Հայաստանի հավաքականը հաղթական է տրամադրված
Մոլդովայում տեղի ունեցող Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին խաղն անցկացրեց տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ եւ հաղթեց խոշոր՝ 83:64 հաշվով:
Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստներն անցկացրեցին Անդորայի թիմի հետ, որի խաղացողները հանդես են գալիս Իսպանիայի տարբեր առաջնություններոմ: Վերջին 2 քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63:
Հայաստան-Ուելս խաղի արդյունքը արդեն մեր օգտին էր` 92:40:
Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանի հավաքականը դուրս գալիս կիսաեզրափակիչ փուլ: Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի եւ Ուելսի հավաքական թիմերը:
Հ.Գ. – Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային – Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կպայքարի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչման համար: Մոլդովայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի ազգային թիմի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում: Հայաստանի հավաքականը չնայած անհաջող սկսեց հանդիպումը եւ առաջին քառյակը զիջեց 16:20 հաշվով, սակայն հետագայում լիովին տիրեց նախաձեռնությանը եւ առավելության հասավ մնացած 3 քառյակներում: Արդյունքում, մեր բասկետբոլիստները 74:60 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ, որտեղ նրանք կհանդիպեն Անդորա – Սան Մարինո զույգի հաղթողի հետ:
Երիտասարդները գրավեցին 12-րդ տեղը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփելով Հունգարիայում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը՝ նշել է, որ միայն դրականը կարելի է ասել գրանցված արդյունքների համար: Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որից հաղթել է 3-ում, իսկ 4-ում պարտություն է կրել: Մեր թիմը, որը համալրված է եղել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներով, B դիվիզիոնի մրցաշարում գրավել է 12-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ վերջին, վճռորոշ խաղում, Հայաստանի ընտրանին 78:88 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն, որն առաջին փուլում 4 անընդմեջ պարտություն էր կրել եւ իր խմբում զբաղեցրել վերջին, 5-րդ տեղը:
Հրաչյա Ռոստոմյանը նաեւ նշել է, որ «դեռ պետք է վերլուծեն գրանցված արդյունքները եւ հասկանան, թե ինչ բացթողումներ են եղել եւ ինչ է հարկավոր հետագայում ավելի լավ հանդես գալու համար»:
Հայկական ակումբները ձախողվեցին Եվրոպայի առաջին խաղերում
Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի 2016-2017թթ խաղարկությունում: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ: Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակով մեկնարկել նոր մրցաշրջանը, սակայն 90 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացան ստեղծել ռեալ գոլային պահեր եւ դարպասներն այդպես էլ մնացին անառիկ: Այդպիսով, «Ալաշկերտ»-ը գոլազուրկ ոչ-ոքիով նշեց իր նորամուտը չեմպիոնների լիգայում:
Հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը Վրաստանում 0:1 հաշվով պարտվեց Գորիի «Դիլա»-ին: Հանդիպման 36-րդ րոպեին «Շիրակի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի ժամանակ գնդակը հայտնվեց աջ կողմում միայնակ մնացած Դոլիձեի մոտ, ում փոխանցումից հետո «Դիլա»-ի ավագ Իրակլի Մոբեդաձեն մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Որքան էլ «Շիրակը» 2-րդ խաղակեսում փորձեց փրկել խաղը, այլ գոլեր այս դիմակայությունում չգրանցվեցին: Չնայած Վրաստանում կրած պարտությանը, «Շիրակը» դեռ կարող է 2-րդ փուլ դուրս գալ, եթե կարողանա հաջող հանդես գալ սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում:
Մեր գործող գավաթակիր Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով զիջեց Կիպրոսի «Օմոնիա»-ին, ինչը բարդացրեց «Բանանց»-ի վիճակը, քանի որ դժվար կլինի Կիպրոսում հասնել հաղթանակի 2 գնդակի տարբերությամբ:
Ամենաանսպասելի արդյունքը գրանցվեց Ջիբրալթարում, որտեղ տեղի սիրողական «Եվրոպա» թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց մեր բրոնզե մեդալակիր Երեւանի «Փյունիկ»-ին: Չնայած չի բացառվում, որ «Փյունիկ»-ը Երեւանում կարող է շտկել վիճակը:
Հայաստանի չեմպիոնը շարունակում է նոր ֆուտբոլիստներ հրավիրել
Շարունակվում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի համալրման գործընթացը: Հիշեցնենք, որ մինչ եվրոպական խաղերի մեկնարկը թիմին էին միացել սերբ Ալեքսանդր Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը եւ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը: Այժմ ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի համազգեստը կկրեն ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ֆուտբոլասերներին քաջ հայտնի Սամվել Մելքոնյանը եւ ուկրաինացի լեգեոներ Մարատ Դաուդովը:
Տեղեկացնենք, որ Արսենի ու Սամվելի վերջին ակումբը «Միկա»-ն է եղել, իսկ 27-ամյա Մարատինը` Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ»-ը: Մարատ Դաուդովը 2 տարի առաջ հանդես է եկել «Գանձասար»-ում եւ լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին: Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը կնքված են 1 տարով:
Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Իտալական Sky Sport հեռուստաալիքի լրագրող Ջանլուկա Դի Մարզիոն իր թվիթերյան էջում գրել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Դորտմունդի «Բորուսիան» վերջնական համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի հարցում: Նույնը հաստատել է նաեւ անգլիական «Guardian» թերթը: Ըստ նախնական տվյալների, անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի համար վճարելու է 38 մլն եվրո փոխհատուցում: Կողմերին մնում է միայն վավերացնել գործարքը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որը պատրաստվում է կտրուկ թարմացնել թիմի կազմը: Նա ցանկանում է ձեռք բերել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Հ.Գ.-1 – «Գործարքն ավարտված է, Մխիթարյանը Մանչեսթերում տուն է փնտրում»… – Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական առցանց խանություն արդեն վաճառվում է Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ: Դա խոսում է այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և մանկունյանցիների միջեւ ընթացող բանակցություններն ավարտական փուլում են եւ մոտ օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իր հերթին, փաստում է, որ գործարքն արդեն իսկ ավարտված է եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում տուն է փնտրում: Նշվում է, որ մանկունյանցիներն այս մասին կհայտնեն այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Կարինգտոնում գտնվող մարզաբազայում, որտեղ էլ գտնվում է ակումբի բուժկենտրոնը:
Հ.Գ.-2 – Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ–ի ամենաթանկ ֆուտբոլիստ – Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում: «Մխիթարյանը տեղափոխվում է «ՄանՅու»: «Բորուսիան» հաջողություն է մաղթում նրան Եվրոպայի լիգայում»,- մասնակի նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42 մլն եվրո փոխհատուցում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կդառնա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ամենաթանկ ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյի ռեկորդը, որը 2006թ. 40 մլն եվրոյով իտալական «Միլան»-ից տեղափոխվել էր անգլիական «Չելս»-ի:
Ամերիկայի գավաթակիրն ու Եվրոպայի չեմպիոնը կմրցեն միմյանց հետ
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլային հանդիպում անցկացնել Ամերիկայի գավաթի հաղթողի եւ Եվրոպայի չեմպիոնի միջեւ: Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, այս մասին թվիթերյան իր էջում գրել է հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը: «Մենք նման հանդիպում անցկացնելու գաղափարի շուրջ դրական պատասխան ենք ստացել: Այժմ քննարկում ենք հնարավոր ամսաթվի հարցը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում այս տարի հաղթող է դարձել Չիլիի հավաքականը` եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ 4:2 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա այն ընթացքի մեջ է եւ կավարտվի հուլիսի 10-ին:
4:0.- պատգամավորները հաղթեցին լրագրողներին…
ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն հուլիս 4 –ին «Դինամո» մարզադահլիճում 4:0 հաշվով հաղթեց ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանուն: ԱԺ թիմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խաղից հետո հայտարարեց, որ սեպտեմբերին մատչ-ռեւանշ կլինի «Հրազդան» մարզադաշտում: Խաղից հետո նա իրենց հաղթանակը պայմանավորեց նրանով, որ ավելի մոտիվացված էին. «Ճիշտ է, խայտառակ հաղթանակ տեղի ունեցավ, սակայն կարեւոր չէ՝ ով հաղթեց, ով պարտվեց, կարեւորն այն էր, որ ստացվեց դիտարժան ֆուտբոլ: Ես չէի ցանկանա, որ հաշիվն այդքան խոշոր լիներ, սակայն ոչինչ՝ լրագրողները լավ խաղացին, սակայն մենք կարողացանք նախկին սխալներից դասեր քաղել»: Ըստ նրա՝ ԱԺ նստաշրջանը հենց այսօր իրապես ավարտվեց. «Եւ մենք, եւ լրագրողները այս խաղով գնում ենք վաստակած հանգստի, եւ կհանդիպենք սեպտեմբերին եւ ԱԺ աշնանային նստաշրջանին, եւ մատչ-ռեւանշին: Իսկ այս ընթացքում որեւէ փորձ չենք արել»: Ինչ վերաբերում է իրենց թիմի կազմին, ապա այն չի փոփոխվել, բացառությամբ Հրայր Թովմասյանի եւ Արծվիկ Մինասյանի, որոնք այլեւս թիմում չեն:
Ի դեպ, առաջին գոլի հեղինակը Էդուարդ Բադոյանն էր՝ ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից, իսկ ակտիվությամբ առավել աչքի ընկավ ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը: Իսկ լրագրողների թիմի ղեկավար, Արմենպրես»-ի լրագրող Շանթ Խլղաթյանը նշեց, որ թիմը նոր է ձեւավորվել, ընդամենը մի քանի մարզում ենք միասին անցկացրել եւ խաղի ժամանակ զգացվում էր, որ տղաները իրար չէին հասկանում. «Կարծում եմ՝ մեր պարտվելու հիմնական պատճառը դա էր ու իրենց դարպասապահը շատ ուժեղ էր: Ռեւանշի ժամանակ թիմի կազմում փոփոխություն կլինի, քանի որ մեծ ֆուտբոլում մեզ ավելի շատ խաղացողներ պետք կգան՝ առնվազն 5 ֆուտբոլիստ՝ որպես պահեստային: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք էլ չեն խաղա»: Նշենք, որ «Դինամո» մարզադաշտ բազմաթիվ լրագրողներ էին եկել՝ «Պատգամավոր չկեղծես», «Լրագրողներ՝ հաղթանակ» եւ այլ ցուցապաստառներով՝ իրենց գործընկերներին ոգեշնչելու համար:
ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականի կազմը. 1. Էդուարդ Շարմազանով-ԱԺ փոխնախագահ, 2. Հովհաննես Սահակյան-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 3. Ավագյան Կարեն-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 4. Նահապետյան Կորյուն-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 5. Սամվել Ֆարմանյան-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 6. Վահրամ Մկրտչյան-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 7. Շիրակ Թորոսյան-ԱԺ ՀՀԿ պատգամավոր, 8. Արմեն Բաբայան –ԱԺ ՀՅԴ պատգամավոր, 9. Սարգիս Քեֆիլյան-ԱԺ փոխնախագահի օգնական, 10. Արմեն Նասլյան-ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն, 11. Էդուարդ Բադոյան-ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն:
ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանու կազմը. 1. Տիրայր Մուրադյան-«Հայկական ժամանակ», 2. Դավիթ Գալստյան-«Սպուտնիկ Արմենիա», 3. Շանթ Խլղաթյան-«Արմենպրես», 4. Գոռ Հովհաննիսյան -Xnews.am, 5. Խաչատուր Կոճիբրոյան – Shabat.am, 6. Արթուր Սուքիասյան-Կենտրոն TV, 7. Արամ Արարատյան – Կենտրոն TV, 8. Սեյրան Վանցյան – Շանթ TV, 9. Եսայի Պետրոսյան-A1plus, 10. Նարեկ Բարսեղյան -1in.am, 11. Սեւակ Գրիգորյան -Newspress.am, 12. Արսեն Սարգսյան -News.am:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 7-րդ տեղը
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Մալթայում մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մեր թիմը ընդհանուր հաշվարկով վաստակել է 42 միավոր եւ գրավել 7-րդ տեղը: Հետ ենք մնացել Մոլդովայի, Կիպրոսի, Իսլանդիայի, Մալթայի, Լյուքսեմբուրգի եւ Ադրբեջանի հավաքականներից:
Տղամարդկանց 3000 մ վազքում մեր աթլետ Երվանդ Մկրտչյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալյա Շարոյանը կանանց հեռացատկում 5,84 մ արդյունքով գրավել է 3-րդ տեղը:
Առաջությանը մասնակցել են 18 երկրներ: Հայաստանը հանդես է եկել 13 մարզիկով՝ 6 տղամարդ, 7 կին:
Հայ աթլետները նվաճել են 2 մեդալ եւ սահմանել մեկ ռեկորդ
Հայաստանի աթլետները 2 մեդալ են նվաճել Բալկանյան երկրների 2016թ. ամառային առաջնությունում: Ռումինական Պիտեշտի քաղաքում կայացած մրցաշարում Լեւոն Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով հաղթել է եռացատկում եւ արժանացել ոսկե մեդալի:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը 3000մ մրցատարածությունում 8.20.09 արդյունքով գրավել է 2-րդ տեղը:
Իսկ ահա վազորդ Երվանդ Մկրտչյանը չնայած 1500մ մրցումներում մեդալ չի նվաճել, սակայն սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ՝ 3.50.41 րոպե:
Սոնա Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերեւում է պահել միայն 93 կգ` չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Սոնան բարձրացրել է միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով մեր մարզուհին գրավել է 5-րդ տեղը:
Հավելենք, որ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարի նաև Արփինե Դալալյանը:
Հ.Գ.-1 – Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն – Հայաստանի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում կայացած ծանրամարտի աշխահի երիտասարդական առաջնությունում: Մեր գերծանր քաշային ծանրորդը երկամարտի 412 (187+225) կգ արդյունքով գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նա լավագույնն է եղել նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Նշենք, որ երիտասարդների այս առաջնությունում Հայաստանից հանդես են եկել նաեւ Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):
Հ.Գ.-2 – Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ – Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ: Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո հայ մարզիկը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ:
Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր 3 մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ եւ 225 կգ եւ կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Գասպար Հայրապետյանը հաղթեց թուրք մրցակցին
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել: Տատամի մտած մեր 2 մարզիկները՝ 73 կգ քաշային Բորիս Շատվերյանը եւ 90 կգ քաշային Արման Ավանեսյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից:
Մրցումների առաջին օրը մրցանակային 3-րդ տեղին մոտ էր 50 կգ քաշային Գասպար Հայրապետյանը, ով հաղթելով թուրք ձյուդոյիստ Աբդուլազիզ Կարային, մտավ սփոփիչ մրցաշարի եզրափակիչ: Ավաղ, վճռական մենամարտում մեր մարզիկը պարտվեց ռուսաստանցի մրցակցին եւ մնաց առանց մեդալի:
Մյուս քաշային կարգերում հանդես եկած Գոռ Հովսեփյանը, Արման Մարդոյանը (55 կգ), Նարեկ Ումրոյանը (60 կգ) եւ Ռոբերտ Թորոսյանը (66 կգ) նախնական փուլերում պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը
Վենեսուելայում Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը իռլանդացի է Հուլիսի 3-8-ը Վենեսուելայի Վարգաս քաղաքում անցկացվելու է Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը, որին ԱԻԲԱ-ն առաջին անգամ պրոֆեսիոնալի՝ APB/WSB, կարգավիճակ է տվել: Աշխարհի 40 երկրների 79 բռնցքամարտիկներ են պայքարելու օլիմպիական խաղերի 26 վարկանիշերի համար, որոնց թվում է նաեւ հայաստանցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս քաշային կարգում հանդես է գալու յոթ բռնցքամարտիկ՝ Հայաստանից, Ուկրաինայից, Իռլանդիայից, Քաթարից, Պարագվայից, Իտալիայից եւ Արգենտինայից: Նրանք անցկացնելու են երեքական մենամարտ: Հովհաննես Բաչկովը ռինգ մտնելու է վաղը, որտեղ առաջին մրցակիցը լինելու է իռլանդացի Պետեր Ռայմոնդ Մոյլեթը:
Հայ վետերանների հաղթարշավն ընդհատվեց
Ռադեբուլում շարունակվող վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունում տեղի ունեցան 6-րդ փուլի հանդիպումները, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն Անգլիայի 1-ին հավաքականն էր: Անցկացված 5 փուլերում մեր ընտրանին 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել ու թիմային 10, անհատական՝ 16,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: 6-րդ փուլում բոլոր 4 խաղատախտակների վրա ոչ-ոքիներ գրանցվեցին եւ մրցամարտում էլ 2:2 հաշիվ արձանագրվեց: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը:
Մեր ընտրանու սայթաքումից օգտվեց Գերմանիայի 1-ին հավաքականը, որը 2,5:1.5 հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի թիմի նկատմամբ` շրջանցեց մեզ մրցաշարային աղյուսակում եւ այժմ միանձնյա գլխավորում է այն: Հայաստանի վետերաններն ունեն 11 թիմային, 18,5 անհատական միավոր եւ 2-րդ տեղում են:
Հ.Գ. – Հայաստանի հավաքականը ոչ–ոքի խաղաց Գերմանիայի հետ – Գերմանիայում շարունակվող շախմատի Եվրոպայի վետերանների թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի հավաքականը ուժերը չափեց մրցաշարի միանձնյա առաջատար Գերմանիայի 1-ին թիմի հետ: Սկզբում մեր ընտրանու առաջատար Ռաֆայել Վահանյանը սպիտակներով պարտություն կրեց, ապա 2-3-րդ համարներ Աշոտ Անաստասյանն ու Կարեն Մնացականյանը ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց 4-րդ խաղատախտակի վրա: Մեր շախմատիստ Սերգեյ Գալդունցը հաղթանակ տարավ վճռորոշ խաղում եւ վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2:
Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր եւ այժմ գերմանական «Էմանուել Լասկեր» թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Վաղը նախատեսված 8-րդ փուլում մեր ընտրանին հանդիպելու է հենց իր անմիջական մրցակցի հետ:
Ծաղկաձորում կանցկացվի շախմատի միջազգային կոնֆերանս
Այս տարվա սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատային կրթության տեսական եւ գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի շախմատի ակադեմիայի պաշտոնական կայքը:
Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Կոնֆերանսը տեղի կունենա Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում: Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետեւյալ 5 ուղղություններով.
- Շախմատային կրթություն եւ անձի զարգացում
- Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ
- Շախմատի ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հիմնախնդիրներ
- Շախմատի ուսուցման տեխնոլոգիական եւ մեթոդական կողմեր
- Շախմատը եւ ներառական կրթության պրակտիկան
Տիգրան Լ.Պետրոսյանը բաժանեց 3-րդ տեղը
ԱՄՆ-ում ավարտված շախմատային տոնահանդեսում այս տարի Հայաստանը ներկայացրեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 3 մասնակիցների հետ բաժանեց 3-6-րդ տեղերը: Նրանք բոլորը պարգեւատրվեցին 1025-ական դոլարով: Մրցաշարի հաղթող դարձան ամերիկացի Լի Ժույֆեն եւ գերմանացի Դանիել Ֆրիդմանը, որոնք վաստակեցին 5-ական միավոր եւ միասին կիսեցին 12 հազար դոլար պարգեւավճարը:
Կին շախմատիստների մեջ հաջող հանդես եկավ մեր հայրենակից Շուշանիկ Հայրապետյանը, ով վաստակեց 4 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը:
Լեւոն Արոնյանը վարկանիշով 5-րդն է աշխարհում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները հուլիսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2855 վարկանիշային միավոր): Մեր շախմատիստներից Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է (2792): Առաջին 100-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (56-րդ տեղ, 2679), Վլադիմիր Հակոբյանը (62-րդ, 2675) եւ Սերգեյ Մովսեսյանը (76-րդ, 2666):
Աշխարհի 100 շախմատիստուհիների աղյուսակի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2653): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 39-րդն է (2444), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 42-րդը (2442):
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում օրերս հյուրընկալվել են «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամները: Խաղերի մասնակիցներն ուժերը չափելու են 22 մարզաձեւից, սակայն, մեր ներկայացուցիչները մասնակցելու են դրանցից 9-ին՝ սամբո, կուրաշ, հրաձգություն, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մասռեստլինգ, գեղարվեստական մարմնամարզություն եւ շախմատ:
Նախարարությունում հյուրընկալված մարզիկներին ողջունել ու հաջող մրցելույթներ է մաղթել նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը: Նա հույս է հայտնել, որ մարզիկներին կօգնեն ոչ միայն մարզկան պատրաստվածությունը, այլ նաեւ մարզումների ընթացքում ձեռք բերած հմտությունները:
Հուլիսի 5-17-ը Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարը 6-րդն է: Խաղերին մեր երկրի պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ: Հայաստանը ներկայացնելու են մինչեւ 16 տարեկան 15 մարզիկներ:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



