Տեղեկատվական պատերազմի ժամանակը – Արեւմուտքն ու Ռուսաստանը հակասական տեղեկությունների մրցավազքում… Անկարան եւ Բաքուն շատացրել են լրատվական աղբը՝ ընդդեմ Հայաստանի, իսկ ոմանք մեզանում կլանում են այն…

Ադրբեջնական զլմ-ները կրկին սկսել են ապատեղեկատվություն տարածել, իբր «Սանկտ Պետերբուրգում ստիպել են, որ Հայաստանը ազատում է Ղարաբաղի 5 շրջանը, ապա՝ եւս 2-ը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն էր սա հայտարարել Ռուսաստանի նախագահի նախաձեռնած հանդիպումից հետո: Նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ» է ծավալվել խոսակցությունը:  «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով…», եւ այստեղ ադրբեջանցին խոսքին զոռ է տվել ու նշել 5+2 շրջանների «փուլային հանձնման մասին»: Եվ այսքանից հետո է միայն հստակեցվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ինչպես ասում են` ցանկալին իրականության հետ խառնելը թուրքի փեշակն է, այնպես որ սա միայն ներադրբեջանական սպառմանը կարող է ծառայել: Ինչ մնում է Հայաստանի ու Արցախի նախագահներին, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո էլ հստակ նշեցին, որ հայկական կողմը որեւէ տարածք վերադարձնելու նպատակ չունի, ավելին` կան տարածքներ, որ դեռ ազատագրվելու են: Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտնեց, թե բանակցությունների սեղանին պիտի դնել նաեւ Արցախի տարածք հանդիսացող Շահումյանի շրջանի եւ հարակից հայաթափ բնակավայրերի հարցը, ինչպես նաեւ Հայաստանի տարածք հանդիսացող Արծվաշենի խնդիրը: Եվ ցավալին այն է, որ համացանցի հայ օգտատերերից ոմանք հաճախ կուլ տալով ադրբեջանական խայծերը, կրկնում են այն տխմարությունները, ինչը տարածվում է Բաքվի խամաճիկների կողմից, այն է, «մինչեւ տարեվերջ Մոսկվայի ճնշմամբ Աղդամն ու Ֆիզուլին կտրվեն Ադրբեջանին…»: Հետո պարզվեց, որ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը եւս նման կարծիք է հայտնել, ինչը արդեն հիասթափեցնող է: «Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը կճնշի Հայաստանին, ու Աղդամն ու Ֆիզուլին կհանձնվեն Ադրբեջանին: Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր սիրառատ հարաբերությունները հայերի համար ոչ մի լավ բանի չեն բերի»,- ասել է նա:  

Հասկանալի է, որ ռուս-թուրքական մերձեցումները միշտ էլ վտանգավոր են եղել հայերիս համար, բայց դա ինչ կապ ունի Աղդամն ու Ֆիզուլին հանձնելու հետ: Ռուսաստանն ինքն է հայտնվել Կովկասից դուրս մնալու հեռանկարի առջեւ եւ դրա համար էլ գնում է «Թուրքիայի հետ սիրախաղերի»: Բայց դա չի նշանակում, որ Արեւմուտքը թույլ կտա իր վասալ Թուրքիային հենց այնպես, իր կամքով հայտնվել Ռուսաստանի գրկում… Թուրքիայի մասնատումը կդառնա օրախնդիր հարց, ինչը գիտակցում են նաեւ Անկարայում: Գիտակցում են, որ այս դեպքում Մոսկվան չի կարող որեւէ կերպ սատարել իրենց:

Եվ մի վերջին փորձ եղավ, օրերս թուրքական զլմ-ները տարածեցին, թե Թուրքիայի կառավարությունը կարող է Ռուսաստանին թույլ տալ օգտվել «Ինջիրլիք» ռազմաբազայից՝ «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: «Իսլամական պետության դեմ պայքարում ակտիվորեն ներգրավվելու ցանկություն ունեցողների համար մենք բացել ենք «Ինջիրլիքի» ռազմաբազան: Ինչու նաեւ չհամագործակցել Ռուսաստանի հետ, խոսքն ահաբեկչական կառույցի մասին է, որը մեր բոլորի թշնամին է եւ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Բայց, ըստ ամենայնի, Արեւմուտքի ներքին անդրադարձը այնքան կտրուկ է եղել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արագ հերքել է ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու հնարավորության մասին լուրերը: Հենց Մեւլութ Չավուշօղլուն էլ հերքել է` նշելով, որ զլմ-ները ճիշտ չեն ներկայացրել իր խոսքը. ««Ինջիրլիք» ավիաբազան Ռուսաստանի հետ օգտագործման մասին խոսք չի եղել»,- ասել է ԱԳ նախարարը: Բայց հասկանալի է, որ Անկարան խիստ զգուշացում է ստացել: Իսկ ռուսական կողմը շտապել էր այդ հայտարարությունը ի գիտություն ընդունել եւ ողջունել…

Նշենք, որ «Ինջիրլիքը» գտնվում է Թուրքիայի հարավում: Դրա գործունեությունը կարգավորվում է Անկարայի ու

Վաշինգտոնի միջեւ ստորագրված Ռազմական ու տնտեսական համագործակցության մասին պայմանագրով: Ավիաբազայի օգտագործման թույլտվությունը, ըստ այդ փաստաթղթի, տրամադրվում է Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս պահին այնտեղ գտնվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կաթարի ու Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները: Ռուսական ինքնաթիռները, որոնք խոցում են ահաբեկչական խմբավորման թիրախները, տեղակայված են սիրիական Խմեյմիմ ռազմաբազայում:

Դառնալով Ադրբեջանին` նշենք, որ այդ երկրի զլմ-ները, շարունակելով արծարծել Արցախի խնդիրը, այդպես էլ «չնկատեցին», որ հայկական կողմը նոր տարածքների պահանջ է ներկայացնում հրապարակավ, ինչպես վերը նշեցինք (Շահումյանի շրջանը, Արծվաշենը եւ այլ), կամ էլ «մոռացել» են այս մասին հայտնել իրենց բնակիչներին…

Ավելին` այդ զլմ-ները «Արցախի 7 շրջանները փուլ առ փուլ ետ վերցնելուց հետո» հասել են Նախիջեւան ու գրել, թե «Նախիջեւանում մշակվում է Հայաստանի առաջնագծի ճեղքման սցենարը»:

Այս տեսակետը հնչել է, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե «Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ-տակտիկական զորավարժությունների ժամանակ մշակվել է հակառակորդի առաջնագծի ճեղքման սցենար… Զորավարժություններին մասնակցող ուժերը Ադրբեջանի ԶՈւ ամենալավ պատրաստված զորատեսակներն ու օպերատիվ-տակտիկական խմբերն են, որոնք ակտիվ մասնակցություն կունենան ապագա հնարավոր մարտերին:

Այս ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս խոսել է «Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման մասին»: Նա դրական է գնահատել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգում իր հանդիպումները Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ: Ինչը տարօրինակ է միշտ նման հանդիպումներից դժգոհ Իլհամ Ալիեւի դեպքում:

Բայց Մոսկվայի խաղերը Բաքվի, ապա նաեւ Անկարայի հետ (ռուս-թուրքական հաշտեցման քայլերը), պարզաբանում են, որ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունները հստակ անցնում են եռակողմ հարաբերությունների, ինչը, Ադրբեջանի ղեկավարի կարծիքով, պարտադրում է իրեն գովաբանել Սանկտ Պետերբուգի հանդիպումը, միաժամանակ դժգոհ մնալով` Վիեննայի ավելի ծավալուն հանդիպումից:

«Մենք միայն փուլային տարբերակով կարող ենք լուծել այդ հարցը: Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ հայտնի է, այն երբեք չի փոխվել եւ չի փոխվի: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ահա ալիեւյան սին պատմագրության քաղաքական մեխը:

Ինչ մնում է շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառմանը, ապա Բաքուն այստեղ էլի դիմադրում է, քանզի իր նենգ ու դավադիր քայլերի բացահայտումը կդառնա առօրյա հարց: Կարծես ռուսական կողմը եւս չի շտապում կարեւորել հետաքննության մեխանիզմների կիրառման խնդիրը:

Այստեղից հասկանալի է դառնում, որ Մոսկվայի հակահայ գործողություններից հետո հակառուսական տրամադրություններով լցված Հայաստանում ԱԻՄ-ը արդեն պահանջում է, որ Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից. «1992թ. ստեղծուած ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորումն է։

Գաղտնիք չէ, որ այդ խմբի երեք  համանախագահներից Ռուսաստանը հակամարտող կողմերի զենքի հիմնական մատակարարն է։ Վերջին տարիներին ռուսական գործունեությունը այդ ասպարեզում աննախադէպ չափերի է հասել։

Այժմ արդեն նրա մատակարարման զինանոցում ոչ միայն հարձակողական, այլեւ զանգվածային ոչնչացման զենքեր են։ Ռուս պետական պաշտոնյաները բացառիկ ամբարտավանութեամբ հակամարտող (երբեմն նաեւ՝ պատերազմող) կողմերին մահաբեր զինամթերքների մատակարարումը համարում են «բիզնես»։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ընդհանրապէս մարդկային կյանքի դեմ ուղղված «բիզնեսով զբաղովելը անբարոյականություն» է համարում։ Դրա համար կոչ են արել, որ «Ռուսաստանը հրաժարվի Մինսկի խմբի համանախագահի բարձր դիրքից, ավելին՝ Մինսկի խմբի անդամությունից, եւ զբաղվի իր համար կարեւոր «բիզնես»-ով»։

Իսկ Մինսկի խումբը ավելի առաջ է գնացել, ցանկանում է Արցախում հիմնել ԵԱՀԿ ՄԽ գրասենյակ: «Համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը: Մենք կոչ ենք անում վերացնել մնացած բոլոր խոչընդոտները դիտորդական առաքելության ընդլայնման առաջ»,- ասված է ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների կողմից տարածված հաղորդագրությունում: Համանախագահները նաեւ կարծում են, որ «անհրաժեշտ է ԵԱՀԿ մանդատի ներքո հետաքննության մեխանիզմների ստեղծման նպատակով բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել»:

Տարածված հաղորդագրությունում կոչ է արվում հարգել Վիեննայում եւ Սենկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

Եվրոպական քաղաքականության մեջ գործուն դերակատարում ունեցող Գերմանիան եւս հեռու չի մնացել այս հարցերից: Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով նաեւ ԵԱՀԿ գործող նախագահն է, քննարկել են Արցախի հիմնախնդիրը: Հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարներին՝ հաշվի առնելով նաեւ Գերմանիայի արտգործնախարարի այցը  տարածաշրջան:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին եւ հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ եւ կայուն կարգավորման հասնելու համար: Նա Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարեւոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:

Իսկ արբեջանական haqqin.az կայքը տեղեկատվություն է տարածել, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթի առկայությունը: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Մասնավորապես՝ նա նշել է, որ կա փաստաթուղթ, որի վրա աշխատանքներ են կատարվում. «Եթե մենք այս ուղղությամբ շարժվենք, ապա կարող ենք հասնել խաղաղության»: Հիշեցնենք, որ Բաքուն մի ժամանակ խոսում էր «Լավրովի փաստաթղթի մասին», ինչը հետո հերքվեց հենց Սերգեյ Լավրովի կողմից, բայց ինչ-որ փաստաթուղթ, այնուամենայնիվ պտտվում է…

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանըց մեկնաբանելով այս հայտարարությունը` ասել է. «Մեր ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել է այդ հարցին, եւ միջնորդ երկրներից մեկը նման որակումները նաեւ բնորոշել է որպես այլասերվածություն: Այլ մեկնաբանությունների կարիք ես չեմ տեսնում»:

Այո, շատ զազրախոսություններ, որ հնչում են Բաքվի կողմից, կարելի է նաեւ անտեսել, չնայած պատասխանելու տեղ միշտ կա:

Բայց մեր վերոնշյալ` տարածքային  պահանջների ամրագրումը բանակցություններում, պետք է չանտեսվի, Շահումյանի շրջանի ու Արծվաշենի հարցը միանշանակ հաստատում է, որ Ադրբեջանը այսօր խնդիր ունի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հետ:

Եվ պաշտոնական Երեւանն իր տարածքի համար կարող է ազատ խոսել ՀԱՊԿ նիստում եւ աջակցություն խնդրել` այն հետ ստանալու հարցում:

Տեսնենք, ՀԱՊԿ զինակից մեր ընկերներն այս անգա՞մ ինչ կասեն, Արծվաշենը զինակից Հայաստանի տարածքն է…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։