Հանդիպում, որն ավելի շատ Մոսկվային էր անհրաժեշտ – Հայաստանի նախագահը պետք է պատրաստ լինի ,հնարավոր ծավալումներին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում՝ ամրացնելով թիկունքը Հայաստանում…

Այն, որ Մոսկվան փորձելու է նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ակնհայտ էր: Մինչեւ Վիեննան, Մոսկվայի նախորդ փորձը, որ ստվերային էր տարվում, ձախողվեց եւ Ավստրիայում կայացած հանդիպմանը պիտի հաջորդեր Սանկտ Պետերբուրգը:

Այս անգամ Հայաստանը պատրաստ էր գնալու: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այսքան տարի միշտ դժգոհ Բաքուն հանկարծ դրական է գնահատում պետերբուրգյան հանդիպման արդյունքները, իսկ Իլհամ Ալիեւը շեշտում է, որ հակված է Ղարաբաղյան հարցով արդյունավետ բանակցություններին:

Հայաստանի նախագահի կեցվածքից եւ խոսքերից հասկանալի էր, որ սա հերթական մի հանդիպում է, առանց լուրջ հետեւանքների, ինչը հետեւանք է հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի եւ հայ-ռուսական հարաբերությունների որոշ անհարթությունների:  

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված  եռակողմ հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահի հրավերով եւ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Վիենայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային/բովանդակային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Կոնստանտինովյան» պալատում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ովքեր նաեւ առանձին հանդիպումներ ունեցան Ռուսաստանի նախագահի հետ: Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին եւ անվտանգությանը սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

Մեր նախագահը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից ակնկալում էր Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում: Այս մասին խոսել է նաեւ հանդիպումից առաջ սպասելիքների մասին լրագրողի

հարցերին ի պատասխան: «Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային գործընթացը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 եւ 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը եւս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք ու Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, եւ մենք կշարունակենք բանակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Մի շարք մեկնաբանների պնդմամբ, չնայած Իլհամ Ալիւի ուրախ պահվածքին, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը նահանջում է նախապես արած իր հայտարարություններից, իսկ հայկական կողմը ձեռք է բերել առավելություններ: Այսինքն՝ ճնշում է եղել Ադրբեջանի նկատմամբ: Հայկական կողմի առավելությունն այն է, որ ի վերջո ԵԱՀԿ համանախագահությունը ստիպված է եղել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ խաղի կանոններն ընդունելու համար: Սրանք կարեւոր արդյունքներն են, որոնց մասին պետք է բարձրաձայնենք ու թույլ չտանք, որ Ադրբեջանը հայտարարի, իբր այդ հանդիպումն ավարտել է իր հաղթանակով:

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը խոսել է հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն  ջանքերի համար, որ դուք դրսեւորում եք այս հարցում,- ասել է Սերժ Սարգսյանը:- Բայց, ցավոք, միայն մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում»։

Նա կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար. «Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել Վիեննայում՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ»։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ իր խոսքում Իլհամ Ալիեւը կրկին նշել է, որ հակամարտությունը ձգձգվում է, քանի որ «չի փոխվում ստատուս-քվոն, բայց որպեսզի այն փոխվի, նախ պետք է սկսվի Ադրբեջանի՝ արդեն 20 տարի օկուպացված տարածքների ապաբռնազավթումը»։ Բայց այս խոսքերը մեծ նշանակություն չեն ստացել Սանկտ Պետերբուրգում:

Ինչեւէ, այստեղ ավելի մեծ խնդիր ուներ Վլադիմիր Պուտինը, ով, ըստ էության Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումով  հանձնում էր տարածաշրջանային տերության քննությունը, որը սասանվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Սա կնշանակի, որ հնարավոր է լիովին նոր իրավիճակ առաջանա, հետեւաբար այդ իրավիճակից բխող նաեւ նոր արտաքին, թե ներքին իրողություններ, որոնք կառնչվեն նաեւ Հայաստանին:

Սերժ Սարգսյանը պետք է պատրաստ լինի այդ հնարավոր ծավալումներին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում եւ կարողանա հնարավորինս ամրացնել թիկունքը Հայաստանում: Ինչն էլ ազատ գործելու պայմանն է արտաքին աշխարհի հետ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։