Բեւեռացումների դրական ուժը – Համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտող Չինաստանը ազդեցության լծակներ է ստեղծում Միջին Ասիայում եւ Կովկասում… Երեւանը Պեկինի դաշնակից՝ պանթուրքիզմի դեմ պայքարում եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ոլորտում – Հայաստանը՝ «Մետաքսի ճանապարհ»-ի խաչմերուկում…

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է համաշխարհային ռազմա-քաղաքական բեւեռների գործունեությանն ու նկրտումներին: Նշել ենք նաեւ, որ համաշխարհային 2-րդ բեւեռի ձեւավորմանը զուգընթաց (խոսքը Ռուսաստանի մասին է), ընթանում է համաշխարհային 3-րդ բեւեռի ձեւավորման փորձը (խոսքը Չինաստանի մասին է):

Արեւմուտքը, որպես համաշխարհային 1-ին բեւեռ, երկար ժամանակ գործել է միաբեւեռ աշխարհում, ինչը հասցրել էր այս բեւեռի համաշխարհային տիրապետությանը, որից այնքան էլ հաճույքով չի ցանկանում հրաժարվել, հատկապես, որ հայտնվել էր ոչ միայն աշխարհա-քաղաքական հարցերը կարգավորողի, այլեւ՝ համաշխարհային ոստիկանի կարգավիճակում:

Կովկասյան հակամարտությունները՝ Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, դեռ չէին հանգեցրել Ռուսաստանի՝ որպես համաշխարհային 2-րդ բեւեռի կայացող կարգավիճակի, ինչը դադար էր բերել նաեւ չինական ուղղության համար: Սակայն, ուկրաինական եւ սիրիական պատերազմների հրահրումը արագացրեց գործող բեւեռին հակադրվող բեւեռի կայացմանը:

Ռուսաստանը ռազմաբազա ուներ Հայաստանում, հիմնեց նաեւ Սիրիայում, որտեղ մասնակիորեն մտավ նաեւ ռազմական բախումների մեջ ինչպես սիրիական ընդդիմադիրների (արեւմտամետների), այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Մինչ այս, ուկրաինական ուղղությամբ ռուսներն արդեն առճակատումը հասցրել էին պայթյունավտանգ աստիճանի, երբ Ղրիմի թերակղզին վերամիավորեցին Ռուսաստանի հետ: Ավելին՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները (արեւելյան Ուկրաինա) եւս ենթարկվում են Մոսկվային:  

Այսպես Ռուսաստանը ուկրաինական եւ սիրիական ուղղություններում հավաստեց, որ կարող է ինքնուրույն վճիռներ կայացնել (մինչ այդ նաեւ հայ-ադրբեջանական հարցերում էր հաջողում) եւ որոշակիորեն իրականացնել դրանք:

Թուրքիան, որպես տարածաշրջանի ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, կենտրոնատեղի, փորձեց Արեւմուտքի շահերը թմբկահարելով հակադրվել Ռուսաստանին, սակայն իրականում համաթուրքական նպատակներն առաջ մղելով: Սիրիայում կործանվեց ռուսական ռազմական ինքնաթիռը, եւ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Նման սրացում նկատվեց նաեւ Թուրքիա-Հայաստան սահմանագծին, որտեղ ռուսական ռազմաբազան է տեղակայված:  

Մի շարք ճակատներով հակամարտությունը բեւեռների համար ծանր էր, եւ ուկրաինական ուղղությունը հայտնվեց հարաբերական զինադադարի մեջ: Չնայած այս ուղղությամբ Անկարան իր հարցը մտցրեց, որը անկախ Արեւմուտքի ցանկությունից, կփորձի զարգացնել: Դա Ղրիմի թաթարների անկախության կամ ինքնավարության հարցն է: Բայց թուրքերին ձեռնտու չէր ուկրաինական ուղղության անդորրը, քանի որ Մերձավոր Արեւելքում ծավալապաշտական մղումները այլ հարթության մեջ կհայտնվեին: Այսինքն՝ Սիրիայի եւ Իրաքի նավթաշատ ու գազաշատ տարածքների գրավումը չէր դիտվի այլեւս հակաքայլ՝ ռուսական ծավալմանը… Եվ Անկարան նոր ճակատ պիտի գտներ: Իսկ դա արդեն գոյություն ունեցող հայ-ադրբեջանական բախումն էր: Անկարայի դրդմամբ (որոշակիորեն նաեւ Ռուսաստանի) 2-րդ բեւեռին էլ էր նոր ճակատ պետք, որպեսզի Արեւմուտքի հետ բանակցելու, ինչ-որ բան այստեղից այնտեղ միմյանց զիջելու առիթներ ունենային: Եվ տեղի ունեցավ քառօրյա պատերազմը Կովկասում:

Բայց հայկական զինուժը խառնեց ինչպես թուրքերի, այնպես էլ ռուսների հակահայ մտահղացումները: Ադրբեջանն էլ, որ նպատակ ուներ Արցախը (դեռ մի բան էլ ավելի՝ Հայաստանի որոշ տարածքներ) գրավելու, ջախջախիչ պարտություն կրեց: Այստեղ դադար վերցնելով համաշխարհային բեւեռների ծավալման հարցում՝ դիտարկենք Հայաստանի դերը նման դեպքերի համար: Պաշտոնական Երեւանը կարողացավ խաղալ եւ՛ Ռուսաստանի հետ, եւ՛ Արեւմուտքի: Ռուսաստանի հետ խաղը անգամ հանգեցրեց Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության վերցման ընթացքին: Սա ողջունվեց Արեւմուտքի երկրների կողմից, եւ այս ուղղությունը եւս սատարեց Հայաստանին: Թերեւս առաջին անգամ՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ…

Այսպես առաջացավ մի վիճակ, երբ Ռուսաստանը հին ռազմավարական գործընկերոջը չկորցնելու համար՝ իր համար ոչ սովորական զիջումների գնաց կեցվածքում (հասկացավ, որ հայության ներսում չի գործում ռուսական ներդրած «մեծ եղբոր» գործառույթը): Արեւմուտքն էլ աջակցում է Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա մինչեւ վերջ պահպանել ինքնուրույն հանդես գալու դիրքերը: Այստեղ չէր կարող չգործել նաեւ Չինաստանը:

Եվ Չինաստանը հայտարարեց, որ կսատարի Հայաստանին… Հետաքրքիր է, որ նման հայտարարություններ եղան նաեւ Հյուսիսային Կորեայից ու Ճապոնիայից: Այս երկրները եւս երկար ժամանակ տուժել են թյուրքական հարձակումներից, երբ այլապիղծ ու արնախում թյուրքական մարդատեսակը թափառում էր Ալթայի կամ Ույղուրստանի տափաստաններում…

Դառնալով համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտող Չինաստանին՝ նշենք, որ այս երկիրը հարաբերականորեն հանգիստ գործեց ուկրաինական դեպքերի ժամանակ. մի կողմից սատարեց Մոսկվային՝ Վաշինգտոն-Բրյուսելի հետ հակամարտության հարցերում, մյուս կողմից՝ սուր քննադատեց Մոսկվային՝ ուկրաինական տարածքներին տիրելու հարցում: Սիրիական դեպքերի ընթացքում ստիպված էր պաշտպանել Ռուսաստանին, քանզի այդ ուղղության վրա ճնշումները մեծ էին… Այդ ճակատում Պեկինի դիրքրոշումը հստակ էր՝ իր աջակցությունը հայտնեց Ռուսաստանին եւ Իրանին: Իսկ Կովկասյան սրացումը, հայ-ադրբեջանական նոր բախումը Չինաստանի սրտով չէր եւ այս դեպքում Պեկինը բացահայտ հայտարարեց Հայաստանին օգնելու մասին: Առաջին անգամ Հայաստանը գործեց ո՛չ ռուսական եւ ո՛չ էլ արեւմտյան ուղղության համար, գործե՛ց առավելապես հակաթուրքական ճակատում, որտեղ լուրջ պետական խնդիրներ ունեն նաեւ չինացիները: Հայաստանը համաթուրանական ծավալման դեմ առաջին դարպասն է, եւ սա դարեդար այդպես է: Բոլոր թուրք ղեկավարները Հայաստանը «անիծյալ սեպ» են համարում համաթուրանականության ճանապարհին… Իզուր չէր, որ Չինաստանը դեպի Եվրոպա Մետաքսի հանրահայտ ճանապարհը վերականգնելու նախագծում տեղ էր հատկացրել նաեւ Հայաստանին, բայց մերժել էր Թուրքիային եւ Ադրբեջանին ներգրավելու հարցերը: Հայաստանից Իրանի միջոցով ու Իրաք-Սիրիա-Լիբանան արաբական երկրներով եւ Միջերկրական ծովով էր նախագծված ճանապարհը մտնում Եվրոպա, ու նաեւ մեկ այլ ճանապարհ էլ՝ Հայաստանից Վրաստանով ու Սեւ ծովով էր հասնում Եվրոպա… Այսինքն՝ չինական կողմը անտեսում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային ու Ադրբեջանին: Միայն Միջին Ասիայի թյուրքական որոշ պետությունների տարածքներ են ներառված Մետաքսի ճանապարհին, սակայն դրանք որոշիչ չեն դարձնելու համաթյուրքական հարցերը: Առավել եւս, որ Չինաստանը խոշոր ներդրումներ է արել Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում եւ Թուրքմենստանում, ինչն ավելի կարեւոր է համարվել այդ երկրներում անգամ այնքան, որ կարող է հետագայում նպաստել ռուսական ազդեցության գոտուց դուրս գալուն:

Արդեն առավել պարզ է դառնում, որ Չինաստանը ոչ միայն համաթուրքական ծավալապաշտության դեմն է ցանկանում առնել (միլիոնավոր թյուրք-ույղուրներ կան Չինաստանի Ույղուրստանում, որ հսկայական տարածքի վրա են բնակվում ու ցանկանում են անկախանալ), այլեւ մխրճվում է այնտեղ, որտեղ համաշխարհային 1-ին եւ 2-րդ բեւեռներ Արեւմուտքն ու Ռուսաստանը ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ շահեր են հետապնդում: Այս բոլոր առումներով Հայաստանը լիարժեք հարմար գործընկեր է Չինաստանի համար:

Այս առումով լուրջ խնդիր ունի նաեւ Իրանը: Այս երկրի Ատրպատականները թուրքացված են, չնայած իրանցիները պնդում են, որ այսօր Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջաններում ապրող ազարիները ծագումնաբանական ոչ մի կապ չունեն թուրքալեզու ադրբեջանցիների հետ: Իրանակա՛ն ծագում ունեն եւ ներկայումս ադրբեջանցի են կոչվել արտաքին որոշակի աշխարհաքաղաքական ազդեցությամբ՝ իրենց թյուրքական ծագում վերագրելով:

Այս ամենի մեջ, իհարկե, կա ճշմարտություն, բայց ներկայումս Բաքվի իշխանությունները վաղուց ունեն «Մեծ Ադրբեջան» («Մեծ Թուրան (Թուրքիա)» տարբերակից զատ) ծրագիրը, որը ներառում է նաեւ իրանական այդ հսկայական տարածքները:

Սա է պատճառը, որ Իրանը եւս հայտնվել է հակաթուրքական ճակատում եւ պաշտպանում է չինական մոտեցումները, նաեւ համաշխարհային 3-րդ բեւեռի ստեղծման առումով: Երբ միջազգայնորեն հանեցին Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, չնայած Իսրայելի դիմադրական ջանքերին, պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն հայտնեց կրկին աշխատել Արեւմուտքի հետ: Համաձայնեց նաեւ գազ արտահանել Եվրոպա, որն ակնհայտորեն ծրագիր է ընդդեմ ռուսական գազի մենաշնորհի, որից կախվածություն ունի Եվրոպան: Իրանը պատրաստ է, ինչն այս օրերին կրկին հավաստեց, Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք բացել: Ներառվում է նաեւ Վրաստանը, որտեղից էլ գազը Սեւ ծովով անցնում է Եվրոպա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք բացելու Իրանի պատրաստակամությունը: «Թեհրանի եւ Երեւանի միջեւ տրանսպորտի ու ապրանքափոխադրումների ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով Իրանը պատրաստ է Հայաստանին տրամադրել տեխնիկական եւ շինարարական ծառայություններ՝ Հայաստանի տարածքով Սեւ ծովը Պարսից ծոցին միացնելու համար»,- ասել է Հասան Ռոհանին: Նա նաեւ նշել է, որ երկու երկրները կիսում են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների հետ կապված տեսակետները՝ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու կոչերը:

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումներ եղան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության վերաբերյալ փաստաթղթեր: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելով Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը՝ հայտարարել է հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի եւ այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին՝ շեշտելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերներից է: Նաեւ, որ հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Վերջին տարիներին հատկապես զարգանում է հայ-չինական տնտեսական գործակցությունը: Համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի եւ մշակույթի բնագավառներում, ըստ կողմերի, կարեւոր խթան են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Չինաստանի առաջին փոխվարչապետը կարեւորել է ԵԱՏՄ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում Չինաստանի համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, կարող է իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ բանակցությունների առաջմղման գործում:

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաեւ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտը եւ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական յուրատիպ մշակութային արժեքների տարածման, ապագա սերունդների միջեւ ազատ շփումների հաստատման ու միմյանց մշակույթների փոխճանաչելիության կարեւոր հարթակների:

24 տարի առաջ մեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, այսօր նոր որակով են զարգանում հարաբերությունները: Մինչ այս այցը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին եւ քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Դեսպանը փաստել է, որ հայ-չինական միջպետական հարաբերությունները զարգանում են համակողմանի՝ վերընթաց զարգացում արձանագրելով բոլոր ոլորտներում՝ այդ թվում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, եւ այս համատեքստում էապես կարեւորվում է նաեւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը։ Երեւանում ստորագրվել է համագործակցության հստակ ծրագիր։

Ինչպես նշեցինք, Չինաստանի համար Հայաստանի կարեւորության գլխավոր գրավականը՝ ոչ թուրքական պետություն լինելն է, ինչի մասին խոսեցինք վերեւում: Նշեցինք նաեւ, որ այս առումով Հայաստանի կողքին են կանգնել նաեւ Հյուսիսային Կորեան եւ Ճապոնիան: Կորեան անգամ պատրաստ է զորք ուղարկել Հայաստան, եթե Արեւմուտքն ու Ռուսաստանը սպառնան Հայաստանին, իսկ ճապոնիան հայտարարել է, որ արդեն պատրաստ է օգնել Հայաստանին շատ հարցերում:

Հայաստանը անվտանգության լուրջ խնդիրներ ունի՝ գտնվելով թշնամական երկրների մեջ, այսօրինակ որոշ խնդիրներ էլ ծագում են այն պարագայում, որ որպես քրիստոնյա երկիր, Հայաստանը հայտնվել է  իսլամական երկրների շրջապատում, հատկապես ծայրահեղական հակումներ ունեցող իսլամականների: Եվ Հայաստանը հզոր դաշնակցի կարիք ունի: Ահա այստեղ է, որ Չինաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են: Եվ պաշտոնական Երեւանը պետք է կարողանա շարունակել իր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը՝ համաշխարհային 3 բեւեռների գոյության ժամանակ:

Կարճ ժամանակ առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Չինաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հենց վերոնշյալ խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել այդ հանդիպմանը: Մըն Ձիենճուն վստահեցրել է, որ իր երկիրը ջանք չի խնայի նպաստելու տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:

Մեր դիտարկմամբ՝ Արեւմուտքը դեռ լրջորեն չի արտահայտվում համաշխարհային 3-րդ բեւեռի անցանկալիության մասին, սակայն ամեն բան անում է, որ խոչընդոտի լատինամերիկյան ու ասիական խոշոր երկրների՝ Չինաստանի հետ դաշնակցմանը: Հակառակ դեպքում՝ Չինաստանի, Իրանի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ այլ երկրների դաշինքը լրջորեն կհակազդի ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Արեւմուտքին: Իսկ Ռուսաստանը ակնհայտ փորձում է սահմանափակել Չինաստանի հնարավորությունները, որպեսզի արգելակի 3-րդ բեւեռի կայացումը: Ավելին՝ համաշխարհային 2-րդ բեւեռի ստեղծման ժամանակ Մոսկվան հույս է ունեցել, որ Չինաստանը կաջակցի ու կմիանա իրեն: Բայց Չինաստանը հեռանում է Ռուսաստանից:

Դրա համար Սոչիում կայացած «Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա եւ Ռուսաստանի Դաշնություն» գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինը փորձել է նոր զարգացումներ գտնել ասիական երկրների հետ հարաբերություններում: Ինչպես Չինաստանն է տնտեսական հարաբերություններ հաստատում նախկին խորհրդային միջինասիական երկրների հետ, այդպես էլ Ռուսաստանը փորձեց Չինաստանից անցնել Մյանմայի, Լաոսի, Թայլանդի, Կամբոջայի, Մալայզիայի, Վիետնամի եւ այլ երկրների հետ հարաբերություններում: Մոսկվան ընդգծեց, որ դեպի արեւելք «Շրջադարձի» իր քաղաքակությունը այլեւս չի սահմանափակվում Չինաստանի հետ սերտ համագործակցությամբ, ինչը նախաձեռնել էր Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների ամենադժվարին պահին:

Այնուհանդերձ, ըստ վերլուծաբանների, անգամ Հնդկաստանը կամ Ճապոնիան չեն կարող փոխարինել Չինաստանին, քանի որ թե տարածաշրջանային քաղաքականության եւ թե ռազմաքաղաքական համագործակցության տեսանկյունից Չինաստանի հետ համագործակցելը անառարկելիորեն ավելի օգտակար է:

Նման հակամարտություններն էլ հնարավորություններ են բացում փոխլրացնող քաղաքականության հաջողության համար, ինչը մեր դեպքում ցայսօր վատ չի ստացվում:

Հայկ Թորգոմյան

- Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստան է ժամանել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նախագահի նստավայրում կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի ու Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահները  ստորագրել են «Հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։