Հուլիսի 12. վարդավառյան աստվածականչին ի տես – Հայ արիները իրապես Հայոց Վարդավառ են կազմակերպել… Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում… Լուսադեմին բոլոր 5 վայրերում էլ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, հուլիսի 12-ին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Վարդավառի տոնը կնշեն 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր կլինեն Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը կլինի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:

Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես կարվի. դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ կտան ջրերում եւ Աստղկա բերդի շրջակայքում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Ծիսական փառաբանումներ եւ ձոներ կհղվեն ջրերին` ի նշան  հայոց էներգետիկ հզորության ամբարման, որ այդ հզորության լիցքը փոխանցեն իրենց միակ տիրոջը` հային:  

Մայր գետի մոտ հայ արի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նաեւ վարդավառյան ծիսախաղ կկազմակերպեն` օծվելով աստվածընծա ջրերով…

Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես` ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:

«Ասել եւ ասում ենք` Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն»,-ասում են հայ արի քրմերը:

Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը:

Իսկ արդեն ժամը 17:00-ին բոլոր 5 խմբերը Աստղկան ծիսական ուտեստներ կհամտեսեն եւ սիրո նեկտար (հատապտուղներից, թթից, մեղրից ու փոխնդալյուրից պատրաստված) կվայելեն` ավետելով Աստղիկ Աստվածուհուն, որ զարթնում է հայի գենը եւ նա պեղում, գտնում ու վերականգնում է ակունքային ամեն ինչ, այդ թվում` ազգային խոհանոցը:

Ծիսական ուտեստները ճաշակելու ընթացքում ձոներ կհղվեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայերի սրտերը միշտ սիրո մեջ պահելու, սիրող զույգերին աջակցելու խնդրանքով:

Հայ արի քրմերը կփառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Երկու օր հետո, երբ բոլոր խմբերը կվերադառնան Երեւան, հուլիսի 14-ին, ՀԱՄ գրասենյակում տեղի կունենա Վարդավառի ավարտական ծես:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։