Անկարայի հիստերիան գերազանցեց Բաքվինը – Թուրքիան կանգնած է մասնատման ճանապարհին եւ այդ ահից են գոռում Էրդողանն ու Ալիեւը… Արհեստական Թուրքիա պետության (նաեւ արհեստական Ադրբեջանի) կործանման ամենաուժեղ եւ ազդեցիկ հարվածը հայկական կողմից է լինելու…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Haberler.com» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի եւ 1915թ. դեպքերի միջեւ որեւէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը  վկայակոչել է  ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ):

Զարմանալի է, որ «Փերինչեք-Շվեցարիա» դատավարությունը վկայակոչվել է այս դեպքում, քանի որ Հայոց ցեղասպանությանը կասկածելը մերժելի տեսակետ է համարվել, այն մերժելը կամ հերքելը՝ նույնպես: ՄԻԵԴ-ը բացառապես քննարկել է կողմերի դատը՝ առանց Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու, քանզի դա նման ձեւաչափով քննարկվելու նյութ չէր… Ինչ մնում է հրեական Հոլոքոստի եւ հայկական Եղեռնի տարբերությանը, ապա Էրդողանն այս հարցում ճիշտ է. Հոլոքոստը կատարվել է Եվրոպայում, ոչ թե հրեաների հայրենիքում, իսկ Հայկական ցեղասպանությունը կատարվել է Հայկական լեռնաշխարհում, հայերի բնօրրանում, որից հետո ցեղասպանվել է ոչ միայն 3,5 մլն. հայ, այլեւ հայերը զրկվել են իրենց հայրենիքից: Այո, տարբեր է Հոլոքոստից, սակայն, ոչ էրդողանյան ճղճիմ մեկնաբանությամբ:  

Այն հարցին, թե արդյոք կարելի է Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեկնաբանել որպես պատասխան քայլ փախստականների հարցում՝ Թուրքիայի վարած քաղաքականությանը, Էրդողանը պատասխանել է. «Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը եւ առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»: Նա ընդգծել է, որ այս երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը: Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է. «Գերմանիայի Բունդեսթագի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթեւ անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»: Այնուհետեւ ընդգծել, որ դեռեւս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն հավելել է. «Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետեւ քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, եւ եղան նաեւ քվեարկությանը չմասնակցողներ: Միթե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերեւից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»:…

Հարց է հնչել նաեւ, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, որին Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն  Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Ըստ նրա՝ ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում  դիտարկելը ճիշտ չէ: Մեկնաբանները այս համեստ բառապաշարով հարցազրույցը գնահատում են որպես Անկարայի տագնապի նշան: Հոխորտացող Էրդողանից ոչինչ չէր մնացել այդ օրը, ով հասկանում է, որ Արեւմուտքի դեմ դուրս գալ չի կարող, իսկ Գերմանիան այն առաջատար երկիրն է, որին Եվրոպայում եւ աշխարհում հետեւում են շատ պետություններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Էրդողանը մեղադրում էր Գերմանիային եւ Ֆրանսիային Աֆրիկայում ցեղասպանություններ իրագործելու մեջ: Նախորդ տարի, երբ ԱՄՆ-ն մոտ էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է հնդկացիների տարբեր ցեղերի ոչնչացման, նրանց ցեղասպանության մեջ: Այսօր գրեթե նույն բանն է ասում եվրոպական երկրների հասցեին՝ աֆրիկյան ժողովուրդների առումով:

Նախահարձակ լինելով՝

Էրդողանը եվրոպացիներին մեղադրել է կեղծավորության եւ Աֆրիկայում ցեղասպանություններ գործելու մեջ… Ըստ Daily Sabah-ի, Էրդողանը հատկապես մեղադրել է Ֆրանսիային Ռուանդայի բնակչության եւ Գերմանիային՝ Քենիայի բնակչության հանդեպ ցեղասպանություն գործելու մեջ:

Էրդողանը կրկին մեղադրում է Փարիզին ցեղասպանության մեջ… Նախորդ անգամ ակնարկել էր ալժիրցիներին, սակայն գործը հասավ այն բանին, որ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան դիվանագիտորեն հասկացրեց Անկարային հեռու մնալ այդ հարցից, որի վերաբերյալ Ալժիրը եւ Ֆրանսիան համաձայնության են եկել… Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզն ընդունելով իր մեղքը՝ ներողություն էր խնդրել ալժիրցիներից իր զինվորականների կողմից ժամանակին գործած հանցանքների համար, ուստի՝ Թուրքիան ստիպված էր հարգել Ալժիրի նախագահի պահանջը:

Հիմա էլ, երբ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունվեց (աշխարհի ավելի քան 20 երկիր արդեն ընդունել են), իսկ Ֆրանսիայում կրկին ակտիվացել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատելու կողմակիցները եւ Թուրքիան այս անգամ դուրս է հանում 1994թ. Ռուանդայում տեղի ունեցած դեպքերը՝ դրանում կրկին մեղադրելով Ֆրանսիային: Երեւի թե այս անգամ էլ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն խորհուրդ կտա այլամերժ, հատկապես՝ հայամերժ Էրդողանին, հեռու մնալ այդ հարցից:

Հասկանալի է՝ թուրքերը զգում են, որ մոտ է փախհատուցման ժամը եւ փորձում են հավասարություն դնել իրենց եւ ամերիկացիների, իրենց ու եվրոպացիների միջեւ: Իհարկե այդ հավասարություն ասածն այլ բան է, բայց եթե խոսքը ջարդերի կամ ցեղասպանության մասին է, ապա Անկարան մոռանում է, որ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան կամ որեւէ եվրոպական երկիր ի զօրու է ընդունել իր գործած հանցանքները եւ ներողություն խնդրել, սեփական մեղքն ընդունել ու հատուցել վնասները… Իսկ Անկարան պատասխան ունի տալու ոչ միայն հայերին, այլեւ հույներին (նաեւ՝ Կիպրոսի), քրդերին, ասորիներին, եզդիներին եւ այլոց:

Էրդողանյան այս այլամերժությունն ու ազգայնամոլությունը նոր բան չէ, ուստի նա փորձում է հենց այդ տեսությունների զարգացմամբ հասնել նորօսմանական պետության ստեղծմանը: Նա արդեն մերժում է Աթաթուրքի հանրապետական Թուրքիան, անգամ սահմանադրական փոփոխությունների գնաց: Եթե հավելենք նաեւ, որ համաթուրանական ծրագիրը զուգահեռ գործում է նորօսմանականի հետ, ապա հասկանալի է, որ անգամ այս աշխարհը չի ընդունելու Թուրքիայի նկրտումները:

Թուրքիան կանգնած է մասնատման ճանապարհին եւ այդ ահից է նաեւ, որ գոռում է Էրդողանը, քանզի արհեստական Թուրքիա պետության (նաեւ արհեստական Ադրբեջանի) կործանման ամենաուժեղ եւ ազդեցիկ հարվածը հայկական կողմից է լինելու:

Ոչ միայն բոլոր գործընթացներն են փաստում մոտ ապագայում Թուրքիայի ու Ադրբեջանի կործանումները, այլ համաշխարհային հռչակ ունեցող պայծառատեսները՝ Նոստրադամուսը եւ Վանգան: Եվ բոլոր կանխատեսումները մոտ ապագայի մասին են:

Ինչն մնում է Գերմանիայի պատասխանին, ապա կանցլեր Անգելա Մերկելը շատ խիստ է խոսել՝ նշելով, որ «Գերմանիան հոգնել էր Էրդողանի լկտի քաղաքականությունից, այո, նաեւ փախստականների հարցում: Իսկ վերջին շրջանում անցել էր կարմիր գիծը եւ ստիպված քայլեր են հետեւելու՝ կասեցնելու համար Էրդողանի վայրիվերումները»:

Տարօրինակ է, բայց այսօրվա մի պայծառատես էլ պնդում է, թե Էրդողանը ծպտյալ հայ է, ով նպատակ է դրել կործանել Թուրքիան: Ասել է, թե Էրդողանը գնում է Գորբաչովի հետքերով: Վերջինս իր ելույթներից մեկում հայտարարեց, թե կոմունիստական հասարակարգը կործանելը եղել է իր կյանքի նպատակը: Էրդողանն էլ իր գործունեությամբ քանդում է Թուրքիան ու տանում դեպի մասնատում:

Իհարկե, Էրդողանը այս տեսակետին եւս անդրադարձել է. ասել է, որ ժամանակին խոսակցություններ գնացին իր հայկական, վրացական, հրեական արմատների մասին: Բայց նրան հունից հանեցին հայկական ծագման մասին տարածված լուրերը եւ դրան հետեւեցին նրա հնչեցրած խիստ բացասական բնութագրերը հայերի մասին: Այս նույն պայծառատեսը Էրդողանի կործանումը կապում է հենց Թուրքիայի կործանման հետ: Աշխարհա-քաղաքական զարգացումները եւս դա են «գուշակում»:

Արման Դավթյան

Հ.Գ. – Մեջբերում եմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերը. «Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն: Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո – Փա՛ռք Հային ու Հայքին: Եթե աշխարհի բոլոր հայերը ամեն առավոտյան զարթնելուն պես ասեն այս խոսքերը, ապա Տիեզերքը եւս կարթնանա մեր զորեղ ձայնից…»:

 

* * *

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, ով տարիներ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադրաձնի հայերի ունեցվածքը:

Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս մեծ աղետը նրանցից թաքցնելու համար»…

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։