Ադրբեջանում վախենում են հայկական հարձակումից – Իսկ թուրք-ադրբեջանական ներողությունը կկործանի Ռուսաստանը… Էլի մեր հաշվի՞ն են բարեկամանում – Հայաստանը կուլ չգնաց ռուս-թուրք-ադրբեջանական Կովկասյան «Բերմուդյան եռանկյուն»-ուն…

Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին, քննարկվել են տարածաշրջանային եւ գործընկերային մի շարք հարցեր: Ըստ ադրբեջանական ու ռուսական որոշ աղբյուրների` ռուս նախարարը Երեւանից պիտի մեկներ Բաքու, սակայն արբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Սերգեյ Լավրովը մեկնել է Մոսկվա:

Հետո նրա մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտնեց, որ այս շաբաթ որոշվելու է ԱԳ նախարարի Բաքու այցի ժամկետը:

Ադրբեջանի լրատվամիջոցներից հետ չեն մնում ադրբեջանցի փորձագետները, որոնք նշում են, որ ռուս նախարարին, ըստ երեւույթին, չի հաջողվել որեւէ բան համոզել Հայաստանին, եւ նա Բաքու չի ցանկացել դատարկաձեռն գալ: Կարծում ենք, սա ավելի տրամաբանական է հնչում, քան հատուկ Բաքու մեկնելը Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից քննարկելը:

Երեւանում Սերգեյ Լավրովն աղմկոտ եւ Արեւմուտքից առաջ ընկնող հայտարարություններ չի հնչեցրել, պարզապես ներկա է եղել, երբ հնչել է ՀԱՊԿ կոչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն նաեւ հավանություն է տվել դաշինքի հայեցակարգին, որում, ասում են, ՆԱՏՕ-ն կարող է սպառնալիք հայտարարվել:  

Ի դեպ, սա կարելի է ընկալել պատասխան` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանին արդեն որպես սպառնալիք է դիտարկում:

Այս օրերին տարածաշրջան է ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այցելել է Թբիլիսի, ապա` Կիեւ, իսկ այնտեղից էլ Վարշավա՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Ջոն Քերին նախքան այցը հասցրել է զգուշացնել Ռուսաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ղարաբաղյան կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարող է լինել: Երեւի սա է պատճառը, որ Մոսկվան եւ Բաքուն (նաեւ Անկարան) հասկացել են, որ առայժմ կարգավորման ռուսական ծրագիրը առաջ տանելու ժամանակը չէ:

Իմիջիայլոց, ռուսական «Իզվեստիա»-ն հայտնել է, որ «ռուսական պլանը ենթադրում է Հայաստանում հաղորդակցությունների անցկացում` իբր Ռուսաստանը մտադիր է բացել Հայաստանի սահմանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Պետք է ենթադրել՝ հայկական տարածքների հաշվին. մտորում է ռուսական պարբերականը:

Երեւի սա է «Լավրովի ծրագիր» ասվածը, որ անընդհատ հերքում է Մոսկվան, երեւի սա է պատճառը, որ Ադրբեջանում անհամբեր սպասում էին Լավրովին ու նրա ծրագրին: Բայց հետզհետե հիասթափվում են, հատկապես Երեւանից Բաքու չգնալու պատճառով: Բաքուն եւ Անկարան վախենում են չլսել Հայաստանի համաձայնության մասին: Բայց մի բան կա, որից ավելի են վախենում, որ Երեւանն ու Ստեփանակերտը կանեն հակառակը` կհարձակվեն` նախօրոք ասած որոշ տարածքների ազատագրման համար եւ «ռուսական պլանը» հօդս կցնդի:

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանում անհանգստացած են սահմանների պաշտպանությամբ եւ հայկական կողմի հնարավոր հարձակմամբ: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է սահմանամերձ զորամասեր: Նախարարը եւ Ադրբեջանի պաշտպանության առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, մարտական պատրաստվածության աստիճանին, մարտական հերթապահության անցկացմանը, հետաքրքրվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետ: Զաքիր Հասանովը հրաման է տվել կատարելագործել Ադրբեջանի պաշտպանության գիծը: Բացի Արցախի ուղղությունից, նման գործողություններ են իրականացվում նաեւ Նախիջեւանի ուղղությամբ:

Այս խոսակցությունները հայկական կողմին զգուշացնում են, որ հայկական հարձակման անվան տակ հնարավոր է նոր ադրբեջանական սադրանք է նախապատրաստվում: Այս անգամ եւս չի բացառվում, որ քառօրյա ապրիլյան պատերազմի օրինակով խառը լինի նաեւ ռուսական մատը:

«Ռուսաստանն ունի ամենամեծ ապակայունացոնղ ռեսուրսը, ինչը փորձարկեց ապրիլին` սկզբին եւ հիմա փորձում է օգուտ քաղել: Համանախագահող բոլորն կողմերն ունեն կայունացնող եւ ապակայունացնող ռեսուրս, ռուսականի ապակայունացնող ռեսուրսն ամենամեծն է»,- նման կարծիք է հայտնել «Անալիտիկոն» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը «Կլոր սեղան» հաղորդման տաղավարում, որտեղ քննարկվում էր ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը՝  բանակցությունների համատեքստում:

Իսկ արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպելու հերթը Ֆրանսիայի նախագահինը չէ, ինչը կկասեցնի Մոսկվայի ջանքերը:

Հնարավոր է, ինչն էլ գուցե ավելի է կատաղեցնում Մոսկվային, որ ստիպում է ոչ պաշտոնական հանդիպումներ իրականացնել:

Կսպասենք ծավալումներին, սակայն ապրիլյան պատերազմը  ակամա առիթ էր Արցախը վերստին բանակցությունների կողմ դարձնելու համար. այստեղ հայկական կողմը անգամ դիվանագիտական զոռբայության տեղ ունի ցայսօր:

Արման Դավթյան

Էլի մեր հաշվի՞ն են բարեկամանում

Հուլիսի 4-ին Հայաստանում հավաքվել էին ՀԱՊԿ արտգործնախարարները, հուլիսի 6-ին Վրաստան է ժամանել ԱՄՆ արտգործնախարար Քերին: Մի քանի օր անց Վարշավայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հերթական Վեհաժողովը, որի ընթացքում սպասվում է Վրաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման նոր մակարդակի նախանշում: Այդ ընթացքում, Հարավային Կովկասում, իր ռազմական ներկայության խորացմանն է գնում Ռուսաստանը, որը Հայաստանի իշխանության հետ կնքեց ՀՕՊ համատեղ համակարգի գործարքը` ստանալով Հայաստանի երկնքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմի մասնակցության շոշափելի իրավունք: Ուժի մեջ է մտել Վրաստանի եվրասոցացման համաձայնագիրը: Վրաստանում առկա է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի միավորում:

Հարավային Կովկասում բաժանարար գծերը խորացման միտում են նախանշում, ինչը արդեն վտանգավոր է:

Այստեղ վտանգը կավելանա, եթե… Թուրքիան «Ինջիրլիք» ռազմական օդանավակայանը «կիսի» Ռուսաստանի հետ այն պայմանով, որ Ռուսաստանն էլ պատրաստ է «կիսել» այն, ինչ իրենն է համարում Հայաստանում: Օրինակ` համատեղ ՀՕՊ համակարգով: ՀՕՊ շրջանակում ռուսական հարավային ռազմական օկրուգի ղեկավարությունը «Ինջիրլիք»-ից հետո կարող է որոշել, որ «Էրեբունի» 102-րդ ռազմակայանում կարող են իջնել թուրքական օդանավեր…

Սա, իհարկե, այն բանից հետո, երբ կիրագործվի «ռուսական պլանը» եւ, այսպես կոչված, տարածքային խաղաղապահների առկայությամբ Թուրքիան ու Ադրբեջանը կբացեն Հայաստանի համար փակված սահմանները…

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։