Որտեղ ծնվել է հայի պարը
Մաս առաջին
Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո, ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:
Հուլիոս Կեսար (Ք. ա. 100- 44)
Հայոց պարը եւ պարաձեւը ազգային գաղափարախոսություն է, այն ներկայացնում է հայ էթնոտեսակին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելության: Պարի միջոցով հայ էթնոսը ներկայացնում է իր պատմությունը, հավատը, էթնիկական ծագման, պաշտամունքի, բառապաշարի եւ լեզվական առանձնահատկությունները՝ որպես մեկ ամբողջականություն:
Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Բյուրակն, Աղձնիք լեռնաշխարհներով: Այսինքն, Արարատյան Աշխարհը կենտրոնն է, մեջտեղում Արեւխաչի գունդը՝ Մասիս եւ Սիս լեռների տեսքով, որի ճառագայթները Այրարատյան ութերորդ աշխարհից փռվում են ութ լեռնագագաթների կամ ութ աշխարհների վրա: Հայոց արեւխաչի գունդը կամ արեւգունդը պարսպապատված է Հայկական Պար ճառագայթակերպ լեռնաշղթայով, որտեղ եւ ծնվել է Հայի պարը:
«Նոր Հայկազեան լեզուի բառարանում» «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի շրջան, «աստեղեաց պար», «դիցաց պար»: Պար եւ Դից գաղափարների համադրման արդյունքում ծնվեց Դիցերի եւ Աստծո կերպի՝ մարդու նոր փոխհարաբերությունը, որը միահյուսվելով դարձավ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը՝ Պարադիցը-պարադի«զ»ը:
Հայոց ծիսական պարը կապված է հուր, արեւ, կրակ, ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս, կյանք հասկացությունների հետ եւ ունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը: Դրանց միջոցով ներկայացվում էին տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը, ամրագրում էին տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացնում էին բնությունը, ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էին տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:
Երբ առյուծի գեսն է դրոշակ
Մաս երկրորդ
Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն:
Համլետ Մարտիրոսյան
Քոչարին՝ քոչ-խոյ արիների միասնականության կոչն է՝ գոչը: Քոչարին Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային ծիսական պար է: Ավանդական Քոչարի պարաձեւը հայոց ազգային պարային մշակույթի մեջ ունի բազմաթիվ պարատեսակներ:
Քոչարի ծիսական պարի մեջ Հայ էթնոսը ամրագրել է Խոյ տոտեմ առաջնորդի կերպարը, նրա միասնականության խոսքը՝ կոչը-գոչը: Քոչարի ծիսական պարի «Քոչ» բառի սկզբնական իմաստին հավասարազոր իմաստ ունեն հայերենի գոչ, կոչ, խոյ, խոչ, ղոչ հոմանիշ եւ բարբառային բառերը:
Քոչարին հայ էթնոսի խմբային ծիսական պարերից մեկն է, այն կատարվում է կլոր շրջանով կամ կիսաշրջանով, պարում են միայն տղամարդիկ կամ՝ կանայք եւ տղամարդիկ միասնաբար:
Քոչարի պարը ազդարարվում է քաջ-արի խոյ առաջնորդի ՀԵ՛Յ- կոչով եւ նրա դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի բաշ-փաշի մազափնջի՝ դաստառակի թափահարումով, որի համար էլ պարի առաջնորդը կոչվում է պարբաշի: Փաստացիորեն, մեր նախնիների առաջնորդը, ի սկզբանե, որպես առաջնորդող դրոշակ, թափահարել է ձիու կամ առյուծի գեսը՝ ճակատի կամ մեջքի մազափունջը՝ բաշը-փաշը, որպես արեւի ճառագայթների խորհրդանիշ, նմանակում, որը ներկայացրել է առաջատարին եւ նրա իրավունքը:
Այսպիսով, քոչարի պարի մեջ հստակ տեսանելի են Խոյի, Ձիու, Առյուծի եւ Արեւի խորհրդանիշները, որն ըստ էության գոչ է արեւածին արիներին՝ միանալու եւ կատարելու առաջադրված խնդիրը:
Քոչարի պարի ծիսական շարժումները ներառում են ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների ՄԷ գաղափարը: Պարի մեջ այն արտահայտված է Արեւի լրիվ շրջանով կամ կիսաշրջանով, ձեռքերը բռնելու Մե-ՄԵՆՔ- միասնականության գաղափարով: Պարողներն ընդառաջելով քոչ-խոյ առաջնորդի գոչին՝ աստիճանաբար, հերթականությամբ համախմբվում են, շարքով միանում, անսասան շղթա են կազմում, բռնում են միմյանց ձեռք կամ դնում են ձեռքերը մեկը մյուսի ուսին, թեւկախ, ուսմեջք, ուս-ուս, թեւ-թեւ պարային շարժումներով դառնում են մեկ միասնություն: Պարողները տոտեմ Խոյի պաշտամունքով կատարում են ծիսակարգ, ոտքերն ուժգին թափով զարկում են գետնին՝ վախեցնելու, հեռացնելու չարը, մաքրելով ծիսական տարածքը՝ կատարելու արեւապաշտական ծիսական արարողակարգ:
Պարի մեջ խոյին նմանակումով ներկայացնում են Խոյ տոտեմի վարքագիծը՝ ժայռերի վրա վստահ վերուվար ցատկոտումն ու թռչկոտումը, սրընթաց հարձակողական շարժումները, որոնք արտահայտում են հաղթանակ, ձեռքբերում, պոզահարում, խոյահարում, կայացում եւ անպարտելիություն:
Շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է պարողների կտրուկ թափ առնելու, չոքերը կտրուկ շտկելով իրանը առաջ թեքելու մեջ: Գլուխները վեր պահած, հայացքն ուղղած առաջ, հաջորդ քայլին՝ գլուխները առաջ խոյած՝ նմանակելով խոյի պոզահարումը, ախոյանին կամ առաջացած արգելքը ծակելու, խոյահարելու եւ պատնեշը հաղթահարելու ծիսական գործողություն է կատարվում:
Առաջնորդի դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի ճակատի փաշ-բաշի թափահարումից եւ «Հե՛յ» գոչից անմիջապես հետո ծիսակարգի սկիզբն ավետել են ազգային նվագակցական տարբեր գործիքները՝ հատկապես զուռնան, ծիրանափող-դուդուկը, դհոլը:
Հայ էթնոսի պատկերացումներում զուռնան, ծիրանափող -դուդուկն ունեն իրենց դիցական նախատիպը՝ եղեգան փողը. «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր…»:
Եղեգան փողը ծիսական արարողական կապ է Երկինք-Երկիր, Աստված-Մարդ փոխհարաբերության մեջ, Ծիրանափող-դուդուկի միջոցով Աստվածային զորավոր խոսքը հաղորդվում է մարդկանց:
Զուռնա-զոռ-զոր բնաձայնական բառի իմաստը, կոդը՝ զորանալն է, զոռելով՝ ուժեղանալը, որից էլ ունենք զորք-զորեղ-զորացյալ բառերը, եւ այդ կոդը «Քոչարի» պարը հնչեցնող կոդն է:
Քոչարի պարի ծիսական շարժումներն արտահայտում են հայ էթնոսի միասնականությունը, նպատակասլացությունը, խորը ծիսականությունը եւ ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային հարաբերությունների ՄԷ-Մենք գաղափարը:
Մեր նախնիները Քոչարի արեւի ծիսական պարի միջոցով իրականացրել են խորհրդապաշտական պայքար մահվան դեմ, բառացիորեն՝ մահվան առաջն առնող քայլ են կատարել:
Մեր նախնիների խորհրդապաշտական պայքարն ավարտվում է անմահությամբ, մահը պարտվում է, պարողները տոնում են իրենց խորհրդանշական հաղթանակը, որը բերում է նոր կյանք, ծնունդ եւ բերկրանք:
Որը փաստացիորեն ներկայացնում է շումերական դիցաբանության դրվագը, երբ Խոյ-Դումուզին իր վրա է վերցնում Հայկի հարվածը:
Հաղթական կեցակարգի հրամանը
Մաս երրորդ
Քոչարի եզրաբառը կազմված է Քոչ եւ Արի բառերից: Հրաչյա Աճառյանի «Հայերենի արմատական բառարանը» եւ Նոր Հայկազեան Բառարանը Քոչ բառը բացատրում են որպես այծերի առաջնորդ՝ նախն յայծս, հայր այծաց, առաջնորդ նոցա, քոշ, քաղ:
Քոչը-կոչը-գոչիլը նշանակում է հարձակում (Նոր Հայկազեան Բառարան, 1019 էջ):
Հայերենում քոչ են անվանել-այծի այն տեսակին, որը առաջնորդել է հոտին, որն էլ հայոց ընկալումներում ունի քաջության, արիության խորհրդանիշ:
Քոչ-գոչ-կոչ-խոչ-ղոչ բառերը ք-գ-կ-խ-ղ բաղաձայնների փոփոխություններով՝ հայերենի բարբառներում ունեն նույն իմաստը, ներկայացնում են Խոյին:
Քոչ-գոչ-կոչ են անվանել չամորձատված արու այծին՝ խոյին:
– Գոչ բառը համարվում է հայերենի 130 բնաձայնական բառերից մեկը:
– Կոչ բառը ունի երկու իմաստ՝ Խոյի բարբառում քոչ-այծին ասում են՝ կոչ: Կոչ բառի երկրորդ իմաստն է՝ ազդ, հրաման, խոսքի դիմում, կանչել, գոչել:
Պ. Յանսենը համարում էր, որ հայ անունն առաջացել է հեթիթների -խեթեր khat-hat, hatio էթնիկական անունից t>j անցումով: Նա հեթիթներին նույնիսկ համարում էր հայեր (Հրաչյա Աճառյան):
Հնախոսական khat-hat, hatio, qhoti (-քոչ ) ձեւից առաջացել են kockar -կոչխար-քոչքար-կոչքար, խոչ-խաչ-խոչխար ձեւերը (Հր. Աճառյան):
Քոչ-ղոչ բառանունները տարբեր արտասանություններով եւ իմաստներով անցել են նաեւ թուրքալեզու ցեղերին.
– թուրքերենում ղոչ բառը փոխառնված է հայերենից եւ հայերենի քաջ -քոչ բառի փոխարեն ղոչ բառը թուրքերենում ձեռք է բերել ճարպիկ իմաստը՝ «ղոչ-ղոչախ»:
Ռուսերենում հայերենի Քոչ-Կոչը դարձել է koc-koza-kozak-կոզա-կազակ:
Վրացերեն-խոիրի-խվիրի՝ պսակ- փոխառյալ է հայերենի խոյ բառից:
Քոչ-գոչ-կոչ բառանուններն ունեն երկու գաղափարական իմաստ՝
- Խոյին բնութագրող քաջություն, արիություն
- Նույն իմաստով գործողություն՝ գոչել-կոչել, բարձր ձայնով ազդարարել: Գոչ-կոչ՝ առաջնորդի խոսք, ուղերձ, ազդ, հրաման:
Քոչ-խոչ-գոչ-կոչ-ղոչ բարբառային անուններով ներկայացված այծի արու տեսակը արեւապաշտական գաղափարախոսության մեջ ընդունված է որպես Խոյ տոտեմ եւ մեր մշակույթի մեջ, ըստ ժայռապատկերների, ունի նվազագույնը տասը հազար տարվա պատմություն:
Շարունակելի
Կարինե Հայրապետյան
Գիտությունների համահայկական եւ միջազգային ակադեմիա
Գերմանիա, 16. 05. 2016
«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



