Լավագույն փաստաթուղթը պատմության դասն է – հայ-ռուսական հարաբերությունները միշտ ստորադասվել են ռուս-թուրքականի (այսօր նաեւ՝ ռուս-ադրբեւջանականի) առաջ… Միայն Հայաստանն է Ռուսաստանի հետ կնքել ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր…

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի հակաօդային ստորաբաժանումները ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը ՀԱՊԿ-ի սահմաններում կրում են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության պարտականությունը (համաձայն «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995թ. պայմանագրի 3-րդ հոդվածի): Այժմ կա նոր համաձայնագիր, որով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաեւ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի ու Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին եւ չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել: Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից մեկը չկատարի հակաօդային զենքերի չարտոնված օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող գործողությունների կազմակերպում: Ավելին, անգամ խաղաղ ժամանակ ՀՕՊ զորքերը ամբողջական ինքնուրույնություն են պահպանում միմիայն ամենօրյա գործունեության կազմակերպման հարցում (մյուս հարցերում ինքնուրույնությունը բավականին նվազեցված է):

Այս համաձայնագրի նշված ձեւակերպումները երկու ծայր ունեն.

  1. սահմանափակում են հայկական կողմի ինքնուրույնությունը եւս, ինչը կարող է պատերազմական կամ սահմանային սադրիչ իրավիճակներում ճակատագրական լինել: Ի վերջո, մեր երկիրն է, բնակչությունն էլ է մերը, եւ մտահոգությունը՝ երկիրն ու բնակչությանը անվտանգ պահելու առումով, նույնպես ու առավելապես մերն է: Ռուսական կողմի մտահոգությունները դարեր շարունակ չեն փոփոխվել, եւ դա մեզ ստիպում է զգոն լինել: Հատկապես հայ-ռուսական հարաբերությունները միշտ ստորադասվել են ռուս-թուրքականի առաջ: Հիմա էլ հայ-ադրբեջանական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում է նույնը նկատվում: Սրանք փաստեր են, ու վերոնշյալ վտանգն առկա է:
  2. Այն, որ ռուսական կողմը զրկված է ինքնուրույն քայլերի դիմելուց, լավ է, բայց ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ ռուսական կողմը ինչ-ինչ պատճառներով խախտի այդ արգելքը, այն էլ մի վտանգավոր պահի… Եվ մինչեւ համաձայնագրի պարտականություններին անդրադառնալը՝ դեռ պիտի այդ պահի վտանգները հաղթահարել… Ունի՞ հայկական կողմը վստահություն, որ ռուսները կպահպանեն համաձայնագրի տառի ոգին: Իսկ հակառակ դեպքում՝ մենք պատրա՞ստ ենք դիմակայել հակառակորդին, մինչեւ ռուսական կողմի հետ պարզաբանումները: Մշակե՞լ ենք լրացուցիչ տարբերակներ մեզ համար, համաձայնագրից դուրս, ինչը կկասեցնի նաեւ ռուսական կողմի կամայականությունների փորձը:  

Շարունակելով դիտարկումը՝ նշենք, եթե խաղաղ ժամանակ կողմերը կարող են մասնակիորեն ինքնուրույն ղեկավարել իրենց ՀՕՊ ուժերը, ապա պատերազմի, կամ, ինչպես նշված է պայմանագրում, «ռազմաքաղաքական վտանգի ժամանակ» կողմերը զրկվում են այդ անկախությունից: Այստեղ առավել բաց խոսենք՝ ավելի ստույգ կողմերից մեկն է զրկվում այդ անկախությունից, ու այդ կողմը Հայաստանն է, որ գործելու է Ռուսաստանի հրամանատարության ներքո… Այս ներքո-կարգավիճակն էլ ստեղծում է բոլոր վտանգների հավանականությունը… Համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է մեր երկրում տեղակայված Հայաստանի եւ Ռուսաստանի հակաօդային  պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման բուրգը եւ, ըստ նշված հիերարխիայի, բուրգի վերեւում Ռուսաստանն է, որն էլ իրականացնելու է համատեղ գործողությունների ընդհանուր համակարգումը: Համակարգողներն են՝ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, եւ միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ տրված է հայկական կողմին՝ ի դեմս հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի:  

Այսպես, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի վերադաս հրամանատարությունը, ընդհանուր համակարգումն ու ղեկավարումն անցնում են ռուսական կողմին: Բաց տեքստով ասած՝ պատերազմի կամ «ռազմաքաղաքական վտանգի» ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանության ղեկավարությունը ստանձնելու է Ռուսաստանը: Մի՞թե հերթական անգամ պիտի սխալվենք, հերթական անգամ պիտի Ռուսաստանին թույլ տանք խաղալու հայ-ռուսական եւ ռուս-թուրքական հարաբերություններով… Ըստ մասնագետների, համաձայնագիրը ինչ-որ չափով Հայաստանը նմանեցնում է Հարավային Օսիային ու Աբխազիային, որոնց ուժային կառույցների մի մասը պաշտոնապես դարձել են Ռուսաստանի ուժայինների ստորաբաժանումներ, ինչի մասին խոսել է նաեւ Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում»):

«Լուսանցք»-ը այս համաձայնագրի ոգուն համահունչ է նկատում նաեւ Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելը: Բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ ռուսական կողմին ձեռնտու նշանակում է սա՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Սա ամենաանսպասելի նշանակումն էր վերջին օրերի, ինչը ենթադրել է տալիս, որ նախագահ Սերժ Սարգսյանը գերտերությունների հետ հերթական անհարմար խաղարկումների մեջ է…

Իսկ այն, ինչ ասում է մեր պաշտպանության գերատեսչությունը՝ կապված ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգում Հայաստանի ընդգրկվելու հետ, դեռ հիմնարար-համոզիչ չեն հնչում: Ըստ ՊՆ բացատրության՝ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն՝ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ: Օրինակ՝ Ղազախստանի հետ ստեղծվեց ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ (Համաձայնագիրը կնքվել է Աստանայում 2013թ. հունվարի 30-ին): Բելառուսի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր կնքվել է Մոսկվայում 2009թ. փետրվարի 3-ին: Մոսկվան նախատեսում է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրեր կնքել նաեւ կենտրոնասիական տարածաշրջանի պետությունների հետ: Միայն Հայաստանն է, որ Ռուսաստանի հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չտրամադրի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ: Իսկ համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը ենթարկվում են մեր երկրի Գերագույն հրամանատարին:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն (այստեղ խոսքը վերաբերում է միայն այլ ՀՕՊ համակարգերի հետ ՀՕՊ միավորված համակարգի համակարգմանը: ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են) իրականացնում է Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝  Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը (սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը): ՊՆ-ն նշել է, որ խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպումը եւ իրականացումը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաեւ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելը, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի (ուժերի) հետ փոխգործակցությունը: Նշվում է, որ Համաձայնագրին կից հավելվածով նախատեսված «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» Կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը: Իսկ Կանոնակարգի 7-րդ կետը նախատեսում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Այնուամենայնիվ, սույն հոդվածի վերեւում նշված մտահոգությունները չեն փարատվում լիովին, չնայած պաշտպանության համակարգի պատասխանատուները նշում են, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակ: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈւ օդատիեզերական զորքերի հնարավորությունները՝ ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաեւ հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի:

Այս Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին. ընդգծում են ՊՆ-ից, Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները հաստատում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական

կետերի) ցանկը: Հետեւաբար հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրելու ՀՕՊ միավորված տարարծաշրջանային համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

«ՍիվիլՆեթը» հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք ՀԱՊԿ ՀՕՊ ընդհանուր համակարգը պաշտպանելու է նաեւ Արցախի երկինքը: Եթե ոչ, ապա առանձին վերցրած՝ ԼՂՀ ՀՕՊ համակարգը ինչպե՞ս է աշխատելու Հայաստանի ՀՕՊ-ի հետ, որն արդեն ընդգրկված է ՀԱՊԿ ՀՕՊ-ում  եւ զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Ի պատասխան ՊՆ-ն նշել է, որ Համաձայնագրի 1-ին հոդվածով «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես՝ Հայաստանի տարածքի եւ օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս, «այդ իսկ պատճառով ԼՂՀ տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում, հետեւաբար այն չի ազդում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: Ինչ վերաբերում է ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգին, որի մեջ մտնում է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի միայն մի մասը, նույնպես հայկական կողմին չի զրկում ինքնուրույնությունից, հակառակը՝ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը, համակարգի զարգացման նպատակով, ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով ստանում են դոտացիա»:

Մեր վերոնշյալ մտահոգությունների մի մասը կարող են փարատվել ՀՀ ՊՆ ներկայացրած բացատրություններից հետո, սակայն ընդհանրական վտանգը ռուսական կողմի վստահության հետ կապված՝ չենք կարող փարատված համարել: Կա իրավական բացատրություն, բայց  կա նաեւ պատմական իրականություն, որին էլ մենք ավելի հակված են հավատալու: Պատմական դասերը հատկապես հայի համար մի քանի գլուխ բարձր են ցանկացած իրավական ձեւակերպումից…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է Հայաստան-Ռուսաստան հակաօդային միասնական պաշտպանության համակարգի ստեղծմանը, որի համաձայնագիրն առաջիկայում կքննարկվի ՀՀ խորհրդարանում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր. «Մենք կողմ ենք, որ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես: Պետք չէ ընկնել մյուս ծայրահղության մեջ: Էդ ովքեր որ ասում են՝ դեմ են, նրանք ավելի լավ առաջարկ ունեն, մենք դա չենք քննարկե՞լ: Ես կարծում եմ, որ մենք այսօր չունենք ուրիշ այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»:

Ըստ Դաշնակցության, ապրիլյան պատերազմի արդյունքներն էլ չպետք է այդքան ծայրահեղ ու վատատեսական ներկայացնել: «Ասում են, որ իբր այդ պատերազմը ցույց տվեց, որ մեր անվտանգության համակարգը իր տեղում չէ, վատն է եւ այլն: Այդպես չէ, ի վերջո ապրիլյան պատերազմում մենք հաջողել ենք, մենք կասեցրել ենք թշնամու լայնածավալ հարձակումը: Եթե վատն էր մեր պաշտպանությունը, դա էլ չէր լինի: Պետք չէ նորից ընկնել մյուս ծայրահեղության մեջ»,- նշել է ՀՅԴ պատգամավորը, ում խոսքով՝ մենք նախ պետք է հասկանանք, որ ՀՕՊ-ը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգության խնդրի լուծում, իսկ մենք Ադրբեջանի հետ ակտիվ պատերազմական վիճակ ունենք, բայց կա նաեւ Թուրքիան, որը մեր քթի տակ դիրքավորվում է ու սպառնալիք է. «Այսինքն՝ մենք ի՞նչ անենք, այդ եղածն էլ զրոյացնենք ու պատերազմական վիճակում ավելի լավ լուծո՞ւմ ենք ունենալու: Գետանցին ձիերը չեն փոխվում»:

Քաղաքական այլ ուժեր եւս կարծում են, որ Համաձայնագիրը հակաօդային պաշտպանության մասին է, ոչ թե հարձակման համար է, այլ պաշտպանության: Եթե թշնամու կողմից հերթական անգամ սադրանք լինի, ուրեմն սադրանք կլինի բոլորի նկատմամբ, ոչ միայն մեր: «Մենք հիմա ինչ ենք ասում՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, հարձակում է  բոլորի վրա, չէ՞: Նույնն էլ Հայաստանը պետք է նայի, եթե հարձակում լինի ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա, դա հարձակում է բոլորի վրա: Եթե մենք մեզ այդպես չպահենք, չենք կարող նույնը պահանջել: Պետք է ՀԱՊԿ կառույցը գործի որպես իր նպատակին ու կոչմանը համապատասխան կառույց: Դա մինչեւ հիմա այդպես չէ, այդ կառույցի հեղինակությունն իսկապես սասանվել է: Վերջին այս պատերազմը դա ցույց է տվել: ԵՏՄ-ում, որի մեջ Հայաստանն է, նույնպես մտահոգիչ երեւույթներ են տեղի ունեցել: Սրանք բոլորը խնդիր են, որոնք մենք պետք է շատ պարզ ու հստակ ներկայացնենք ու պահանջենք, որ այդ կառույցներն իրենց նպատակին ծառայեն»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Այսօրինակ մտածելակերպ ունեն նաեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական մի շարք ուժերի ներկայացուցիչներ եւս:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երեւանում էին գտնվում կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարեւորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին ներկայացրել է երեւանյան նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը՝ նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում եւ եղել է արդյունավետ: Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները եւ այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

Թե ինչ ընթացք կստանա այս հարցը, դեռ ամեն բան առջեւում է: Մի բան հստակ է, եթե ՀԱՊԿ-ն իրոք չկայացավ որպես ինքնապաշտպանական հավաքական կառույց, ապա ոչ միայն կտապալվի հավաքական անվտանգության ծրագիրը, այլեւ՝ ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Իսկ ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու համար որպես առաջնային համաշխարհային կառույց կդիտարկվի ՆԱՏՕ-ն: Այդ ժամանակ Ռուսաստանը կկորցնի ամեն բան, ինչը թույլ է տալիս դառնալ համաշխարհային կենտրոն: Սա նշանակում է՝ Ռուսաստանի Դաշնությանը կարժանանա Խորհրդային Միության ճակատագրին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։