Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն… Հայկական ակումբները եվրոպական խաղերում… Հայաստանը` վետերանների աշխարհի փոխչեմպիոն… «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողները…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով

Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչումը, առաջին անգամ մասնակցելով այս մրցաշարին: Մեր ընտրանին 79:71 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Անդորայի ազգային թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց մեր թիմի հարձակվող Անդրե Սպայտ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականը, հաղթելով այս մրցաշարում, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարին:

Հիշեցնենք, որ Մոլդովայում կայացած Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի տղամարդկանց առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի եւ Ուելսի հավաքական թիմերը: Հայաստանի հավաքականը առաջին խաղն անցկացրեց տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ եւ հաղթեց խոշոր՝ 83:64 հաշվով: Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստներն անցկացրեցին Անդորայի թիմի հետ, որի խաղացողները հանդես են գալիս Իսպանիայի տարբեր առաջնություններոմ: Մեր թիմը առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն վերջին 2 քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63: Հայաստան-Ուելս խաղի արդյունքը արդեն մեր օգտին էր` 92:40: Մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում, եւ հաղթեց` 74:60 հաշվով:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին նախագահական նստավայրում ընդունեց եւ ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Թբիլիսիում մեկնարկել է բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև մեր հավաքականը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեկնարկային խաղում մեր աղջիկները կարողացել են պարտության մատնել Անդորրայի իրենց հասակակիցներին: Հանդիպումն ավարտվել է 66:40 հաշվով:

Հայկական ակումբները եվրոպական խաղերում

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող էին մեկնարկել Եվրոպայի լիգայի 2016-2017թթ խաղարկությունում: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում ոչ-ոքի էր խաղացել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ:

Երեւանում մեր թիմը պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոնին եւ վստահ մտավ հաջորդ փուլ: Հանդիպումը, ինչպես ասում են, սկանդալային ստացվեց: Գլխավոր մրցավար Ալեքսանդր Ալիեւը չկարողացավ ժամանակին զսպել ֆուտբոլիստների կրքերը եւ ստիպված 3 կարմիր քարտ ցույց տվեց՝ 1-ը մեր, 2-ը՝ անդորացի խաղացողներին: Խաղավարտից հետո նոր ընդհարում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որն ավելի թեժացրին երկրպագուները, որոնք պլաստմասե շշեր նետեցին հյուրերի ուղղությամբ: Դա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում է եւ «Ալաշկերտ»-ին լուրջ պատիժ է սպասում:

Ետխաղյա մամուլի ասուլիսին «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը դժգոհեց մրցավարությունից եւ «Ալաշկերտ»-ի իր գործընկերոջից: «Մրցավարությունը շատ վատ էր: Նրանք գողացան մեր հաղթանակը: 2-րդ գոլի ժամանակ մրցավարը պարզապես ծիծաղեց մեր վրա: Դժվար էր խաղալ 14 հոգու դեմ: Խաղից առաջ մեզ վիրավորել էր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը, ով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կճզմի մեզ»,- ասել է անդորացի մարզիչը:  

«Տեսաք մրցակցին: Առաջին րոպեներից խոտածածկին պառկած էին, դժգոհում էին: Ես ասել Էի, որ պատրաստ ենք լինելու սադրանքների: Մենք մրցակիցին չթողեցինք օգտագործի թվային առավելությունը եւ միշտ բացահայտ առավելություն ունեինք: Պետք է հաղթեինք 6:0, այլ ոչ թե 3:0 հաշվով, քանի որ նրանք իրենց շատ վատ էին պահում: Ես չեմ վիրավորել կամ հայհոյել, այլ ասել եմ, որ ճզմելու ենք, այսինքն, հարձակվողական ենք գործելու, պրեսինգի ենք ենթարկելու»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Ալաշկերտ»-ը մտավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ հանդիպելու է Վրաստանի այս տարվա չեմպիոն Թբիլիսիի «Դինամո»-ի հետ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 12-ին, Թբիլիսիում, իսկ երկրորդը՝ հուլիսի 19-ին, Երեւանում: Երեկ եւ այսօր նախատեսված պատասխանխաղերում պիտի ջանան նաեւ մեր մյուս թիմերը: Հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը Վրաստանում 0:1 հաշվով պարտվել էր Գորիի «Դիլա»-ին, չնայած մեծ ջանքեր ներդրեց չպարտվելու համար: Գյումրեցիները հաստատ ունեն հնարավորություն հաջորդ փուլ դուրս գալու համար: Մեր գործող գավաթակիր Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով զիջել էր Կիպրոսի «Օմոնիա»-ին, ինչը բարդացրել է «Բանանց»-ի վիճակը արտագնա խաղից առաջ: Ամենաանսպասելի արդյունքը գրանցվել էր Ջիբրալթարում, որտեղ այդ գաճաճ երկրի սիրողական «Եվրոպա» թիմը 2:0 հաշվով պարտության էր մատնել բրոնզե մեդալակիր Երեւանի «Փյունիկ»-ին: Եթե մեր մեծ համբավ ու փորձ ունեցող թիմը չհաղթահարի նման արգելքը, ապա…

Հ.Գ. – Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ պատասխան հանդիպումն անցկացրեց Վրաստանի «Դիլա»-ի հետ: «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում գյումրեցի ֆուտբոլիստները բազմաթիվ հնարավորություններ ունեին հաշիվը բացելու, սակայն հանդիպման միակ գոլը խփվեց 84-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց` 1:0, ընդհանուր` 1:1 եւ հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում կողմերից ոչ ոք չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, թեև «Շիրակ»-ն ուներ ահռելի առավելություն այն դեպքում, երբ «Դիլա»-ն կարծես թե մտածում էր միայն 11 մետրանոց հարվածաշարի մասին: Ինչպես ասում են՝ իզուր: Ֆուտբոլային վիճակախաղում վրացի ֆուտբոլիստները բավական անհաջող իրացրեցին 11 մետրանոց հարվածներն այն դեպքում, երբ «Շիրակ»-ի ոչ մի ֆուտբոլիստ չվրիպեց` հաղթելով 4:1 հաշվով եւ դուրս գալով Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլ: Այստեղ գյումրեցիների մրցակիցը կլինի «Սպարտակ» Տռնավա (Սլովակիա)-«Հիբերնիանս» (Մալթա) զույգի հաղթողը:

Երեւանի «Բանանցին» չհաջողվեց հաղթահարել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը: Կյացած պատասխան խաղում Հայաստանի գավաթակիրը Կիպրոսում մրցեց տեղի «Օմոնիայի» հետ: Մեր թիմը հիմնական ժամանակում հաղթեց 1:0 հաշվով եւ ռեւանշի հասավ Երեւանում նույն հաշվով կրած պարտության դիմաց: Սակայն լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը չորս անպատասխան գոլ խփեցին եւ ի վերջո հաղթեցին 4:1 հաշվով: Այդպիսով, երկու խաղերի արդյունքներով «Բանանցը» պարտվեց 1:5 հաշվով եւ դուրս մնաց Եվրոպայի լիգայից:

«Մեր բախտը փնտրելու ենք հակառակորդի տուգանային հրապարակում»

«Մենք կորցնելու ոչինչ չունենք, ուստի մեր բախտը փնտրելու ենք հակառակորդի տուգանային հրապարակում: Ես եզրային պաշտպաններին անգամ հրահանգ եմ տվել ավելի շատ մասնակցել գրոհների: Մեր նպատակն է անպայման հաղթանակ տանել այս խաղում»,- ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Փյունիկ» –«Եվրոպա» պատասխան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասել է փյունիկցիների գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Սակայն նախկին ֆուտբոլիստն այնքան էլ վստահ չէր վերջնական հաջողությանը: Եվրոպա»-ն ոչ ուժեղ, ոչ էլ թույլ թիմ է, պարզապես այժմ «Փյունիկ»-ում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք միանգամից չեն կարող ամեն ինչ անել խաղադաշտում, հատկապես պաշտպանությունում, որտեղ շատ կարեւոր է ֆուտբոլիստի փորձը»,- եզրակացրեց Սարգիս Հովսեփյանը:

«Առաջին խաղում մենք հաղթեցինք մեր խաղային փիլիսոփայության հաշվին: Մենք խաղում ենք միմիայն հաղթանակի համար: Պատասխան խաղում պետք է նույն ոգեւորությամբ գրոհենք, որպեսզի կարողանանք հաղթել եւ մտնել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Խուան Խոսե Գալյարդոն: Ի դեպ, «Փյունիկ»-ի այսօրվա մրցակիցը, Ջիբրալթարի «Եվրոպա»-ն, մինչեւ փյունիկցիների նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2:0), եվրոգավաթներում կրել էր 4 անընդմեջ պարտություններ՝ չկարողանալով անգամ գրավել մրցակիցների դարպասը: Սակայն, հյուրերի գլխավոր մարզիչ խոսքերից երեւում է, որ փյունիկցիների հետ հանդիպելուց հետո նրա սաների ֆուտբոլային «ախորժակը բացվել» է:

Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց

Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղից հետո հրաժարական տվեց: «Քանի որ ինձ չհաջողվեց լուծել թիմի առջեւ դրված խնդիրը, ուստի ճիշտն այն է, որ ես հրաժարական տամ: Թիմ պետք է գա այնպիսի մարդ, որը կկարողանա ավելի լավ ղեկավարել այն: Այս պահին կարողացա անել այսքանը: «Փյունիկին» ցանկանում եմ նոր հաջողություններ եւ ամենայն բարիք», – ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց անվանի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Եվրոպա»-ի հետ պատասխան խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ, սակայն երկու հանդիպումների արդյունքներով դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մեկ շաբաթ առաջ պարտվել էր 0:2 հաշվով: Արդյոք միայն դա է Սարգիս Հովսեփյանի հրաժարականի շարժառիթը, թե կան նաեւ այլ պատճառներ, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ «Փյունիկ»-ը ներկայումս գտնվում է խաղային եւ կադրային ճգնաժամում: Հայաստանի գալիք առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը մեկ ամիս, ինչն այնքան էլ շատ ժամանակ չէ նման խնդիրները լուծելու համար:

Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է թիմի նախապատրաստական ծրագիրը: Ըստ դրա թիմը կսկսի լիարժեք մարզումներ անցկացնել հուլիսի 11-ից: 5-օրյա պարապմունքներից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հուլիսի 16-ին ընկերական խաղ կանցկացնի «Ուիգան»-ի հետ: Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն միայն իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստները: Պատճառն այն է, որ թիմի 14 ֆուտբոլիստներ, որոնք տարբեր հավաքակաների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնությանն ու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, թիմին միանալու են ավելի ուշ:

Այնուհետեւ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմեկնի Չինաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ի դեպ, վերջինիս շրջանակում անգլիական ակումբը հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ իր ամենասկզբունքային մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ:

Օգոստոսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ կանցկացնի առաջին հանդիպումը սեփական մարզադաշտում՝ «Օլդ Տրաֆորդ»-ում: «Կարմիր սատանաներ»-ը բարեգործական խաղ կանցկացնեն Ուեյն Ռունիի նախկին թիմի՝ Լիվերպուլի «Էվերտոն»-ի հետ:

Օգոստոսի 7-ին Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կպայքարի նոր մրցաշրջանի առաջին մրցանակի՝ «Կոմյունիթի Շիլդս»-ի համար: Նրա եւ մյուս խաղընկերների մրցակիցները կլինեն Անգլիայի այս տարվա չեմպիոնները՝ «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները:

Կայացավ ֆուտզալի առաջնության մրցանակաբաշխությունը

Ֆուտզալի 2015-2016թթ. առաջնության մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնվեցին լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը՝ ոսկե խաղակոշիկը, հուշադիպլոմը եւ դրամական պարգեւը: Դրանք «Գյումրի» թիմի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանին է հանձնել ՀՖՖ Ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:

Այս անգամ առաջնության արդյունքներով որոշվել էր նաեւ առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտզալի Հայաստանի 2015-2016թթ. առաջնության առաջին 4 տեղ գրաված ակումբների նախագահների ու թիմերի մարզիչների, ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի անդամների, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի աշխատողների հանդիպումները սպասարկած տեսուչների քվեարկության արդյունքում ֆուտզալի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գարեգին Մաշումյանը: Առաջնության լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը՝ դրամական պարգեւը, «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանին է հանձնել ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել ֆուտզալի Հայաստանի 2015-2016թթ. առաջնության մրցանակակիրների պարգեւատրությունը: Առաջնության արդյունքներով 3-րդ տեղ զբաղեցրած  «Գյումրի» թիմին բրոնզե մեդալներով ու դիպլոմներով է պարգեւատրել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրած «Չարբախ» թիմին արծաթե մեդալներն ու դիպլոմները հանձնել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը 2-րդ տարին անընդմեջ նվաճած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմին ոսկե մեդալներով ու դիպլոմներով պարգեւատրել է ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ թիմի ավագ Կարեն Անդրեասյանին հանձնելով նաեւ չեմպիոնական գավաթը:

Հայ ծանրորդը՝ նաեւ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ

Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ:

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր 3 մոտեցումներն էլ: Նախ` 175 կգ, հետո` 182 կգ, վերջում էլ` 187 կգ եւ նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերեւում պահել է` 210 կգ, այնուհետ` 220 կգ եւ 225 կգ, կրկին արժանանալով փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ վարկանիշային մրցաշարի հաղթող

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց Քաթարի ներկայացուցիչ Թուլասի Թառումալինգամին եւ դարձավ մրցաշարի հաղթող: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել էր ուկրաինացի մարզիկին եւ նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր: Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճել 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

Հայաստանը` վետերանների աշխարհի փոխչեմպիոն

Գերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Վերջին, 9-րդ փուլում, մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով հաղթեց գերմանական «Էմանուել-Լասկեր» թիմին եւ վաստակեց 16 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Գերմանիայի 1-ին հավաքականը: Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվել միավորների ընդհանուր քանակը: Գերմանիայի ընտրանին վաստակեց 26,5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը` 26, եւ մերոնք կես միավորի պատճառով բավարարվեցին արծաթե մեդալներով: Լավագույն եռյակը եզրափակեց Անգլիայի 1-ին հավաքականը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին առաջնությունում հանդես եկավ հետեւյալ կազմով`‘ Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Սերգեյ Գալդունց եւ Նորայր Քալանթարյան:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողները

Հուլիսի սիզբին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մասնագիտական ժյուրիի անդամները եւ այլ հյուրեր ու մասնակիցներ:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի պահանջները, այն է՝ հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը: Հաղթողները կազմակերպիչների կողմից արժանացել են 600 000, 400 000 եւ 260 000 դրամ պարգեւավճարի: Մրցույթին մասնակցել են նաեւ «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» եւ «ՌոբոԷջմիածին» թիմերը:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն արվել է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ մեր երկրի ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:

Հիշեցնենք, «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ԻՏՁՄ-ն եւ Ucom ընկերությունը հայտարարել էին «Ական փնտրող ռոբոտներ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկի մասին դեռ 2015թ. նոյեմբերին: «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը կայացել էր ապրիլին, որտեղ, ի դեպ, կրկին առաջին տեղ էր զբաղեցրել «Ֆայմթեք» ընկերությունը:

 Քայլերթ ու հեծանվաերթ` Սահմանադրության օրվա առթիվ 

Հուլիս 5-ին Սահմանադրության տոնի առթիվ բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել հեծանվավազքի՝  նշելու Սահմանադրության օրը: Հեծանվավազքը սկսվել է Խնկո-Ապոր գրադարանի մոտից, ժամը 20.00-ին: Այդ օրը նախատեսվում էր նաեւ եռագույն օդապարիկ բարձրացնել երկինք` Ազատության հրապարակում` պետական խորհրդանիշներին նվիրված միջոցառման ժամանակ: Բայց օդապարիկը չբարձրացավ երկինք, քանի որ կար ռիսկ, որ եղանակային պայմանների պատճառով այն կարող է վնասվել: Եվ կազմակերպիչները մասնագետների խորհրդով այսպիսի որոշում կայացրեցին:

Ազատության հրապարակում բացվեց 125 մետրանոց ՀՀ եռագույնը, որից հետո երթ մեկնարկեց Երեւանի փոքր կենտրոնի փողոցներով: Երթն ուղեկցվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փողային նվագախմբի հնչյունների ներքո: Մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ էլ կայացավ տոնական միջոցառումը: Մասնակիցների թիվը շուրջ 500 էր:

Քննարկվել է Արցախում կայանալիք համահայկական 7-րդ խաղերի կազմակերպչական հարցերը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության կազմում աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակությունը ղեկավարում էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, նախարար Ղազարյանն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ քննարկել է 2019 թ. Արցախում տեղի ունենալիք համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցերը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են համահայկական խաղերն Արցախում անցկացնելու փաստը, ինչը նպատակաուղղված է Արցախի մարզամշակութային կյանքի զարգացմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։