Հայաստանը չի կարող լինել բաժանարար գիծ – Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, նույնն է նաեւ ԵԱՏՄ-ն, առավելապես անտեսում են Հայաստանի շահերը… ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ…

Երեւանում կայացավ ՀԱՊԿ  քարտուղարների կոմիտեի նիստ նեղ կազմով, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկիրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նեղ կազմով նիստից հետո հանդիպումը շարունակվել է արդեն լայն կազմով, որը վարում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:

Նա անդրադարձել է ապրիլյան առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ հնարավոր չէր անմասն մնալ եւ չվերցնել արցախահայության գոյության եւ կյանքի իրավունքի պաշտպանությունը: Նկատի առնվեց, որ կատարված իրադարձությունների համատեքստում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող այս հանդիպումը նոր իմաստ է ձեռք բերում: «Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մեծ մարդկային կորուստների: Այն հնարավոր եղավ կանգնեցնել եւ իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Դրանում կարեւոր դեր խաղաց Ռուսաստանի Դաշնությունը, ում ադրբեջանական կողմը դիմել էր զինադադարի ռեժիմի վերականգնման հարցով: Այս իրադարձությունները ընթացել են Կովկասյան տարածաշրջանում եւ, բնականաբար, չեն կարող դուրս լինել ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակներից»,- նշել է Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանին չեն կարող չհետաքրքրել կենտրոնասիական տարածաշրջանում ընթացող զարգացումները: Անվտանգության խորհրդի քարտուղարը  նաեւ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հասարակությունները կառույցից ակնկալում են ավելի մեծ համախմբվածություն՝ անդամ երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում:

Եթե ավելի բաց տեքստով ասենք, սա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ոչ թե պիտի լուռ հետեւողներ լինեն հայ-ադրբեջանական բախման, այլ դառնան դաշնակից Հայաստանին սատարող երկրներ: Սակայն իրականությունն այլ է, ինչի մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: ՀՀ ԱԱԽ քարտուղարի նշած կենտրոնասիական տարածաշրջանի ՀԱՊԿ երկրները հանդիսանում են նաեւ համաթուրքական դաշինքի անդամ եւ ավելի են կարեւորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան՝ Հայաստանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց է հայտարարել, որ բոլոր դաշինքներից իր երկրի համար կարեւորը համաթուրքականն է:  

Հիմա թե ինչ են քննարկել եւ ինչպես են հասկացել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավունքներն ու պարտականությունները, մանրամասն հայտնի չէ, բայց մեծ հաշվով ոչ մի լուրջ փոփոխություն չի կարող գրանցվել այս ընթացքում: Եվ այն սպասումը, որ «հասարակությունը ՀԱՊԿ-ից համախմբվածություն է ակնկալում», դեռ կմնա որպես սպասում:

Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, որը նույն դեմքով հանդես է գալիս արդեն նաեւ որպես ԵԱՏՄ, առավելապես անտեսում է միայն Հայաստանի շահերը: Ռուս-բելառուս սլավոնական դաշինքը եւ ղազախ-ղրղզ-թուրքմեն թուրքական դաշինքը դժվար էլ փոխեն իր հակահայ ձեւը, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները, նույնիսկ ամենավատ ժամանակներում, կարողացել է հայկական շահերին ընդդիմանալու պատճառով կարգավորվել: Եվ այստեղ է, որ Հայաստանը մշտապես հարվածներ է ստացել ռուսական կողմից՝ հատկապես Թուրքիայի հետ առնչվող հարցերում:

Այժմ պաշտոնական Երեւանը կարողանում է վստահելի հարաբերություններ հաստատել նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ինչը ՀԱՊԿ ռուս-թյուրքական դաշինքին դուր չի գալիս: Այս դաշինքի վրա անուղղակի ազդում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը:

Իսկ Ռուսաստանը գնաց մեկ այլ քայլի, որպեսզի Հայաստանը ներքաշվի հակաՆԱՏՕ-ական խաղերի մեջ: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը դեռ քննարկվելու է Ազգային ժողովում, իրականում ավելի վտանգավոր է, քան նշվող մտահոգություններն են: Այդ համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության բնագավառում որոշումների կայացման իրավունքը փոխանցվելու է

Ռուսաստանին: Գրեթե չի խոսվում, որ այս համաձայնագրի ընդունմամբ Հայաստանն այլեւս չի կարողանալու իր հակաօդային պաշտպանության ուժերն օգտագործել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի դեպքում: ՀԱՊԿ-ն չի ճանաչում ԼՂՀ-ն, իսկ այն, որ իր անդամ Հայաստանը կամա, թե ակամա ներքաշված է ԼՂՀ անվտանգության ու պաշտպանության հարցերի մեջ, ՀԱՊԿ-ին քիչ է հուզում: Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը հետզհետե կորցնում է իր «մեծ նշանակությունը» Արցախյան հարցում:

Այս համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի իրավասությունը տարածվելու է միայն Հայաստանի Հանրապետության օդային տարածքի վրա, իսկ ՀՕՊ ուժերի միասնական համակարգմամբ զբաղվող Ռուսաստանը, բնականաբար, թույլ չի տալու դրանք օգտագործել Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում՝ Ղարաբաղի պաշտպանությունն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ այս համաձայնագիրն ուղղակիորեն վնասելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, որի երաշխավորն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Բայց համաձայնագիրն ունի ավելի լայն, զուտ հայկական պետությունների անվտանգության շրջանակից դուրս գտնվող վտանգներ:

Այս համաձայնագրի ընդունումը խիստ դժգոհություն է առաջացրել Իրանի իշխանությունների շրջանում, եւ հենց այդ դժգոհություններով է պայմանավորված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս ԻԻՀ կատարած այցը: Պաշտոնական հաղորդագրություններում, բնականաբար, ՀՕՊ-ի միասնական համակարգի առնչությամբ Իրանի մտահոգությունների մասին ոչինչ նշված չէ, բայց իրանական կողմը Հայաստանին հորդորել է ձեռնպահ մնալ այդ համաձայնագրի ստորագրումից, քանի որ դրանից հետո Հայաստանին սահմանակից Իրանի օդային տարածքը դառնալու է ոչ թե Հայաստանի, այլ՝ միասնական հակաօդային պաշտպանության համակարգին սահմանակից տիրույթ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այսինքն՝ Մոսկվան այս քայլով փորձում է փչացնել Հայաստանի հարաբերությունները ոչ միայն Արեւմուտքի, այլեւ՝ Իրանի հետ:

Իսկ Արեւմուտքում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ, եւ առայժմ՝ ոչ պաշտոնական խողովակներով փոխանցվում է, որ դրա նպատակը ՆԱՏՕ-ի համակարգերի վերահսկողությունն է:

Այսպես, ՆԱՏՕ-ի հետ մի շարք ձեւաչափերով համագործակցող Հայաստանը ակամա ներքաշվում է հակա-ՆԱՏՕ-ական խաղի մեջ, ինչը չի կարող չանհանգստացնել նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորել փորձող Իրանին: Իսկ Թեհրանը նաեւ տնտեսական ծրագրեր է նախատեսում իրականացնել Հայաստանի հետ, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Եվ մեր ԱԳ նախարարի այցի շրջանակներում հայտարարվել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մոտ ժամանակներս կայցելի Հայաստան՝ քննարկելու այս հարցերը: Ի տարբերություն ռուս եւ հայ պաշտոնյաների ու որոշ քաղաքական գործիչների, ովքեր չհասկանալով կամ հենց հասկանալով են փորձում հանգստացնել մեր հանրությանը, թե ՀՕՊ-ի միասնական համակարգի մեջ որեւէ սպառնալիք չկա, արեւմտյան երկրներում եւ Իրանում տեսնում են վտանգները:

Իրականում ակնհայտ է, որ այդ համակարգի ստեղծումից հետո ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային բաժանարար գծերը ավելի են ընդգծվելու, ինչը հաստատ ձեռնտու չէ Հայաստանին, որը  կարողանում է դեռ  խուսանավել Ռուսաստան-Արեւմուտք, ՀԱՊԿ-ՆԱՏՕ առճակատումների ժամանակ:

Արտաքին քաղաքական ոլորտում փոխլրացնող քաղաքականություն հայտարարած Հայաստանը պիտի խուսափի բաժանարար գիծ դառնալուց, այլապես գերտերությունների հետ համադրելի քայլեր անելը կդառնա անարդյունավետ ու վտանգավոր:

Հայկ Թորգոմյան

* * *

Հունիսի 6-10-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:

Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարեւորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում՝ ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:

Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել եւ անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են դասախոսություններ սՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաեւ ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։