Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին… Անկարայի հաշտարար քայլերն ուղղված են դեպի Մոսկվա ու Թել Ավիվ… Իսրայելը ներողություն է խնդրում Թուրքիայից, վերջինս էլ՝ Ռուսաստանից…

Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին

«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնին շատ գնահատելի եւ հիշարժան քայլ է: Դա  նաեւ կարեւոր պաշտոնական հաղորդագրություն է՝ ուղղված այլ ժողովրդավար երկրներին, ինչպիսին են իմ երկու երկրները՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն, որոնք վախկոտի պես խուսափել են ճանաչումից: Գերմանիայի ճանաչումն անշուշտ ուժեղ բարոյական ազդակ է այլ կառավարությունների համար»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անվանի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին՝ մեկնաբանելով Բունդեսթագի՝ հունիսի 2-ի որոշումը:

Դոկտոր Չարնին հատկապես կարեւորել է այն, որ այս բանաձեւով Գերմանիան ընդունում է իր սեփական դերը Հայոց ցեղասպանության մեջ, ինչը նրա կարծիքով է՛լ ավելի ազդեցիկ է դարձնում այս որոշումը: «Տարիներ շարունակ պատմաբանները հավաքել են մեծ քանակությամբ տեղեկություններ այն մասին, որ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիան ունեցել է աջակցող ու արտոնող դեր եւ որոշ առումով նույնիսկ անմիջական մասնակցություն. այս ինքնակամ խոստովանությունը մեկընդմիշտ հաստատում է Գերմանիայի հանցակցության մասին փաստերի իսկությունը»,- նշել է հրեա գիտնականը:

Նա հիշեցրել է, որ «միջազգային գիտական համայնքը վաղուց արդեն կոնսենսուս ունի 1915թ. ցեղասպանության փաստի շուրջ», ապա հավելել է, թե «ինչ վերաբերում է թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող զավեշտալի պնդումներին, թե գիտնականներն ու պատմաբանները պետք է այս հարցի շուրջ գան ընդհանուր եզրակացության, ապա թող նրանք իմանան, որ այդ եզրակացությունն արդեն անվիճելիորեն տրվել է»: Դոկտոր Չարնին, ով երկար տարիներ պայքարել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կարծում է, որ հանուն ճանաչման արժե որոշակի գին վճարել՝ ի դեմս Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման: Նա համոզված է սակայն, որ Բունդեսթագի այս որոշումը չի վատթարացնի Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: «Կարճ ժամանակ անց Թուրքիան կպատվիրի գերմանական գարեջրի հաջորդ խմբաքանակը»,- հեգնանքով նկատել է նա:

Հրեա գիտնականը քննադատել է նաեւ  Թուրքիայի ներկայիս վարչախմբի վարած քաղաքականությունը փոքրամասնությունների հանդեպ: Հրեա պատմաբանն ասել է. «Այս օրերին բռնապետ Էրդողանը գնալով է՛լ ավելի է կտրվում աշխարհից, նա խճճվել է իր սեփական սարդոստայնում, որով ճնշում է բազմաթիվ թուրք գրողների, ոստիկանների եւ այլոց՝ էլ չխոսենք իր վտանգավոր էթնոկենտրոնության մասին ազգությամբ ոչ թուրքերի հանդեպ, ինչպիսին են քրդերը»:  

Ինչ մնում է Իսրայելի պաշտոնական տեսակետին, այն դեռ լուրջ փոփոխություն չի կրել: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախագծերը Կնեսետում առաջընթաց չեն ունենում: Ճիշտ է, Իսրայելի նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն դա դեռ որոշիչ դեր չունի Կնեսետի համար:

Հրեաները երկար ժամանակ պայքարում էին, որ Հոլոքոսթը մնա որպես եզակի երեւույթ, ինչն էլ խանգարում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սակայն, ինչպես դոկտոր Չարնին է նշել, որ Գերմանիան նաեւ իր մեղքի բաժինն է ընդունել Հայոց ցեղասպանության իրականացման հարցում, մեր կարծիքով` նման տեսակետ էլ առաջ է գալու այն ժամանակ, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա եւս բարդացնում է ճանաչման ընթացքը, քանզի Իսրայելը չի ցանկանում որեւէ պատասխանատվություն վերցնել (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստաններում) 1915-1923թթ. հայերի զանգվածային ջարդերի համար…

Թուրքական նորօսմանական եւ համաթուրանական համաշխարհային ծրագրերը զգաստացրել են նաեւ Իսրայելին, որը իր մաշկի վրա զգաց նաեւ թուրքական հերթական խաղը` Գազայի նկատմամբ ձեռնարկած քայլերի ժամանակ: Այստեղ Անկարան նաեւ այլ քայլի դիմեց` փորձելով ապացուցել, իբր թուրանականությունն ու իսլամականությունը նույն հարթության մեջ են…

Արեւմուտքի խիստ քաղաքականությունը թուրքական մեծապետական ու ծավալապաշտական նկրտումների դեմ ստիպել է Անկարային վերանայել հարաբերությունները Ռուսաստանի ու Իսրայելի հետ: Այս երկրները լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հատկապես զենք-զինամթերքի վաճառքի առումով, ինչը հեշտացնում է Բաքվի միջոցով Անկարայի հետ բանակցելը:

Իսրայելն ու Թուրքիան հայտարարել են, թե հավատացած են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը կարող է տանել տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական դրական փոփոխությունների: Իհարկե, եթե «դրական փոփոխություն» ասվածը միայն այս երկրներին է վերաբերում, այդպես է, բայց տարածաշրջանում միշտ մահ ու ավեր է սփռվել, երբ սիոնականությունն ու համաթուրանականությունը հաջողել են համագործակցել…

Արաբների, Գազայի բնակիչների կարծիքով եւս` թուրք-հրեական գործարքը ձեռնտու է միայն Իսրայելին: Իսկ Թել Ավիվը արդեն հասցրել է ներողություն է խնդրել Թուրքիայից` ժամանակ առաջ Գազայի արաբներին օգնություն բերող թուրքական նավը ոչնչացնելու համար… Անկարան էլ շտապել է ներողություն խնդրել Ռուսաստանից` սիրիական դեպքերի ժամանակ ռուսական ինքնաթիռի ռմբահարման համար…

Այստեղ միայն Արեւմուտքը չէ, որ պիտի զգաստ հետեւի ընթացքին, Հայաստանը միշտ էլ տուժել է այս` թուրք-ռուս-հրեական խաղերի ժամանակ, իր անհեռանկար եւ միակողմանի քաղաքականության համար:

Անկարայի քայլերն ուղղված են դեպի Մոսկվա ու Թել Ավիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից՝ նոյեմբեր ամսին ռուսական ռազմաօդանավի կործանման պատճառով օդաչուի մահվան համար։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, թե «Թուրքիայի պետության ղեկավարն իր խորը հուզմունքն է արտահայտել ու ցավակցություն հայտնել զոհված ռուս զինվորականի ընտանիքին ու ասել ներողություն»։

Կրեմլի համացանցային էջում գրված հոդվածի համաձայն, Էրդողանն ասել է. «Մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանին պատկանող որեւէ օդանավ դիտավորյալ կերպով կործանելու մտադրություն։ Թուրքական կողմը, դիմակայելով ամեն մի վտանգ, ջանք չի խնայել ռուս օդաչուի մարմինը Սիրիայի ընդդիմադիր ուժերից հետ վերցնելու համար»։ Այս նամակի մասին լուրը հաստատել են նաեւ թուրքական «Հուրիեթ» թերթը եւ Թուրքիայի նախագահական պալատի մամլո ծառայությունը։

Նամակում ընդգծված է, թե Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է ու ռազմավարական գործընկերը, որի հետ Թուրքիայի իշխանությունները չէին ցանկանա խզել հարաբերությունները։ «Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ հարթել տարածաշրջանում առկա ճգնաժամը ու պայքարել ընդդեմ ահաբեկչության»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին ծրագրում է մեկնել Սոչի՝ մասնակցելու տարածաշրջանային մի գագաթաժողովի, որտեղ հանդիպում է ունենալու ռուս իր պաշտոնակցի հետ։ 11 երկրների մասնակցությամբ անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու մասին, սակայն, Թուրքիայի արտգործնախարարությունը դեռեւս հայտարարություն չի արել։

Թուրքիայի նախագահի նամակին նախորդել էին Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի բարյացակամության մի քանի դրսեւորումներ՝ փորձելով շտկել երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի կողմից իրականացվող պատժամիջոցների հետեւանքով մեծապես տուժել են առեւտուրն ու զբոսաշրջությունը Թուրքիայում։

Թուրքիայի հարաբերությունները վերջին 6 տարիների ընթացքում չափազանց լարվել էին նաեւ նրա վաղեմի դաշնակից Իսրայելի հետ։ Այս երկրի հետ կնքված նոր գործարքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու հեռանկարներին ու հույս հայտնել, որ ամեն ինչ կգնա ցանկալի հունով։

Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու նպատակով Էրդողանն ու Յիլդիրիմը շնորհավորական նամակներ են հղել իրենց պաշտոնակիցներ Պուտինին ու Մեդվեդեւին՝ շնորհավորելով նրանց հունիսի 12-ի Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ։

Մոսկվայի կողմից արդեն կա առաջին արձագանքը։ Կառավարությունը նորից աշխատանքային վիզաներ է տրամադրում Ռուսաստանում աշխատելու ցանկություն ունեցող թուրքերին։

Մոսկվան պարբերաբար կրկնել է, որ թուրքական ընկերություններին թույլ չի տա վարձել Ռուսաստանում աշխատելու նպատակ ունեցող թուրքերի, քանի դեռ Անկարան պաշտոնապես ներողություն չի խնդրել ռազմաօդանավի կործանման համար ու չի հատկացրել փոխհատուցում՝ սպանված ռուս զինծառայողների սպանության դիմաց։

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։