Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի… ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին… Պուտինն ու Օբաման խոսել են Ղարաբաղի մասին…

Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի

«ԵԱՀԿ ԽՎ անհանգստությունը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի նկատմամբ կողմնակալ եւ ընտրողական բնույթ է կրում»,- հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: «Ղրիմի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին ԵԱՀԿ ԽՎ թբիլիսյան նիստում ընդունված բանաձեւերը գեթ մի կետով կարող էին ուշադրության արժանացած լինել, եթե լինեին սովորական բանաձեւեր, որոնք, անկախ կառույցի անդամ երկրների աշխարհաքաղաքական նախասիրություններից, կարտահայտեին մտահոգություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ»,- նշել է նա` հավելելով, որ դրանք թեմատիկ առումով խիստ կողմնակալ են եւ ունեն «պատվերով կոկորդիլոսի արցունքների» տեսք:

Կոնստանտին Կոսաչեւն ընդգծել է, որ նման բանաձեւերը այլ կերպ կարող էին ընկալվել, եթե օրինակ կառույցում ընդունվեին նաեւ բանաձեւեր Բալթյան երկրներում կամ նույն Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների մասին, Կոսովոյում սերբ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ կամ օրինակ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի վերաբերյալ: «Սակայն որեւէ նման բան չկա, քանի որ Բալթիկայի, Թուրքիայի ու Կոսովոյի համար՝ ամերիկյան բազայով հանդերձ, պատասխանատվություն են կրում ՆԱՏՕ-ականները, որոնք ԵԱՀԿ-ում մեծամասնություն են կազմում: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ այդ բանաձեւերն ու դրանց հաջորդները չեն ընթերցվելու, գոլորշին բաց է թողնված»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարը:

Թբիլիսիում ընդունված ԵԱՀԿ ԽՎ բանաձեւերով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշումը բնութագրվել է որպես Ռուսաստանի կողմից բռնակցում: Բանաձեւերով նաեւ կոչ է արվել Ռուսաստանին չեղարկել այդ շրջանների անկախությունը ճանաչելու իր որոշումը, ինչպես նաեւ ապահովել վրացի փախստականների վերադարձը:

Այսպես Ռուսաստանն էլ զգաց երկակի ստանդարտների «ճնշումը», ինչպես մենք` Արցախի հարցում:

Արտակ Հայոցյան

ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին

«Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ,հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998թ. մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին եւ որը երկկուսակցական աջակցություն է վայելում»,- հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: 

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը առաջարկել է նաեւ ֆինանսավորում հատկացնել Հայաստանում փախստականներին աջակցության նպատակով:

Հանձնաժողովը 2017թ. ֆինանսական տարվա արտաքին գործողությունների ֆինանսավորման օրինագծում նշել է, որ «սատարում է օժանդակությունը փախստականներին Հայաստանում, հատկապես Միջին Արեւելքից փոքրամասնությունների խմբերին, որոնք փախուստի են դիմել Սիրիայում եւ Իրաքում հետապնդումներից ու հակամարտությունից»:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ էլ նշվում է, որ հանձնաժողովն առաջարկում է նախորդ տարիների ֆինանսական տարիներին համահունչ օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին եւ հակամարտությանն առնչվող կարիքների համար:

«Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում: Միաժամանակ հանձնաժողովն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղում ականների հետեւանքով պատահարների ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից է, եւ որ ականազերծման ծրագրերը իրապես արդյունավետ են եղել, որտեղ դրանք իրականացվել են»,- մասնավորապես ասված է օրինագծում:

Պուտինն ու Օբաման խոսել են Ղարաբաղի մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման ընթացքը եւ վերջին զարգացումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Միացյալ Նահանգների նախագահը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Կարծում ենք, քննարկվել են նաեւ Ռուսաստանին սպասվող նոր պատժամիջոցների, Արեւմուտքի կողմից` Ռուսաստանին ՆԱՏՕ-ի հակառակորդ դիտարկման հարցերը, եւ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։