Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի – Իսկ մեր ռազմավարական կոչվող դաշնակցի քայլերն ասում են, որ կանի… Ռուսաստանը չի հանձնվում – Թեեւ «սապոգային քաղաքականությունն» այլեւս արդիական չէ…

Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի

Կառավարությունը երեկա նիստում մի որոշում կայացրեց, որով «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն:

«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում՝ 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում՝  շուրջ 12 մլն դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարքեր՝ հետագայում ավելացնելով քանակը մինչեւ 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը  ՌԴ-ն է»,- ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում՝ ավելի քան 35 աշխատատեղ՝  350 հազար դրամ միջին աշխատավարձով:  

Ընկերությունն ունենալու է մոտ 60քմ գրասենյակային եւ մոտ 400քմ արտադրական տարածք: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Այս որոշումը մտահոգիչ է հետեւյալ առումով. արդյո՞ք արտահանման հիմնական ուղղությունը հենց հիմնական է, այլ ոչ թե միակը եւ արդյո՞ք մեր արտադրանքը Ռուսաստանը չի վերարտահանի Ադրբեջան: Դատելով մեր ռազմավարական կոչվող դաշնակցի քայլերից՝ ամենայն հավանականությամբ այդպես էլ կանի:

Ես ռազմական գործի մասնագետ չեմ, տեղյակ չեմ՝ Ադրբեջանն ունի՞ այդ սարքերից, թե՞ ոչ, նրան պե՞տք են դրանք, թե՞ ոչ: Եթե պետք էլ չլինեն, ապա կգնի՝  թեկուզ հենց տեղեկատվական պատերազմում գումարելիներ հավաքելու համար:

Եվ մի հարց էլ՝ իսկ ինչու՞ միանգամից արտահանել, ի՞նչ է, մեր զինուժը չունի՞ այդ սարքերի կարիքը…

Թե՞ նախ եւ առաջ բիզնես շահն ենք առաջ տանում:

Անի Մարության

Ռուսաստանը չի հանձնվում – Թեեւ «սապոգային քաղաքականությունն» այլեւս արդիական չէ

Հուլիսի 7-ին, երբ Երեւանում էր ՌԴ նախագահի՝ միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ այցելել էր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, այսպիսի միտք է արտահայտել. «Մենք շատ վատ ենք այսօր երիտասարդներին բացատրում, թե ինչ հնարավորություններ է բացում ռուսաց լեզվի իմացությունը։ Ինձ թվում է, որ արտասահմանցի մեր գործընկերները դա ավելի լավ են անում, քանի որ անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Դա լուրջ թեմա է, եւ ես կարծում եմ, որ այն օրակարգում է»։

Սա նա ասել է այն բանից հետո, երբ լրագրողները ցանկացել են իմանալ նրա կարծիքը այն մասին, թե ինչու է հայ դիմորդների շրջանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում:

Բայց եթե հարց էլ չհնչեր, նա մի առիթ կգտներ այդ մասին խոսելու: Ռուսաստանյան ղեկավարությունը ռուսաց լեզվի տարածման հարցը երբեք չի անտեսում: Ի դեպ, տարիներ առաջ, երբ Հայկական ատոմակայանը դեռ չէր տրվել ՌԴ-ին հավատարմագրային կառավարման, ՌԴ-ն մեզ միջուկային վառելիք մատակարարելու համար ռուսաց լեզվի՝ Հայաստանում կարգավիճակի հարցը շատ հստակ էր դրել (առիթով գուցե փակագծերը բացեմ,- Ա.Ք.): Ոչ բացահայտ, բայց շատ հստակ, եւ այդ մասին խոսում էին կուլիսներում: Իսկ հստակ ասվածը սա էր. ռուսաց լեզուն Հայաստանում պետք է ունենա պետական կարգավիճակ, այսինքն՝ մայրենի լեզվին՝ հայերենին հավասար:

Տարիներ են անցել, բայց տեսեք Շվիդկոյն ինչ է ասում: «Չնայած այն հանգամանքին, որ ռուսաց լեզուն Հայաստանում անորոշ կարգավիճակ ունի, այսինքն՝ ո՛չ պետական է, ո՛չ էլ ընկալվում է որպես օտար լեզու, ինչը ամորֆ վերաբերմունք է ձեւավորում նրա նկատմամբ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների մոտ, նրա պահանջարկը բարձր է։ Այսօր ԵՏՄ-ն ակտիվ զարգանում է,  հայ-ռուսական շատ ընկերություններ նույնպես ռուսաց լեզվի իմացություն են պահանջում։ Բացի այդ, Հայաստանը մեծ տեղ է տալիս ատոմային էներգիային, հանրապետությունում ռուս մասնագետներ են աշխատում»:

Ուշադրություն դարձրի՞ք «պետական կարգավիճակի», «հայ ռուսական ընկերությունների» եւ «ատոմային էներգիայի հատվածներին»:

Մի առիթով ասել եմ, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատասխանատուն հենց ինքը՝ Ռուսաստանն է: Որ չգիտես ինչու չի ուզում հասկանալ, որ Հայաստանում ինչքան էլ իշխող հատվածում սովետական դպրոց անցածները շատ լինեն, ապագան նոր սերունդինն է, որ ազատ է լեզուների ընտրության-իմացության հարցերում: Սերունդ, որի համար ռուսական «սապոգային քաղաքականությունը» ոչ թե վախ, այլ՝ հակակրանք ներշնչող է:

Բացի այդ՝ Հայաստանում Ֆրանսիան ֆրանսերենի պետական կարգավիճակի հարց չի դնում, ԱՄՆ-ն անգլերենի այդչափ մակարդակի հարց չի դնում, եթե անգամ կարող է ուզել, ոչ էլ Գերմանիան է այդպես անում: Իսկ Ռուսաստանը դրել է ու` պետակա՜ն հա պետակա՜ն:

Իսկ ինչ վերաբերում է Շվիդկոյի ասած՝ ռուսաց լեզվի բացած հնարավորություններին, ապա նրանք վաղուց հետ են մնացել: Այլ լեզուներ այսօր անհամեմատ այլ՝ ավելի լայն հնարավորություններ են բացում, այդ թվում՝ հենց ռուսների համար…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։