Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի մասին՝ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց. «Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ, որը մենք չունեինք։ Այն ոչ ՀԱՊԿ-ի մեջ է, ոչ ԱՊՀ-ի հետ կապ ունի, միայն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ է»: Ըստ պատգամավորի այս հանգամանքը չպետք է անտեսել, տեխնիկական բաղադրիչի լրացումը բերում է ի օգուտ հայկական կողմի լրացուցիչ գործիքների կիրառման, տեսանելիության դաշտի ընդլայնման:
Մինչ այս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը երկու երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարեւոր քայլ է: «ՌԴ եւ ՀՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքներն ընթանում են արդեն մի քանի տարի: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերը»,- նշել էր նա՝ հավելելով, որ փաստաթուղթն արդեն անցել է հիմնական ընթացակարգերը եւ ներկայումս ՀՀ օրենսդիր մարմնի կողմից քննարկման մակարդակում է:
«ՀԱՊԿ շրջանակներում ընդունվել է տարածաշրջանային մակարդակով նման համակարգերի ստեղծման հայեցակարգ: Առկա են ռուս-բելառուսական, ռուս-ղազախական միացյալ ՀՕՊ համակարգերը, այժմ ստեղծվում է ռուս-հայկական ՀՕՊ համակարգը: Սա առաջին փուլն է,- ասել է Նիկոլայ Բորդյուժան եւ հավելել,- գործընթացի 2-րդ փուլը ենթադրում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՀՕՊ համակարգերի միավորում «մեկ կանոնի եւ համակարգի ներքո», ինչը թույլ կտա ստեղծել կառույցի ողջ տարածքում ՀՕՊ ընդհանուր համակարգ»:
Իսկ ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց էր, հավաքված քաղաքացիները դեմ են «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու» համաձայնագրի ընդունմանը: «Դավաճանության հերթական քայլը», «Չենք հանձնելու ոչ օդը, ոչ հողը», «ՀՕՊ-ի հանձնումը=Ստեփանակերտի ռմբակոծում», «Մենք չենք վստահում պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին» ու այլ գրություններով ցուցանակներ են ԱԺ շենքի առաջ բարձրացրել ցուցարարները:
Համաձայանգրի դեմ բողոքի դուրս եկած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշել է, որ նման համաձայանգրի քննարկումը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները տեղի ունեցած իրադարձություններից եզրակացություններ անելու ընդունակ չեն: «Եթե չլինեին ապրիլյան դեպքերը, ապա կարելի էր մտածել, որ Հայաստանն այս համաձայնագրով կարող էր շահեկան վիճակում լինել: Բայց մենք գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որ Հայաստանին սպառնացող պետություն կա, որի հիմնական սնուցողն ու իրեն ռազմավարական դաշնակից համարողը Ռուսաստանն է: Եթե այդ ամենից հետո դու շարունակում ես Ռուսաստանի հետ ոչ միայն հարաբերություններ պահպանել, այլեւ հավատում ես նրա բարյացակամությունը, ուրեմն այդ հետեւանքները դու պետք է վայելես»,- ասել է Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում համաձայնագիրն ընդգրկված չէր: ՀՕՊ համաձայնագրի քննարկումն ԱԺ-ում հետաձգվել է:
Արտակ Հայոցյան
* * *
Արգելել Աթեշյանի մուտքը Հայաստան
ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրեն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պաշտոնական նամակ են ուղարկել ու պահանջել` արգելել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուտքը Հայաստան:
Նա հրապարակեց նամակը. «Որպես արեւմտահայ քաղաքացիներ, համայնքը դիմում է ՀՀ պատկան մարմիններին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` խնդրելով «զերծ ձգեն Աթեշյանի մասնակցությունը» Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի եւ արեւմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով, Թուրքիայի կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել»:
Նամակի հեղինակները հորդորում են Աթեշյանին հավաքական ցանկացած հայտարարություն չանել հայության անունից, Աթեշյանին չեն համարում հոգեւոր առաջնորդ եւ նույնիսկ Սուրբ եկեղեցու արժանի հոգեւորական, որովհետեւ նա ընտրված չէ ժողովրդի քվեներով ու պաշտպանում է թուրքական պետության շահերը:
«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: