Մշտարթուն երազներից` ձոն Աստղիկ Աստվածուհուն – Վարդավառեան պատարագ Արածանիի ափին… Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը – Պօղոս Արմէնակ Լագիսեան (Կլենտէյլ)…

Իրանական դիցանուններ կրող աստուածներից առաջ հայերն ունեցել են դիցաբանութեան հին համակարգ, արգասիքը հայոց ինքնատիպ մշակոյթի…

Մովսէս Խորենացի

Աստուածների քաղաք Աշտիշատի Վահէ-Վահեան մեհեանում Աստղիկի ու Վահագնի հարսանեկան հանդէսի խրախճանքը պատարագելուց յետոյ՝ Վահունի Քրմապետը ելել էր մեհեանի մայր դռան շքամուտք. այսպէս էր խօսել՝

– Արքաներ, թագաւորներ, իշխաններ, աշխարհական մարդիկ՝ վե՛ր կացէք, գնանք Աստղիկ դիցուհուն նուիրուած վարդերի տօն՝ Վարդավառ տօնախմբենք Արածանի սրբազան գետի ափերին, նրա ջրերի հրավառութիւն լինի այսօր: Կարմիր վարդերի փունջեր վեր պահած, վարդերի թերթիկներից հիւսած կարմիր հանդերձով Աստղիկին ու ռազմի հանդերձով Վահագնին տանենք Արածանիի ափեր:

Վարդավառը արմինների Աստղիկ դիցուհու փառաբանմանը նուիրուած տօնախմբութեան հանդէսն էր: Վարդավառեան տօները տօնախմբել էին սարերի լանջերի հազար գոյներով յորդած ալուան ծաղկունքում, իրենց մայր հողի սրտից պայթած ջրերի ակունքների մօտ, գետակների եւ մասնաւորապէս Արածանի սրբազան գետի ջրերի ափերին: Տօնախմբութիւնների ժամանակ նաեւ ջրերը հովանաւորող մարդ աստուածների փառաբանմանը կատարուել էին զոհաբերութիւններ, ի մասնաւորի ջուրը խորհրդանշող դիցուհի՝ Նար Ծովինարի պատուին:

Վարդավառը, բերքահաւաքի առաջին տօներից էր, որի առիթով կատարուած մեհենական ծէսերը նուիրուել էին բերք ու բարիք պարգեւող արմինների աստուածներին: Վարդավառին մեհեաններին նուիրաբերել էին ցորեանի հասկերի խուրձեր, կթոցներով մրգեր, խնդրել` արտերն ու այգիները զերծ մնան բնութեան արհաւիրքներից: Վարդավառեան տօներին աղաւնիներ էին թռցրել դէպի երկնի կապոյտ, ջրախաղեր կազմակերպել, զուարճալի ու խրախճալի խնճոյքներ տօնախմբել: Արմինայի Արքաների-Արքայ Տիգրանի զօրականների հետ Մուսաների պաշտամունքի լեռան լանջեր հասած արմինները, հազար-հազար տարիներ յետոյ էլ իրենց հոգիների տաճարներում վառ էին պահել Նար Ծովինարին նուիրուած ջրի պաշտամունքը: Երաշտի ժամանակ, Մուսաների Լեռան բարձր լանջի շէնի մի դուստր, մի բուռ հող ափին, անխօս քայլել էր դէպի մօտակայ ծովի ափ, կանգնել էր նրա փոթորկած ալիքների առաջ, հողը նետել նրա փրփուրներին, կանչել՝ Նար Ծովինար, լսի՛ր աղաչանքը Արմին դուստրի, այս լեռան լանջերի արտերի ու այգիների բերքն է նուաղում, ջուր են աղերսում, որ հասունանան: Նար Ծովինար, ամպերը գրկած արի մեր շէներ, որ անձրեւ տեղար մեր հողին, աստուածների բարիք լինէր այնտեղ: Արմին դուստրի շէն վերադառնալուց կարճ ժամանակ անց իրապէս անձեւ էր տեղացել: Վկայ եմ ես, մանչ ատեն տեսել եմ Մուսա Լեռան մայր գիւղ Եօղունօլուգի ճանապարհով դէպի ծով քայլող Արմին դուստրին, այդ անձրեւի ջրերից թրջուել է մարմինս, հրճուանքից թրջուել է մանուկ հոգիս: Առնականացած այդ մանչն է, որ հայրենակարօտ, հայրենազրկուած արմինների հետ հասել Աշտիշատ, մասնակցել Աստղիկի ու Վահագնի հարսանեաց հանդէսի պատարագին, համախումբ շինականների հետ գնացել Արածանիի ափեր՝ Աստղիկ դիցուհուն նուիրուած Նար Ծովինար դիցուհու ջրերի Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու:

Արածանի սրբազան գետի ափերին ալիք-ալիք երերում էին շինականների ցորեանի ու պտղատու այգիները: Նրանց ու Արածանի գետին մօտիկ անմշակ հարթ տարածութիւն էր, այնտեղ բացուած արքայական ու իշխանական վրաններից սպիտակ ծուխ էր բարձրանում: Երգերի, ծիրանափողերի հնչիւնների, մարդկանց խանդավառ կանչերի բացականչութիւններից Արածանիի ջրերն էին վէտվիտում, նրա ափին կանգնած մարդիկ դիտում ալիքների սահանքը, սպիտակած ջրերի քրքիջները, նրանց երեսներին պար եկող աստղազարդ ձկների խայտանքը: Վարդավառի տօնախմբութեանը եկած մարդկանց հաւաքատեղիի երկնակամարին՝ ամպերի մի մեծ զանգուած հանդարտ իջնում էր ներքեւ: Երբ նա արդէն իրենց հաւաքատեղիի վրայ էր հասել, տեսել էին` ամպերը իր թեւերի վրայ պահած Նար Ծովինար դիցուհին էր:

Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը… անձրեւ էր տեղացել, թրջուել էին տօնախմբութեան ժամանածները: Վարդավառի անձրեւի ջրերով թրջուած մարդիկ գրկել էին իրար, գոհաբանութեան խօսքեր ասել Նար Ծովինարին: Թրջուած Աստղիկն ու Վահագնը նաեւ գրկել էին իրար, իրենց մարմիններից հոսած ջրերով իրարու երեսները ցօղել, Աստղիկի վարդերի թերթիկներից հոսած քաղցրիկ ջուր էին ըմպել: Աստղիկն էր վազել, գրկել Նար Ծովինարին.

– Քոյր Ծովինար, ինչքան զգայացունց հրճուանք ես պատճառել ինձ, որ Արածանի սրբազան գետի ափեր ես եկել՝ իմ եւ քու հովանաւորած ջրերի տօնակատարութեանը եւ իմ պատուին արմինների կազմակերպած Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու: Վահունի քրմապետը եւ արմինների կարաւանի հետ երկիր եկած Արմինը, մարդկանց հաւաքատեղիի բացատ են գալիս:

Կարաւանի Արմինն է այսպէս խօսում.  

– Նար Ծովինար, ես, Մուսաների լեռների շէնի լաճ տղեկ, մտել արտեր, ափերով ցորեանի հասկերին իջած գարնանային անձրեւի շիթեր հաւաքել այն ցօղել դէմքիս, հրճուացել քու արարչութեամբ: Այգիներում, ծառերը իրենց թեւերը երկինք պարզած անձրեւ են աղաչել: Ջուր ես վարարել նրանց ու հողի երեսին: Մայր հողին իջած ցորեանի ու ծառերի արմատները քու անձրեւած ջուրն են ըմպում, գնում ցողուններին, ոստերին, տերեւներին, որ այնտեղ կեանքի հէքիաթ արարուէր, ծաղկունքի երկունք լինէր, անուշ բոյրով քաղցրահամ պտուղ հասունանար:

Վահունի քրմապետն է խօսում.

– Նար Ծովինար դիցուհի, արմինների լեռնաշխարհին կեանքի հեւք ես հոսում, լցնում ծովեր, լիճեր, ջրառատ գետեր հոսում արմինների աշխարհից հարաւ գնացած ցեղակից սումեր-շումերների երկիր, այնտեղ էլ կեանքի լոյս ես վարարում: Ահա, հիմա անձրեւ ես տեղում, բնութեան տիեզերական համանուագն է հնչում նրա անուշ ձայնի հետ: Վարդավարեան աւիւն ու հրճուանքի լոյս ես հոսում արմինների սրտերին, շէների մարդկանց արտերի, այգիների ծառերին ծաղկելու լոյս վառում: Նրանց հոգիների տաճարներում վառում գալիք առատ հունձքի, բերքի բաղձանք, որի մի մասը որպէս երախայրիք նուիրում են իրենց աստուածներին:

Նար Ծիվինար, մարդացած հրեղէն դիցուհի, երբ ջուր ես տեղում արմինների լեռնաշխարհին, երգերով, թմբուկների զարկերով մեհեաններ են գնում՝ փառաւորում քեզ, քու իմաստութիւնը, աստուածային հրեղէն ոգու հէքիաթային տաղեր ձօնում… սիրում են քեզ: Նար Ծովինար, յղիացար արմինների լեռնաշխարհի ծովու ջրերում, այնտեղ ծնանեցիր քու Սանասար ու Բաղտասար որդիներին: Սանասար աւագ զաւակիդ, արմինների կրակ, ու արեւ աստուծոյ պատուին Սան-աս-ար (Սան-Sun-արեւ) կոչեցին: Սանասարի որդի Մհեր (Միհր) ծովի ջուր իջաւ, նստաւ Քուրկիկ-Ջելալի-ի ոսկեղէն թամբին, նրա ձեռքին տուիր Թուր Կեծակին: Նրա Դաւիթ որդին, արմինների աշխարհը զաւթելու ելած, վրան քառսուն ջաղացքի քար ու քառսուն գոմշի կաշի կապած Մսրայ-Մելիքին՝ այդ թուրով երկու կէս արեց: Նրա որդի փոքր Մհեր աշխարհում տիրող անարդարութիւնից զայրացած, Քուրկիկ Ջելալի-ի հետ նախնիների ոստանի քարէ դռնով անձաւ մտաւ…

Աստղիկ դիցուհուն, Վահագնին, Նար Ծովինարին իրենց թեւերի վրայ պահած տանում Արածանիի ջրերի ափեր, ընկղմում ջրերի մէջ, օծում սրբազան լեռնաշխարհի ոգեղէն հրայրքով: Արածանի սրբազան գետ, Ծովինարն է երկնակամարի անջրթափանց կապոյտ հանդերձով մտնում գետ, ջրի հանդէս է, ջրերն են բարձրանում, գրկում նրան, ջուր հոսում վարսերին, օծում իրենց արարիչին: Եթէ ձեր երեւակայութեան պաստառներին պատկերացնէք այդ տարերքը, մի՛ սարսափէք, աստուածների տիեզերական հրաշագործ բնութեան արարումն է այն:

Քրմուհիները, քաղցրահունչ երգերի տաղերով, Աստղիկին իրենց ձեռքերի վրայ վեր պահած, Նար Ծովինարի հետ իջնում Արածանիի ջրեր: Միհրի լոյսով ցօղում են Աստղիկին, ապա երեք անգամ իջեցնում վազող ջրեր, նրան օծում Ծովինարի արգասաւորութեան իմաստութեամբ: Վերադառնում բացատ, Աստղիկին դնում Վահագնի բազկատարած թեւերին: Արքաներ, թագաւորներ, իշխաններ, գեղեցկածին թագուհիներ, աշխարհական մարդիկ գալիս բացատ, որ Աստղիկին նուիրուած Վարդավառ տօնախմբեն, Նար Ծովինարի ջրերով օծեն իրենց մարմինները: Կարաւանի Արմինը նաեւ կանչում է իր հետ երկիր եկած արմիններին, որ բացատ գային, իրենց երեւակայութեան պաստառները բացած մտաբերէին նախնիների աւանդած պատումները, Վարդավառ տօնախմբէին, նախնի աստուածների, արքաների, իշխանների, թագուհիների ու աշխարհական շինականների հետ պար բռնէին, սրբազան Արածանիի ջրերով օծուէին, մաքրէին ուրիշ աշխարհների ճամբաների իրենց մարմիններին ու հոգիներին հոսած փոշին, մաքրէին իրենց սրտերը:

Վահունի քրմապետն է բոլորին-բոլորին կանչում բացատ` շարունակելու Աստղիկին նուիրուած Վարդավառի տօնախմբութիւնը: Կանչում թմբկահարներին ու փողահարներին թմբուկ զարկէին, ծիրանափողեր հնչէին, քրմուհիների դասը Արմինայի Տիր աստուծոյ բնութեան սքանչանքին ձօնուած տաղերի երգերը ասէին: Արքաները, թագաւորները իրենց տիկնանց եւ աշխարհական մարդկանց հետ են բացատ գալիս: Առանց դասի խտրութեան՝ բազում բոլորակ շարքեր կազմում, նրանց եզրերին՝ որդան կարմիր հագուստներով, կրակավառ թաշկինակներ վեր պահած թագուհիներն էին: Զարկում էին թմբուկները, հնչում էին նուագարանները:

Թագուհիներն էին փերիների նման ճախրում, նրանց վեր պարզած թաշկինակներն էին զեփիւռի հետ օրօրուել հրդեհւում բացատը, պարի ելած մարդկանց ելեւէջներով ալիքւում բացատը, դողում էր բացատը: Եւ յանկարծ, Վահագնը Աստղիկին յաղթ բազուկներով վեր պահած, մտավ բացատ: Սաստկանում են թմբուկների զարկերը, ահագնանում են նուագարանների հնչիւնները, նրանց ելեւէջների խինդից պարի ելած արմինները՝ աւելի ուժգին էին զարկում գետինը, բացատն էր իրենց հետ օրօրւում, Արածանիի ջրերն էին զարկում իրար, փշրւում, լոյսի հեղեղ վառում Արմինա երկրում:

Եփրատ գետ հասած Արածանիի ջրերը, արմինների ողջոյնն էին տանում հարաւի ցեղակիցներին: Ո~վ դու արարչական Արմին-Հայ, եթէ երկիր վերադարձած արմիների հետ չէիր հասել Արածանիի ափերին Վարդավառ տօնախմբելու, քու հանգրուանած երկրում տօնախմբի՛ր այն: Ո`վ Արմին-Հայ մարդ, չե՞ս հաւատում, մի պահ ակներդ գոցիր, պատռիր երեւակայութեանդ պաստառները, քեզ էլ տեսնելու ես նախնիներիդ Վարդավառին նրանց հետ պարի ելած, հաւատա՛ արարչական քու ցեղիդ ոգու կրակին: Փլւում են պարերի կլոր շարքերը, արքաներ, թագաւորներ, իշխաններ, թագուհիներ, աշխարհական մարդիկ ողջագուրւում, ժպտագին համբոյրներ շաղում իրարու քրտնաթոր, արեւած կարմիր երեսներին, բարի Վարդավառ մաղթում Աստղիկին, Վահագնին, իրարու:

Վարդավառ էր, կարգն էր այդպէս: Արմինների շէների մարդիկ բացատը լցնում իրենց հետ բերած կթոցներով լի մրգերով, կեդրոնում շարում գինիով լեցուն սափորներ: Վարդավառ էր, նրա արթնած իմաստութեամբ ու աստուածների խմիչք գինիով պիտի արբենային: Արջառներ են զոհաբերում:

Գինուց ու Վարդավառի ջրերի արթնած ոգուց արբեցած երկիր եկած Արմին կարաւանի արորդիները՝ թասերը վեր բարձրացրած աստուածներին յարատեւութիւն մաղթում, ծնրադրում արքաներին, նրանց ծիրանի պարեգօտները մօտեցնում ճակատներին, խնդրում իրենց տիրոյթներում ապաստան շնորհել…

Աստղիկն էր բացատ ելել, բոլորը կլոր շարքերով խմբուել էին նրա շուրջը, ծիրանի փողերը բնութեան հեւքի մեղեդիներ էին հնչել: Աստղիկը, արեւահուր վարսերը ետին հոսած, մշուշոտ հանդերձը իրանին՝ մենապարի ելել: Հովիկների նման մեղմիկ հոսում էր իրանը, բացատով անցած զեփիւռի թովչանքից Տուշպուէա ծովակի ալեակների նման փրփրում…

Այս բոլորը որ գրեցի` երեւեակայութեանս արդի՞ւնքն էր, թէ՞ իրապէս կարող էր նախնիների տօնախմբութիւն եղած լինէր… Կարո՛ղ էր… Ափոսո, որ փլեցին այն, դաւեցին արեւորդի արի մարդկանց ցեղին … փլուեց նաեւ Արմա-Արմին մարդկանց դրախտիկ երկիրը:

… Վանքում, աշխարհի մեղքերի քաւութեան համար աղօթող նոր հաւատքի սպասաւոր, բայց ճակատին Տիր աստուծոյ եօթ գոյնի ծիածան կապած Արմին-Հայ հրաշք բանաստեղծ՝ Նարեկի սրտում պայթեց  նախնիների աստուածների իմաստութեան խորհուրդը, Վարդավառի տօնին նուիրեց  հոգու խորանում վառուող կարօտի լոյսը՝

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:

Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային:

Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,

Երփին երփնունակ ծաղկին շողողէր պտուղն ի ճղին…

Պօղոս Արմէնակ Լագիսեան

Կլենտէյլ, 2016

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։