100 տարի անց, բայց ո’չ ինչպես 100 տարի առաջ – Առաջին անգամ Հայաստանը ռուս-թուրքական (նաեւ ադրբեջանական) հարաբերություններում կամա, թե ակամա չկանգնեց միայն ռուսական շահերի պաշտպանության համար եւ հայկական շահերը պաշտպանվեցին…

Անկարան կարծում էր` մի որոշ ժամանակ կգործածի «Իսլամական պետության» հանգամանքը եւ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական (նավթա-գազային ներկրումներ) օգուտներ կստանա, ապա կանցնի հակառակ կողմը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իհարկե, Անկարան ստացավ նախատեսված օգուտները, այն էլ բավականաչափ: Արեւմոտքն այս մասին լավ գիտեր, բայց լռեց, քանզի Իրաքի եւ Սիրիայի նավթի ու գազի պաշարները, որ գտնվում էին ԻԼԻՊ-ի հսկողության տակ` Թուրքիայով անցնում էին Եվրոպա…

Շատ տխուր իրականություն է, բայց սա է ճշմարտությունը: Հենց այս առումով էր «Լուսանցք»-ը բարձրաձայնում ու զգուշացնում, որ չմոռանանք, թե Հայոց ցեղասպանությունը ինչպես տեղի ունեցավ Բեռլին-Բաղդադ երկաթգիծը կառուցելու «ճանապարհին»:

Այսօր էլ Իրաքի ու Սիրիայի քրիստոնյա ու մահմեդական, նաեւ եզդիների հսկայական համայնքներ կազմալուծվեցին ու ոչնչացան, քանի որ «Իսլամական պետություն» կոչվածը վերահսկում էր նավթի ու գազի պաշարները, եւ «առաջադեմ աշխարհը» այս անգամ էլ չտեսնելու տվեց թուրքական խաղը ծայրահեղ իսլամականների հետ, որպեսզի Եվրոպան չզրկվի բնական պաշարներից ստացվող բարիքներից: Իսկ այսօր Արեւմուտքում հայտնվել են կառույցներ, որ հանդես են գալիս որպես փրկարարներ ու դիմում են այս կամ այն պետությանը` ճանաչելու քրիստոնյաների, եզդիների եւ այլոց ցեղասպանությունները իսլամական ծայրահեղականների կողմից իրականացված:

Բայց ինչպես 1915-1923թթ, հայերի արյունն է եղել թուրքերի կողմից հրամցված` եվրոպացիների կուշտ ապրելակերպի պահպանման համար, այսօր էլ ցեղասպանված հայերի ժառանգների (որ պատսպարվել էին Մերձավոր Արեւելքի երկրներում), ասորիների, եզդիների, արաբների արյունը դարձավ եվրոպական կայուն կյանքի պայմանը, որը եւս թուրքերի հրամցված պայմանն էր…

Թուրքերը հույս ունեին, որ իսլամականները չեն գնա հարաբերությունների սրմանը եւ Թուրքիային չեն հարվածի` հաշվի առնելով ինչպես համագործակցության շահեկան արդյունքները, այնպես էլ հետագայում հնարավոր համագործակցության հեռանկարը: Բայց ԻԼԻՊ-ում այդպես չմտածեցին` Թուրքիան առաջին հարվածը ստացավ Ստամբուլի ահաբեկչությամբ, քանի որ սկսեց գործակցության եզրեր փնտրել ծայրահեղականների թշնամիների` Ռուսաստանի ու Իսրայելի հետ:  

Եվ հետաքրքիր է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներողությունից հետո, ռուսական ռազմական օդանավի ռմբահարման եւ մարդկային վնասների համար, Մոսկվայում սգո արարողություն կատարվեց` ի հիշատակ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի:

Նախագահներ Պուտինի ու Էրդողանի այդօրվա հեռախոսային խոսակցությունը տեւել է 40 րոպե։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, թե հեռախոսային խոսակցությամբ պետք է քննարկվեր ռուսական Սու-24-ը խփելու փոխհատուցման մասին հարցը։

Բայց ռուս-թուրքական փոխկարեկցանքը այսքանով չի ավարտվել. ռուսները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին։ Դեսպանատան մոտ նաեւ սգո արարողություն է եղել, որին մասնակցել են 100 ուսանողներ եւ հ/կ-ների ակտիվիստներ։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները շնորհակալ են եղել ռուս բարեկամներին ցավակցության համար։  Աթաթուրքի անվան օդանավակայանում, միջազգային տերմինալի մոտ 3 պայթյուն էր եղել, զոհվել է 100 մարդ, մոտ 150-ը լրջորեն վիրավորվել է, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 239 մարդ։

Այս փոխադարձ թուրք-ռուսական հաճոյախոսությունները կարող են նոր ահաբեկումների հանգեցնել, եւ մեծացել է հսկողությունը ոչ միայն թուրքական, այլեւ` ադրբեջանական օդանավակայաններում: asialive-ի՝ ադրբեջանական աղբյուրից տեղեկանում ենք, որ մանրամասն ստուգումներ են իրականացվում տերմինալների մուտքերի մոտ,  ուսումնասիրվում են օդանավակայանի  տարածքում ու օդանավում գտնվող օբյեկտները: Նույնը վերաբերում է երկաթուղային կայարաններին, գնացքներին ու երկաթուղային կամուրջներին:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:

Ահա այս համապատկերին էլ Վլադիմիր Պուտինը վերականգնում է առեւտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան պետք է ապահովի ռուսների անվտանգությունը, ինչը ինչպես նկատում ենք` գրեթե հնարավոր չէ իրականացնել:

Չպետք է բացառել նաեւ արցախյան խնդրի նոր սրացումը, քանի որ ռուս-թուրքական դաշինքը ներառում է նաեւ ադրբոջանական շահերը… «Թվում է, թե դժվար է այս պահին հասնել բանակցային գործընթացում առաջընթացի, ու ամենայն հավանականությամբ կունենանք ինչպես նախորդ տարիներին՝ բանակցություններ՝ բանակցությունների համար. զուտ գործընթացի շարունակություն»,- ասել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան գործընթացի շուրջ հնարավոր զարգացումներին:

«Կամ Ադրբեջանը պետք է կրկին համարի, որ այս նոր ստատուս քվոն, ինչպես եւ նախորդը չի բխում իր շահերից ու փորձի գնալ ապրիլյան իրադարձությունների, կամ ինչ-որ բարձր այլ մակարդակի նման նոր ավանտյուրայի: Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինի, որ մեղմ ասած,  հայկական կողմն ավելի պատրաստ կլինի ու այլ կերպ կգործի, քան ապրիլյան իրադարձությունների ժամանակ»,- նշել է քաղաքագետը: Նա անդրադարձել է նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին. «Ակնհայտ է, որ Էրդողանը ներողության քայլին գնաց, որովհետեւ երկրում ծանր վիճակ է՝ եւ ներքին քաղաքական, եւ սոցիալ-տնտեսական, եւ արտաքին քաղաքական ոլորտներում: Եվ փաստացի շատ գործոնների համադրություն բերեց նրան, որ Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին: Նամակը նաեւ արդյունք էր  մինչեւ այդ երեւի թե որոշ ոչ հրապարակային պայմանավորվածությունների ձեռք բերման»:

Եվ շատ մեկնաբանների կարծիքով, Թուրքիայի նախագահը վատ կյանքից գնաց այդ նամակին ու ներողությանը, քանզի այլ ձեւ չկար Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու: Եվ կարծիք կա, որ սա կարող է անդրադառնալ նաեւ տարածաշրջանային քաղաքականության վրա:

Առաջին անգամն է, որ Հայաստանը ռուս-թուրքական (նաեւ ադրբեջանական) հարաբերություններում կամա, թե ակամա չկանգնեց ռուսական շահերի պաշտպանության համար եւ ցույց տվեց, որ առանց հայկական շահերի պաշտպանության չի կարող միակողմանի գործել հայ-ռուսական բարեկամությունը…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։