Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճած օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…

Ինչպես իշխանությունը, այնպես էլ «միջազգային չափորոշիչներին համապատասխանող» ընդդիմությունները, որ անգամ հենց նոր իշխանական կոալիցիայից դուրս են եկել ու իրենց ընդդիմություն հայտարարել, երբ հոգնում են ամենօրյա աշխատանքից (իշխանությունն իսկապես պիտի հաջողի կյանքի կոչել փոխլրացնող արտաքին քաղաքականությունը աշխարհի բեւեռների հետ, իսկ ընդդիմության այս կամ այն թեւը ռուսական կողմնորոշումը պիտի փոխի արեւմտյանի, կամ՝ հակառակը, եւ էլի նման բաներ) մեծահոգաբար թողնում են, որ առաջանան քաղաքացիական նախաձեռնություններ եւ ընդդիմադիր ոչ մեծ շարժումներ, որոնք նախ անցնում են իրենց թրերի տակով, ապա՝ իշխանության, եւ ապա սկսում են գոյատեւել իբր անկախ, բայց իրականում օտարների դրամաշնորհներից սնվելով ու պատվերների տակ մտնելով:

Վերջերս եւ՛ ոստիկանությունը եւ՛ ազգային անվտանգության մարմինները հայտնեցին, որ իրենց համապատասխան տեղեկություններ ունեն, թե ժողովրդի անունից խոսող այս կամ այն ուժը քանի տեղից է «սնվում» եւ ինչ հանձնարարականներ է ստանում: Որոշ ուժեր կալանավորվեցին, անգամ զինված հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, որոշները ցիրուցան եղան, սակայն կան ուժեր էլ, որ ամսեամիս անունները փոխելով գործում են նույն ձեւաչափով ու կարգավիճակով:

Բայց, եթե իսկապես վտանգ կա, ինչու են իշխանությունները թաքցնում այդ տեղեկություններն ու առկա վտանգները, եթե չկա, ապա արդեն ծիծաղ է առաջացնում, ասենք՝ դիցուկ Ժիրայր Սեֆիլյանին պարբերաբար կալանավորելն ու ազատ արձակելը… Ծիծաղը միջազգային հարթություն կտեղափոխվի, եւ ծիծաղելի վիճակում մեր երկիրը կհայտնվի:

Եթե այսպիսով իշխանություններն անգամ առկա ընդդիմության ճանապարհն են փակում, այսպես կոչված նոր արտախորհրդարանական ընդդիմությամբ, որը վերահսկելի ու առավել խոցելի է ամեն պահի, ապա դա մի օր անպայման բումերանգի հարվածի է վերածվում, քանի որ օտարից սնվող ուժերը (ինչպես պնդում են իրավապահ մարմինները) մի օր կանեն քայլ, որը պատերազմական իրավիճակում գոյատեւող մեր երկիրը կներքաշի նոր ցնցումների մեջ…

Հիմա՝ Ժիրայր Սեֆիլյանին նորից մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ՝ «հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել եւ պահել տարբեր վայրերում, ինչպես նաեւ պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։ Նրան առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել ձերբակալվածի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաեւ արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ»։

Հայտնի է նաեւ, թե ում ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ իրավապահների՝ նրա դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: Քրգործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում նրանց կապը Ժիրայր Սեֆիլյանի հետ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպես են հայտարարում Սեֆիլյանի ընկերները:

Տեղին է մեկ անգամ եւս հնչեցնել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի՝ «ինչքա՞ն կարելի է տունտունիկ խաղալ» խոսքը: Նա անգամ չի ցանկանում խոսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառների մասին. դեռ վաղ է գնահատականներ տալ, կսկսի գնահատականներ տալ, եթե ձերբակալությունը վերածվի կալանքի»: Պարույր Հայրիկյանը ընդհանրապես դեմ է նախնական կալանքին, երբ դեռ դատը չեղած՝ մարդուն զրկում են ազատությունից:

Հունիսի 22-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա մեղադրանքը շինծու համարեց:  

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ՝ 120 փամփուշտ: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Հիշեցնենք նաեւ, որ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրելու նպատակով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկումը կարծես նախերգանք եղավ: Այս հաղորդումը տարակարծիք ազդեցություն էր թողել հասարակության եւ Արցախյան պատերազմի մասնակիցների շրջանում։

Սակայն, հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ կարեւորելով մեկից ավելի աղբյուրներից ճշմարտությունը տեսանելի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային պահանջը, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը ներկայացնում է եւս մեկ տեսանյութ, որտեղ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանը ներկայացնում է խնդրո առարկա ռազմական գործողության ձախողման հարցում, ինչպես նաեւ Թալիշի առաջին (1992թ.) տեղահանության ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված զրպարտչական հաղորդման գլխավոր հերոս Արարատ Սարգսյանի ու նրա գործընկեր Վալո Սիմոնյանի դերակատարությունը։ Ռուդիկ Խաչատրյանն իր խոսքի ավարտին նրանց հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սեֆիլյանից՝ ըստ էության այդ զրպարտությանը կամա թե ակամա մասնակից դառնալու համար:

Այս պարզաբանումները դեռ ընթացքի մեջ են, իսկ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական եւ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը», ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռքբերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: Սա՝ դարձյալ ըստ պաշտոնական տեղեկատվության:

Նշվում է, որ 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող 2 միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, 8 անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից 6-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ուժայինները զենք-զինամթերք չեն գտել ոչ Սեֆիլյանի տնից, ոչ նկուղից, ոչ էլ գրասենյակից: Նրան պատկանող բնակարանում գտել են մեկ նամակ, որը նրան գրել է

ընկերն արտերկրից, պարզապես նամակը գրված է եղել մանր տառերով եւ կասկածներ է հարուցել: Առգրավվել է նամակը եւ եւս 2 փչացած հեռախոս, որոնցից մեկը կոտրվել է բերձորյան դեպքերի ժամանակ:

Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ» շարժման գրասենյակում խուզարկություն է կատարվել, որի ժամանակ իրավապահներն իրենց հետ տարել են համակարգիչներ, խունացած, հին փաստաթղթեր, դաշտային քարտեզներ. այս մասին ասել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իրենց ղեկավարին ձերբակալել են նախորդ տարվա նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներում, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է. «Ես կարդացել եմ խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ 2 հոգու ձերբակալել են զենք-զինամթերք փոխադրելու համար,  այդ գործով խուզարկություն են անցկացնում՝ գրասենյակում զենք զինամթերք կամ դրան առնչվող իրեր, պարագաներ հայտնաբերելու նպատակով: Հենց խուզարկության սկզբին Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են»:

Մյուս հարցին, թե ձերբակալված 2 անձինք արդյո՞ք շարժման անդամներ են, նա համառոտեց՝ ոչ:

Իսկ մինչ այս իրադարձությունները, «Ազգ» օրաթերթը մեկ այլ փաստի մասին գրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ հայտնվել է մի տեսաֆիլմ, որն ապացուցում է, որ ապրիլյան պատերազմի նախաձեռնողը ադրբեջանցիներն են: Տեսանյութը տեւում է 11 րոպե 21 վայրկյան եւ ներկայացնում է ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ինչ է ներկայացվում տեսանյութում՝ չի ասվում, որովհետեւ դա պետական գաղտնիք է դիտարկվում, չնայած, գրեթե բոլորն արդեն տեսել են՝ Youtube-ում դրված է ու մի քանի տասնյակ հազար դիտում ունի, կարելի է մտնել այնտեղ, որոնել…

Այնուհետեւ թերթը շարունակում է. «Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը Թալիշում եւ տեսանյութ» բառերի օգնությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական գաղտնիքը ձեր առջեւ կբացվի: Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են մտնում, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի՝ «Ոտքի Հայաստան», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի՝ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նպատակն, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է»: Նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսվեց: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց, որ տեսանյութը հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ը ստանա ապացույցն այն մասին, որ ապրիլյան սրացումների ժամանակ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը: Այսինքն՝ նպատակը եղել է սա: Տեսանյութում իսկապես երեւում է, որ ադրբեջանական կողմից մոտավորապես հարյուր հոգով շարժվում են դեպի մեր դիրքերը…

«Ազգ»-ի թղթակիցը հարց է տալիս՝ «Բայց, տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ ՄԱԿ-ն այդ ապացույցի կարիքն ուներ: Այսինքն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը ձեր տված տեսանյութը ուղարկել է Նյու Յորք՝ «Անձամբ գլխավոր քարտուղար պարոն Մունին» խորագրով, ու հիմա Մունն իր օգնականների հետ նստած նայո՞ւմ է: Եթե այո, ապա միամիտ եք, բայց չէ՞ որ միամիտ չեք: Կամ մի՞թե կարծում եք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելն այլեւս ապացույցների կարիք ունի, ո՞վ չգիտի, ՄԱԿ-ը՞: Նախ գիտի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը չգիտի, կամ գիտի, դրանից բան չի փոխվելու:

Բայց խնդիրն անգամ սա չէ, նկատի ունեմ այն, որ տղերքը պետական գաղտնիք են բացահայտել ՄԱԿ-ին: Խնդիրն ուրիշ տեղ է: Նախ, տեսանյութը նույն օրը տեղադրվում է համացանցում, իսկ դա, կներեք, բայց ՄԱԿ չէ, համացանցում ավելի շատ մարդ կա, քան ՄԱԿ-ում պետություն: Այսինքն՝ ամեն ոք կարող է գտնել այս տեսանյութը ու նայել, ընդ որում՝ դադարներով, հետ ու առաջ տալով, նորից, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ամեն ոք ասելով նկատի ունեմ նախ եւ առաջ ամեն ադրբեջանցի: Այսինքն, եթե նպատակը եղել է ՄԱԿ-ին ադրբեջանական կողմի նախահարձակ լինելը ապացուցելը, ապա ինչու՞ ՄԱԿ-ին տեսանյութը չի հանձնվել «Հույժ գաղտնի» ծրարի մեջ եւ, ամենակարեւորը, ինչո՞ւ է այդ տեսանյութը հայտնվում համացանցում, ո՞վ է այն տեղադրում համացանցում: Բնականաբար նա, ով ունի, կամ ով գողացել է: Ու եթե հաշվի առնենք, որ տեսանյութը «Նոր Հայաստանից» ոչ ոք չի գողացել, հակառակ պարագայում նրանք այդ մասին կասեին, եզրակացնում ենք, որ այն տեղադրել է ինչ-որ «նոր հայ»: Սա արդեն դավաճանություն է, տղերք, պետական գաղտնիքի բացահայտումը հենց այդպես էլ կոչվում է՝ դավաճանություն: Ընդ որում, երբ պետական գաղտնիքը բացահայտվում է առանց թշնամու կողմից ճնշման, կոչվում է ստո՛ր դավաճանություն:

Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ից տեսանյութի եւ դրա տարածման հետ կապված հորդորում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում են՝ դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, որոնք, ի գիտություն՝ ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են:

Ավելի ուշ, դարձյալ ըստ «Ազգ»-ի, ՀՀ ՊՆ-ից ներկայանալ չցանկացող մի պաշտոնյա հայտնեց, որ տեսանյութն ամբողջական չէ, իբր հայկական կողմի մարտավարությունն այնպես է եղել, որ պետք է թողնեինք, որ ադրբեջանցիները կուտակվեին, հետո ջարդեին: Ասենք թե այդպես է, բայց, տղերք, ո՞վ է տարածել այդ տեսանյութը, երբ մենք գիտենք, թե ո՞վ է այն հանձնել ՄԱԿ-ին: Կարեւորը սա է, իսկ այն, որ մենք ջարդել ենք ադրբեջանցիներին՝ բոլորս գիտենք: Հա, սիրելի զինվորներ, երբ թեկուզ ջերմացույցով նկարահանում եք, թեկուզ հակառակորդին, ապա խուսափեք հայհոյելուց, շատ հնարավոր է ձեր հայհոյանքները մտնեն համացանց: Համենայն դեպս՝ դավաճան կա քաղաքում»..

Եվ ահա այս տեսանյութը եւս նպաստում է, որ այս ձերբակալությունը կապեն Արցախի խնդրի հետ: Պարզվում է, որ Սեֆիլյանն արդեն մեկ ամիս գտնվում է քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում: Ուշագրավ է, որ նրան ձերբակալում են մեկ ամիս անց եւ հենց այն օրը, երբ Սանկտ-Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ պետք է տեղի ունենար Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը Արցախի հակամարտության կարգավորման թեմայով:

Նորից առաջ են քաշում  800 հա հողատարածքի հանձնման հարցը եւ, առհասարակ, ազատագրված 5 շրջանների հանձնման խնդիրը: Անպայման առաջ է քաշվում այն տեսակետը, թե  ձերբակալումը տեղի է ունենում համացանցում հայտնի տեսանյութի հայտնվելուց մի քանի օր անց եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ… Հետո սրսն գումարվում է այն թեզը, թե Ժիրայր Սեֆիլյանի մեկուսացումը Սերժ Սարգսյանի քայլն էր սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ նաեւ այն պատճառով, որ ցույց տա դրսի ուժերին, որ ինքը պատրաստ է կալանավորել «Արցախի ամեն մի թիզ հողը պահողին»… Նշանակում է կհանձնի նաեւ տարածքները…

Այստեղ չենք կարող արդեն պարզապես լրագրող մնալ եւ ներկայացնել միայն նման մտքերի ընթացքը:

Համացանցում ներկայացրած 3-4 հոգանոց հանրահավաքի թիվը մենք հասցնում ենք 10-ի եւ ասում, եթե միայն այս 10 հոգին են այն ուժը, որ դեմ են Արցախը, ազատագրված տարածքները հանձնելուն, ապա վայ մեզ… Քանի որ միշտ կգտնվի ուժ, որ գոնե 11 հոգով կանի հանրահավաք ու կասի, որ Արցախը պիտի հանձնենք Ադրբեջանին:

Եզրակացություն՝

Այսպիսի հանրահավաք անողները այլեւս ճար չունեն եւ առանց մարդկանց քանակին նայելու են հանրահավաքներ անում, որպեսզի իրենց ֆինանսավորողներին ինչ-որ բան ցույց տան:

Բայց այստեղ մի բայց կա, ուրեմն սրանց ֆինանսավորողները պարզապես փողերը քամուն տվողներ չեն եւ հենց վերոնշյալ նպատակն էլ հետապնդում են՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ ընդամենը այս մի քանի հոգին են պատրաստ խանգարելու տարածքների հանձնմանը: Եվ սա կարող է ազդել Հայաստանն ու հային չիմացող եվրոպացու կամ ամերիկացու որոշման վրա:

Պարզապես հիմա այս տարբերակը դժվար աշխատի, քանի որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրականում չկա մի հայ, ով կցանկանա հանձնել որեւէ տարածք: Այդպես էր եւ՛ Հայաստանում ու Արցախում եւ՛ Սփյուռքում: Այդ օրերին անգամ կարգախոս նշեցին. «Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղից փախչում են խաղաղ ժամանակ, ներգաղթում՝ պատերազմի ժամանակ»… Սա ասում է ամեն բան:

Այնպես որ՝ կբանտարկվի Ժիրայր Սեֆիլյանը, թե ոչ, կանի մի քանի հոգանոց կամ հազարանոց հանրահավաք, թե ոչ, կմեղադրի երկրի իշխանություններին եւ էլի շատերին Արցախը ծախելու մեջ, թե ոչ… կշարունակի օտարների ջրաղացին կամա, թե ակամա ջուր լցնել, թե ոչ… հայությունը գիտի իր անելիքը եւ ունի միասնաբար հերոսանալու եւ հաղթելու կամքը… Ու, ի վերջո, եթե նույնիսկ իշխանության կողմից դավաճանություն լինի ու հողի հանձնում, մե՛նք՝ հողի վրա միլիոնավոր ապրողներս ենք որոշում՝ հանձնու՞մ ենք հողը, թե՞ շարունակում ենք ապրել ու կռվել: Որոշողը ՄԵՆՔ-ն է: Դասական օրինակ՝ Զանգեզուրը Առաջին Հանրապետության տարիներին:

Ինչ մնում է Ժիրայր Սեֆիլյանի վիճակին, ապա նրա մոտ ամեն ինչ լավ է: ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ձերբակալվածների պահման վայրում հանդիպել ու զրուցել է Սեֆիլյանի հետ: Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում նա հայտնել է, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է: Չնայած որոշակի լուրեր կան, որ խցակիցների հետ երբեմն լեզվակռիվ է լինում, ինչը, կարծում ենք, լուրջ հետեւանքների չի հանգեցնի:

Իսկ մեր պետությունն ընդհանրապես պետք է փոխի իր պրակտիկան. մարդուն ազատազրկելիս պարտավոր է կա՛մ ապացուցել, որ առաջադրվող մեղադրանքների տակ կան փաստեր ու վտանգներ, կա՛մ՝ պետք է դադարեցնի նման  հետապնդումները…

Եթե մարդիկ կորցրեցին հավատը, ապա վաղը լուրջ վտանգների առաջ կկանգնենք հենց անհավատության պատճառով… Գուցե լինի իրական վտանգ, բայց արդեն հավատացող չլինի:

Եվ պատերազմող երկրում ոչ ոք իրավունք չունի ներքին խրամատ սարքելու. լինի դա իշխանությունը, ընդդիմությունը, թե որեւէ կազմակերպություն կամ անհատ:

Արման Դավթյան եւ Անի Մարության

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։