Հռոմի Պապն իրապես գնահատում է Հայաստանը – Ֆրանցիսկոս Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր ոչ միայն կրոնական, այլեւ պատմական արդարության վերականգնման խնդրների հետ է առնչվում…

Աշխարհի տարբեր կառավարիչներ կամ հանրահայտ մարդիկ Հայաստանին վերաբերել են ամենայն պատասխանատվությամբ, քանզի իրապես գիտակցել են Հայաստան-Դրախտավայր հավատատեսական եզրը: Նրանց համար արարչական եւ աստվածային որոշումներն անբեկանելի են անկախ այսօրվա միջազգային նյութականացված պատկերացումներից եւ զեղումներից:

Հռոմի պապը նաեւ լինելով հայերի մեծ բարեկամը՝ դեռ Արգենտինայի հոգեւոր առաջնորդը եղած ժամանակ, կարողանում է այսօր էլ Հայաստանի հետ կապված որեւէ միջոցառում ներկայացնել միջազգային չափանիշներին համապատասխան:

«Այց առաջին քրիստոնյա երկիր», այսպես է ազդարարում Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը: Սա ակամա ուշադրության է արժանացնում ինչպես այցը, այնպես էլ այցի վայրը: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արեւելյան երկրում՝ Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը»,- Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:

Հայտնի են այցի շրջանակներում սպասվող միջոցառումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան «Հրաշափառի»

արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:  

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաեւ կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Մայր Տաճար:

Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երեւանից կմեկնի Հռոմ»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը ողջ հայ ժողովրդի հետ, որն այդքան շատ է տառապել իր երկար պատմության ընթացքում: Այս մասին Radio Vatican-ի հաղորդմամբ՝ լրագրողներին երեքշաբթի հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հռոմի պապի Հայաստան կատարելիք եռօրյա այցի մասին:

Այսօր մեկնարկող այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

Radio Vatican-ի փոխանցմամբ՝ Հայր Լոմբարդին հայտնել է, որ Հռոմի պապի հետ Հայաստան մեկնող լրագրողների շարքում լինելու է Եվանգելինա Հիմիթյանը, ով Ֆրանցիսկոս պապի Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին նրա ընկեր հայ քահանայի դուստրն է: Ըստ Հայր Լոմբարդիի, լրագրողի պապիկն ու տատիկն Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումների ականատես են եղել եւ փրկվել են թուրք գյուղացիների օգնությամբ, ովքեր նրանց պաշտպանել են:

Հռոմի Պապը հեռագրել է  աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին, ըստ որի խնդրանք դիմումով առաջարկել է մեծ շանսոնեին իրեն ուղեկցել Հայաստան:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը եւս կմասնակցի այս այցին: Ընդառաջելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենան Հայոց Կաթողիկոսի հրավերին, Պապի այցելության ծրագրին պիտի մասնակցի հատուկ պատուիրակություն՝ գլխավորությամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի. «պատուիրակության մաս պիտի կազմեն Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան եւ Դպրեվանքի Տեսուչ Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեան»։

Հայաստան է ցանկացել գալ նաեւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով ծրագրել էր դա անել Մոսկվա այցից հետո: Բայց նրա այցը Հայաստան չեղարկվել է: Հիշեցնենք, որ հանրային բողոք կար Աթեշյանի դեմ եւ պատրաստվում էին արգելափակել նրա մուտքը հենց օդանավակայանից:

Հռոմի պապը նաեւ ուղերձ էր հղել հայ ժողովրդին. «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեր մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է դա ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից: Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեր հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը:

Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա:

Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց եւ մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչեւ որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերեւով: Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել եւ հույսը պետք է հարություն առներ:

Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում: Թող որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը՝ մասնավորապես Եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ: Հատկապես, սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու եւ նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն: Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից եւ Սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք: Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու եւ մեզ հույսով քաջալերելու համար: Շնորհակալություն եւ ցտեսություն»:

Որոշակիորեն ծանոթ լինելով Հռոմի Պապի անցյալին եւ նրա հայանպաստ գործունեությանը, որը ներկայումս ավելի ազդեցիկ է դարձել եւ միջազգային ասպարեզում դրականորեն է տեղաշարժում հայկական հարցերը, մենք հակված ենք կարծելու, որ Հռոմի Պապի այս այցը Հայաստան, չնայած ընդգծված կրոնականությանը, ունի առավելապես պատմական իմաստ եւ առաքելություն: Հռոմի Պապը փորձում է իր այցի համար աղոթելու կոչով դիմելով ավելի քան 1 մլրդ կաթոլիկ հավատավորներին եւ, վստահաբար, նաեւ մյուս քրիստոնյաներին՝ հիշեցնել նրանց բոլորի պատասխանատվությունը Հայաստանի ու հայության առջեւ: Որը, ըստ նրա կեցվածքի, առավելապես առնչվում է պատմական արդարության վերականգնման խնդրի հետ:

Պապը այսօր գալիս է:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։