Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի
Հերթական անգամ մտավորականների մի խումբ իր մտահոգությունն է հայտնում ազգային մշակույթի զարգացում չապրելու առումով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ «ժողովուրդ, ազգ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ»: Սա պատասխանն էր նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեցին մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում: Էդուարդ Թոփչյանը մեջբերեց 2-րդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»…
Դիրիժորի կարծիքով, թեեւ ասվում է Խորհրդային բռնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել. «Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովհետեւ ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»:
Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը… «Սա երեւի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելել նա` ըստ ամենայնի հուսալով, որ մեծահարուստ կոչվածները մի օր կհասկանան մշակույթի զորությունը:”
Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձեւավորվելու հիմքերը: «Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասել է երգիչը:
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ էլ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան… «Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշել է օպերային երգչուհին:
«Լուսանցք»-ը պարբրաբար անդրադառնում է հայկական մշակույթի այսօրվա տխուր վիճակին: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթրը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ բուն Հայաստանում, մեր այսօրվա պետության ներսում:
Երբ պետական պաշտոնյան ազգային գործը իր աթոռի հնարավորությունների գործածումն է դիտարկում, այն էլ անձնական նպատակների համար, ապա մեր մշակութային լացը դեռ կշարունակվի, իսկ մեծահարուստները, եթե անգամ ցանկացողներ կան, այդպիսի պետական գործիչների կողմից ղեկավարվող ոլորտում որեւէ ներդրում չեն անի… Իսկ որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր տեղում չէ, «Լուսանցք»-ը վաղուց է նշել, փաստել ու դիմել երկրի ղեկավարին…
Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը…
Հուլիս 2-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:
Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ով նաեւ շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:
Կրակ ու ջուր… Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով…
Ինչքան էլ Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին փորձում է հին ավանդական ազգային տոներից դուրս մղել հեթանոսական արիադավան ծիսակարգի տարրերն ու պատմությունը՝ չի ստացվում: Չի ստացվում արդեն շուրջ 1700 տարի…
Հայերը Վարդավառին խաղում են ավանդական ջրոցին, Տրնդեզին կրակե դեզեր են վառում ու թռչում են ծիսական խարույկի վրայից, Զատիկին՝ տոնական ձվերը գունագեղ են ներկում՝ բնության զարթոնքին եւ գունազատմանը համահունչ եւ այլն…
Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Վարդավառը կնշեն հուլիսի 12-ին՝ ավանդական ծիսակարգով եւ արարողակարգով…
Իսկ այս օրերին, ծիծաղելի է արդեն, բայց քրիստոնեական եկեղեցին կրկին փորձում է նախաձեռնություններ հանդես բերել՝ Վարդավառը քրիստոնեացնելու առումով… Վարդավառի նախատոնակներ են նշվել հուլիսի 2-ին…
Պարային խմբեր, երգ ու պար, բարձր տրամադրություն,- այսպես արդեն 2-րդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ անցկացվում է Վարդավառի նախատոնակը։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց. «Մենք որոշեցինք նախատոնակ անել. սա Վարդավառի ազգային մասն է։ Կարծում եմ՝ սա էլ, ինչպես Բարեկենդանը, կդառնա Երեւանի հերթական տոներից մեկը»։
«Սա մեր ամենասիրած տոներից մեկն է»,- ասում են մասնակիցները: «Տոնում ենք ավանդական ձեւով, ինչպես նախկինում նշել են մեր մեծերը»,- նշել է մասնակիցներից մեկը, ով իշուկի վրա էր մասնակցում տոնին։ Վարդավառի նախատոնակի մի քանի հարյուր մասնակիցները երթով հասան Մանկական զբոսայգի, որտեղ տեղի ունեցավ հիմնական արարողությունը։ Տղաները պատրաստում էին խարույկը, աղջիկները՝ ցորենի հասկերից պսակներ հյուսում։ Այդ ընթացքում պարային խմբերն ապահովում էին բարձր տրամադրությունը։ Մասնակիցներից մի քանիսի մոտ զամբյուղներ էին՝ զարդարված խնձորով, վարունգով եւ վարդերով։ «Յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։ Խնձորը կնոջ խորհրդանիշն է, վարունգը՝ տղամարդու, եւ այդ ամենը գեղեցիկ զարդարելու համար վարդեր, վարդաջուր է պետք»,-բացատրեց «Արարատ» երիտասարդաց միության ներկայացուցիչ Տաթեւ Զախարյանը։
Ավելի ուշ վառվեց խարույկը, որի վրա խորովվեցին խնձորները։
Եվ հետո կասեն, թե հնարավոր է մոռացնել տալ հեթանոսական տոնական տարրերը: Միայն կրակով եւ ջրով օծումները բավական են ասելու, որ մեր այսօրվա հայությունը չի կտրվել հազարամյակների հայության ավանդական տոնա-ծիսական մտածողությունից: Թեկուզ ենթագիտակցորեն, բայց դա պահպանվում է անգամ եկեղեցականների նախաձեռնած տոներում…
Լողափնյա հանգիստը Սեւանում՝ հուլիսի 1-ից – Այցելեք Հայաստան՝ հանգստանալու…
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված լողափնյա հանգստի շրջանի բացման համատեքստում ամփոփելու հանրային լողափերում իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքները: Նրանք շրջայց են կատարել հանրային 3 լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման եւ հանգստացողների անվտանգության ուղղությամբ կատարված աշխատանքներին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով հուլիսի 1-ից հանրային լողափերում կգործեն նաեւ անվճար բժշկական եւ փրկարարական ծառայությունները, ինչպեսեւ տարածքային ոստիկանության ուժերի կողմից կիրականացվի հերթապահություն:
Լողափերում հանգստի կազմակերպման, անվտանգության ապահովման եւ փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը զրուցել է տեղում ծառայություն իրականացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչների եւ բուժկետերի բժշկական անձնակազմերի հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը զրուցել է նաեւ տեղում արդեն իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների հետ, որոնք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ընձեռված հանգստի լավ պայմանների համար:
«Սեւանա լճի ափերին ներկայում գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա ընդհանուր մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատեւ հանգստի համար նախատեսված, առանց ծառայությունների մատուցման լողափեր: Շրջայցի նպատակն է տեղում դիտարկել կատարված աշխատանքները եւ արձանագրած փոքր թերությունները շտկել, որպեսզի հուլիսի 1-ից քաղաքացիները լիարժեք կարողանան օգտվել հանրային լողափերից: Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի եւ այլ երկրների մեծ թվով քաղաքացիներ օգտվում են հանրային լողափերի ծառայություններից»,- հայտնել է նախարար Արամայիս Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
ՀՀ բնապահպանության նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ ծրագրավորվում է համայնքի հետ համատեղ իրականացնել ծրագիր` 8-րդ հանրային լողափը նոր` ավելի բարձր չափանիշներով կառուցելու համար: Ծովագյուղ համայնքը պարտավորություն է վերցրել 16 մլն դրամով համաֆինանսավորելու լողափի կառուցման աշխատանքները, եւս 10 մլն դրամ կտրամադրի «Սևան» ազգային պարկը նախատեսվում է նաեւ ներգրավել դրամաշնորհային միջոցներ: Ի տարբերություն եւմյուս երեք լողափերի` նոր հանրային լողափը ծառայություններ կմատուցի ողջ տարին: Նախատեսվում է կառուցել քոթեջներ, ինչպես նաեւ լողավազաններ մեծահասակների եւ փոքր տարիքի երեխաների համար, որոնք կտաքացվեն նաեւ ձմռան ամիսներին: Նույն լողափում լինելու է նաեւ համապատասխան ծառայություններով անվճար հատված եւ քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են օգտվել նաեւ վճարովի ծառայություններից: Ըստ Արամայիս Գրիգորյանի` նոր լողափում վճարովի ծառայություններից ստացված հասույթը ուղղվելու է նաեւ մյուս 3 լողափերի պահպանման խնդիրների լուծմանը:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը եւնախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` կարճ ժամանակահատվածում վերացնել արձանագրված փոքր թերությունները եւ հուլիսի 1-ից հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



