Երեւանյան մշակութային խճանկար.- «Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ… Հեղինակային երգի հուսո առագաստը… Մնջախաղ.- Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում… Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան…

«Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ

Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Փառատոնի մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ներառվել է 135 ֆիլմ։ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողությամբ: Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ծիրանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հայության խորհրդանիշ. «Եթե մարդ համարձակվում է իր փառատոնի անունը դնել «Ոսկե ծիրան», ապա պարտավորվում է սահմանել ուրիշ չափանիշներ այսինքն` ցուցադրել հոգեւոր, կրթական ֆիլմեր եւ ծիրանի խորհուրդը պատմել բոլոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհից գալիս են մասնակցելու միջացառմանը»:

Հաղորդագրության համաձայն` ծրագրի ընթացքին եւ օրակարգին երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծանոթանում են Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից: Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում հնչեցին երեւանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների եւ ջազ բենդերի մասնակցությամբ: Կարապի լճի տարածքում կազմակերպվեցին բացօթյա կինոդիտումներ, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Այս տարի Ազատության հրապարակում տեղակայվել է շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար ցուցադրվում են ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2004թ. կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանը» մտահաղացել են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն էներկայացնում հարյուրավոր ֆիլմեր‘մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ, որոնց թվում նաեւ` գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆանի Արդանը։  

Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական եւ հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Ամենամյա միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ եւ կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային եւ վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ եւ մեկ հատուկ մրցանակ:

«Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք ծրագրեր` «Հայկական կինո. արդի ժամանակներ», «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաեւ «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» եւ «Բասկական նոր կինո» ծրագրերը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: 2010թ. Երեւանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D honneur կինոյի, հեռուստատեսության եւ սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Հ.Գ. – Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմը «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ – Երեւանում ավարտվեց կինոյի մեծ տոնը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 17-ին վերջին անգամ բացվեց կարմիր գորգը։ Ռեժիսորները, դերասանները,փառատոնի հատուկ հյուր Ժակլին Բիսեթը եւ իհարկե՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն անցան կարմիր գորգով։ Արդեն «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Մինչ այդ, նախորդ օրերին հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը։ Իսկ ռեժիսորներ Առնո Խայաջանյանը եւ Իննա Սահակյանը պարգևատրվեցին համապատասխանաբար 7500 եւ 5000 դոլար մրցանակով։ Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ։

Փակման արարողության ժամանակ, հայտնի ռեժիսորների աստղ Ժակլին Բիսեթն արժանացավ «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին։ Գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ծիրան»-ին արժանացան ռուս ռեժիսոր Եվգենի Գրիգորեւի «Ձախ ափի հանդիման», խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտի «Բալերի անունները», հայազգի ռեժիսոր Աննա Արեւշատյանի «Բարի լույս», ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Քարքարոտ ճամփաներ», հայազգի ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմերը։

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վերջում նշեց, որ հաջորդ տարի եւս կանցկացվի փառատոնը, որն իր նմանը չունի տարածաշրջանում, եւ ազդարարեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի փակման մասին։

Հեղինակային երգի հուսո առագաստը

«Սիվիլ արտ» մշակութային ՀԿ-ն եւ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը՝ հուլիսի 15-17-ը, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափի տարածքում կանցկացնեն «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական 2-րդ փառատոնը:

Ինչպես նշել են կազմակերպիչները, փառատոնի նպատակն է հեղինակային երգի եւ պոեզիայի ավանդույթների պահպանումը, զարգացումը, հեղինակային երգի ժանրում լավագույն երգերի տարածումը, ինչպես նաեւ նորահայտ ստեղծագործողների խրախուսումն ու հեղինակ-կատարողների միջեւ ստեղծագործական շփումների աշխուժացումը:

Նշվում է, որ փառատոնի ընթացքում կհնչեն ընտրական փուլը հաղթահարած, ինչպես նաեւ «Հուսո առագաստ 2015» փառատոնին մասնակցած եւ արդեն ճանաչված երգահանների ստեղծագործությունները, միասնական համերգով հանդես կգան «Հուսո առագաստ 2016-ի», ինչպես նաեւ 2015-ի մասնակից եւ լավագույն հեղինակ-կատարողներ՝ Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը եւ այլոք:

Սիրված երգահանների մասնակցությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենան «Արվեստանոցային հանդիպումներ» խորագրով վարպետության դասեր, համերգներ՝ խարույկի շուրջ, ինչպես նաեւ համերգային փոքրիկ ծրագրեր եւ այլ մշակութային միջոցառումներ:

Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում

2008թ.-ից 2 տարին մեկ Ծաղկաձորում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոն: Այս տարի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 10-15-ը: Փառատոնի կազմակերպիչները դեռ փնտրում են իրենց գլխավոր հովանավորին:

«Ուզում եմ ուրախությամբ նշել, որ այս տարվանից փառատոնը դառնալու է ամենամյա,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ հավելել,- ներկա լինելով անցած փառատոնների բացման ու փակման արարողություններին եւ տեսնելով ներկաների խանդավառությունը՝ որոշել ենք մեծացնել փառատոնի բյուջեն»: Այս մասին խոսել է նաեւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Փառատոնին ներկայացվում են ոչ միայն մնջախաղային, այլ նաեւ ակրոբատիկ, աճպարարական, պարային համարներ: Բացի Ծաղկաձորից, ցուցադրություններ են լինելու նաեւ Դիլիջանում եւ Երեւանում: Այս տարվա ծրագրում ընդգրկված են Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից խմբեր եւ էթնիկ պարախումբ՝ Գանայից: Վերջիններիս մասնակցության հայտը հաճելիորեն զարմացրել է Ժիրայր Դադասյանին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի, նախատեսվում է երեւանյան հանդիսատեսին ապահովել անվճար ավտոբուսներով, որոնք սահմանված ժամանակացույցով, փառատոնի օրերին հանդիսատեսին կտեղափոխեն Երեւան-Ծաղկաձոր-Երեւան երթուղիով: Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը անդրադարձավ նաեւ Մնջախաղի թատրոնի «ցավոտ» կողմին՝ հիմնական հասցեի բացակայությանը. «Ես չգիտեմ մեկ այլ թատրոն, որ բեմադրություններ է իրականացնում միջանցքներում, մասնակցում միջազգային փառատոնների, փառատոն կազմակերպում: Դրա հետ մեկտեղ, 1 տարվա մեջ միանգամից երեք 1-ին մրցանակի եւ Ոսկե մեդալի արժանանում՝ Սերբիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Լեհաստանից»:

Անի Մարության

Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, այս տարի նաեւ աշխարհազորայինների ընտանիքների 7-13 տարեկան երեխաների հանգստի կազմակերպումը մարզաառողջարանային ճամբարներում:

Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում են «Լուսանցք»-ին, ծրագրի առաջին հերթափոխի շրջանակում 365 երեխա արդեն իսկ հանգստացել եւ վերադարձել է տուն, երկրորդ հերթափոխով էլ հուլիսի 9-ից 425 երեխա արդեն մեկնել է հանգստի:

Նաեւ զեկուցվել է, որ աշխատակազմի հանրակրթության եւ սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար այցեր են կազմակերպվում ճամբարներ, ուսումնասիրվում են երեխաների հանգստի պայմաններն ու մատակարարվող սննդի որակը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը, վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարել է պարբերաբար այցելել հանգստացող երեխաներին՝ տեղում ծանոթանալու նրանց առօրյային:

Լավ է, որ աշխարհազորայինների երեխաներն էլ են գնում հանգստի: Այլապես մի վիճակ էր ստեղծվում, որ եթե զինծառայողը (աշխարհազորայիններն էլ զինվորներ են) չի զոհվում, հաշմանդամ չի դառնում, ապա նրա երեխաները չեն կարողանում որեւէ բանից օգտվել: Իսկ երբ զինծառայողը գիտի, որ իր երեխան հանգստանում է, ամառն ուրախ անցկացնում, պետության կողմից անտեսված չէ, ապա, հավատացեք, վերաբերմունքը լրիվ այլ է լինում:

Եվ, ընդհանրապես, քաղաքապետարանը կարեւոր քայլ է անում` մշտապես զինվորականների խնդիրը ուշադրության կենտրոնում պահելով, թեկուզ հենց այն, որ ամեն տարի զինծառայողների ծնողները կարողանում են ավտոբուսներով անվճար գնալ իրենց երեխաներին տեսության: Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլեւ բարոյական տիրույթի հարց: Մարդու համար ամենակարեւորը անտեսված չլինելն է: Մանավանդ հայ մարդու համար, ով գլոբալացվող ու օտարացող այս աշխարհում դեռ սիրում է հարազատ մնալ…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։