Ապրիլյան պատերազմը «գուշակողը» օգոստոսին նոր պատերազմի «մեսիջ» է բերել.- Իսկ Պուտինն էլ Հայաստանում «սուբյեկտ» է փնտրում… Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները՝ Հայաստանի հետ սահմանին… Հայաստանը՝ ՀԱՊԿ զորավարժությունների մասնակից… Մի օր էլ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին չի լինի… Ռուսաստանն է հակառուսական տրամադրությունների սերմանողը…

Պուտինը Հայաստանում «սուբյեկտ» է փնտրում

Ռուսաստանից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը հայտնել է, որ իր հաշվարկներով՝ կարճատեւ պատերազմ կլինի նաեւ այս տարվա օգոստոսին: Այս տեսակետը ուշադրության է արժանի այն պատճառով, որ սույն փորձագետը կանխատեսել էր նաեւ ապրիլյան պատերազմը:

«Ես դեռ հունվարին կանխատեսել էի, որ ապրիլին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու, որ Ադրբեջանը կհարձակվի հայկական կողմի վրա, ինչն անխուսափելի է: Ադրբեջանը կփորձի կրակի մատնել մեր այգիները, իսկ դրանք հենց այնպես չես այրի, չոր խոտ չեն, եւ կկիրառվեն տարբեր զինատեսակներ»… Ըստ փորձագետի՝ Ռուսաստանում հիմա խառնաշփոթ է, նրանց համար Հայաստանը երկրորդ հարվածն էր՝ Ուկրաինայից հետո: «Դրա համար հիմա Ռուսաստանում լուրջ խոսակցություններ են գնում այն մասին, որ բոլոր պետական մարմինները չեն աշխատել Հայաստանում, ուստի՝ արդյունքներ չկան: Նույնն է, ինչ եղել է Ուկրաինայում: Աշխատել են միայն էլիտայի հետ, իսկ հասարակության մեջ ձեւավորվել են հակառուսական տրամադրություններ»,- նշել է Կարինե Գեւորգյանը:

Անդրադառնալով ռուսական զենքի վաճառքին՝ նա նշել է, որ Իլհամ Ալիեւը շատ փող ունի, պետք է նրանից դա վերցնել, իսկ դա անելու ամենահարմար տարբերակը զենքի վաճառքն է. «Ամեն դեպքում նա զենք գնելու էր: Այսօր նրա զենքերը ռուսական են, ու ֆորսմաժորային իրավիճակներում եւ Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում՝ դա կլինի հիբրիդային զինում, ինչն ավելի վատ է: Համակարգը պետք է մեկը լինի: Եթե նրանք պետք է զենք գնեն, ապա ավելի լավ է՝ դա անեն Ռուսաստանից, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում խնդիրներ ունենան»: Իսկ լրագրողների հարցին՝ Ռուսաստանը չպե՞տք է ավելի հստակեցնի իր դիրքորոշումը՝ ի վերջո, ո՞ւմ կողքին է՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, նա այսպես պատասխանեց. «Ես համաձայն եմ՝ դիրքորոշումն ավելի որոշակի պետք է լինի։ Համաձայն եմ ձեր քննադատության հետ։ Ռուսաստանում էլ են այդպես կարծում։ Բայց հասկանո՞ւմ եք՝ փոխգործակցել կարելի է ուժեղ սուբյեկտի հետ, որն ուժեղ դիրքեր ունի։ Վլադիմիր Պուտինը սուբյեկտ է, նա կամք ունի, այնտեղ, որտեղ չպետք է գործի, նա չի գործում։ Հայաստանում չկա սուբյեկտ, որի հետ նա հարաբերություններ կառուցի։ Սերժ Սարգսյանը գուցե սուբյեկտ է, բայց ոչ այնքան արժանի, որ Ռուսաստանի նախագահն իր հետ հարաբերություններ կառուցի։ Վստահելի հարաբերություններ այդ մարդկանց միջեւ չկան, դա իմ անձնական տեսակետն է»։

Իսկ ղարաբաղյան կոնֆլիկտի մասով ցանկացած որոշում նա համարում է ոչ արդյունավետ. «Ղարաբաղում միակ լեգիտիմ մարդը, որ կարող է հարաբերություններ վարել միջազգային հանրության հետ, Պարգեւ Սրբազանն է, քանի որ Հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգեւորականի գործոնը չի օգտագործվում»:

Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները՝ Հայաստանի հետ սահմանին

Հունիսի 3-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական համագործակցության շրջանակներում լայնածավալ զորավարժություններ են սկսել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու: Ըստ Turkhaber24-ի՝ զորավարժություններին մասնակցում է երկու երկրների զինված ուժերի 1200 զինծառայող:  

Զորավարժությունները ղեկավարում են Թուրքիայի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Սերդար Սավաշն ու Նախիջեւանի հատուկ համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաեւը: Զորավարժություններին առաջին անգամ, որպես դիտորդ, մասնակցում են նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Նշում է, որ զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջեւ փոխգործակցության զարգացումը, զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցումը, ստորաբաժանումների պատրաստվածության ստուգումն ու օպերացիաներ իրականացնելու ունակության բարձրացումը: Տեղեկատուն առանձնահատուկ շեշտում է, թե Հայաստանի հետ սահմանին գտնվող «Թուրքիայի Կարս քաղաքի բնակչության մեծ մասը Ադրբեջանից տեղափոխվածներ են»:

Հայաստանը՝ ՀԱՊԿ զորավարժությունների մասնակից

Մայիսի 24-26-ը Հայաստանում կայացել է «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Հայաստանի նախագահ, (ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստանում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության եւ «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

ՀՀ նախագահը կարեւորել է վերը նշված միջոցառումների անցկացումը եւ հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը եւ «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական եւ գործնական հիմքերի ձւավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական եւ գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք մշակվեել են «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաեւ այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է Երեւանում անցկացված միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպեսեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մի օր էլ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին չի լինի

Մոսկվայում կայացավ ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։ Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների եւ խաղաղ բնակիչների սպանություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները, ինչպես նաեւ՝ անդրադարձել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին.

«Ադրբեջանի կողմից պլանավորած բլից-կրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արսենալը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից։ Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ։ Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որը Բաքուն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների։ Ինձ համար հասկանալի չեն ռուս մեր որոշ գործընկերների բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից, կամ մեկ այլ երկրից։ Չեմ կարծում, որ այս պնդումը դիմանում է որեւէ լուրջ քննադատության։ Նախ, ռուսական ժամանակակից զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, դա վաճառում է բացառապես Ռուսաստանը, եւ այն օպտիմալ է թե՛ որակի եւ թե՛՜ գնային առումով։ Այդ զենքի այլ երկրի արտադության անալոգները կա՛մ մի քանի անգամ ավելի թանկ են, կամ մի քանի անգամ ավելի թույլ են իրենց ազդեցությամբ, եւ դա փաստ է։ Հատկապես, որ մի շարք արեւմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք չեն վաճառում։

Դժվար է ընդունել այն միտքը, որ ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, եւ եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է, եւ ոչ մի անձնական բան։ Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է։ Պրագմատիկ, որովհետեւ իրականում շատերն են այդպես վարվում։ Անհասկանալի, որովհետեւ ընկերներին փողի հետ փոխանակել չի կարելի»,- ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Ռուսաստանն է հակառուսական տրամադրությունների սերմանողը

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 27-րդ նիստին հայ 27 պատգամավորից մասնակցել է 13-ը: Հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ իրենց հաջողվել է միասնական ու համախմբված աշխատել: Նա նշեց, որ ի թիվս շատ հարցերի, քննարկել են նաեւ ԼՂՀ շուրջ զարգացումները. «Եղավ հետաքրքիր բանավեճ: Մեր կողմից զեկուցողը՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, միջազգային իրավական նորմերի խախտումները, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտումները»:

Նիստի արդյունքում ստորագրվել է նաեւ արձանագրություն, որտեղ նշված է, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, ու ռազմական գործողությունները տեղի են ունեցել շփման գծի ամբողջ երկայնքով:

Արդյո՞ք հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որը վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ընդգծված հակառուսական չէր ու արդյո՞ք պատվիրակության ղեկավարությունը նախատել է նրան դրա համար: Այս հարցը եւս հուզում էր ռուսական կողմին:

Հերմինե Նաղդալյանը  համաձայն չէր այդ ձեւակերպման հետ. «Հակառուսական տրամադրություններ չկային ելույթի մեջ  եւ այն սուր չէր: Նրա ելույթի մեջ եղել են հարցադրումներ, որոնք միշտ ասվել են: Զենքի վաճառքի հետ կապված՝ այս հողի վրա հակառուսական տրամադրություններ բարձրացնելը օգտակարություն իր մեջ չի պարունակում. մեր տարածաշրջանում ուժերի բալանսը միշտ պահպանվել է»:

Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար ռուսական վարկով զենքի ձեռքբերմանը, որը ձգձգվում է, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ կոնկրետ ժամկետների հետ կապված ոլորտի պատասխանատուները կպատասխանեն: Հակաօդային ընդհանուր տարածքի վերաբերյալ ՌԴ համաձայնագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դրանք շատ խորքային, մասնագիտական հարցեր են, եւ եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հարցադրումները բերել, հասցրել է ԱԺ, ապա անպայման խորապես վերլուծության է ենթարկել, ու կարծում է, որ իսկապես օգտակար է:

Արտակ Հայոցյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։