Հայերի «ռուս-թուրքական պայմանագիրը»՝ հոգեւորականի ձեռքով – Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի եւ Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի Հայաստան գալը կասեցրել է Գարեգին Բ կաթողիկոսը…

Լրատվամիջոցները կարծիք էին հայտնել, որ ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում «որպես քարտ բլանշ» կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպատասխանատու եւ անպարկեշտ նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահին, որով նա դատապարտում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օրակարգում եղած խնդիրների մասին»,- ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ շեշտել, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը:

Ինչպես նշել էր պատգամավորը, այդպես էլ եղավ՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունները գործածեցին Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը, ինչը, սակայն, այս պահին որեւէ լուրջ նշանակություն չունեցավ:

Հասկանալով, որ այլեւս վարկաբեկված է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկացավ գալ Հայաստան: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է նրան դեռ չգալ, քանի որ կարժանանա խայտառակ ընդունելության հայաստանցիների կողմից: Հունիսի 22–ին էր Երեւան ժամանելու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ով մինչ այդ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հյուրընկալվել է Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանին: Նա մոտ բարեկամական հարաբերություններ ունի Եզրաս սրբազանի հետ եւ, ըստ լուրերի, նրանք անգամ ընդհանուր բիզնեսներ ունեն:

Աթեշյանը Մոսկվա է մեկնել՝ մտադրություն ունենալով Հռոմի Պապի այցի հետ կապված այնտեղից Եզրաս Ներսիսյանի հետ ժամանել Երեւան, սակայն այստեղ է, որ Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է եղբորը՝ Եզրաս արք. Ներսիսյանին, որ հնարավոր է, Աթեշյանը խնդիրներ ունենա հայ հանրության հետ՝ տխրահռչակ նամակի անչությամբ:

Հիշեցնենք, որ Բունդեսաթգի որոշման վերաբերյալ Աթեշյանը նամակ էր գրել Էրդողանին, որն էլ զայրացրել է հայ հանրությանը:

Ֆ/բ-ում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը տարածել է հայտարարություն. «Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։  

Նամակ էր գրվել նաեւ կաթողիկոսին. «Վեհափառ տեր, Ձեզ ենք դիմում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական-քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, օրերս Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակի առիթով՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին: Դժվար է որակել հայ հոգեւորականի ազգադավ արարքը, մեր ցասումն ու բողոքն ենք արտահայտում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության ( ՞,- խմբ.) եւ սրբապիղծ քայլի համար: Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլեւ՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունով նա խայտառակեց ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, ասել է, թե նա դեմ գնաց մեր եկեղեցուն: Պրն. Աթեշյանը (մեղք է նրան սրբազան անվանելը) իր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեց մեր նահատակների եւ մարտիրոսվածների հիշատակը: Հասկանալի է, որ նա չի ծառայում հայ համայնքին, այլ փորձում է ամրապնդել իր աթոռը եւ շարունակել հաճոյանալ թուրք կառավարիչներին՝ մոռանալով, որ իրենից առաջ եղել են պատրիարքներ, ոչ թե փոխանորդներ, բայց ոչ մեկն իր նման չի եղել»:

Նամակում նաեւ նշված է. «Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգեւոր , թե՛ աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան՝ չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը… Վեհափառ տեր, աշխարհասփյուռ հայության վիրավորված ինքնության միակ մխիթարանքն է, ինչպես նաեւ մեր եկեղեցու պատիվը բարձր պահելու հրամայական՝ ապաշնորհ ու տգետ հոգեւորականին ժամ առաջ կարգալույծ անելը՝ նրա հարցը բարձրացնելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց Ժողովում: Վեհափառ տեր, լիահույս ենք, որ աչքաթող չեք անի հայի անունն ու պատիվը արատավորողի սրբապիղծ արարքն ու կկատարեք նրան արժանի պատժիչ քայլը»:

Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները դեռ չեն շտապում նախատինքի խոսքեր ասել Արամ Աթեշյանի հասցեին: Հակառակը՝ հորդորում են չմեղադրել վերջինիս, քանի որ ոչ ոք չգիտի՝ ինչպիսի պարտադրանքի ներքո է Աթեշյանը նման տեսակետ հայտնել:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը շատ լավ է հասկանում Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի վիճակը՝ հիշելով Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վիճակը: «Նա մի ժամանակ ստիպված էր դիվանագիտական քայլերի դիմել, բայց երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կտրուկ արտահայտություններ թույլ տվեց, բոլորս տեսանք՝ այդ մարդու գլխին ինչ բերեցին:

Նա հիմա գրեթե մահամերձ վիճակում է: Մենք այս ամենը պետք է շատ լավ հասկանանք: Մենք պետք է հասկանանք՝ ինչ վիճակում է Արամ Աթեշյանը եւ աղմուկ չբարձրացնենք»,- ասաց նա: Հարցին՝ չի՞ համարում, որ պոլսահայ հոգեւորականը ճիշտ կաներ՝ լռություն պահպաներ, քան թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի շուրջ նման գնահատականներ հնչեցներ, Պարգեւ սրբազանը պատասխանեց. «Իրեն չեն թողնում, որ լռի: Երեւի, ստիպում են, որ խոսի: Սա պարզից էլ պարզ է: Բոլորս էլ շատ լավ հասկանում եւ գիտակցում ենք սա» (եթե չենք սխալվում՝ Պարգեւ սրբազանի պաշտած աստվածաշունչը հորդորում է չստել, բայց ի՜նչ իմանաս՝ ինչ է պահանջում ժամանակակից հոգեւոր ծառայությունը,-խմբ.):

Թեմայի շուրջ խոսել է նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով նշեց, որ Հայաստանից շատ հեշտ է Աթեշյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել, մինչդեռ Թուրքիայում բնակվելը եւ հոգեւոր ծառայություն մատուցելն անհամեմատ դժվար է: «Պոլսո Հայոց պատրիարքարանում չեմ ծառայում, որպեսզի հասկանամ՝ այնտեղ ինչ վիճակ է: Մենք պետք է ոչ թե փորձենք մեղադրել Պոլսո փոխպատրիարքին, այլ հասկանանք՝ Թուրքիան ինչ երկիր է»:

Իսկ այն, որ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Արամ Աթեշյանը լռություն պահպաներ, քան այսքան քծնող քայլի գնար, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է. «Չեմ կարող ասել, որովհետեւ նրա շապիկն ինձ վրա չէ: Թուրքիայում ծառայելը կրակե շապիկ է: Ես այդ կրակե շապիկի մեջ չեմ եւ չեմ կարող որեւէ բան ասել: Երբ այդ կրակե շապիկը հագնեմ, այն ժամանակ կարող եմ ասել՝ հնարավոր էր լռություն պահպանել, թե ոչ» (ԱԳՆ-ի մեր ամբողջ թիմը պետք է ցրել եւ այնտեղ տեղափոխել հոգեւորականներին,-խմբ.):

Սակայն մարդկանց մոտ այլ կարծիք է եւ շատ հաստատուն, «ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»: Այսպես էլ վարվեցին հոգեւորականները 1915-ին՝ համագործակցելով երիտթուրքերի հետ՝ աղոթքի հույսին թողնելով սեփական ժողովրդին: «Մի՞թե չեք գիտակցում, որ այդ քայլով պառակտում եք նաեւ հավատացյալ ժողովրդին, հակադրում եւ հակադրվում Հայ Առաքելական եկեղեցուն: Վերջինս կարծես թե խաղալիք եք դարձրել ձեր ձեռքում: Մեկ արհեստականորեն խոչընդոտում վերջապես դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ նրանցից անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հրովարտակ եք ուղարկում Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտեք դավանափոխ եղած իրենց արմատները վերագտնել ցանկացող արեւմտահայերին, մինչեւ ձեր համաձայնությունը չլինի: Բայց ո՞վ եք դուք, որ բռնանում եք մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չե՞ք վերապահում ձեզ»,- զայրանում են «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը միայն լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Գործ ունենք Թուրքիայի հետ ու չպետք է բացառենք հարկադրանքի պարագան»:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ Աթեշյանն իր համար «պարոն է եւ պարոն Աթեշյանը» Հայաստանում չակերտավոր ընդունելության պետք է արժանանա: «Ես արդեն ունեմ տեղեկություն, որ ինչ–որ բան տեղի է ունենալու կապված իր այցելության հետ որոշ շրջանակների կողմից, եւ՛ ուսանողությունը, եւ՛ քաղաքական որոշ գործիչներ»։ Պատգամավորը խորհուրդ է տալիս Աթեշյանին չգալ Հայաստան: «Հատկապես, երբ Հռոմի պապն է գալիս Հայաստան, նրա այցը ցանկալի չէ»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այլ կարծիք ունի Պոլսո Պատրիարքին դիմավորելու առթիվ. «Հասարակությունը պիտի շան տեղ չդնի նրան: Աթեշյանը ո՞վ դարձավ, որ Հայաստանի ժողովուրդը հիմա էլ գնա, բողոքի մի անձի դեմ, որը առաջին անգամ չի, երկրորդ անգամ չի, երրորդ անգամ չի նմանատիպ բան անում, ես չեմ կարծում, որ Աթեշյանն էն մարդն է, որի համար պետք է վազել փողոց: Մամուլով ասվել է վերաբերմունքը, արժեւորել պետք չի»: Նրա խոսքով՝ անընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու պահվածքը: «Եկեղեցու ներկայացուցիչները պնդում են, թե նրան հարկադրել են, ինչը նշանակում է, որ եկեղեցու սպասավորները անընդհատ հարկադրանքը ընդունում են որպես ցուցում եւ գործում են հարկադրանքով, ոչ թե քրիստոնեական նորմով, իրենց խղճով եւ իրենց ժողովրդի կարիքներով: Եկեղեցուն, ինչպես միշտ, հայ ժողովրդի գլխավոր խնդիրները չեն վերաբերվում»:

«Դատապարտում եմ այդ հոգեւոր ծառայողի արարքը»,-խոսելով Արամ Աթեշյանի արարքի մասին՝ նշել է գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Հոգեւոր հոր քայլը գրականագետը գնահատում է որպես դավաճանություն հայ ազգի նկատմամբ. «Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետեւ Աստված ասում է՝ սուտ վկայություն մի տուր, սուտ մի խոսիր, խաբեությամբ մի զբաղվիր։ Պատմության մեջ մեզ շատ են ուղեկցել նման բաներ։ Այս մարդուն պետք է գրանցել այն ցուցակում, որով պետք է զբաղվեն առաջիկա Նեմեսիսի հերոսները»,- շեշտել է նա։

Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ, «ամեն մի քրիստոնյա, առավել եւս հոգեւոր հայր, պետք է առաջնորդվի Աստծո պատվիրաններով։

Բայց սա բացարձակ սուտ վկայություն է, հոգեւոր հայրն անտեսում է պատվիրաններից մեկը։ Սատանան ստրկություն է, եւ եթե հոգեւոր հայրը նման պարզ բաները չի հասկանում, անգամ՝ գործում է դրա դեմ, որքանո՞վ է նա հոգեւոր հայր, որքանո՞վ է քրիստոնյա»:

Եթե խնդիրը դիտարկենք մեդալի մյուս եզրից, ապա արամ աթեշյանը արել է այն, ինչ «պարտավոր» էր անել:

  1. աթեշյան կոչվածը հոգեւոր հայր չէ եւ, վստահաբար, ավելի լավ սերտած է հին կտակարանը…
  2. աթեշյանի իրական ծագումը ոչ մեկի պարզ չէ եւ գուցե նա ամենեւին էլ պարտավորություն չունի սպասարկելու հայոց շահերը:
  3. աթեշյանը բիզնես շահեր ունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին կաթողիկոսի եղբոր հետ եւ Թուրքիայում, այլապես հոգեւոր սպասավորությամբ չէր կարող այդքան շքեղ ապրել: Սրանք էլ հայերի ռուս-թուրքական «պայմանագիրն» են: Մեկը Ռուսաստանում շահեր ունի, մեկը՝ Թուրքիայում:

Այս տեսակետից ճիշտ էր, ինչպես պապս կասեր, Շիրակի տերտերը, երբ ասում էր՝ կրակե շապիկ է հագել:

Բա իհարկե կրակի շապիկ է, հենց թպրտա, բիզնեսը ձեռքից կխլեն: Իսկ բիզնեսմենի, այսպես ասեմ, չարչի տեսակի համար «բիզնեսից» զրկվելը դժոխքի կրակներում այրվելուց էլ վատ է:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։