էի կյանքիս գեղեցիկ դրվագները, կամ առօրյա կյանքի հաճելի պատկերներ էի նկարում, որոնք մենք սովոր չենք գնահատել եւ որոնք անգնահատելի են դառնում նման պայմաններում:

Ինձ համար Էվերեստը ընդմիշտ կմնա իմ ֆիզիկական ձեռքբերումների պատվանդանին եւ ապացույց կլինի, որ ցանկացած խենթություն կարելի է իրագործել, եթե հավատում ես սեփական ուժերիդ: Իմ սիրելի կենացը «երազանքի համար» խմվողն է, քանի որ երազանքն է հենքը, իսկ իմ կյանքի ուղին դեպի երազանք տանող արահետներն են:

Լիլիթ Մկրտչյանն առանց մեդալի մնաց

Վերջին՝ 11-րդ փուլում մեր հայրենակիցը հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: Լիլիթ Մկրտչյանին հարկավոր էր միմիայն հաղթանակ, որպեսզի պայքարեր ոսկե մեդալի համար: Սակայն փորձառու ուկրաինուհին, ով հանդես էր գալիս սպիտակներով, շատ արագ փոխանակեց խոշոր խաղաքարերը եւ արդեն 20-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեց: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 8 միավոր եւ կես բալով ետ մնաց Աննա Ուշենինայից: Նա բրոնզե մեդալից զրկվեց այն պատճառով, որ աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, հաղթանակ տարավ վերջին խաղում, նույնպես վաստակեց նույնքան միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հայ շախմատիստուհուն «հրելով» 4-րդ հորիզոնական:

Մեր մյուս գրոսմայստեր Մարիա Կուրսովան 6 միավորով զբաղեցրեց 33-րդ տեղը: Նրանից ավելի վատ հանդես եկան Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, ովքեր վաստակեցին համապատասխանաբար 5 ու 4,5 միավոր եւ առաջնությունն ավարտեցին 71-րդ ու 93-րդ տեղերում: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Աննա Ուշենինան, ով վաստակեց 8,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իսպանացի Սաբրինա Վեգայից:

Հայաստանը 3-րդը ճանաչվեց «Սպիտակ նավակ»-ի մրցումներում

Սոչիում ավարտված «Սպիտակ նավակ» շախմատի պատանեկան մրցաշարում Հայաստանի թիմը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Վերջին փուլում մեր մինչեւ 14 տարեկան շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Իսրայելի իրենց հասակակիցներին: Հայաստանը վաստակեց 24 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի թիմին, սակայն հաղթանակների քանակով ի վերջո արժանացավ բրոնզե մեդալների: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Չինաստանը, որը 5,5 բալ շատ վաստակեց 9 փու լերում:

Սույն մրցումներում Հայաստանի թիմը հանդես եկավ հետեւյալ կազմով. Արթուր Դավթյան, Սամվել Խաչատրյան, Գեորգի Նանյան, Մանե Հովհաննիսյան:

Շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը՝ Երեւանում

Հունիսի 4-14-ը Երեւանում տեղի կունենա Շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնությունը: Նման մրցաշար Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում են 20 երկրներից գրեթե 100 շախմատիստներ: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է նաեւ աշխարհի 5-րդ չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին եւ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Մրցաշարն ընթանալու է շվեյցարական համակարգով եւ տեւելու է 9 օր:

Տեղի ունեցան Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության 4-րդ  փուլի հանդիպումները: 50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Կալեգինը տարավ 4-րդ հաղթանակը եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթանակներ տոնեցին նաև Զուրաբ Ստուրուան եւ Նիկոլայ Լեգկին, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր:

4-րդ փուլը հաղթական էր նաև մեր 2 գրոսմայստերների` Ռաֆայել Վահանյանի եւ Կարեն Մովսիսյանի համար: Մեր շախմատիստները վաստակել են 3-ական միավոր եւ կիսում են 4-րդ հորիզոնականը:

65+ վետերանների մրցաշարի 2 առաջատարների` Վիկտոր Կուպրեյչիկի եւ Վալենտին Բոգդանովի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջատարներից կես միավորով ետ մնացող Եվգենի Սվեշնիկովը, Յուրի Մեշկովը եւ Նիկոլայ Միշուչկովը հաղթանակներ տոնեցին ու հավասարվեցին առաջատարներին:

4-րդ փուլում Նոնա Գափրինդաշվիլին ոչ-ոքի խաղաց Եվգենի Վասյուկովի հետ:

- 84-ամյա շախմատիստը խոստովանում է – ՖԻԴԵ-ի վարպետ Ստանիսլավ Ժելեզնին 15-րդ անգամ մասնակցում է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությանը. «Առաջին մրցաշարը բաց եմ թողել անտեղյակ լինելու պատճառով: Դրանից հետո մասնակցել եմ բոլոր առաջնություններին: Սակայն ես երկրորդն եմ այդ ցուցանիշով, քանի որ իմ վաղեմի մրցակից Բորիս Գուզմանը հանդես է եկել բոլոր 16 մրցաշարերում»,- ասել է ռուսաստանցի շախմատիստը, ով այս օրերին մասնակցում է Երեւանում տեղի ունեցող վետերանների հերթական առաջնությանը:

Նշենք, որ 84-ամյա վարպետն առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Սա առաջին դեպքն է, որ վետերանների առաջնությունն անցկացվում է խոշոր քաղաքում: Առաջին տպավորություններս Երեւանից շատ դրական են: Մենք մնում ենք բարձրակարգ հյուրանոցում, որտեղ անչափ որակյալ է սնունդը: Բոլորը բավական բարեհամբույր են վերաբերվում հյուրերին: Միակ բացն այն է, որ հանգստանալու մեծ հնարավորություն չունենք: Վետերանների առաջնությունները հիմնականում անցկացնում են կուրորտային քաղաքներում, որտեղ տարեց շախմատիստները միաժամանակ անցկացնում իրենց հանգիստը»,,- ասաց նա:

Ստանիսլավ Ժելեզնին ընկերների հետ եղել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանի մոտ, հիշել են հայազգի անվանի շախմատիստին. «Ես չեմ մրցել Տիգրան Վարդանիչի հետ, բայց բախտ եմ ունեցել նրա հետ հանդես գալ նույն մրցաշարում: Մինչեւ հիմա չեմ մոռանում նրա խորհուրդներից մեկը. «Պարտվելուց հետո հարկավոր է մտածել ոչ-ոքիի, այլ ոչ թե ռեւանշի մասին»: Նա, իրոք, մեծ շախմատիստ էր ու անզուգական տակտիկ»,- նշել է ՖԻԴԵ-ի վարպետը, ով միաժամանակ զբաղվում է շախմատային լրագրությամբ:

Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկեց Փարիզում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հունիսի 9-12-ին Ֆրանսիայում կմասնակցի «Փարիզ Գրանդ Չես Տուր» մրցաշարին: Մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Լորան Ֆրեսինեն:

Հունիսի 9-10-ին կանցկացվի արագ շախմատի մրցաշար, իսկ հունիսի 11-12-ին մասնակիցները ուժերը կչափեն կայծակնային շախմատում: Կայացան արագ շախմատի մրցաշարի առաջին 5 փուլերի խաղերը: Լեւոն Արոնյանը հաղթեց ֆրանսիացի Լորան Ֆրեսինեին, ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին եւ ամերիկացի Ուեսլի Սոյին: Արդյունքում նա վաստակեց 2 միավոր եւ այժմ բաժանում է 6-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան, որոնք ունեն 3,5-ական միավոր: Վաղը կկայանան մնացած:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը արագ շախմատում գրավեց 6-րդ տեղըՀայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը 6-րդ տեղը գրավեց Փարիզում կայացած արագ շախմատի մրցաշարում: Հունիսի 11-ին անցկացրած 4 խաղերում մեր գրոսմայստերը հաղթեց բուլղարացի Վեսելին Թոփալովին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ եւ պարտվեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային: Հենց վերջինս էլ 14 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը: Լեւոն Արոնյանը վաստակեց 9 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանեց 6-7-րդ տեղերը:

Հունիսի 11-ին եւ 12-ին մրցաշարի մասնակիցներն արդեն ուժերը կչափեն կայծակնային շախմատում: Այն բախկացած է 2 շրջանից եւ շախմատիստները կանցկացնեն 18-ական խաղ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։