Վերին Լարսը` իսկական պատուհաս – Հյուսիս-հարավի գումարները եկան՝ ճանապարհը դեռ չկա, բայց ներգրավված վարկերն էլ չկան… Կունենա՞նք Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ… Քաղավիացիա.- ազգային փոխադրող մեզ պետք չէ…

Մենք ամեն տարի խնդիրներ ենք ունենում Վերին Լարսի հետ կապված: Տարին գոնե երկու անգամ դա ապահովված է. մեկ ձմռանը կամ գարնան շեմին` ճանապարհների փակ լինելու կամ փլուզումների հետեւանքով, մեկ` ամռանը` պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին` փլուզումների, վարարումների կամ քաղաքական պատճառներով: Իսկ դա ՌԴ գնացող ավտո-ճանապարհն է:

Այս տարին բացառություն չէր: Մեծ բեռներն, իհարկե, չմնացին ճանապարհին (Փոթիով կհասնեն), բայց փոքրածավալ արտադրանք արտահանողները մնացին, ու ապրանքն էլ փչացավ: Ի վերջո, մի բան կարվի՞ խնդիրը լուծելու համար, թե՞ ամեն տարի պիտի անցնենք այդ փորձության միջով:

Իսկ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ կա` Հարավային Օսեթիայով: Բայց դրա համար պետք է Վրաստանի եւ Ռուսաստանի բարի կամքի դրսեւորումը:

Ինչպես երեկ կառավարության նիստից հետո հավաստեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: «Օրինակ, Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաեւ դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ: Այս հարցով բանակցություններ են վարվում նաեւ ռուսական կողմի հետ, չնայած այս հարցը, մեծ մասամբ , հայկական կողմով չէ պայմանավորված, որովհետեւ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունեն: Դրանից ելնելով էլ, այդ ճանապարհը գործարկելու վերաբերյալ մեր հույսը գնահատվում է  50/50 հարաբերակցությամբ: Սակայն բանակցություններ կվարվեն, որպեսզի Հարավային Օսեթիայի ճանապարհը գոնե ժամանակավորապես բացվի»,- նկատեց  նախարարը:  

Ինչ վերաբերում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին. Թերեթ գետի ջրի հունը, որ 100 տոկոս փոխվել էր, արդեն 50 տոկոսով վերականգնվել է, իսկ վրացական կողմի տրամադրած տվյալներով՝ ամենաշատը 10-14 օրից Լարսի ճանապարհը բաց կլինի:

Ավտոճանապարհների հարցի հետ կապված երեկ մի պարզաբանում էլ եղավ:

Նախ ասենք, որ Իրանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու եւ ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքներ են սկսվել: Այստեղ որպեսզի Հայաստանը չուշանա, պետք է այլընտրանքային ճանապարհ առաջարկի Իրանին: Մտածու՞մ ենք այս ուղղությամբ, որովհետեւ չնայած մեր ու Իրանի նորմալ փոխգործակցությանը, Իրանը կընտրի այն ճանապարհը, որն ավելի ձեռնտու կլինի իր գործարարներին:

Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ մեր երկիրն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում Իրանին տրանսպորտային հաղորդուղիների լավագույն տարբերակն առաջարկելու համար. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանում լինենք առաջնային: Վերջին շրջանում տեղի ունեցավ իմ այցն Իրան, ստորագրեցինք համաձայնագրեր: Այսօր յուրաքանչյուր պետություն առաջարկում է այլընտրանք: Եթե Հայաստանն իրանական կողմին կարողանա ավելի լավ գներով, որակով ճանապարհ առաջարկել, ապա վստահ եմ, որ իրանական բիզնեսմենները հակված են Հայաստանով դուրս գալ Սեւ ծով»:

Դրա համար էլ, ինչպես ասաց նախարարը, ՀՀ իշխանություններն արագ քաղաքական որոշում են ընդունել եւ ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ որոշել Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակից  Սիսիան հատվածը բետոնապատի փոխարեն կառուցել ասֆալտապատ:  «Դա թույլ կտա, որպեսզի շատ արագ ունենանք Ագարակ-Սիսիան հատվածը, որը մինչեւ Երեւան կկրճատի 70 կմ եւ 2,5 ժամ: Ճանապարհի կառուցումը նախատեսում ենք ավարտել ամենաշատը երեք տարվա ընթացքում: Վստահ եմ, որ այդ ճանապարհով կունենանք բավականին մեծ տրանսպորտային ծանրաբեռնվածություն»: Բացի այդ, ըստ բանախոսի, Երասխում եւս ունենք լավ երկաթգիծ, որով իրանական բեռները կկարողանանք տեղափոխել մինչեւ  սեւծովյան նավահանգիստ: Հաշվարկները ցույց են տվել, որ ի տարբերություն ադրբեջանական առաջարկի՝ Ագարակ-Երասխ-Սեւ ծով ճանապարհով իրանցի յուրաքանչյուր բիզնեսմեն կտնտեսի մոտ 500 դոլար:

Մնում է հասցնենք, չնայած այստեղ այլ խնդիրներ են ի հայտ գալիս: Փաստորեն, Հյուսիս-հարավ ճանապարհը, որ պիտի բետոնապատ արվեր ամբողջովին, դրա մի մասը` Ագարակ-Սիսիանը արդեն ասֆալտապատ է լինելու:  Հյուսիս-հարավի գումարները եկան, արդյունավետ չներդրվեցին, ճանապարհը դեռ չկա, բայց ներգրավված վարկերն էլ չկան: Փոխարենը կան պարտքերը մեր, մեր երեխաների շլինքներին: Տեսնենք` ինչն ինչոց է լինելու, սպասենք ծրագրի ավարտին, գնահատենք, որ Գագիկ Բեգլարյանի անունը ոսկե տառերով գրենք պատմության էջերում:

Ի դեպ, երեկ այս նախարարը  հերհյուրանք համարեց ֆինանսների նախարարի որդիների հետ կապված տեղեկատվությունը, ըստ որի՝ նրանք 2010 թվականին 10 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում: Գագիկ Բեգլարյանը նախ խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել ֆինանսների նախարարին եւ ապա ավելացրեց. «Անհնար է նա ունենա ինչ-որ բան եւ հայտարարագրած չլինի»:

Իսկ թե ինչպես կարելի է նախարարի աշխատավարձով հարստություն կուտակել հարցին Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Նախարարները կարող են ունենալ այլ եկամուտներ, որոնք կարող են կապ չունենալ պետության, կառավարության եւ բյուջեի հետ»:

Մարդը ճիշտ է ասում, օրինակ` Հյուսիս-հարավի գումարները կապ չունեն ոչ մի բանի հետ եւ լրիվ այլ` ձախ եկամուտ կարող են լինել, եթե…

Բայց այս թեման թողնենք հետագային եւ կանդրադառնանք որոշ մանրամասներ ուսումնասիրելուց հետո միայն:

Աստղինե Քարամյան

Ազգային փոխադրող մեզ պետք չէ

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը կշարունակի բաց երկնքի քաղաքականությունը։ Իսկ վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը սկսելու է այն աշխատանքներից, որոնք անում էր նաեւ Էկոնոմիկայի նախարարությունում:  Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչության պետը:

Բայց ի՞նչ բաց երկնքի մասին է խոսքը, երբ ոլորտում մենաշնորհ է ձեւավորվել ռուսական ընկերությունների կողմից: Լրագրողների այս դիտարկմանը բանախոսը սկզբունքորեն չհամաձայնեց: Այն, որ ոլորտում գերակշռում են ռուսական ընկերությունները, ունի իր բացատրությունը. «Պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը մեկնում է ՌԴ, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք կա։ Եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ այս կամ այն ավիաընկերությունն ուզում է աշխատել Հայաստանում, բայց խոչընդոտներ են ստեղծվում, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի կարող լինել։ Չի կարող լինել: Բացառված է, որ ավիաընկերությունից կաշառք պահանջեն հայկական ավիացիոն շուկա դուրս գալու համար։ Այն բաց է բոլոր ավիաընկերությունների համար»։

Ինչ վերաբերում է անվտանգության տեսակետից շատ կարեւոր հարցին՝ ազգային փոխադրող ունենալուն, ապա, ըստ քաղավիացիայի վարչության պետի, այս պահին դա անհնար է, քանի որ ավիացիան թանկարժեք բիզնես է, որը մեծ ներդրումներ է պահանջում։

Ստացվում է` բաց երկինքը բոլորի համար բաց է, բայց ոչ ազգային փոխադրողի, որովհետեւ ազգային փոխադրող ունենալը ծախսատար է: Հարց է ծագում` եթե ինչ-որ երկրում պատերազմ սկսվի, մեր հայրենակիցներին ինչպե՞ս ենք տեղափոխելու Հայաստան: Բիզնես անող ընկերությունը հակամարտող գոտի չի մտնի: Սերգեյ Ավետիսյանը սրա պատասխանն էլ ունի. գումարը կտան որեւէ փոխադրողի, կբերի: Այստեղ էլ ստացվում է` գումար կտան այլ փոխադրողի, որ մեր հայրենակիցներին բերի, բայց ազգային փոխադրողին չեն տա, որ ստեղծվի, մնա, գործի, որովհետեւ դա ազգային անվտանգության խնդիր է: Ուրիշի համար գումար կա, ազգային փոխադրող ունենալու համար` ոչ: Չքննարկվող տրամաբանություն…

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։