Հայկական հարցին զուգահեռ ընթացող վտանգ էլ կա – Մերձավոր Արեւելքում կրկին հասունացել են կրոնական պատերազմները… Աշխարհի գաղտնի տերերը համաշխարհային վերաբաժանումների ընթացքում գործածում են բոլոր իրավիճակները…

Չնայած համաշխարհային իշխող կրոններն այսօր չորսն են, սակայն, քրիստոնեության դերը ժամանակակից աշխարհում ավելի քաղաքակրթական է դիտարկվում, քան` բուդդայականությունը, հուդդայականությունը եւ իսլամականությունը:

Եվ Վատիկանն էլ իր առանձնահատուկ դերն ունի քրիստոնեական հավատի ու քրիստոնեական երկրների քաղաքականության մեջ: Չնայած մյուս քույր-կրոնների գործունեությանը` առաքելական, ուղղափառ, բողոքական եւ այլն, կաթոլիկ եկեղեցու համաշխարհային կշիռը տարբերվում է: Անգամ մրցակցության ելած ռուսական ուղղափառությունը այլեւս շատ է ետ մնացել իր ազդեցությամբ, չնայած ժամանակին հունական, ուկրաինական եւ վրացական ուղղափառ եկեղեցիների հետ փորձում էր հակակշիռ լինել… Բայց այսօր Վրաստանի եկեղեցին չի համագործակցում Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայինը` անկախացավ Մոսկվայից: Հունաստանն էլ ներքաշված խոշոր տնտեսական ճգնաժամի մեջ` բոլորովին այլ հոգսեր ունի…

Այսօր Հայաստանյայց առաքելական եկեղեցին ավելի ազդեցիկ է ռուսականից` իր Էջմիածնի ու Անթիլիասի (Կիլիկիո թեմի) կաթողիկոսներով, նաեւ ավելի ջերմ հարաբերություններ ունի Վատիկանի հետ: Թեեւ պիտի նշենք, որ Վատիկանը (նախկինում` Հռոմը) քիչ դեր չի ունեցել ինչպես 301թ. հայկական ազգային հավատի (այսպես նաեւ Հայոց հզոր պետականության) ոչնչացման, այնպես էլ` Կիլիկիայի հայկական թագավորության կործանման առումով…

301թ. կրոնա-քաղաքական դավադրությունը շատ ենք քննարկել, այսօր այն մի կողմ թողնենք, որոշակի անդրադառնանք, թե ինչպես Հռոմի պապերը կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը: Այս պատճառների մասին շատ քիչ է գրվել, քանզի, ինչպես հայոց պատմության այլ հարցերում, այստեղ էլ մասնագետները խուսափել են նշել իրական բուն պատճառները: Բայց ժամանակները փոխվում են: Ըստ որոշ արդեն առկա նյութերի, Կիլիկիայի հայկական թագավորության կործանման հիմնական պատճառը Եգիպտոսի մամլուքները չէին կամ Կիլիկիայի հարեւան մահմեդական իշխանությունները, այլ Վատիկանի վարած քայքայիչ գործունեությունը, որը մեր պատմության մեջ հայտնի է որպես ունիթորների եւ հակաունիթորների պայքար: Ունիթորները (ունիտորություն, լատ. unitor` միաբանող), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղության հետեւորդներն էին, որոնք ընդունում է Հռոմի պապի հոգեւոր իշխանությունը, կաթոլիկական դավանանքը:  

Հիշեցնենք, օրերս էլ Հռոմի պապը Հայաստանում խոսեց միության մասին, Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել էր, որ «Հռոմի պապի ելույթերը կարեւորվել են այն առումով, թե ինչպես է տեսնում դեպի միություն տանող ճանապարհը` Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով, այլ պարզապես ընդունելով բոլոր շնորհները, որ Աստված ընծայել է յուրաքանչյուրին»: Սա, իհարկե այլ բովանդակություն ունի եւ տարբերվում է ունիթորների ասածներից, սակայն Վատիկանի Պապերը տարբեր են լինում…

Իսկ ունիթորները, ըստ տարբեր փաստական տվյալների, շատ արագ տարածվեցին Կիլիկյան Հայաստանում, որովհետեւ լատինացի եւ լատինամետ (առեւտրա-տնտեսական կապերով Եվրոպայի հետ սերտորեն կապված) հայ բնակչությունը որոշակի ուժ ու դիրք էր ձեռք բերել երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում:

Կիլիկիայում կաթոլիկ քարոզիչներին ազատ գործելու հնարավորություն տվեցին նաեւ Արեւելքում հայտնված խաչակիրները:

Պատմությունն ասում է, որ 1307թ. Սիսի եւ 1316թ. Ադանայի եկեղեցական ժողովներում քննարկվեցին հարեւան մահմեդական իշխանությունների նախազգուշացումները` չընդունել կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը եւ Հռոմի պապի հոգեւոր իշխանությունը Կիլիկյան Հայաստանում, սակայն ամեն բան ընթացավ Հռոմի օգտին… Այդ որոշումից հետո Կիլիկյան Հայաստանում պետության պառակտումն ավելի մեծացավ, իսկ Եգիպտոսի մամլուքները հայերին եւս մեկ անգամ մեղադրեցին խաչակրաց արշավանքեր հրահրելու մեջ ու նպաստեցին հայկական թագավորության կործանմանը: Հռոմը այստեղ մեծ խաղ խաղաց` ասելով, թե իրենք հայերի համար խաչակրաց արշավանքներ կկազմակերպեն, սակայն այդ քայլերը առավելապես հայակործան եղան. 1375թ. մամլուքները գրավեցին թագավորության մայրաքաղաք Սիսն ու գերի վերցրին թագավորին ու իր ընտանիքին: Հայ ունիթորների բոլոր նամակ-աղերսագրերը՝ փրկելու քրիստոնյա հայ ժողովրդին մահմեդական լծից, մնացին անպատասխան:

Այսօր Մերձավոր Արեւելքում կրկին հասունացել են կրոնական պատերազմները: Դրանք ավելի խավարային բնույթ են ստացել: Հատկապես սրված են իսլամական եւ քրիստոնեական կրոնների հետեւորդների հարցերը, չնայած իսլամական ուղղությունները պակաս անմարդկային ջարդերի չեն դիմում նաեւ միմյանց նկատմամբ:

Իզուր չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն ակնարկել է Վատիկանի նոր խաչակրաց արշավանքի մասին, ինչը թուրքերը դիտարկում են Հայոց ցեղասպանության խնդրի արծարծմամբ` իբր թուրքերին ու այլ մահմեդականներին պատժելու պայմաններ ստեղծելու համար…

Հռոմի պապը նոր խաչակրաց պատերազմի կոչ է անում.- ասում են թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ մենք` հայերս, ի՞նչ կարծիք ունենք այդ մասին: Այն, որ Ֆրանցիսկոս Պապը պատմական արդարության տեսանկյունից, կամա թե ակամա,  պաշտպանում է հայերի պատմական իրավունքները, կասկած չի հարուցում: Նա այդպես է արել նաեւ Արգենտինայում, երբ այդ երկրի հոգեւոր հովիվն էր եւ աջակից էր հայ համայնքի իրավունքներին: Սակայն հստակ է, որ աշխարհի գաղտնի տերերը համաշխարհային վերաբաժանումների ընթացքում էլ հենց գործածում են այս կամ այն համաշխարհային կենտրոնի մտքերն ու հնարավորությունները` դրանք համահունչ դարձնելով իրենց այս կամ այն ծրագրին…

Բայց սա հետագայի խնդիր է, պարզապես պետք է հասկանալ համաշխարհայի կենտրոնների քայլերի հաջորդականությունը եւ դառնալ դրանց անմիջական մասնակիցը: Միայն այսպես կապահովվի մեր` հերթական անգամ չխաբվելու եւ մեր նպատակները միայն որպես գործոն ու գործիք չօգտագործվելու պայմանը:

Իսկ Էջմիածնում համատեղ պատարագից հետո լրագրողների հետ հանդիպած Վատիկանի լրատվամիջոցների տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին անդրադառնալով Պապի  կողմից Ցեղասպանության մասին արտահայտած խոսքերին, նկատեց. «Եթե ինչ-որ մեկը լսում է Պապի ասածը, այնտեղ ոչ մի բան չկա, որ մեկնաբանվեր, որպես խաչակրաց պատերազմի կոչ: Նրա խոսքի մեջ միայն կոչ էր` կամուրջներ ստեղծելու: Ես կարող եմ հորդորել միայն ճիշտ կարդալ Պապի ասածը: Իրական մտադրությունը խաղաղության հիմքեր գցելն է ժողովուրդների միջեւ եւ հանուն դրա նաեւ աղոթել եւ ցանկություն հայտնել, որ հաշտություն լինի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Նա թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել»:

Բայց սա մի հարց է, որից Անկարան չի կարող խուսափել: Մեր երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւս անդրադարձել է Թուրքիայի նախագահի խոսքին եւ հավելել. «Ինչքան էլ դա Թուրքիային դուր չգա, միեւնույնն է, դա Անկարային չի ազատում իր պատմության հետ առերեսվելու պարտականությունից»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին նաեւ հայտարարություն է արել Հայաստանում Հռոմի պապի ունեցած ելույթի վերաբերյալ, ինչին ի պատասխան Ֆեդերիկո Լոմբարդին ասել է. «Ես հասկանում եմ, որ այլ տեսանկյուններ էլ կան աշխարհում տիրող խնդիրների, լարվածության վերաբերյալ, բայց Հռոմի պապի իրական մտադրությունը  միշտ եղել է ու մնում է ժողովուրդների միջեւ խաղաղության, երկխոսության հիմքեր գցել: Նա  նաեւ աղոթել է հանուն դրա, ցանկություն հայտնել, որ հաշտություն տեղի ունենա բոլորի միջեւ: Կրկին նշել է, որ որեւէ խոսք չի ասվել թուրք ժողովրդի դեմ, ամեն բան շատ հստակ է` հաշտեցման ցանկության մասին է խոսքը՝ թուրքերի ու հայ ժողովրդի միջեւ: Այս իմաստով նորից նշեմ, որ որեւէ խաչակրաց պահ չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետը մասնավորապես ասել էր.  «Պապի այդ հայտարարությունը եւս մեկ անհաջողություն է, եւ նրա գործունեության մեջ էլ երեւում են խաչակրաց հոգեբանության հետքերը: Նրա հայտարարությունը ոչ օբյեկտիվ, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, ու դա բոլորը, ողջ աշխարհը գիտի: Հայերն էլ գիտեն» (անգամ մեր անունից է զազրախոսել):

Հայաստանի նախագահական նստավայրում ունեցած ելույթում Հռոմի պապն այսպես է ասել. «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական ու կրոնական մոլորեցնող շարժառիթներով եւ որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչեւ իսկ ամբողջ ժողովուրդներ»:

Իհարկե, իրականում տարբերություն չկա, Հռոմի Պապը (նման հարց ծագում է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` ապրիլքսանչորսյան ելույթի ժամանակ) Ցեղասպանություն, թե Մեծ Եղեռն կասեր, սակայն կա միջազգային իրավական ձեւակերպում, որը հենց «Ցեղասպանություն» եզրի համար է:

Մեծ Եղեռն իմաստը մենք պետք է օգտագործենք` Հոլոքոսթի նախատիպը ունենալով:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։