Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում…
Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի նախագահը նշել է, որ 2019թ. հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը: Բակո Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման եւ համահայկական կարեւորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Քարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները եւ առաջնային լուծում պահանջող հարցերը։ Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռնված հնարավորության համար եւ շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարեւոր է ազգային անվտանգության ու միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու եւ ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։ Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի ու Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։ Հուլիսի 9-ից շրջայցեր են կատարվել նաեւ Արցախի մյուս քաղաքներում։
Մանչեսթերում արդեն սկսել են հիշել հայերին
Փաստորեն, Հենրիխ Մխիթարյանն այսուհետ խաղալու է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նա Պրեմիեր լիգայում խաղացող առաջին հայ ֆուտբոլիստն է: Պետք է նշել, որ Մանչեսթերում շատ լավ են դիմավորել Հենրիխ Մխիթարյանին, ինչը կտրամադրի հայ ֆուտբոլիստին ցույւց տալ իր կարողությունները:
Ըստ պատմագրության, հայերն ավելի քան 200 տարի է, ինչ իրենց իրենց հետքն են թողել Մանչեսթերի քաղաքային մշակույթում եւ տնտեսական կյանքում: Մանչեսթերում հայերը գործունեություն են ծավալել դեռ 1835թ.: Կոստանդնուպոլսից եւ Զմյուռնիայից եկած հայերը վաճառել են մետաքս: Քաղաքում բացվել են մետաքսի մի շարք խանութներ: Մանչեսթերի կենտրոնական գրադարանի արխիվներում կա տեղեկատվություն մի հայի մասին, ով նույնպես ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել քաղաքում: Սիմպադ Արամյանը Առաջին աշխարամարտից հետո Թուրքիայից տեղափոխվել է Եգիպտոս: Հետո ցանկացել է տեղափոխվել Ամերիկա՝ աշխատանք գտնելու, բայց ճակատագրի բերումով հայնտվել է Մանչեսթերում: Նա հիմնել է տեքստիլ արտադրող ընկերություններ ու խանութներ: Հայերը կարողացել են ինքնուրույն կայանալ այս մեծ քաղաքում եւ 1870թ. բացել են Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, որը ամենահին հայկական եկեղեցին է Արեւմտյան Եվրոպայում: 1908թ. հիմնվել է Հայ տիկնանց ասոցիացիան, որը նպատակ ուներ Անգլիայում օգնել հայերին ու պահպանել հավատը հայրենիքից դուրս: Վերջին ժամանակներս հայերի մասին այնքան էլ չեն խոսել Մանչեսթրում, մինչեւ Հենրիխ Մխիթարյանի հայտնվելը քաղաքի սիրելի ֆուտբոլային թիմի կազմում: Վստահ ենք հայ ֆուտբոլիստը գերմանական ուժային ֆուտբոլում կայանալուց հետո կկարողանա կայանալ նաեւ անգլիական խիստ ու դիրքային ֆուտբոլում:
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի
ՌԴ Յակուտսկ քաղաքում ընթանում են «Ասիայի երեխաներ» մարզական խաղերը: Այս տարի առաջին անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: Խաղերի մասնակիցներն ուժերը չափելու են 22 մարզաձեւից, սակայն, մեր ներկայացուցիչները մասնակցելու են դրանցից 9-ին՝ սամբո, կուրաշ, հրաձգություն, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մասռեստլինգ, գեղարվեստական մարմնամարզություն եւ շախմատ: Մեր թիմը մրցում է 9 մարզաձեւում` մինչեւ 16 տարեկան 15 մարզիկներ:
«Ասիայի երեխաներ» միջազգային այս մրցաշարը 6-րդն է:
Հայաստանը եզրափակիչում հաղթեց Վրաստանին
Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների հավաքականը հաջող հանդես եկավ Թբիլիսիում ավարտված բասկետբոլի Եվրոպայի աղջիկների առաջնության C դիվիզիոնում: Մեր թիմը հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Վրաստանի այդ տարիքային ընտրանու հետ: Հայ բասկետբոլիստուհիները վճռական խաղում հաղթեցին տանտիրուհիներին` 66:32 հաշվով եւ զբաղեցրին 1-ին տեղը:
Երիտասարդական հավաքականը մեկնարկային խաղում զիջեց Մակեդոնիային
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտությամբ սկսեց մրցելույթները Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում: Առաջին խաղում մեր ընտրանու մրցակիցը Մակեդոնիայի հավաքականն էր:
Մեր տղաները խաղի ընթացքում հիմնականում առջևում էին հաշվի մեջ և ընդմիջումից հետո հաշիվը 29:26 էր`հօգուտ մեզ, սակայն վերջնամասում մրցակցին հաջողվեց հաղթանակ կորզել 67:56 հաշվով:
Հավելենք, որ հաջորդ խաղում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կմրցի Պորտուգալիայի իր հասակակիցների հետ:
Ծաղկաձորում կանցկացվի շախմատի միջազգային կոնֆերանս
Այս տարվա սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատային կրթության տեսական եւ գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի շախմատի ակադեմիայի պաշտոնական կայքը:
Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Կոնֆերանսը տեղի կունենա Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում: Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետեւյալ 5 ուղղություններով.
- Շախմատային կրթություն եւ անձի զարգացում
- Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ
- Շախմատի ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հիմնախնդիրներ
- Շախմատի ուսուցման տեխնոլոգիական եւ մեթոդական կողմեր
- Շախմատը եւ ներառական կրթության պրակտիկան
Լեւոն Արոնյանը վարկանիշով 5-րդն է աշխարհում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները հուլիսի 1-ի դրությամբ:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2855 վարկանիշային միավոր): Մեր շախմատիստներից Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է (2792): Առաջին 100-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (56-րդ տեղ, 2679), Վլադիմիր Հակոբյանը (62-րդ, 2675) եւ Սերգեյ Մովսեսյանը (76-րդ, 2666):
Աշխարհի 100 շախմատիստուհիների աղյուսակի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2653): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 39-րդն է (2444), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 42-րդը (2442):
Հրանտ Մելքումյանը Վարշավայում գրավեց 3-րդ տեղը
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Նայդորֆի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացրեց մեր հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: 9-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց լեհ գրոսմայստեր Գժեգոժ Գաեւսկուն, որի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, ցավոք, պարտություն կրեց եւ 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Գժեգոժ Գաեւսկին, իսկ 2-րդ հորիզոնական բարձրացավ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
– Բարսելոնայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարին մասնակցեց Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը: Մեր շախմատիստը մինչեւ 9-րդ փուլը մրցաշարի հաղթողի թեկնածուներից մեկն էր համարվում, սակայն վերջին վճռորոշ խաղում նա ոչ-ոքի խաղաց վարպետության թեկնածու, հնդիկ Պ Ինիյանի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Արդյունքում, Կարեն Հ. Գրիգորյանը բաժանեց 4-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
1-ին տեղը 7 միավորով գրավեց միջազգային վարպետ, չիլիացի Քրիստոբալ Էնրիկեսը, որը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիեանից եւ ամերիկացի Դանիել Գուրեւիչից:
Մարիա Գեւորգյանը բավարարվեց 8-րդ տեղով
Հունաստանում ավարտվել է շախմատի «Իկարոս» բաց մրցաշարը, որին մասնակցում էին 98 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր 7 միջազգային վարպետ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մարիա Գեւորգյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրավել է 8-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է դարձել Հունաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Վասիլիոս Կոտրոնիասը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Հայ աշակերտները Հոնկոնգի միջազգային օլիմպիադայում 5 մեդալի են արժանացել
Չինաստանի Հոնկոնգ քաղաքում 2016թ.՝ դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել էին հուլիսի 9-ին: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է 5՝ 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի է արժանացել Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը եւ «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը։
ԿԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաեւ, որ Վրաստանի ու Ադրբեջանի թիմերը ստացել են 1-ական բրոնզե մեդալներ:
Հայաստանի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի հավաքականը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը եւ Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



