Կա՛մ օտար խաղի «հերոս», կա՛մ՝ ազգային խաղի «գերի» – Այսինքն՝ կա՛մ պիտի շարունակել փակել ազատության տանող բոլոր ճանապարհները, կա՛մ պիտի կարողանալ բռնել ազգային պետություն կերտելու համազգային ուղին…

Հասկանալի է, որ աշխարհի բոլոր երկրների բոլոր իշխանություններն իրենց բոլոր նպատակներից զատ, թերեւս ամենաառաջնայինը, մեկ նպատակ ունեն՝ բոլոր միջոցներով պահպանել իրենց իշխանությունը: Սա համաշխարհային գործող կարգի անտեսանելի օրենսգրքի առաջին նախապայմաններից է՝ սեփական երկրում իշխանության գալու եւ միջազգային ասպարեզում թույլատրված սահմաններում գործելու համար:

Ովքեր գործում են խաղի այս կանոններով, երբ ամեն բան պահում են իրենց հսկողության տակ, ուրեմնեւ համաշխարհային վերահսկողության տակ, ապա նրանց իշխանությունը ճանաչվում է «միջազգային հանրության» կողմից: Ովքեր այս խաղի կանոններով չեն հասնում իշխանության սեփական երկրում, կամ ընթացքում են փոխում իրենց քաղաքական ուղին՝ նրանց իշխանությունը չի ճանաչվում՝ դրանից բխող բոլոր հետագա խնդիրներով:

Եվ «միջազգային հանրությունն» անցնում է այս կամ այն գույնի հեղափոխության նախաձեռնմանը, այս կամ այն հանրային կամ հասարակական շարժումների առաջացմանը, այս կամ այն հակազգային ու հակապետական դրսեւորումների ծավալմանը ներքին կյանքում:  

Արտաքին կյանքում «միջազգային հանրությունը» նաեւ տնտեսական պատժամիջոցների է դիմում, անգամ պատերազմական գործողություններ է հրահրում այդ երկրի սահմաններին:

Նույնն է համաշխարհային գործող կարգի բոլոր երկրների բոլոր ընդդիմությունների պարագայում: Այդ ընդդիմությունները պիտի լինեն կամ նախկին իշխանությունները կամ այս կամ այն գույնի հեղափոխության, թե հանրային կամ հասարակական շարժումների ծնունդ եղած կառույցները: Կա նաեւ ընթացիկ տարբերակ, որն ունի տարբեր դրամաշնորհներով սնվող ու ապրող ընդդիմություն անունը, որը նաեւ «միջազգային հանրության» սիրելի ընդդիմադիրների համաշխարհային ցուցակում է եւ հետզհետե տեղավորվում է ապագա իշխանության տեսլականն ունեցողների շարքերում…

Այսքանն այն դեպքում, երբ աշխարհը միաբեւեռ է: Բայց երկբեւեռ աշխարհի պահանջները փոքր ինչ այլ են՝ հիմնականում մնալով նույն ձեւի ու բովանդակության սահմաններում:

Այս համաշխարհային կարգի դեպքում այլ են «միջազգային հանրությունները», բոլորովին այլ են սեփական երկրում իշխանության գալու եւ միջազգային ասպարեզում թույլատրված սահմաններում գործելու պայմանները: Այստեղ ամեն բան երկու կողմ ունի եւ պետք է ընտրել միայն մեկը, պետք է նայել մի կողմի ուղղությամբ…

Եվ միայն մեկ տարբերակ կա միակողմանի ճանապարհից դուրս մնալու համար: Պետք է կարողանալ երկու կողմերին առանձին համոզել, որ ցանկանում ես այդ կողմի հետ լինել, բայց… պարտավոր ես այս կամ այն հարցերում այն կողմի հետ լինել… Սա պետք է իրապես կարողանալ: Այս ընթացքում նաեւ պիտի միանալ այն միջազգային ջանքերին, որը մեկ այլ՝ երրորդ համաշխարհային բեւեռի կառուցում է նախապատրաստում:

Որքան բեւեռ, այնքան էլ ճանապարհ՝ ինքնուրույն մնալու եւ սեփական խնդիրները հաջողելու համար:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ Հայաստանի իշխանություններն ու գործելու հնարավորություններով ապահովված ընդդիմությունները հիմնականում տեղավորվում են համաշխարհային կարգերի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ ձեւաչափի մեջ: Այսինքն՝ շուրջ 25 տարի մեր երկրում նույն իշխանությունն է՝ մասնակի անհատական (նախագահական) նախասիրություններով տարբերակված, եւ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց փոխարինելով՝ վաղուց գրել են իրենց կենսագրությունը ինչպես միաբեւեռ, այնպես էլ երկբեւեռ աշխարհակարգերի ժամանակ: Այսօր անգամ 3-րդ բեւեռի ձգտող կենտրոնի հետ են բացում կենսագրական գրառումների էջ: Արեւմուտքի (ԱՄՆ-Եվրոպա) եւ Ռուսաստանի կողքին Հայաստանը թերեւս հաջողում է համագործակցել նաեւ Չինաստանի հետ, ինչը կարող է ինքնուրույնության տանող նոր ծիլեր տալ:

Եթե երկբեւեռ աշխարհը հնարավորություն է տալիս գործել սեփական անկախությունը որոշակի պահպանելով, ապա եռաբեւեռ աշխարհը կտա ավելի մեծ հնարավորություն անկախ լինելու ճանապարհին:

Սակայն Հայաստանում մի կարեւոր հենակետ է բացակայում: Եթե արտաքին քաղաքական ոլորտում հայկական պետության եւ սփյուռքյան հատվածի մեջ կա բավարար ուժ եւ կարողություն (այսինքն՝ տրամադրվածություն)՝ Հայաստանի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու եւ հայության նպատակները միջազգային օրակարգում հաստատելու համար, ապա ներազգային կյանքը գրեթե հիմնահատակ զրկվել է նոր ու վստահելի ուժերով սնվելու կարողությունից:

Վարչակարգի փոփոխությունը Հայաստանում կարող է նպաստել այս իրավիճակի բարելավմանը, եթե…

Ներքին ամուր թիկունքը միանշանակ կբազմապատկի արտաքին ասպարեզի մեր հաղթանակները:

Այսօր սա է Հայաստանի քաղաքական ոլորտի վիճակը: Քաղաքական նոր, թեկուզ իրապես ազգային եւ հայրենամետ ուժերի առաջացումը կխարխլի ներկայիս իշխանության եւ ընդդիմության կենսագրությունը այս կամ այն համաշխարհային բեւեռի գրանցամատյաններում, ինչը նրանց համար կարող է կործանարար լինել:

Այսինքն՝ կա՛մ պիտի շարունակել փակել ազատության եւ անկախության տանող բոլոր ճանապարհները, կա՛մ պիտի կարողանալ վեր կանգնել (գուցե արդեն բավարար համարելով այս խամաճիկությունը) եւ բռնել ազգային պետություն կերտելու համազգային ճանապարհը…

Ամենօրյա հայրենասերների եւ ինքնազոհաբերող փրկիչների հոսք այստեղ չկա՛ սակայն…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։