Անվտանգության նկատառումները մի՛շտ պետք է լինեն – Այլընտրանքային տարբերակներ միշտ պիտի լինեն… Հայաստանը եւ Վրաստանը արդեն պատրաստ են համագործակցել Իրանի հետ, ինչը կփոխի տարածաշրջանի դեմքը…

Հորդառատ անձրեւների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից` Լարսի ավտոճանապարհը փակվել էր որոշ ժամանակ: Ճանապարհին մնացած հայերին տուն հասցնելու հարցում զգալի գործ արեց ԱԻՆ-ը, որի ջանքերի շնորհիվ ինքնաթիռներով մարդկանց հասցրեցին Հայաստան: Նախնական տվյալներով, ճանապարհը պիտի բացվեր հուլիսի 5-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, որ հուլիսի 4-ին Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4X4 թեթեւ մարդատար մեքենաների համար… Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա): Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց եւ երեխաներին: ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է եւս 2 լրացուցիչ չվերթ:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված մեր երկրի բոլոր  քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար եւ մարդատար մեքենաների վարորդները:  

ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի տվյալներով` Վրաստան-Ռուսաստան սահմանային հատվածում կա դեռեւս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո եւ վրանային ավանում գրանցված չեն:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Դարիալի կիրճում հեղեղումների հետեւանքով ստեղծված իրավիճակի ու այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը ջանքեր է գործադրում Դարիալի կիրճում մեքենաների 24-ժամյա երթեւեկությունը վերականգնելու համար, որի համար նախնական տվյալներով մոտ 5 օր կպահանջվի:

Վարչապետները անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ առաջնային հարցերի:

Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին եւ ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

Մեր նախարարը առաջնահերթ հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով եւ տեղեկացրել, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում, արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում): Քննարկվել են հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար, կարեւորվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Քննարկվել է նաեւ Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս եւ Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարեւորությունը: Երկու կողմերն էլ նշել են, որ Հայաստանի բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո եւ Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաեւ Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի սահման ուղղությունը։

Փաստորեն, Վերին Լարսում շարունակվում է անորոշ վիճակը. 100-ավոր բեռնատարներ կանգնած են մնացել անցակետի փակ լինելու պատճառով: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը Yerkir. am-ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը խնդրի լուծման այլընտրանքային տարբերակների մասին պետք է մտածի, որոնցից են այլընտրանքային ճանապարհ եւ սեփական լաստանավ ունենալը: «Հայաստանը եթե ունենար իր սեփական լաստանավը, ապա այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր կլիներ էժան գներով տեղափոխել բեռնատարները»,- ասել է նա:

Լարսում ստեղծված վիճակը Հայաստանի իշխանություններին ստիպել է որոնել Հայաստանից Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհները: Հայաստանը շատ է ուզում այլընտրանքային ճանապարհ ունենալ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան, պարզապես խնդիրը քաղաքական է` Վրաստան-Օսիա -Ռուսաստան համատեքստում:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը այս մասին ասել է, որ հավանական է այլընտրանքային ճանապարհ ունենալը, քանի որ այդ հարցին արձագանքելով, Վրաստանի վարչապետն ասել է, որ Թբիլիսին չի տեսնում որեւէ խնդիր, եւ պատրաստ է համագործակցել այդ հարցով, բայց դա իրենք «դիտարկում են օրենքի շրջանակներում, այն է` օկուպացված տարածքների մասին օրենքով, որը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակներում Օսիայի տարածքը դիտարկել որպես չեզոք տարածք եւ թույլատրել բեռնափոխադրումներ իրականացնել»: Ռուսական կողմը, սակայն, մերժել է նման մոտեցումը` ակնկալելով, որ Հայաստանը կամ Վրաստանը բանակցեն Օսիայի հետ` որպես սուվերեն միավորի: «Դժվար է պատկերացնել` պաշտոնական Երեւանը ինչպես կարող է բանակցել Օսիայի հետ, եթե Հայաստանը չի ճանաչել այդ պետությունը` որպես անկախ միավոր: Հարցը փակուղի է մտնում կարծես, այդուհանդերձ, չենք կարող բացառել այլընտրանքային ճանապարհի հնարավորությունը: Վրաստանում առջեւում  խորհրդարանական ընտրություններ են, ու իշխող կուսակցությունը չոր կվերաբերվի այդ խնդրին: Բայց Հայաստանը պետք է մշտապես այդ հարցը օրակարգում պահի, որովհետեւ չի բացառվում որ Հայաստանը որպես միջնորդ, թեկուզ միջազգային որեւէ կազմակերպության միջոցով այդ հարցին լուծում գտնի ֆորսմաժորային իրավիճակների դեպքում»,- ասել է վրացագետը:

Եթե այլընտրանքային ճանապարհ բացելը Թբիլիսիին ձեռնտու չլիներ, ընդհանրապես դրա մասին չէին խոսի, որովհետեւ տրանսպորտային վճարներ, միջնորդավճարներ կարող են գանձել, եւ եթե հայկական կողմը շարունակի մշտապես բանակցել, ինչ-որ մի օր հարցը կարող է լուծում ստանալ: Ամենաշահագրգիռը Հայաստանն է եւ այդ հարցը միշտ պետք է լինի բանակցությունների օրակարգում:

Հայաստանը եւ Վրաստանը արդեն պատրաստ են համագործակցել Իրանի հետ գազատարի անցկացման հարցում` այդ երկրից գազի արտահանումը Սեւ ծովով դեպի Եվրոպա ապահովելու համար, ինչը կարող է հայ-վրացական հարաբերությունները առհասարակ տարածաշրջանային դարձնել, որի մի մասնիկն էլ պետք է լինի այլընտրանքային ճանապարհ ունենալը:

Հետագայում երկաթգծի, գուցե նաեւ նավթատարի եւ այլ միջազգային նշանակության ենթակառուցվածքների ստեղծումը պիտի լինի, ինչը այսօր է փոխշահավետ լուծում ակնկալում այլընտրանքային ճանապարհի հարցում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։